««Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է ՀՀ-ում գործող տարբեր իրավունքների պետական գրանցումն ապահովող համակարգերի միասնական և համաժամեցված (սինխրոնացված) գործադրման անհրաժեշտությամբ: Պետական ռեգիստրներում առկա տեղեկատվության արդիական լինելը կարևոր գործոն է գործարքների և ակտիվների հետ կապված այլ գործողությունների սահուն և առանց խնդիրների իրականացման համար: Արժեթղթավորման կոնտեքստում ներգրավված ռեգիստրները այժմ չունեն իրավական հիմք՝ տեղեկատվության բազաները համաժամեցված վարելու և տեղեկատվություն փոխանակելու համար:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Այսպես՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի և ակտիվներով ապահովված արժեթղթերի կոնտեքստում այդ արժեթղթերից բխող իրավունքների ապահովման համար գրավը գրանցվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարվող ռեգիստրում: Գրավը հիմնականում անշարժ գույքով ապահովված վարկեր են, սակայն հնարավոր է գրավի առարկա լինեն նաև որոշ այլ ակտիվներ: Իրենց հերթին, օրինակ, անշարժ գույքով ապահովված վարկերի հիմքում ընկած անշարժ գույքի գրավը գրանցվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից: Տվյալ վարկը արժեթղթերի ապահովման զամբյուղում ներառելու պարագայում անհրաժեշտություն է առաջանում գրանցել նաև անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի տնօրինման սահմանափակում, քանի որ համաձայն արժեթղթավորումը կարգավորող օրենսդրության՝ տվյալ վարկերի փոփոխումը կամ օտարումը արգելված է առանց Կենտրոնական բանկի թույլտվության, քանի դեռ այդ վարկը գտնվում է Կենտրոնական բանկի կողմից պահվող ռեգիստրում որպես արժեթղթերի ապահովման միջոց:
Ստացվում է, քանի որ ապահովվածությունը երկշերտ է, այն է՝ պարտատոմսերի ապահովում է հանդիսանում հիփոթեքային վարկը, իսկ հիփոթեքային վարկի ապահովում է հանդիսանում անշարժ գույքը, երկու զուգահեռ ռեգիստր պետք է վարվեն իրար համահունչ և զուգահեռ:
Օրենքների կարգավորումները այժմ հնարավորություն չեն տալիս արագ և արդյունավետ երկու ռեգիստրների բազաները համաժամեցնել, սահմանափակումները ՀՀ կենտրոնական բանկի կողմից արագ գրանցել, փոփոխել կամ դադարեցնել:
Խնդիրը նկարագրված է նաև 2020 հուլիսի 16-ի Կառավարության 1202-Լ որոշմամբ հաստատված «Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» 50-րդ կետում, մասնավորապես․ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկումը ենթադրում է այդ պարտատոմսերի ապահովման միջոցների զամբյուղի ձևավորում, որն առանձնացված հաշվառվում և գրավադրվում է` թողարկողի անվճարունակության դեպքում ծառայելով որպես ապահովություն պարտատոմսերի սեփականատերերի համար: Ապահովման միջոցների զամբյուղը հիմնականում բաղկացած է հիփոթեքային վարկերից: Օրենքի համաձայն հիփոթեքային վարկերի գրավադրումն իրականացվում է ԿԲ-ում ապահովման միջոցների զամբյուղի գրանցմամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումը միասնական ձևով իրականացնում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն (այսուհետ` Կադաստրի կոմիտե): Թեև Օրենքի համաձայն ապահովման միջոցների գրանցումը ԿԲ-ում համարվում է պետական գրանցում և ակտիվների նկատմամբ պահանջի իրավունքի որևէ այլ գրանցում չի պահանջվում, այնուամենայնիվ, դա չպետք է հանգեցնի անշարժ գույքի կադաստրի ամբողջականության խաթարմանը: Այլ խոսքով, այս երկու պետական ռեգիստրները պետք է սինխրոնիզացված լինեն:»։
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվում է օրենսդրական հիմք ստեղծել Կենտրոնական բանկի և համապատասխան պետական գրանցումն իրականացնող մարմնի համար՝ գործընթացը կարգավորելու, տեղեկատվության փոխանակման կարգ սահմանելու և արժեթղթավորման ընթացքը առանց խոչընդոտների իրականացնելու նպատակով: Օրենքի փոփոխության նպատակն է համաժամեցնել պետությունում վարվող բազաները: Ուստի սահմանափակման հիմքը ձևակերպելիս, նախատեսվել է, որ այն գրանցվելու է պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից օրենքի հիման վրա:
Նախագծերով տրված են ձևակերպումներ, որոնք կվերաբերեն ոչ միայն անշարժ գույքին, այլ բոլոր այն դեպքերին, երբ գրավի առարկա գույքի նկատմամբ իրավունքների գրանցումը նախատեսված է օրենսդրությամբ:
Նախագծով կարգավորված է նաև, որ եթե գրավը դադարում է օրենքով սահմանված հիմքերով, գրավը գրանցող մարմինն այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին՝ ԿԲ ռեգիստրում տեղեկատվության արդիականություն ապահովելու նպատակով: Օրինակ՝ ֆիզիկական անձի կողմից իր վարկի վաղաժամկետ մարումը հանգեցնում է գրավի դադարման, քանի որ հիմնական պարտավորությունը դադարում է: Բացառություն է տրված այն դեպքերի համար, երբ գրավը դադարում է գրավառուի նախաձեռնությամբ կամ կամաարտահայտմամբ (օրինակ գրավառուն և գրավատուն համաձայնություն են կնքում առ այն, որ գրավը դադարի): Այս դեպքերում պահանջվում է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից: Նախագծերը քննարկվել են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հետ, ինչպես նաև շրջանառվել շահագրգիռ գերատեսչություններին:
5․ Ակնկալվող արդյունքը
Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի թողարկման միջոցով կազմակերպությունը կարող է ներգրավել էժան ֆինանսավորում՝ նոր հիպոտեկային վարկեր տրամադրելու կամ ֆինանսավորելու համար։ Դա հեշտացնում է հիպոտեկային վարկերի տրամադրման գործընթացը, և կարող է հանգեցնել վարկերի տոկոսադրույքների նվազեցման, և ընդհանուր առմամբ, վարկերի հասանելիության աճին։
Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի թողարկման համար անհրաժեշտ է հիպոտեկային վարկերի որոշակի մասշտաբի առկայություն։ Նման մասշտաբ դեռևս չկա անհատական բանկերի և վարկային կազմակերպությունների մոտ։ Ուստի որպես պոտենցիալ թողարկող դիտարկվում են վերաֆինանսավորում իրականացնող կազմակերպությունները, մասնավորապես՝ Ազգային հիփոթեքային ընկերությունը (ԱՀԸ)։ ԱՀԸ-ի կողմից թողարկման պոտենցիալ ծավալը նախնական գնահատականներով կարող է գերազանցել 200-300մլն ԱՄՆ դոլարը։
Պարտատոմսերն ապահովող պորտֆելը՝ հիպոտեկային վարկերը գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից վարվող ռեգիստրում: Անշարժ գույքի գրավը, որն իր հերթին ապահովում է վարկերը, գրանցվում է Կադաստրի կոմիտեում:
Քանի որ վարկի ներառումը պարտատոմսերի պորտֆել ենթադրում է, որ վարկը և անշարժ գույքի գրավի իրավունքը չպետք է չեղարկվեն, կամ փոփոխվեն առանց պորտֆելի հսկողի և Կենտրոնական բանկի համաձայնության, անհրաժեշտություն է առաջացել երկու ռեգիստրները դարձնել համահունչ և համաժամանակյա։
Նախագծի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն արժեթղթավորման գործընթացում Կենտրոնական բանկի կողմից վարվող և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վարվող ռեգիստրների տեղեկատվության փոխանակման համար:
6․ Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
Ակտը նորմատիվ բնույթի է, քանի որ Նորմատիվ իրավական ակտի նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակված գրավոր ակտ է և պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:
7․ Օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին
Oրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
8․ Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
9․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և (կամ) այլ ռազմավարություններ
Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «Տնտեսություն» բաժնի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման» կետի ներքո ամրագրված է, որ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու արժեթղթերի շուկայի ակտիվացման և զարգացման ուղղությամբ:
2020 հուլիսի 16-ի Կառավարության 1202-Լ որոշմամբ հաստատված «Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» 50-րդ կետ։
-
Обсуждалось
30.07.2025 - 14.08.2025
-
Тип
Закон
-
Область
Финансовая
-
Министерство
Центральный банк Республики Армения
Просмотры 1238
Принт