15.07.2025
Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից մեր նախորդ իրավական դիրքորոշմանը տրված պարզաբանման՝ Ուսումնասիրելով ներկայացված հիմնավորումները՝ արձանագրում ենք, որ դրանք չեն վերացնում մեր կողմից բարձրացված իրավական, քաղաքական և սոցիալական մտահոգությունները։ Ընդհակառակը՝ առկա են հավելյալ հանգամանքներ, որոնք խորացնում են վերակազմավորման ընթացակարգային թերությունների և մասնագիտական հետևանքների ռիսկերը։ 1. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ Պարզաբանման մեջ նշվում է, որ Կրթահամալիրում 2024–2025 ուստարվա ընթացքում առկա է ընդամենը 7 սովորող՝ որպես վերակազմավորման հիմնավորում։ Սակայն արձանագրվել է փաստացի իրավիճակ, երբ վերջին տարիներին ընդունելության գործընթացը դե ֆակտո դադարեցվել է՝ առանց հրապարակային իրավական ակտի կամ կարգադրության։ Այս իրավիճակը հանգեցրել է այնպիսի վիճակի, որում կառույցը զրկվել է իր բնականոն գործառույթից՝ առանց օրինական գործընթացի, իսկ դրանից բխող հետևանքն օգտագործվել է որպես որոշման կայացման հիմք։ Նման գործելակերպը միջազգային իրավական շրջանակներում կարող է դիտարկվել որպես վարչական լիազորությունների փաստացի չարաշահման նշույլ՝ հակասելով իրավունքի գերակայության և թափանցիկության սկզբունքներին։ Նման մոտեցումը հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրության 83.1-րդ հոդվածին, ՀՀ «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներին, այնպես էլ՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի (CRC) 28-րդ հոդվածին՝ կրթության մատչելիության ապահովման պարտավորություն, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի (ICESCR) 13-րդ հոդվածին՝ հավասար կրթության իրավունքի ապահովում, Եվրախորհրդի Խորհուրդ թիվ R(2006)5 հանձնարարականին՝ երեխաների կրթության իրավունքի պաշտպանություն։ 2.ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Նախագծում բացակայում է որևէ պաշտոնական վիճակագրություն, որը կհաստատեր, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը (ներառյալ վարքային խնդիրներ ունեցողները) Հանրապետությունում նվազել է։ Չկա կարիքների գնահատում, ռիսկեր, կանխատեսելիություն կամ փոխարինող ծառայությունների քարտեզագրում։ Այս բացակայությունը լուրջ մտահոգություն է առաջացնում՝ միջազգային չափորոշիչների տեսանկյունից, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցների (A/RES/64/142) 21-րդ կետի պահանջների համատեքստում։ 3.ՇԱՀԱՌՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Ներկայիս Կրթահամալիրը միակ մասնագիտացված կառույցն է ՀՀ-ում, որը ծառայում է վարքային ռիսկի բարձր խմբի երեխաների կրթության և վերաինտեգրման նպատակներին։ Պարզաբանման մեջ բացակայում է որևէ հղում շահառու կառույցների մասնագիտական կարծիքների վերաբերյալ։ Մասնավորապես, չի ներկայացվել որևէ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք դիտարկվել են հետևյալ մարմինների դիրքորոշումները՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, UNICEF, Անչափահասների արդարադատության կենտրոն (Juvenile Justice Centre), ՀՀ ՆԳՆ՝ Անչափահասների հանցագործության կանխարգելման վարչություն, ՀՀ Քննչական կոմիտե։ Սա լուրջ ընթացակարգային բացթողում է, որը հակասում է ինչպես ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածին (երեխայի լավագույն շահի առաջնահերթություն), այնպես էլ՝ Երեխայի իրավունքների կոմիտեի 12-րդ ընդհանուր մեկնաբանությանը՝ միջոլորտային համագործակցության կարևորության վերաբերյալ։ 4.ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՌԻՍԿ՝ ՆԵՐԱՌՄԱՆ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Պարզաբանման մեջ նշվում է, թե Կրթահամալիրի սովորողները կտեղափոխվեն հանրակրթական դպրոցներ։ Սակայն հանրակրթական համակարգը դեռևս չունի բավարար մեթոդաբանական, հոգեբանական և կառույցային կարողություններ՝ ապահովելու արդյունավետ ներառում։ Առանց բավարար նախապայմանների՝ նման տեղափոխումը կարող է հանգեցնել՝ ա) կրթական գործընթացից դուրս մղման, բ) սոցիալական խարանավորման, գ) և իրավական խոցելիության։ Սա հակասում է ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածին, ինչպես նաև՝ 1) CRC 28-րդ հոդվածին, 2) ICESCR 13-րդ հոդվածին, 3) Եվրախորհրդի Խորհուրդ թիվ R(2006)5 հանձնարարականին։ 5. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏ Կրթահամալիրի՝ որպես առանձին իրավաբանական անձ վերակազմավորումը՝ որպես «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի» (ՀՄԿ) ենթաբաժին, կհանգեցնի մի շարք անշրջելի հետևանքների։ 1) ՀՄԿ-ի մանդատը չի ներառում ուսումնական գործընթացի կազմակերպումը, 2) Կրթահամալիրի կուտակած մասնագիտական փորձը, ինստիտուցիոնալ մշակույթը և աշխատակազմի կայունությունը չեն կարող լիարժեք պահպանվել նման կառուցվածքում։ 3) Կկորցվի կառավարչական ինքնուրույնությունը, մասնագիտական նախաձեռնությունը, զարգացման հնարավորությունը։ Իրականում, սա կարող է դիտարկվել ոչ թե արդյունավետ ինտեգրում, այլ ոլորտի մասնագիտացված ներուժի կորուստ։ 6. ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Նախագիծը հակասում է ՀՀ կառավարության՝ 1) 567-Ն (18․04․2024) 2) և 1842-Ն (21․11․2024) որոշումներին, որոնցով նախատեսվում է՝ * հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների ստեղծում, * ոլորտային կարողությունների զարգացում։ Առանց իրավաչափ գնահատման նման որոշումը կարող է դիտարկվել որպես հակասություն Հայաստանի ստանձնած պարտավորություններին՝ 1) ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) դրույթներին, 2) Եվրախորհրդի՝ Կրթության ժողովրդավարական մշակույթի շրջանակային առաջարկին։ Որպես հանրային քաղաքականություն՝ այս որոշումը՝ առանց իրավունքի գերակայության, հանրային մասնակցության, և հաշվետվողականության սկզբունքների ապահովման, կարող է վնասել ՀՀ միջազգային հեղինակությանը։ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Առանց համարժեք գնահատման, ընթացակարգային երաշխիքների և երեխայի լավագույն շահի առաջնայնացման՝ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի» լուծարումը կարող է դիտարկվել որպես որոշում, որը առաջնահերթություն չի տալիս խոցելի խմբերի երեխաների կրթության և պաշտպանության իրավունքներին։ Այսպիսի որոշումը՝ առանց բավարար փաստահենքման, կարող է դառնալ վտանգավոր նախադեպ՝ պետական իշխանության գործառույթների սահմանազատման բացթողումների, ինստիտուցիոնալ թափանցիկության պակասի, և քաղաքական կամքի սխալ ուղղորդման պայմաններում։ Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը մշակել և իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ՀՀ ստանձնած պարտավորություններին՝ միաժամանակ խուսափելով որոշումների կայացման այնպիսի մոդելներից, որոնք կարող են խաթարել վստահությունը՝ թե՛ ներպետական, և թե՛ միջազգային գործընկերների շրջանակում։ Սույն փաստաթուղթը հանդիսանում է մեր կողմից ներկայացվող վերջնական իրավական դիրքորոշումը։ Հաշվի առնելով ներկայացված հիմնավորումների ամբողջականությունը՝ տվյալ փուլում որևէ հավելյալ պարզաբանում կամ մեկնաբանություն նպատակահարմար չենք համարում։ Համոզված ենք, որ ներկայացված բովանդակությունը բավարար է հարցի վերաբերյալ իրավաչափ և կշռադատված եզրակացություն ձևավորելու համար։