- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ռազմավարական կառավարումը ենթադրում է համակարգաստեղծ նպատակների սահմանում և դրանց իրագործում ինստիտուցիոնալ կարողությունների ու ռեսուրսների ներգրավմամբ: Այն հանրային կառավարման համակարգի առանցքային գործառույթներից է: Այսպես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետությունների 73%-ը պետության տեսլականի սահմանումը դիտարկում է իբրև կառավարության կենտրոնական օղակի առանցքային գործառույթ: Ընդ որում՝ գիտականորեն ապացուցված է, որ գործառույթի դրական ազդեցությունը կառավարման արդյունավետության վրա մեծանում է, երբ այն հիմնված է լինում ֆորմալ, փաստահենք ու մասնակցային ընթացակարգերի վրա:
Ստորև ներկայացված են Հայաստանի Հանրապետության ռազմավարական կառավարման համակարգի հիմնական խնդիրները, որոնք վերաբերելի են առհասարակ քաղաքականությունների մշակման գործընթացին ու պայմանավորված են ինչպես գործող կարգավորումների բացերով, այնպես էլ ինստիտուցիոնալ կարողությունների սահմանափակությամբ: Խնդիրները վեր են հանվել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացում և վերջինիս հաջորդած փորձագիտական քննարկումների հիման վրա՝ հիմք ընդունելով հետևյալ հետազոտությունները՝
- ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ նախաձեռնության Հանրային կառավարման սկզբունքները և վերջինիս հիման վրա իրականացված՝ Հայաստանում հանրային կառավարման համակարգի ելակետային գնահատման զեկույցը (2019թ.),
- Համաշխարհային բանկի կողմից 2024 թվականին իրականացված՝ Վարչապետի աշխատակազմի գործառութային վերլուծության զեկույցը,
- ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի ռազմավարական փաստաթղթերի ուսումնասիրության զեկույցը:
Առկա մարտահրավերներն են՝
- Քաղաքականության պլանավորման փաստաթղթերի աստիճանակարգության և միմյանց հետ փոխկապվածության անկատարությունը, ինչը նվազեցնում է բարեփոխումների ներդաշնակությունը, իրատեսականությունն ու ռեսուրսների պլանավորման արդյունավետությունը, և հատկապես դժվարացնում է միասնական գերակայությունների սահմանումը:
- Քաղաքականության պլանավորման փաստաթղթերի և դրանց իրականացման համար ռեսուրսների պլանավորման գործընթացների ոչ ամբողջական կապը, ինչի արդյունքում չի պահպանվում ֆիսկալ մատչելիությունը (ֆինանսավորման առկայությունը), և համակարգը չի ապահովում սահմանված թիրախների ամբողջական իրագործումը։
- Կառավարության ծրագրի ու կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրի անորոշ դերը ռազմավարական փաստաթղթերի համակարգում, ինչը հանգեցնում է ռազմավարական ու քաղաքական նպատակների միջև խզվածքին, գերակայությունների սահմանման, դրանց ներդաշնակեցման, մշտադիտարկման համակարգերի արդյունավետության նվազմանը ու վտանգում է քաղաքականությունների շարունակականությունը:
- Հանրային ներդրումների կառավարման համակարգի հետ չկարգավորված կապը, ինչը խնդրահարույց է հատկապես երկարաժամկետ ներդրումների կառավարման տեսանկյունից։
- Փաստաթղթերի ու թիրախային ցուցանիշների մեծաքանակությունը, ինչը մեծացնում է բարեփոխումների մասնատվածությունը, ցուցանիշների անհամապատասխանությունը, խաթարում առաջնահերթությունների սահմանումն ու դրանց մշտադիտարկման արդյունավետությունը:
- Մշտադիտարկման ու գնահատման համակարգի անկատարությունը և կենտրոնացումը գործընթացի, ոչ թե արդյունքների վրա: Խնդրահարույց է ինչպես ցուցանիշների որակը, այնպես էլ համակարգային ու պարբերական մշտադիտարկման պրակտիկայի ու անհրաժեշտ տվյալների բացակայությունը:
- Անհրաժեշտ կարողությունների բացը, ինչը թույլ չի տվել հետևողականորեն իրականացնել քաղաքականությունների մշակման փաստաթղթերի որակի վերահսկողություն և միմյանց հետ ներդաշնակեցում:
- Թվային գործիքների բացակայությունը, ինչը դժվարացնում է փաստաթղթերի ներդաշնակեցումն ու մշտադիտարկումը՝ հանգեցնելով նաև դրանց իրագործման անբավարար մակարդակի:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հիմք ընդունելով Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ սահմանված նպատակները, ինչպես նաև վերոնշյալ զեկույցների եզրակացությունները՝ սույն նախագիծը սահմանում է կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների ռազմավարական կառավարման համակարգի նոր ճարտարապետությունը և վերջինիս սպասարկող ընթացակարգերը: Մասնավորապես՝ սահմանվող նոր համակարգի նպատակներն են՝
- Ռազմավարական փաստաթղթերի որակի բարձրացումը,
- Ռազմավարական փաստաթղթերի ներդաշնակեցումը միմյանց և քաղաքական ու ֆինանսական պլանավորման փաստաթղթերի հետ ինտեգրված բիզնես պրոցեսների միջոցով,
- Հստակ առաջնահերթությունների սահմանումը,
- Ռազմավարությունների մշտադիտարկման ու գնահատման միասնական համակարգի ներդնումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը՝ զարգացման գործընկերների՝ Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ զարգացման ծրագրի, Համաշխարհային բանկի, ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ նախաձեռնության աջակցությամբ:
Նախագծի հիմքում ընկած հայեցակարգը քննարկվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախագծի մշակման գործընթացում տեղի են ունեցել քննարկումներ ԵՄ անդամ պետությունների, ԱՄՆ-ի ու ՄԲ-ի՝ ռազմավարական կառավարման գործընթացը համակարգող հանրային ծառայողների, Օքսֆորդի համալսարանի ակադեմիական անձնակազմի հետ՝ լավագույն փորձի փոխանակման նպատակով:
- Ակնկալվող արդյունքը
Ռազմավարական կառավարման նոր համակարգի ներդրմամբ ռազմավարական պլանավորումից անցում է կատարվում ռազմավարական կառավարման (տարբերությունը տե՛ս հետևյալ հղմամբ): Արդյունքում, հանրային ռեսուրսները բացառապես փաստաթղթերի մշակման վրա կենտրոնացման փոխարեն կուղղվեն ռազմավարական կառավարման ողջ շղթային՝ պլանավորումից մինչև իրականացում, մշտադիտարկում ու գնահատում: Հետազոտությունները վկայում են, որ արդյունավետ իրականացման դեպքում ռազմավարական կառավարման ներդրումը նպաստում է՝
- Կատարողականի բարելավմանը - այն բարելավում է որոշումների կայացումը և կազմակերպության արդյունավետությունը՝ հանգեցնելով ընդհանուր կատարողականի ու արտադրողականության բարելավմանը:
- Ճգնաժամերի կառավարմանը - թեպետ ռազմավարական կառավարումը երբեմն քննադատության է ենթարկվում իր ոչ ճկունության ու ֆորմալիզմի համար, հետազոտությունները փաստում են, որ այն առավել կարևոր է հատկապես ճգնաժամերի կառավարման համատեքստում՝ անորոշությունները ժամանակին կանխատեսելու ու պլանավորելու նպատակով:
- Երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը - կառավարությունները սովորաբար բախվում են այնպիսի մարտահրավերների, ինչպես օրինակ՝ կլիմայի փոփոխությունը կամ ժողովրդագրական խնդիրները, որոնց հետևանքներն ու հաղթահարման քաղաքականությունները պահանջում են տևական, հետևողական աշխատանք, որը հաճախ ավելի երկար է, քան կառավարությունների քաղաքական շրջափուլը: Ռազմավարական կառավարումը միտված է հատկապես այսպիսի խնդիրների հասցեագրմանը:
- Արտաքին ու ներքին հաղորդակցությանը - Ռազմավարական կառավարման արդյունքում հանրային իշխանության մարմինների նպատակներն ու թիրախները սահմանելիս հանրային հատվածը հստակ հաղորդակցում է իր աշխատակիցներին իրենց աշխատանքի հետագա ուղղվածության մասին, ինչն իր հերթին նպաստում է կառավարչական արդյունավետության բարձրացմանը: Ավելին, ռազմավարական փաստաթղթերը հստակ ուղերձ են արտաքին աշխարհին՝ քաղաքացիներին, մասնավոր հատվածին ու զարգացման գործընկերներին, պետության գերակայությունների ու ապագայի ծրագրերի մասին՝ մեծացնելով հանրային քաղաքականության կանխատեսելիությունը: Սա առանցքային գործառույթ է հատկապես ժողովրդավարական պետությունների պարագայում, քանի որ նպաստում է հանրային թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը:
Ըստ այդմ՝ բարեփոխման վերջնանպատակը հանրային կառավարման համակարգի կատարողականի ու արտադրողականության բարձրացումն է: Միջնաժամկետ կտրվածքով ակնկալվում է, որ ռազմավարական փաստաթղթերը կդառնան արդյունքամետ, փաստահենք, իրագործելի, և իբրև անուղղակի արդյունք՝ կնվազի նաև դրանց քանակը՝ դյուրինացնելով մշտադիտարկման ու առաջնահերթությունների սահմանման գործընթացը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Բացակայում է:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Սույն որոշման ընդունումը Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ստանձնած հանձնառություն է: