««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ենթաօրենսդրական ակտի (օրինակ՝ Կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա) շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու և հանձնելու կարգը նախատեսելու անհրաժեշտությամբ։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիր.
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363 -Ա որոշման հավելվածի 5․5-րդ բաժնից, համաձայն որի՝ նորաստեղծ հակակոռուպցիոն մարմինները, ի թիվս այլնի, կապահովվեն ենթակառուցվածքային և նյութատեխնիկական հագեցվածությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
2023 թվականի նոյեմբերի 14-ին ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի շրջանակներում օրենսդրական մակարդակում նախատեսվել են կարգավորումներ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրում և օգտագործում) առնչությամբ, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների և զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքների վերաբերյալ։
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 45․3-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հատուկ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեին հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգերը սահմանում է կառավարությունը:
Հարկ է նկատել, որ 2025 թվականի հունիսի 5-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին հատուկ միջոցներ հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 724-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում)։
Հատկանշական է, որ Որոշման շրջանակներում կարգավորվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հատուկ միջոցներ հատկացնելը, հատուկ միջոցները պահպանելը և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելը։ Սրան զուգահեռ անհրաժեշտ է նկատել, որ Որոշման շրջանակներում լիազորող նորմի բացակայության պայմաններում կարգավորված չեն Կոմիտեի ծառայողին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու և հանձնելու հետ կապված հարցերը։
Նշվածի համատեքստում ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Որոշմամբ ամրագրված պահանջները և նախատեսված կարգավորումները դեռևս չեն կարող կենսագործվել, քանի որ դրանց անմիջական կիրառման հնարավորությունը տրամաբանական կապի մեջ է և մեծապես կախված է Կոմիտեի ծառայողին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու և հանձնելու հետ կապված հարցերի հետ։ Այլ կերպ՝ Կոմիտեին հատուկ միջոցներ հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու հետ կապված հարաբերությունները ուղղակիորեն կապակցված են Կոմիտեի ծառայողին դրանք հատկացնելու, դրանց պահելու, կրելու և հանձնելու հետ կապված հարցերի կարգավորման հետ, առանց որոնց հնարավոր չէ առաջինների իրացումը։
Բացի այդ, հարկ է արձանագրել, որ 2025 թվականի մայիսի 5-ին կայացած Պետաիրավական նախարարական կոմիտեի նիստի ընթացքում արձանագրվել է այն փաստը, որ Կոմիտեին ծառայողին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու և հանձնելու հետ կապված հարցերն անհրաժեշտ է կարգավորել ներքին իրավական ակտով, և քանի որ ներկայումս օրենսդրական մակարդակում բացակայում է լիազորող նորմը, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան օրենքի նախագիծ մշակելու։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան լիազորող նորմ, որպեսզի հնարավոր լինի Կոմիտեի նախագահի կողմից սահմանել Կոմիտեի ծառայողներին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու և հանձնելու կարգը։
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի Կոմիտեի նախագահի կողմից սահմանել Կոմիտեի ծառայողներին հատուկ միջոցներ հատկացնելու, պահելու, կրելու և հանձնելու կարգը, որը կնպաստի նշված իրավահարաբերությունների գործնականում պատշաճ իրացմանը։
Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:
-
Обсуждалось
11.07.2025 - 01.08.2025
-
Тип
Закон
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1384
Принт