ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը սահմանելու մասին» որոշման նախագծի ընդունումը բխում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (ԱԴՌ) (այսուհետ՝ ԱԴՌ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց 2022 թվականին, որի պահանջների ապահովման համար անհրաժեշտ է ձևավորել օրենսդրական դաշտ։
Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների գործընթացը լիարժեք կանոնակարգելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել օրենսդրական դաշտ, որը կապահովի ԱԴՌ Համաձայնագրի և «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքի պահանջների կատարումը։
Բացի այդ՝ ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 23-րդ կետով նախատեսված է «Վտանգավոր ապրանքների ճանապարհային փոխադրումների ստուգումների միասնական ընթացակարգերի մասին» Խորհրդի 1995 թվականի հոկտեմբերի 6-ի 95/50/ԵՀ հրահանգով և «Վտանգավոր ապրանքների ներցամաքային փոխադրման մասին» Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի 2008/68/ԵՀ հրահանգով սահմանված իրավական կարգավորումները ՀՀ օրենսդրությանը ներդաշնակեցնելու միջոցառումը: Ճանապարհային քարտեզի նշված միջոցառումը ուղղակիորեն մշակված նախագծով վերաբերելի գործողություն առերևույթ չի սահմանում, այնուամենայնիվ, այդ գործողությունների բովանդակությունը և դրանց համար կիրարկման ենթակա հրահանգների կարգավորումներն առնչվում են առաջարկվող փոփոխությանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների ոլորտի կարգավորման նպատակով մշակվել է «Ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով նախատեսվում է սահմանել ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը, որը ամբողջովին համապատասխանեցվել է ԱԴՌ համաձայնագրի պահանջներին։ Ցանկում ներկայացված է վտանգավոր բեռների վերաբերյալ միջազգայնորեն ընդունված տվյալները, մասնավորապես՝ վտանգավոր բեռների անվանումը, ՄԱԿ-ի նշագրման համարը, դասը, դասակարգման կոդը, փաթեթավորման պահանջները, պիտակավորումը, սահմանափակ քանակները։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և տեղական ինքնակառավարման մարմնինների բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման դեպքում չի նախատեսվում պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի ավելացում։
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 38․1-րդ կետից և «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրից։