ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որի նպատակն է Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։
ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։
2025 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ հավաստագիր է ստացել 2843 ընտանիք, որից 920-ը իրացրել են այն, ընդ որում՝ 793-ը անշարժ գույքի ձեռքբերման բաղադրիչով, 8-ը՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչով, 119-ը՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչով։
Ծրագրի 7-րդ կետի համաձայն՝ շահառու միավորի կազմը որոշվում է ընտանիքի բոլոր անդամների համատեղ դիմում-հայտարարության հիման վրա, ընդ որում՝ դիմումատուի, նրա ամուսնու (գրանցված ամուսնության դեպքում) և բոլոր անչափահաս երեխաների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տվյալների առկայությունը դիմում-հայտարարության մեջ պարտադիր է։ Սակայն գործնականում հանդիպում են դեպքեր, երբ գրանցված ամուսնության դեպքում կինը չի կարողանում դիմում-հայտարարություն ներկայացնել, քանի որ ամուսինը դատարանի վճռի հիման վրա ճանաչված է անհայտ բացակայող։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն նախագծով առաջարկվում է Ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չտարածել ընտանիքի այն անդամների վրա, որոնք դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող, ինչը հնարավորություն կտա Ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքի մյուս անդամներին, մասնավորապես՝ անհայտ բացակայող ճանաչված անձի կնոջն ու անչափահաս երեխաներին, դառնալ Ծրագրի շահառու։ Ինչպես նաև պարտադիր կազմում չդիտարկել այն երեխաներին, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու ժամանակ լրացել է 18 տարին և ցանկանում են որպես առանձին ընտանիք ստանալ հավաստագիր։
Միաժամանակ ընտանիքների՝ դիմելու պահին չափահաս անդամների համար հնարավորություն է ստեղծվում դիմել որպես առանձին ընտանիք, քանի որ գործնականում շատ են դեպքերը, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ անչափահաս երեխաները ներկայում չափահաս են, ամուսնացել են և ցանկանում են դիմել որպես առանձին ընտանիք։
Նախագծով նաև առաջարկվում է միջգերատեսչական հանձնաժողովին դիմած ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը սահմանել 1, եթե խոսքը վերաբերվում է 2022 թվականի սեպտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին։
Նախագծի 2-րդ կետով ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 13-րդ ենթակետը համապատասխանեցվում է 2025 թվականի հուլիսի 3-ի թիվ 901-Լ որոշման պահանջներին և շտկվում է տեխնիկական վրիպակը։ Միաժամանակ հստակեցվում է, որ նոր ծնված երեխայի տվյալներն ավելացվում են բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման՝ իրացված հավաստագրում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- Ակնկալվող արդյունքը
Ղարաբաղից տեղահանված՝ դատարանի վճռի հիման վրա անհայտ բացակայող ճանաչված անդամ ունեցող ընտանիքների համար բնակարանային հասանելիության ապահովումը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշման հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.2 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ» գլխի 1-ին պարբերության 1-ին մասից, այն է՝ «Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում:», ինչպես նաև «4.6 ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» գլխի 1-ին պարբերության 4-րդ մասից, այն է՝ «Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:»։