Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» սեպտեմբերի 2025 թվականի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՔՐ ՎԵԴԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ «ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԱՐՏԱՇԱՏ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ հոդվածներով և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (պետական ցուցիչ՝ 3.49.2, այսուհետ՝ հուշարձան) տարածքում ներառված ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող՝ 0,4322 հեկտար 03-096-0221-0003, 0,52 հեկտար 03-096-0253-0002, 0,49 հեկտար 03-096-0253-0003, 0,539 հեկտար 03-096-0254-0001, 0,61 հեկտար 03 096 0254-0002, 0,19 հեկտար 03-096-0254-0003, 0,174 հեկտար 03-096-0254-0004, 0,4267 հեկտար 03-096-0254-0005, 0,22 հեկտար 03-096-0254-0006 և 0,24 հեկտար 03-096-0254-0007 կադաստրային ծածկագրերով հողամասերի (այսուհետ՝ գույք) նկատմամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանաչել հանրության գերակա շահ:
- Հուշարձանի տարածքում գտնվող գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել հետևյալ հիմնավորումներով.
1) հուշարձանի տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը հնարավորություն կտա ապահովելու հուշարձանի և դրա պատմական միջավայրի պահպանությունը, անխոչընդոտ իրականացնել հնագիտական ուսումնասիրությունները (հետախուզում և պեղումներ), բացված հնագիտական կառույցների ամրակայումը և վերականգնումը, պատմամշակութային արժեքի բացահայտումը, պահպանական գոտում օգտագործման պայմանակարգի (ռեժիմի) պահպանումը և շրջակա տարածքներում իրականացվող հողային և գյուղատնտեսական աշխատանքների նկատմամբ հսկողությունը.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված նպատակների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. հուշարձանի տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում հնարավոր կլինի ամբողջացնել և միավորել հուշարձանի տարածքը, այն օգտագործել իր սկզբնական և մշակութային, ինչպես նաև գիտական, կրթական ու ճանաչողական նպատակներով,
բ. թույլ կտա ապահովել հուշարձանի պատմամշակութային արժեքի նախնական տեսքի պահպանումն և հնագիտական հետագա ուսումնասիրությունների իրականացումն ու խնամքը,
գ. իր գործառնական նշանակությամբ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով` հնարավորություն կստեղծվի լուծելու հուշարձանի զբոսաշրջային նպատակով հետագա օգտագործման հարցը,
դ. հուշարձանի տարածքից օտարված հողամասի նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչումը և ընդգրկումը պատմամշակութային արգելոցի սահմաններում հնարավորություն կտա մոտակա երկու համայնքների բնակչությանը լիարժեք մասնակցելու զբոսաշրջային ծրագրերի իրականացմանը:
- Սահմանել, որ`
1) գույքը ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը.
2) գույքի օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, իսկ օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը.
3) գույքի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 31-ն է.
4) հանրության գերակա շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտի նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
- Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում պայմանագիր կնքել «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվառված գնահատման կազմակերպության հետ՝ գույքի համարժեք փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշելու նպատակով և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
3) գույքի ձեռքբերումից հետո ապահովել գույքի նկատմամբ գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում և միջոցներ ձեռնարկել հողամասերի նպատակային նշանակության փոփոխման ուղղությամբ՝ հողերի նպատակային նշանակությունը փոխադրելով հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական և մշակութային գործառնական նշանակության հողի․
4) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքներն, ինչպես նաև գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ միասնական տեղեկանքների ստացման և նոտարական գործառույթների իրականացման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝
1) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված ֆինանսական հատկացումների վերաբաշխում կատարելու և օտարվող գույքի սեփականատերերին փոխհատուցման նպատակով գումար տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ
|
Ն. Փաշինյան
|
|
Երևան
|
|