22.09.2025
Թեզ 4 - «Ուրախության ու դրականի հանդեպ երբեմն քամահրական, երբեմն զգուշավոր վերաբերմունքը: Նման իրավիճակում վիշտն ու տառապանքը դիտվում են իբրև ավելի վերամբարձ ու հետևաբար ներկայացմանը արժանի զգայական բովանդակություն, քան ուրախությունն ու կենսասիրությունը: Իսկ սա բերել է նրան, որ ուրախության ու կենսասիրության հիմնական բովանդակությունը պարփակվել է կենցաղային ձևերում, այնինչ բեմի գեղագիտության մեջ գերակշռել է վշտի ու ողբերգության թեման». Տպավորություն է ստեղծվում, որ մտքի հեղինակները բավարար չափով չեն ուսումնասիրել թատրոնի էությունն ու դրանից բխող տեսակները՝ դրամատիկական, օպերային, երաժշտական, տիկնիկային, կատակերգական և այլն: Օրինակ՝ դիտարկենք դրամատիկական թատրոնի էությունը, որն ակնկալում է հանդիսատեսից խորը ընկղմում կերպարների հուզական ապրումների մեջ: Նման թատրոնում հիմնականում շոշափվում են սոցիալական, հոգեբանական և փիլիսոփայական հարցեր, հանդիսատեսին ստիպում են խորամուխ լինել և մտորել կաևոր հարցերի շուրջ, առաջացնում են կատարսիս: «Որ գաղափարները պետք է ընկած լինեն Իրական Հայաստանի գեղագիության հիմքում» բաժին. Թեզ 5 – այս բաժնում ուշադրության է արժանի «այն գաղափարները, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետության զարգացմանը, պետական շահերի իրացմանն ու պետության ներսում անհատի արժանապատիվ, անվտանգ, բարեկեցիկ կյանքին: Առավել մանրմասն պատասխանը ենթադրում է հետևյալ հիմնական գաղափարների շուրջ Իրական Հայաստանի գեղագիտության կառուցում. 1. Խաղաղություն, 2. Հայրենիքի և պետության նույնացում՝ հայրենաճանաչության կամ սեփական երկիրը ճանաչելու միջոցով 3. Արդարություն, ազատություն, բարեկեցություն, անվտանգություն, ինչպես անհատական, այնպես էլ հանրային և պետական մակարդակներում 4. Հանրային պատասխանատվություն, նախաձեռնողականություն և մասնակցություն 5. Հանրային խոսույթում, արվեստում և մշակույթում փակ կամ տաբուացված թեմաների բացակայություն, բոլոր խնդիրների շուրջ խոսակցության միջավայրի և հնարավորությունների ստեղծում 6. Անընդհատ (ինքնա) կրթություն և ստեղծագործ աշխատանք 7. Գեղագիտության միջավայրայնացում, որը պետք է հնարավորություն տա նյութականացնել Իրական Հայաստանի գեղագիտությունը հանրային համակեցության մակարդակում, այն տրամաբանությամբ, որ այն պետք է արտահայտվի ոչ միայն բեմերում և արվեստի ստեղծագործություններում, այլև քաղաքաշինական միջավայրում» ձևակերպումը: Այս ձևակերպման մեջ տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում նվազեցնել պետության կենսունակության ապահոման կարևոր բաղադրիչներից՝ անվտանգության դերը կամ թյուր է կարծիքը այս կարևոր գործոնի մասով: Դրա մասին է խոսում «Արժանապատիվ, անվտանգ, բարեկեցիկ կյանք» ձևակերպման մեջ երկրորդ դիրքում, իսկ այնուհետև՝ հաջորդ թվարկման մեջ, 3-րդ հորիզոնականի 4-րդ դիրքում գտնվելը: Նման մոտեցումը, մեղմ ասած, անթույլատրելի է, իսկ այլ կերպ ասած՝ վտանգավոր, քանզի բացառապես անվտանգ միջավայրում է հնարավոր ապահովել բարեկեցիկ և արժանապատիվ կյանք. նույն տրամաբանությամբ երկրորդ թվարկման մեջ այն առնվազն պետք է գտնվի խաղաղության տողում: Այստեղ հարկ է հիշել ամերիկյան հոգեբան Աբրահամ Մասլոուի կողմից առաջ քաշած «մարդու պահանջմունքների բուրգի» հիերարխիկ մոդելը, որտեղ անվտանգության բաղադրիչը գտնվում է երկրորդ հորիզոնականում, իսկ առաջինում՝ մարդու ֆիզիոլոգիական պահանջմունքներն են: Նշենք, որ վերը թվարկված 7 կետերից յուրաքանչյուրն ունի հիմնավորման կարիք: Օրինակ՝ ինչ ասել է «խաղաղություն», որոնք են դրա հիմքերը, և ինչն է թույլ տալիս կարծել, որ դիմացի կողմը նմանատիպ աշխատանքներ է տանում սեփական հասարակությանը խաղաղության պատրաստելու համար: Բոլորիս էլ հայտնի է, որ մինչ օչս ճիշտ հակառակն է. որպես ասվածի հիմք կարելի է վերցնել դիմացի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ և նվաճողական հռետորաբանությունը, որը հնչում է ոչ միայն հասարակական հատվածից, այլև՝ պետական տարբեր այրերի, այդ թվում՝ երկրի առաջնորդի շուրթերից: Հաշվի առնելով ոչ վաղ անցյալում դիմացի կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և դրան զուգահեռ նրանց կողմից նվաճողական գործողությունների իրականացումը՝ անհրաժեշտ է ունենալ բավարար հիմնավորվածություն դիմացի կողմի «խաղաղասիրության» մասով, որից հետո միայն կարելի է սեփական հասարակության մեջ սերմանել «բացարձակ խաղաղասիրություն»: Թեզ 6 - «Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը». Նախևառաջ, տարօրինակ է այս թեզն իր բովանդակությամբ, քանի որ երրորդ հանրապետության հիմնադրման օրվանից ի վեր առնվազն պետական մակարդակով երբևէ չի քարոզվել պատերազմ կամ վրեժխնդրություն: Ավելին՝ մատաղ սերնդի դաստիարակման աշխատանքներում նույնիսկ նման նրբերանգներ չեն նկատվել: Եթե հիմք ընդունենք վերոհիշյալ թեզը, ապա պատերազմի և վրեժխնդրության ոգով դաստիարակված հասարակության որոշ շերտեր ըստ էության օրինակ չէին խուսափի պարտադիր ժամկետային զինծառայությունից, ինչպես նաև որոշակի մասով նվազ կլիներ ՀՀ-ից արտագաղթողների թիվը. ասել է, թե երրորդ հանրապետության հիմնադրումից ի վեր՝ 30 տարուց ավելի, նման ոգով դաստիարակված հասարակության դիմագիծն ու վարքը զգալի չափով կտարբերվեր: Փորձելով հասկանալ թեզի տրամաբանությունը՝ կարելի է ենթադրել, որ օրինակ՝ հետայսու պետության կողմից չի ֆինանսավորվելու որևէ պատմական հերոսապատու, ռազմահայրենասիրական, այդ թվում՝ հայրենիքի համար կյանքը զոհած որևէ հերոսի մասին պատմող ֆիլմ, բեմականացում, հաղորդաշար կամ միջոցառում: Այս տրամաբանության ներքո հավանական է նաև, որ դադարեցվի ՀՀ զինված ուժերի գործունեությունը լուսաբանող «Զինուժ» հաղորդաշարի ֆինանսավորումը և հետևաբար նաև՝ հեռարձակումը: Թեզ 7 - «Հետևաբար հայրենիքի և պետության նույնականացումն ու նույնացումը՝ երկրի ճանաչողության միջոցով խաղաղությանն ուղղված ուղիղ քայլ է: Երկրի ճանաչողության միջոցով է ճանաչելի դառնում նաև տարածաշրջանը, սեփական բազմազանությունն ու բազմաշերտությունը: Ինչը կարևոր է, այդ բազմաշերտության գիտակցման ու ճանաչողության միջոցով կոտրվում է նաև սեփական փոքրության մասին կարծրատիպային պատկերացումը, որը վերածվել է սեփական խեղճության մասին պատկերացման: Հայրենիքի և պետության նույնացման քաղաքականությունը պետք է դառնա առաջին հերթին կրթական և հետազոտական բովանդակություն և շեշտադրում, այնուհետև իր դրսևորումն ունենա մեդիաարտադրանքի, արվեստային տարբեր ձևերի միջոցով: Սրա վառ օրինակը թերևս Արագածի թեմայի շուրջ ծավալված հանրային խոսույթում սեփական երկրի ներսում գտնվող բնապատկերներին ու լեռներին հայացքն ուղղելն էր». Հայերն անհիշելի ժամանակներից բնակվում են Կովկասում ու Մերձավոր Արևելքում և քաջատեղյակ են այս տարածաշրջանների բնիկ ժողովուրդների, ինչպես նաև եկվորների վարքին ու բարքին: Եվ, հետևաբար, թյուր է այն կարծիքը, թե հայերը չեն ճանաչում տարածաշրջանը: Բացի դա, անհիմն է և առնվազն տարօրինակ այն ձևակերպումը, թե հայն իրեն համարում է խեղճ. հատկապես այս վտանգավոր ձևակերպումը պահանջում է ծանրակշիռ փաստարկում: Ավելին, «հայերի խեղճության» թեզը գիտակցական և ենթագիտակցական մակարդակներում ՀՀ-ում և Սփյուռքում բնակվող հայրենակիցների մեջ տարաբնույթ մեթոդների և գործիքակազմերի գործադրմամբ փորձ է արվում սերմանել 44-օրյա պատերազմից և Արցախի կորստից հետո: Անդրադառնանք նաև ՛՛Արագածի օրակարգին՛՛: Հայտնի չէ, թե ինչ չափորոշիչներով է ընտրվել Արագած լեռը և ոչ, օրինակ՝ Խուստուփ լեռը: Տպավորություն է, թե այս օրակարգով փորձ է արվել նվազեցնել հանրային հնարավոր դժգոհությունների ռիսկը, որը կարող է առաջանալ հայկական օրակարգից Արարատի հնարավոր բացառումից հետո: Օրինակ՝ որպես ասվածի հիմք կարելի է համարել Արագած լեռան լուսապատկերը, որն ուղիղ նմանեցված է Արարատ լեռան լուսապատկերին: