«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցների գծով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնների վերանայումն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներկայումս պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում:
Խնդիրն այն է, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում աջակցության գումարները տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են համապատասխան ծախսերը կատարած լինելու պայմաններում՝ որպես կատարված ծախսերի փոխհատուցում՝ նպատակ ունենալով կանխել հնարավոր չարաշահումները: Նման սխեմայով գումարների հատկացումը, սակայն, հարկային օրենսդրությամբ սահմանված վերոնշյալ կարգավորման համաձայն պետական աջակցություն ստացած շահութահարկ վճարողների մոտ շահութահարկով հարկման հետևանքներ է առաջացնում, ինչը կարծում ենք, որ արդարացված չէ հատկապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողների համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտներն ազատված են շահութահարկով հարկումից:
Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները ազատվում են շահութահարկի վճարումից իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը: Խնդիրն այն է, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից ներգրավված վարկերի (լիզինգի) գումարները և դրանց գծով հաշվարկվող տոկոսագումարները պետության կողմից սուբսիդավորվելու դեպքում սուբսիդավորվող գումարները հանդիսանում են եկամուտ և համախառն եկամտի 10%-ը գերազանցելու դեպքում վերջիններիս մոտ կարող է առաջանալ շահութահարկ վճարելու պարտավորություն, ինչը կարծում ենք, որ արդարացված չէ վերոգրյալը հաշվի առնելով:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է, անկախ գործունեության իրականացման ոլորտից, սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:
Միևնույն ժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի (լիզինգի) և դրանց գծով հաշվարկվող տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները, իսկ ծախս չեն համարվում պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ստացված` վարկերի (լիզինգի) տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել միատեսակ մոտեցում պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցների գծով եկամտի որոշման որոշման առումով, ինչպես նաև նախատեսվում է բարելավել պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը և խթանել այս ուղղությամբ ձեռնարկատիրական գործունեությունը:
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:
-
Обсуждалось
08.08.2025 - 29.08.2025
-
Тип
Закон
-
Область
Сельское хозяйство, Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая
Просмотры 1965
Принт