Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
    • ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․

«1. Հանցանք է համարվում սույն օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, հանցագործության սուբյեկտի կողմից մեղավորությամբ կատարված արարքը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

(…)

11) անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխանատվության ենթարկելու` oրենքով նախատեuված տարիքին.

(…)

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքները ռեաբիլիտացնող են։

(…)

  1. Սույն հոդվածի 1-ին մաuի 11-14-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում»:

ՀՀ Սահմանադրական դատարանի 2025 թվականի փետրվարի 5-ի թիվ  ՍԴՈ-1767 որոշման (այսուհետ նաև՝ ՍԴՈ-1767 որոշում) եզրափակիչ մասի համաձայն՝

«1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:

  1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը՝ նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին հղում պարունակելու մասով, ճանաչել Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 66-րդ հոդվածին, 72 և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով հնարավոր է համարում քրեական պատասխանատվության` օրենքով նախատեսված տարիքին չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և այն շարունակելը, ինչպես նաև քրեական վարույթը՝ քրեական օրենքով սահմանված արգելքի խախտմամբ հարուցված քրեական հետապնդման պայմաններում մեղադրյալի դիրքորոշմամբ պայմանավորված՝ ընդհանուր կարգով շարունակելը և, ըստ դատաքննության արդյունքի՝ նրա նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացնելը»։

Այսպես

ՍԴՈ-1767 որոշման համաձայն՝ «(...) Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի կիրառման դեպքում միջամտության կամ սահմանափակման առարկան մեղադրյալի՝ արդար դատաքննության մաս կազմող՝ անմեղության կանխավարկածի իրավունքն է՝ ի դեմս անձի մեղքը բացառապես օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով հաստատված համարվելու իրավունքի, որի համար որպես հանդիպակաց երաշխիք նախատեսված է մեղադրյալի՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու համար տրվող համաձայնությունը: Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ քրեական դատավարության շրջանակներում իրականացվող քրեական հետապնդումը կարող է իրականացվել բացառապես անձի կողմից արարքի մեղավոր կատարման փաստը հաստատելու համար, այսինքն՝ քրեական հետապնդումը և քրեական վարույթն ընդհանրապես չեն իրականացվում զուտ արարքի կատարումը՝ այն կատարողի մեղքից և հանցագործության սուբյեկտ լինելու փաստից անկախ, հաստատելու համար:

(...)

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Սահմանադրական դատարանի համար լուծման ենթակա հարցերի տեսակետից՝ անմեղության կանխավարկածի նկատմամբ ենթադրյալ միջամտությունն այն է, երբ վիճարկվող դրույթով թույլատրվում է քրեական հետապնդումը շարունակելը արարքը կատարելու պահին քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ և ոչ արդարացնող հիմքով այդ հետապնդումը դադարեցնելը՝ որպես նշված սահմանափակումը հակակշռող երաշխիք նախատեսելով մեղադրյալից՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը չշարունակելու (դադարեցնելու) համար համաձայնություն (առարկության բացակայություն) ստանալը՝ որպես նման մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացվելու համար անհրաժեշտ՝ 14 տարին լրացած չլինելու փաստից բացի նաև լրացուցիչ դատավարական պայման:

(...)

Սահմանադրական դատարանը կարևոր է համարում նշել, որ այն իրավիճակը, երբ օրենսդիրը, մի կողմից՝ Քրեական օրենսգրքով հստակ սահմանում է քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը, այսինքն՝ այդ տարիքին չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու արգելքը, իսկ մյուս կողմից՝ սահմանում, որ այդ արգելքը փաստացի խախտվելու դեպքում ստեղծված իրավիճակը (քրեական հետապնդման իրականացումը) կարող է պահպանվել, առաջացնում է ոչ թե իրավական որոշակիության, այլ երկու դրույթների միջև հնարավոր հակասության, իսկ դրանցից մեկի՝ նաև Սահմանադրության հետ հակասության խնդիր:

Ուստի՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի կամահայտնությանը՝ չառարկելու կամ առարկելու ձևով քրեադատավարական նշանակություն հաղորդելն ի սկզբանե առաջացնում է ոչ թե 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի անորոշություն, այլ նույն հոդվածի 1-ին մասի՝ «չպետք է հարուցվի»՝ Քրեական օրենսգրքի՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը սահմանող 19-րդ հոդվածի հետ համակցությամբ՝ օրենսդրական պատվիրանի ակնհայտ խախտում, իսկ խախտումը պարզվելու դեպքում՝ նախկին վիճակն առանց որևէ նոր վավերապայմանի վերականգնելու հարց:

Սահմանադրական դատարանն արձանագրում է այն փաստը, որ Օրենսգրքի  12-րդ հոդվածի 1-ին մասը՝ Քրեական օրենսգրքի՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը սահմանող նորմերի հետ համակցությամբ արդեն իսկ «չպետք է հարուցվի» ձևակերպմամբ արգելում է քրեական պատասխանատվության ոչ ենթակա անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, հետևաբար և՝ ելնելով օրենքի պատվիրանների կատարման, այդ թվում՝ սահմանված արգելքների խախտման դեպքում մինչև արգելքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու սկզբունքից՝ բացառում է ինչպես քրեական պատասխանատվության ոչ ենթակա անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, այնպես էլ նման հետապնդումը շարունակելը՝ նշված արգելքի խախտված լինելը պարզելու դեպքում:

Նշվածից ելնելով՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդումն արգելված է քրեական օրենքով, իսկ քրեադատավարական օրենքը պետք է ամրագրի բացառապես վարութային կարգավորումներ՝ չհակասելով նյութական օրենքին, և հետևաբար՝ քրեական օրենքի խախտմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում՝ մեղադրյալի անմեղության կանխավարկածի նկատմամբ միջամտությունը, ի դեմս նրա կամահայտնությանը դատավարական եզրափակիչ ակտի կայացումը կանխորոշող փաստի կարգավիճակ տալու, նախատեսված չի եղել օրենքով:

5.2.2. Այս տեսակետից վիճարկվող կարգավորումը, այսինքն՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ներառումը, խախտում է ոչ միայն 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, հետևաբար նաև՝ հարուցված հետապնդումը շարունակելու իմպերատիվ արգելքը, այլ նաև խնդրահարույց է Սահմանադրության 72-րդ հոդվածի տեսանկյունից, քանի որ ստացվում է, որ անձը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել մի գործողության կամ անգործության համար, որը չէր կարող կատարել՝ Քրեական օրենսգրքի ընդհանուր մասով սահմանված հանցագործության սուբյեկտին առաջադրվող տարիքային պահանջը չբավարարելու պատճառով, այլ խոսքով՝ որ անձը կարող է մեղադրյալ դառնալ և դատապարտվել մի արարքի համար, որը հանցանք չէ դրա կատարման պահի դրությամբ: Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Սահմանադրության 66-րդ հոդվածով նախատեսված անմեղության կանխավարկածը չի կորցնում իր վերաբերելիությունը, այլ ապահովվում է լրացուցիչ՝ Սահմանադրության 72-րդ հոդվածով նախատեսված՝ բացառապես օրենքի դիմաց քրեական պատասխանատվության ենթարկվելու՝ անձի բացարձակ իրավունք հանդիսացող սկզբունքով՝ այն առումով, որ պաշտպանում է անձին նաև քրեադատավարական պատասխանատվությունից, հանցանք չհանդիսացող արարքի համար մեղադրանքի առաջադրումից, խափանման միջոցների կիրառումից և այլն, իսկ այդ արգելքը խախտելու դեպքում տալիս է նախկին վիճակը վերականգնելու իրավունք:

(...)

Վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող իրականացվել ՔԴՕ օրենսգրքով սահմանված խնդիրներից բացի որևէ այլ խնդիր լուծելու համար:

Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ քանի որ օրենսդրի՝ քրեական դատավարության խնդիրներից բխող կարգավորումն այն է, որ հանցանք կատարած անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ անմեղ անձինք ազատվեն քրեական պատասխանատվությունից, Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքը՝ նույն հոդվածի 4-րդ մասի հետ ամբողջության մեջ վերցված, նպատակ ունի կարգավորել մեղքն ընդունելու պայմանով այնպիսի անձի քրեական պատասխանատվությունից ազատելը, որն արդեն իսկ դրանից ազատված է քրեական օրենքով:

Այսպիսով, վիճարկվող դրույթներով՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և դրա հետ համակարգային ամբողջության մեջ վերցված նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված միջամտությունը չի հետապնդում օրենքով նախատեսված նպատակ:

(...)

Սահմանադրական դատարանն այսպիսով գտնում է, որ 14 տարին չլրացած մեղադրյալի՝ իր դեմ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ ուղղված առարկությունը արդյունավետ հակակշռող երաշխիք չէ նրա անմեղության կանխավարկածը սահմանափակելու համար, քանի որ իրավունքից հրաժարվելը չի կարող կատարվել իմացաբար և գիտակցված՝ իր դատավարական գործողությունների բնույթը լիովին հասկանալու և դրանց հետևանքները կանխատեսելու ունակության բացակայության առումով, որպիսի կանխավարկածն ամրագրված է Քաղաքացիական օրենսգրքի, Քրեական օրենսգրքի և Օրենսգրքի՝ վերը մեջբերված վերաբերելի դրույթներով, հատկապես՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի հասած չլինելու փաստով: Միայն օրենսդիրը կարող է հերքել այդ կանխավարկածը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու նվազագույն տարիքը նվազեցնելու միջոցով:

(...)

Նշվածի հիման վրա՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ անձի՝ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված հիմնական սահմանադրական իրավունքը՝ երեխայի լավագույն շահերը հաշվի առնելն է, ինչը նշանակում է, որ որոշ դեպքերում երեխայի կարծիքը կարող է հակասել իր իսկ լավագույն շահերին: Այլ խոսքով, երեխայի կարծիքը, թեկուզ ազատորեն և աներկբա արտահայտված, չի կարող a priori համարվել նրա լավագույն շահի արտացոլումը:

Ողջ վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ փոքրահասակ երեխայի՝ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ առարկելն արդյունավետ երաշխիք չէ նրա՝ արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի՝ միայն դատարանի մեղադրական դատավճռով նրա մեղքը հաստատված լինելու սկզբունքի սահմանափակման համար: Սրանից էլ ուղղակիորեն բխում է, որ Սահմանադրության 66-րդ հոդվածի ուժով՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը չի կարող, հակառակ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթի, համարվել քրեական հետապնդումը դադարեցնելու ոչ ռեաբիլիտացնող հիմք՝ դրա դեմ առարկելու հնարավորությունն անմեղության կանխավարկածի նշված սահմանափակման նկատմամբ ի սկզբանե համարժեք և արդյունավետ հակակշիռ չհանդիսանալու պատճառով»։

  • ՀՀ քրեական դտավարության օրնսգրքի 401-րդ հոդվածի համաձայն

«1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝

1) նոր հանգամանքներով վարույթը.

2) հիմնարար խախտման հիմքով վարույթը.

3) նոր ի հայտ եկած հանգամանքներով վարույթը:

  1. Բացառիկ վերանայման ենթակա են՝

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը

2) մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը.

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վեր»։

ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունիսի 4-ի թիվ ՍԴՈ-1736 որոշման (այսուհետ նաև՝ ՍԴՈ-1736 որոշում) համաձայն՝

«(...) Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո՝ անդրադառնալով սույն գործով բարձրացված հարցին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը խիստ սահմանափակել է բացառիկ վերանայման առարկայի շրջանակը՝ սահմանելով, որ բացառիկ վերանայման են ենթակա բացառապես օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը, մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը, ինչպես նաև վերը թվարկված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը։ Այսինքն՝ օրենսդիրը նոր հանգամանքով դատական ակտի վերանայումը հնարավոր է համարել միայն վերոնշյալ դատական ակտերի դեպքում, ըստ այդմ էլ՝ նշված դատական ակտերի շրջանակից դուրս կայացված դատական ակտի դեմ բողոք բերելը համարել է բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժելու հիմք։ Սույն գործով ներկայացված դիմումի հարուցման հիմք ծառայող թիվ ԵԴ/0753/11/21 գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Վճռաբեկ դատարանը որոշել է Դիմողի ներկայացուցչի բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժել՝ հետևյալ պատճառաբանությամբ. «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2023 թվականի մայիսի 30-ին թիվ ՍԴՈ-1690 որոշմամբ արձանագրել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է այդ որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ: Սակայն, հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասը, որում սպառիչ նախատեսված են բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերը, որոնց թվում խափանման միջոցի վերաբերյալ կայացրած ակտը ներառված չէ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացուցիչ Ս. Պողոսյանի բողոքի հիման վրա բացառիկ վերանայման վարույթի հարուցումը ենթակա է մերժման, քանի որ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ բացառիկ վերանայման»: Ելնելով վերոնշյալից՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթով օրենսդիրը չի նախատեսել անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր Դիմողի նկատմամբ կայացված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, ինչպես նաև այն դեպքում, երբ 21 Սահմանադրական դատարանն այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն Դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեև օրենսդրի կողմից Օրենսգրքում սահմանվել են բացառիկ վերանայմանը վերաբերելի իրավանորմեր, սակայն դրանք, իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի բացակայության պայմաններում, ամբողջապես չեն ապահովում անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունն այնքանով, որքանով խափանման միջոցի կիրառման վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտով անձի հիմնարար իրավունքի խախտումը Սահմանադրական դատարանի կողմից արձանագրվելու պայմաններում չի նախատեսվում անձի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հնարավորություն, ինչը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, խնդրահարույց է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածի համատեքստում

(...)

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հնարավորություն խափանման միջոցի կիրառման վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտով անձի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակաuող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպեu նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, անձի նկատմամբ կիրառված դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն վերջինիս նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, համահունչ չէ Սահմանադրության      61-րդ հոդվածի 1-ին մասին և Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված սահմանադրաիրավական պահանջին, քանի որ չի երաշխավորում Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ հիմնական իրավունքի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»։

Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների ակտերի համակարգում իր որոշումների առանձնահատուկ իրավաբանական բնույթին։ Մասնավորապես՝ 2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.

«(…)

-սահմանադրական արդարադատություն իրականացնելը և այդ գործառույթի շրջանակներում գործով ըստ էության որոշում կայացնելը, (...), ՀՀ սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է (…)

-քննելով սահմանադրական (հանրային-իրավական բնույթի) գործեր` սահմանադրական դատարանը կայացնում է որոշումներ, որոնք ենթակա են պարտադիր կատարման դատական համակարգի մյուս մարմինների՝ ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարանների կողմից,

-իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելիս, ելնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 և 63-րդ հոդվածների պահանջներից [2018 թվականի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 32-րդ և 63-րդ հոդվածներ], սահմանադրական դատարանը գնահատում է նաև արդարադատական (ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների) պրակտիկան, բացահայտելով նաև կիրառվող (այդ թվում՝ դատական պրակտիկայում) օրենքների (դրանց առանձին դրույթների) սահմանադրաիրավական բովանդակությունը՝ զարգացնելով ինչպես սահմանադրական, այնպես էլ ճյուղային իրավունքը,

-իրավական ակտերի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշմանը հաջորդում են իրավական հետևանքներ (նոր հանգամանքներ), որոնք պարտադիր հանգեցնում են օրենքով սահմանված կարգով դատական ակտերը վերանայելուն»։

 Վերը մեջբերված իրավադրույթների և ՀՀ սահմանադրական դատարանի 2025 թվականի փետրվարի 5-ի թիվ ՍԴՈ-1767 ինչպես նաև ՍԴՈ-1736 որոշումներով արտահայտած դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի վերաբերելի մասերում կատարել փոփոխություն և լրացում:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն հիմնավորման 1․1-րդ կետում ներկայացված կարգավորմամբ առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը՝ նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին հղում պարունակելու մասով, համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 66-րդ հոդվածին, 72-րդ և 78-րդ հոդվածներին։

1․2 կետում ներկայացված կարգավորմամբ առաջարկվում է նախատեսել խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր՝ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ այն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել քրեադատավարական նորմերի համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

 

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի նախատեսվում։

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:

 

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից, ինչպես նաև Սահմանադրական դատարանի 2025 թվականի փետրվարի 5-ի թիվ ՍԴՈ-1767 և 2024 թվականի հունիսի 4-ի թիվ ՍԴՈ-1736 որոշումների պահանջներից:

 

  • Обсуждалось

    11.07.2025 - 01.08.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовный процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1377

Принт

Предложения

Մարուսյա Բաբայան

14.07.2025

Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որն ուղղված է իրավական նորմերի հստակեցմանը, իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը և կոռուպցիայի դեմ պայքարի ամրապնդմանը, ողջունելի է։ Այնուամենայնիվ, քրեական օրենսգրքում կատարվող ցանկացած փոփոխություն պետք է խորապես վերլուծվի՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը քաղաքացիների իրավունքների, արդար դատաքննության սկզբունքների և իրավական համակարգի ամբողջականության վրա։ Ես կողմ կլինեի այս փոփոխությանը, եթե հիմնավորվի, որ այն նպաստում է. 1.Օրենքի հստակությանը և կիրառելիությանը: Ավելի հստակեցնելով, թե որ մարմինն է պատասխանատու կամ սահմանում է որոշակի ընթացակարգեր/նորմեր, խուսափելով երկիմաստություններից։ 2.Արդյունավետության բարձրացմանը: Եթե փոփոխությունը կնպաստի կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործընթացների արդյունավետության բարձրացմանը։ 3.Հաշվետվողականության ապահովմանը: Հստակեցնելով պատասխանատու մարմնին՝ նպաստելով դերի և պատասխանատվության ավելի հստակ բաշխմանը։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: