Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ծառայողներն իրենց գործառութային պարտականություններն իրականացնելիս երբեմն բախվում են քրեակատարողական հիմնարկներ այցելած քաղաքացիների ոչ իրավաչափ վարքագծին, որոնք փորձում են արգելված առարկաներ հանձնել կալանավորված անձանց կամ դատապարտյալներին: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) գործող կարգավորումների փաստացի կիրառումը ցույց է տալիս, որ նախատեսված վարչական տույժն ու դրա չափերը լիարժեք չեն ապահովում կիրառման նպատակների իրագործումն ու քննարկվող իրավախախտումների դեպքերի նվազեցումը:

Այսպես, Օրենսգրքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց, և դրա կիրառման նպատակներից է անձին օրենքները և համակեցության կանոնները պահպանելու ոգով դաստիարակելը, ինչպես նաև թե՛ իրավախախտում կատարած անձի, թե՛ այլ անձանց կողմից նոր իրավախախտումներ կատարելու կանխումը: Օրինապահ վարքագծի ձևավորման խթանումը առաջնային նպատակներից է, ինչի պատճառով էլ սանկցիայի չափն ու տեսակը պետք է համաչափ լինեն կատարած իրավախախտման ծանրությանը, ինչպես նաև հնարավորություն տան հասնելու կանխարգելիչ և դաստիարակչական նպատակներին:

Սակայն գործնականում շատ են դեպքերը, երբ քրեակատարողական հիմնարկներում, կալանավորվածներին պահելու վայրերում և ձերբակալված անձանց պահելու վայրերում պահվող անձանց համար արգելված առարկաներ (օրինակ՝ բջջային հեռախոսներ, լիցքավորման լարեր, ականջակալներ և այլն) բերող կամ նման փորձ կատարող անձինք վճարում են իրավախախտման համար նախատեսված համեմատաբար մեղմ տուգանքը և կրկին կատարում նույն իրավախախտումը (օրինակ՝ միևնույն գործարանային համարով հեռախոսը կրկին հանձնվել կամ հանձնելու փորձ է կատարվել):

Բացի այդ, արգելված առարկաների հանձնումը պետական ծառայողի կողմից կատարելը նախատեսված է որպես վարչական իրավախախտում, մինչդեռ հարկ է նկատել, որ պետական ծառայողի կողմից քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելը, ըստ էության, ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով սահմանված հանցակազմի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) օբյեկտիվ կողմից դրսևորում է:

Այս համատեքստում, անհրաժեշտ է նշել, որ Օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան:

Վերոգրյալը հիմք է տալիս եզրակացնելու, որ համաչափության, ինչպես նաև կանխարգելիչ նպատակների առավել արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումները: Մասնավորապես, նպատակահարմար է վերանայել նախատեսված տուգանքի չափերը, նախատեսել վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում վարչական տույժի տեսակը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հիշյալը հնարավորություն կտա ոչ միայն կանխել նոր իրավախախտման դեպքերը, այլև արգելված իրերի շրջապտույտը քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես՝ այդ առարկաների բռնագրավման դեպքում իրավախախտը հնարավորություն չի ունենա նույն արգելված առարկան կրկին հանձնել (հանձնելու փորձ կատարել) ձերբակալված, կալանավորված անձին կամ դատապարտյալին:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է վերանայել քրեակատարողական հիմնարկներում, կալանավորվածներին և ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը միտված է քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրում արգելված իրերի ներթափանցման դեպքերի կանխարգելմանը և նվազեցմանը:

 

  1. Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առկա չէ:

 

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5․6-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները:

  • Обсуждалось

    28.07.2025 - 18.08.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовно-исполнительная

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1262

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: