Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`
- Ապահովել մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը.
- Բնակչության համար երաշխավորել բարձրորակ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, ինչպես նաև դեղեր ու բժշկական պարագաներ ստանալու հավասար հնարավորություններ.
- Ապահովել առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիությունը.
- Ապահովել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավումը.
- Բարելավել բնակչության առողջության` ներառյալ հիվանդացության, մահացության և այլ ցուցանիշները, նպաստել կյանքի միջին տևողության ավելացմանը.
- Աջակցել Հայաստանի Հանրապետությունում սոցիալական համերաշխության միջավայրի ձևավորմանը.
- Նպաստել բնակչության առողջապահական կարիքների բավարարմանը.
- Հասնել առողջապահության ֆինանսավորման համակարգի միջինժամկետ և երկարաժամկետ արդյունավետության բարձրացման։ Այդ տեսանկյունից ակնկալվում է, որ կբարձրանա ապահովագրված անձանց ֆինանսական պաշտպանվածության մակարդակը՝ վերջիններիս կողմից գրպանից դուրս կատարվող ուղիղ վճարումների կրճատման միջոցով, ինչը իր հերթին կնվազեցնի ապահովագրավճարի կատարման հնարավոր բացասական ազդեցությունը տնային տնտեսությունների վրա:
Ակնկալվում է, որ ֆինանսական պատճառներով բժշկին չդիմող բնակչության թվաքանակը կնվազի շուրջ 30%-ով՝ միջին ժամկետ հատվածում կազմելով ապահովագրվածների առավելագույնը 6%-ը։
Ֆինանսական պատճառով բժշկին չդիմելու անձանց տեսակարար կշռի նվազեցմանը զուգահեռ ակնկալվում է, որ առողջապահական ծառայությունների համար մասնավոր ծախսերի տեսակարար կշիռն առողջապահական ընդհանուր ծախսերում կնվազի ավելի քան 20%-ով՝ միջին ժամկետ հատվածում կազմելով առավելագույնը 65%։ Մասնավոր ծախսերի տեսակարար կշռի նվազումը կուղեկցվի պետական բյուջեից առողջապահական ծախսերին կատարվող հատկացումների ավելացմամբ՝ միջին ժամկետ հատվածում շուրջ 3 անգամ՝ կազմելով ՀՆԱ առնվազն 4%-ը։
Հարկ է նշել, որ առողջապահական պետական ծախսերի ավելացումը ուղղվելու է ապահովագրական փաթեթում հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովմանը, հատուցվող ծառայությունների իրատեսական, միասնական գների սահմանմանը և ապահովագրական վճարների մասնակի կամ ամբողջությամբ սուբսիդավորմանը։