11.07.2025
Ինչո՞ւ են էլի բարձրացվում առանց այն էլ ծայրահեղ բարձր աշխատավարձերը։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն։ Տվյալ սահմանադրական պահանջը միտված է ապահովելու դատական իշխանության ներկայացուցիչների՝ այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորների, նյութական անկախությունը և ծառայողական գործունեության արդյունավետ իրականացումը։
Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք)։ Սակայն օրենքի դրույթների վերլուծությունը և դրանց կիրառման պրակտիկան ցույց են տալիս, որ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ իր կառուցվածքով և չափերով, համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։
Արդյունքում, առաջացել է օբյեկտիվ անհրաժեշտություն՝ վերանայելու Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության կառուցվածքը և սահմանելու լրացուցիչ աշխատավարձի տարբերակված համակարգ։ Նման համակարգի ներդրումը նպատակ ունի ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի լիարժեք անկախությունը, նվազեցնել դատավորների նկատմամբ արտաքին ազդեցությունների հնարավորությունը և ամրապնդել Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կայունությունն ու գործառնական արդյունավետությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է սույն նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որի նպատակն է՝ սահմանել Սահմանադրական դատարանի դատավորների համար լրացուցիչ նյութական երաշխիքներ՝ այդ կերպ ապահովելով Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի, դատավորի կարգավիճակին ու պատասխանատվությանը համարժեք վարձատրություն՝ Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված սկզբունքների շրջանակում։
2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Դատավորի համար, Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:
Սահմանադրական դատարանի դատավորների գործունեության երաշխիքները կարգավորող օրենքը Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքն է (այսուհետ՝ Օրենք): Մասնավորապես, Օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում են Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների (այսուհետ՝ նաև Սահմանադրական դատարանի դատավորներ)՝ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող հավելավճարները, իսկ Օրենքի 1-ին Հավելվածով՝ պաշտոնային դրույքաչափերի գործակիցները։
Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության իրավահարաբերությունները կարգավորող Օրենքի դրույթների համակարգային վերլուծությունից բխում է, որ վարձատրությունն իր մեջ ներառում է հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը (ներառում է հավելումը, հավելավճարը) և պարգևատրումը: Միևնույն ժամանակ, Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ձևակերպումից պարզ է դառնում, որ պաշտոնային դրույքաչափը Օրենքի իմաստով հիմնական աշխատավարձն է։
Օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում են Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարները։ Նշված հոդվածի ուժով Սահմանադրական դատարանի դատավորներին Օրենքով սահմանված կարգով տրամադրման ենթակա է պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով հավելավճար:
Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերի գործակիցների և հավելավճարների փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակով և առանձնահատուկ լիազորությունների շրջանակով։ Մասնավորապես, Սահմանադրության 7-րդ գլխի կարգավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը էականորեն տարբերվում է Սահմանադրության 163-րդ հոդվածով ամրագրված մյուս դատարանների լիազորությունների շրջանակից: Նշվածն արտացոլված է Սահմանադրության 168-րդ հոդվածով ամրագրված՝ Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակում:
Որպես սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմին՝ Սահմանադրական դատարանի լիազորություններն առնչվում են տարաբնույթ և իրավական պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտների հետ (նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության ստուգում, սահմանադրական մարմինների միջև վեճերի լուծում, հանրաքվեի, ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճեր և այլն):
Անդրադառնալով դատավորներին տրամադրվող նյութական և սոցիալական երաշխիքներին, Եվրոպայի խորհրդի շրջանակներում 1998 թվականին ընդունված «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի 6.2-րդ կետի համաձայն՝ դատավորի վարձատրության չափը մյուս դատավորի վարձատրության համեմատությամբ կարող է փոփոխվել կախված ծառայության տևողությունից, իրենց կողմից կատարվող պարտականությունների բնույթից և իրենց վրա դրված առաջադրանքների կարևորությունից: Այսինքն, սկզբունքային մոտեցումն այն է, որ դատավորի վարձատրության չափը կարող է պայմանավորվել պարտականությունների և լիազորությունների կարևորությամբ։ Ուստի, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորների բացառիկ և վճռորոշ լիազորությունների շրջանակը, միջազգային մակարդակով ևս ճանաչվում է նրանց բարձր կարգավիճակին և դերակատարմանը համապատասխան վարձատրության չափի սահմանումը։
Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի կարգավիճակի առանձնահատկությունը ամփոփված է սահմանադրական վերահսկողության գաղափարում, համաձայն որի, ի տարբերություն Հայաստանի Հանրապետությունում բոլոր այլ դատական ատյանների, որոնք արդարադատության իրականացման ընթացքում չեն կարող դուրս գալ օրենսդրի կամքի շրջանակից, Սահմանադրական դատարանն իր գործունեությամբ ենթարկվում է միայն Սահմանադրությանը և միակ իրավասու ատյանն է, որն ի զորու է անվավեր ճանաչել օրենսդրի ընդունած իրավական ակտը։
Միաժամանակ, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակին և պատասխանատվությանը համահունչ լրացուցիչ աշխատավարձի մաս կազմող հավելավճարի չափի փոփոխության անհրաժեշտությունը, հարկ է նկատել, որ կենսաթոշակի իրավունքի պատշաճ իրացումը ևս պայմանավորված է հավելավճարով։ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ Rec (2010)12 հանձնարարականի 54-րդ կետը սահմանում է, որ դատավորի կենսաթոշակը պետք է ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրա ստացած աշխատավարձի հետ: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը 2006 թվականի սեպտեմբերի 20-ի ՍԴՈ-647 որոշմամբ կարևորել է դատավորի սոցիալական ապահովության իրավունքի իրացման հետ կապված հարաբերություններում դատավորի` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած աշխատավարձին՝ կենսաթոշակի չափը հնարավորինս մոտ սահմանելու միջազգայնորեն ընդունված սկզբունքը: Մեկ այլ՝ 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշմամբ, ի թիվս այլնի, նաև փաստել է, որ կախված դատավորի վարձատրության չափից՝ կենսաթոշակի չափի որոշման անհրաժեշտությունը դատավորների անկախության սոցիալական երաշխիքների կարևոր բաղադրատարր է, և դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք այնպիսի կենսաթոշակով, որը պաշտոնավարման ամբողջ ընթացքում զերծ կպահի նրանց կողմնակի ազդեցությունից:
Նշվածի հաշվառմամբ, հարկ է արձանագրել, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով նախատեսված կենսաթոշակի գումարի հաշվարկի հիմքում դրվում է նաև լրացուցիչ աշխատավարձի տեսակներից հավելավճարի գումարը։ Ուստի, օրենքով հավելավճարի գումարի չափի ավելացումը կերաշխավորվի Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ իրենց բարձր կարգավիճակին և իրենց կատարած աշխատանքին համարժեք վերաբերմունքը: Այսպես, Սահմանադրական դատարանի դատավորների համար պաշտոնավարման առավելագույն ժամկետը 12 տարի է՝ անկախ տարիքից, ուստի անհրաժեշտ է նախատեսել հավելյալ նյութական և սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ հավելավճարներ։
Այսպիսով, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորների սահմանադրական առաքելությունը, պատասխանատվության բարձր մակարդակը և լիազորությունների տարբերակված շրջանակը, անհրաժեշտ է ապահովել Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակին և պատասխանատվությանը համահունչ հիմնական աշխատավարձի, ինչպես նաև լրացուցիչ աշխատավարձի մաս կազմող հավելավճարի տարբերակված մեխանիզմ։
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.
Նախագծով առաջարկվող լրացումների պայմաններում օրենսդրորեն կվերանայվեն սոցիալական և նյութական անկախության լրացուցիչ երաշխիքները Սահմանադրական դատարանի դատավորների համար, որի արդյունքում Նախագծերի ընդունմամբ Սահմանադրական դատարանի դատավորներին Օրենքով սահմանված կարգով կտրամադրվի պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով հավելավճար, ինչպես նաև նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն պաշտոնային դրույքաչափերի գործակիցները կբարձրացվեն՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 17, Սահմանադրական դատարանի փոխնախագահինը՝ 16, իսկ Սահմանադրական դատարանի 7 դատավորներինը՝ 15։
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի առաջանա: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Նախագծի ընդունման արդյունքում հաջորդ տարվա մասով հավելավճարների ընդհանուր գումարը կազմելու է 137.779.200 ՀՀ դրամ մեկ տարվա կտրվածքով:
Մասնավորապես, Սահմանադրական դատարանը կազմված է ինը անդամից: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով հիմնական աշխատավարձ՝ պաշտոնային դրույքաչափը բազային աշխատավարձի և համապատասխան գործակցի արտադրյալն է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի գործակիցը նախատեսվում է սահմանել 17, Սահմանադրական դատարանի փոխնախագահինը՝ 16, իսկ Սահմանադրական դատարանի դատավորներինը՝ 15: Ստացվում է, որ Սահմանադրական դատարանի նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը կազմում է ամսական 1․414․400 ՀՀ դրամ (83.200x17=1.414.400), իսկ տարեկան՝ 16.972.800 ՀՀ դրամ (1․414․400x12): Նույն կերպ՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահի մասով պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը կազմում է ամսական 1․331․200 ՀՀ դրամ (83.200x16=1.331.200), իսկ տարեկան՝ 15.974.400 ՀՀ դրամ (1.331.200x12): Միաժամանակ՝ Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավորի մասով պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը կազմում է ամսական 1.248.000 ՀՀ դրամ (83.200x15=1.248.000 ՀՀ դրամ), իսկ տարեկան՝ 14.976.000 ՀՀ դրամ (1.248.000x12), հետևաբար տարեկան 7 դատավորի մասով պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը կազմում է 104.832.000 ՀՀ դրամ (14.976.000 x 7): Արդյունքում, Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և 7 դատավորի մասով հավելավճարների ընդհանուր գումարը կազմելու է 137.779.200 ՀՀ դրամ (16․972․800+15.974.400+104.832.000) մեկ տարվա կտրվածքով:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.3-րդ կետից։ Մասնավորապես, «Հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում» վերտառությամբ 6․3-րդ կետով ի թիվս այլ քայլերի՝ Կառավարության կողմից նախաձեռնման ենթակա քայլերից է հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ առանցքային բարեփոխումների իրականացումը, ներառյալ վարձատրության ու պարգևատրման համակարգերի վերանայումը, (…) գրավչությունը մեծացնող աշխատանքային միջավայրի ձևավորումն ու պայմանների ներդրումը (Հանրային ծառայության մասին օրենքի իմաստով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ որպես անկախ պետական մարմնի անդամի պաշտոն, հանդիսանում է ինքնավար պաշտոն, որն էլ ընդգրկվում է հանրային ծառայության մաս կազմող հանրային պաշտոնների մեջ)։
Обсуждалось
11.07.2025 - 27.07.2025
Тип
Закон
Область
Юстиция, Социальное обеспечение, Финансовая
Министерство
Министерство юстиции
Просмотры 1906
Принт11.07.2025
Ինչո՞ւ են էլի բարձրացվում առանց այն էլ ծայրահեղ բարձր աշխատավարձերը։