«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի մի շարք նորմերից՝ մասնավորապես 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից, 4-րդ հոդվածի 2-րդ մասից, 6-րդ հոդվածի 2-րդ մասից, ինչպես նաև 15-րդ, 17-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածներից, որոնցով ՀՀ կառավարությանը վերապահված է լիազորություն սահմանելու Բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կառուցվածքը, տեխնիկական և կազմակերպչական պահանջները, ինչպես նաև տվյալների պահպանման, անվտանգության և հասանելիության կարգավորումները։
Բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բնակչության նույնականացման, հաշվառման և բնակության վերաբերյալ տվյալների միասնական հարթակը։ Այն կառուցված է որպես պետական տվյալների կառավարման համակարգի առանցքային բաղադրիչ, որի միջոցով ապահովվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ լիազորված կառույցների փոխգործելիությունը, տվյալների հուսալի պահպանումը և անվտանգ օգտագործումը։
Նախագծով սահմանվող Կանոնակարգը հանդիսանում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի իրականացման հիմնական ենթաօրենսդրական ակտը, որով հստակեցվում է ռեգիստրի կառուցվածքը, ֆունկցիոնալ ենթահամակարգերը, տվյալների հավաքագրման, մշակման և պահպանման տեխնիկական պահանջները, ինչպես նաև անվտանգության և արխիվացման ամբողջ համակարգը։
- 2. Առաջարկվող կարգավորման բնույթը․
Կանոնակարգով բնակչության պետական ռեգիստրն ամրագրվում է որպես միասնական և միաստիճան տեղեկատվական համակարգ, որը բաղկացած է մի շարք փոխկապակցված ֆունկցիոնալ մոդուլներից՝ Տվյալների պահեստ (Data Warehouse), Վարչական տվյալների համակարգ, Մուտքի վերահսկման համակարգ, Այցերի ամրագրումների համակարգ, Ծանուցման համակարգ, Վարչարարության ծրագրային ապահովում և Անվտանգ ցանցային միջերես։ Նշված մոդուլները համակցված ձևով ապահովում են տվյալների ամբողջական շրջանառությունը՝ մուտքագրումից մինչև պահպանություն, վերահսկում և արխիվացում։
Կանոնակարգում առանձնահատուկ տեղ է տրված տեղեկատվական անվտանգության բաղադրիչին։ Նախագծով նախատեսվում է կիրառել ISO/IEC 27001 և ISO/IEC 27701 միջազգային ստանդարտները, որոնք սահմանում են տեղեկատվության անվտանգության կառավարման և անձնական տվյալների պաշտպանության լավագույն չափանիշները։ Բացի այդ, բոլոր տեխնիկական բաղադրիչների համար սահմանվում են անվտանգության մակարդակներ՝ հիմնված ISO-ի Confidentiality–Integrity–Availability (CIA) մոդելի վրա։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ճշգրիտ դասակարգել տվյալների գաղտնիության, ամբողջականության և մատչելիության աստիճանը՝ տարբեր մակարդակներով (0-ից մինչև 3), ըստ յուրաքանչյուր ենթահամակարգի։
Մասնավորապես, Բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի համար սահմանվում է C3I2A2 անվտանգության դաս, ինչը ենթադրում է բարձր մակարդակի գաղտնիություն և միջին մակարդակի ամբողջականություն ու մատչելիություն։ Այս լուծումը նպատակ ունի ապահովել անձնական և զգայուն տվյալների պաշտպանվածություն՝ միաժամանակ պահպանելով տվյալների հասանելիությունը պետական մարմինների օրինական գործառույթների շրջանակում։
Կանոնակարգը նաև հստակեցնում է այն մարմինների ցանկը, որոնք լիազորված են տվյալներ ներկայացնելու ռեգիստրին։ Դրանք են՝ բժշկական կազմակերպությունները (ծնունդների և մահվան դեպքերի մուտքագրման համար), քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինը, խնամակալության և հոգաբարձության մարմինները, դիվանագիտական ծառայության մարմինները, դատական դեպարտամենտը, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը։
Նախագծով նախատեսվում է, որ տվյալների մուտքագրումը կիրականացվի երեք տեխնոլոգիական տարբերակով՝
- բնակչության պետական ռեգիստրի վեբ միջերեսի (Web UI),
- տվյալների փոխանակման տեխնոլոգիաների (API),
- կամ տվյալների փոխանակման շերտի (X-Road) միջոցով՝ XML կամ JSON ստանդարտներին համապատասխանող տվյալների սխեմաների կիրառմամբ։
Այս լուծումը ապահովում է համակարգերի փոխգործելիություն և տվյալների ավտոմատացված վավերացում՝ բացառելով տեխնիկական և ձևաչափային սխալների ռիսկը։
Կանոնակարգով սահմանվում են տվյալների մուտքագրման մերժման դեպքերը, մերժման արձանագրման և տվյալը ներկայացնող մարմնին ծանուցելու կարգը, ինչը հնարավորություն է տալիս կանխել սխալ կամ անհամապատասխան տվյալների մուտքը և բարձրացնել տվյալների որակի ընդհանուր մակարդակը։
Կանոնակարգում ամրագրված է նաև տեղեկատվության պահպանության, պաշտպանության և արխիվացման ամբողջական մեխանիզմը։ Տվյալները պահվում են նվազագույնը 10 տարի ժամկետով, այնուհետև ենթակա են արխիվացման՝ համաձայն ISO/IEC 14721 (Open Archival Information System) ստանդարտի։ Արխիվացման ենթակա տվյալները տեղափոխվում են առանձին թվային պահոց, որտեղ մուտքի իրավունքը խիստ վերահսկվում է, իսկ տվյալների պահպանությունը ապահովվում է ֆիզիկական և թվային պաշտպանության միջոցներով, կրկնօրինակման և վերականգնման մեխանիզմներով։
Նախագծով սահմանվում է, որ արխիվացված տվյալները պահվում են առնվազն 50 տարի՝ ապահովելով դրանց օգտագործման հնարավորությունը ապագա վիճակագրական, վերլուծական կամ իրավական նպատակներով։ Այս մոտեցումը ապահովում է պատմական տվյալների շարունակականությունը և պետական հիշողության պաշտպանությունը։
Կանոնակարգի ընդունումը կնպաստի մի շարք առանցքային նպատակների իրականացմանը՝
- կապահովի բնակչության պետական ռեգիստրի կառուցվածքային և տեխնիկական ամբողջականությունը,
- կբարձրացնի տեղեկատվական անվտանգության և տվյալների պաշտպանության մակարդակը,
- կնվազեցնի տվյալների կրկնօրինակման, սխալ մուտքագրման և անհամապատասխանության դեպքերը,
- կստեղծի միջազգային չափանիշներին համահունչ թվային կառավարման ենթակառուցվածք,
- կխթանի տվյալահեն քաղաքականությունների և վիճակագրական վերլուծությունների զարգացումը Հայաստանում։
Կանոնակարգը համահունչ է Եվրոպական միության և սկանդինավյան երկրների առաջատար փորձին, մասնավորապես՝ Էստոնիայի, Ֆինլանդիայի և Լատվիայի ազգային բնակչության ռեգիստրերի կառավարման սկզբունքներին, որոնք հիմնված են ISO/IEC ստանդարտների, տվյալների փոխգործելիության և թվային ինքնության կառավարման միասնական մոտեցումների վրա։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ «Բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի կանոնակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի գործարկման, դրա տեխնիկական, կազմակերպչական և անվտանգության ամբողջ համակարգի հստակ սահմանման, ինչպես նաև պետական տվյալների կառավարման միասնական և միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքի ձևավորման համար։
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման ծախսային գնահատականը հնարավոր կլինի կազմել բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկման համակարգի ներդրմամբ պայմանավորված աշխատանքները վերջնականացնելուց հետո։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ ծրագրի 6.2-րդ բաժնից, ըստ որի՝ Կառավարությունը ստանձնել է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի արմատապես բարեփոխման հանձնառություն։
6․ Ակնկալվող արդյունքը
Բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բնակչության նույնականացման, հաշվառման և բնակության վերաբերյալ տվյալների միասնական հարթակը։ Այն կառուցված է որպես պետական տվյալների կառավարման համակարգի առանցքային բաղադրիչ, որի միջոցով ապահովվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ լիազորված կառույցների փոխգործելիությունը, տվյալների հուսալի պահպանումը և անվտանգ օգտագործումը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Обсуждалось
09.10.2025 - 24.10.2025
-
Тип
Pешение
-
Область
Государственная служба
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 1216
Принт