Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1264-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգի շրջանակում աղետի հետևանքով վնասված (վերականգնման ենթակա) պտղատու ծառերի դիմաց փոխհատուցում ստացած այն շահառուներին, որոնց ծառերը վերականգնման ենթակա չեն՝ լրացուցիչ փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
2024 թվականի մայիսի 25-26-ին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի դիմաց փոխհատուցման կարգի շրջանակում աջակցություն են ստացել շուրջ 580 շահառու, փոխհատուցման գումարը կազմել է 158,8 մլն դրամ, որից՝ Լոռու մարզից 273 շահառու ստացել է փոխհատուցում 109,8 մլն դրամ, իսկ Տավուշի մարզից՝ 307 շահառու ստացել է շուրջ 49,0 մլն դրամ։
Միաժամանակ, ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 10-ի «ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 926-Լ որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից՝ թույլատրվել է կրած վնասի դիմաց տրամադրել փոխհատուցում:
Համաձայն ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացված գրության՝ Նոյեմբերյան համայնքում արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման համայնքային և մարզային հանձնաժողովների կողմից 2025 թվականին կատարված լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ կան շահառուներ, որոնք աղետի հետևանքով վնասված (վերականգնման ենթակա) պտղատու ծառերի դիմաց ստացել են փոխհատուցում, սակայն պտղատու ծառերը վերականգնման ենթակա չեն։ Արձանագրվել է այդպիսի 193 շահառու, 6279 հատ պտղատու ծառ։ Փոխհատուցման ենթակա գումարի չափը՝ 41,258 մլն դրամ։
ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264–Լ որոշմամբ հաստատված կարգով սահմանված տարածքներում և պայմաններով տուժած, աղետի հետևանքով վնասված (վերականգնման ենթակա) պտղատու ծառերի դիմաց փոխհատուցում ստացած այն շահառուներին, որոնց ծառերը վերականգնման ենթակա չեն՝ լրացուցիչ փոխհատուցում տրամադրելու հարցով դիմել ենք Վարչապետի աշխատակազմ և վերջինիս կողմից առաջարկվել է հարցը քննարկել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Աշխատանքային կարգով հարցը քննարկվել և համաձայնեցվել է փոխվարչապետի հետ։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, 2-րդ գործողությունով՝ Պաշտպանված Հայաստան, կարևորվում է լիարժեք պայմանների ապահովումը Հայաստանի կենսական շահերի պաշտպանության, արտաքին ուժերի ռազմական և հիբրիդային սպառնալիքները, տեղեկատվական և կիբեր հարձակումները, ինչպես նաև բնածին, տեխնածին և մարդածին աղետների ռիսկերը կանխարգելելու, պատճառած կորուստները նվազեցնելու և արագ վերականգնվելու համար, մասնավորապես 2․4 կետ՝ Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու բարձր պատրաստվածություն (էջ՝ 41)։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության 4-րդ գլխում կարևորվում է ռիսկերի գնահատումը և կառավարումը, մասնավորապես, «Ռիսկերի գնահատում և մեղմում» աղյուսակ 2-ի շրջակա միջավայրի ռիսկեր ՇՄ1 տողում առանձնացված է «Եղանակային պայմանների փոփոխություն և անսովոր շատ անբարենպաստ բնակլիմայական պատահարներով տարիներ» ռիսկը (էջ՝ 93)։
Կարգավորման նպատակը և բնույթը:
Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի թույլատրել Լոռու մարզի Նոյեմբերյան համայնքում՝ կարգով աջակցություն ստացած այն շահառուներին, որոնք աղետի հետևանքով վնասված (վերականգնման ենթակա) պտղատու ծառերի դիմաց ստացել են փոխհատուցում, սակայն արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման համայնքային և մարզային հանձնաժողովների կողմից 2025 թվականին կատարված լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ պտղատու ծառերը վերականգնման ենթակա չեն՝ ստանալու կրած վնասի դիմաց փոխհատուցում՝ կարգով միավորի հաշվով գնահատված ոչնչացված կամ կորսված և վնասված (վերականգնման ենթակա) փոխհատուցման ենթակա գումարների տարբերության չափով (հաշվի առնելով կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը)՝ արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրված ակտերի հիման վրա։
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերն ըստ ՀՀ Տավուշի մարզից և Ներքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության՝ գնահատվում են 41,258 մլն դրամ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունման արդյունքում՝ hորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով ոչնչացված կամ կորսված պտղատու ծառերի դիմաց որպես վնասված (վերականգնման ենթակա) փոխհատուցում ստացած գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին փոխհատուցման տրամադրումը կնպաստի վերջիններիս ֆինանսական կայունացմանը և հետագա գյուղատնտեսական գործունեության վարմանը։
-
Обсуждалось
02.09.2025 - 17.09.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1564
Принт