«Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը, պայմանները, հավաստագրի կասեցման, ինչպես նաև հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1078-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«____»_______________-ի 2025 թ. N _____-Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 1078-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
- Հաստատել սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը, պայմանները, հավաստագրի կասեցման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
- Հաստատել հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգը ՝ համաձայն N 2 հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով ապահովել սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովումը և գործարկումը։
- Սույն որոշմամբ սահմանված՝ հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունն առանց հավաստագրման իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, ներառյալ այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն գործող հավաստագիր, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ 18 ամսվա ընթացքում, ենթակա են հավաստագրման։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» թիվ 1078-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել 2028 թվականի հունվարի 1-ից։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը և գործելու է 2028 թվականի հունվարի 1-ից:
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության կառավարության
2025 թվականի ————— ——— -ի
N -Ն որոշման
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ
- Ընդհանուր դրույթներ
- Սույն հավելվածով սահմանվում են սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգն ու պայմանները, հավաստագրման դեպքերը, հավաստագրման հանձնաժողովների ձևավորման ու գործունեության կարգը, հավաստագրի վերաձևակերպման, կասեցման ու դադարեցման կարգը, ինչպես նաև սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կապակցությամբ առաջացող այլ հարաբերությունները։
- Սույն հավելվածի իմաստով հավաստագրումն իրականացվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից սույն հավելվածով նախատեսված սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունն օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ներառյալ՝ համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչներին, համապատասխանությունն ապահովելու նպատակով։
- Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից, սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված սոցիալական ծառայությունները կարող են տրամադրել միայն տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հավաստագրելու դեպքում: Ոչ առևտրային կազմակերպությունները հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությամբ կարող են զբաղվել, եթե համապատասխան սոցիալական ծառայության տրամադրումը նախատեսված է դրանց կանոնադրությամբ։
- Սույն հավելվածով կազմակերպություններին վերաբերող դրույթների գործողությունը տարածվում է անհատ ձեռնարկատերերի վրա, եթե նրանց համար սույն հավելվածով ուղղակիորեն այլ բան սահմանված չէ։
- Սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված սոցիալական ծառայությունները տրամադրելու յուրաքանչյուր գործունեությունը ենթակա է հավաստագրման՝ անկախ նույն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մեկ այլ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեություն հավաստագրած լինելու հանգամանքից։
- Առանց հավաստագրվելու, ներառյալ՝ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքերում և ժամկետներում չհավաստագրվելու, սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված սոցիալական ծառայությունների տրամադրումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։
- Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)՝ սույն հավելվածի 4-րդ գլխով նախատեսված հավաստագրման հանձնաժողովների (այսուհետ՝ հավաստագրման հանձնաժողովներ) եզրակացության հիման վրա։
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
- Սույն հավելվածով սահմանված կարգով հավաստագրվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ այդ իրավիճակում հայտնվելու ռիսկ ունեցող անձին կամ ընտանիքին հետևյալ սոցիալական ծառայությունները տրամադրելու գործունեությունը՝
1) տարեց անձի խնամքը տնային պայմաններում․
2) տարեց անձի խնամքը ցերեկային կենտրոններում․
3) տարեց անձի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում.
4) տարեց անձի խնամքն աջակցության կենտրոններում․
5) տարեց անձի խնամքը համայնքային փոքր տներում․
6) տարեց անձի խնամքը սույն հավելվածի 8-րդ կետի 1-5-րդ կետերում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում․
7) հաշմանդամություն ունեցող անձի խնամքը տնային պայմաններում․
8) հաշմանդամություն ունեցող անձի խնամքը ցերեկային կենտրոններում․
9) հաշմանդամություն ունեցող անձի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում.
10) հաշմանդամություն ունեցող անձի խնամքն աջակցության կենտրոններում․
11) հաշմանդամություն ունեցող անձի խնամքը համայնքային փոքր տներում․
12) հաշմանդամություն ունեցող անձի խնամքը սույն հավելվածի 8-րդ կետի 7-11-րդ կետերում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում․
13) երեխայի խնամքը տնային պայմաններում․
14) երեխայի խնամքը ցերեկային կենտրոններում․
15) երեխայի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում.
16) երեխայի խնամքն աջակցության կենտրոններում․
17) երեխայի խնամքը համայնքային փոքր տներում․
18) երեխայի խնամքն ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններում․
19) երեխայի խնամքը սույն հավելվածի 8-րդ կետի 13-18-րդ կետերում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում․
20) ճաշարանի կողմից սննդի կազմակերպումը.
21) սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովումը.
22) ժամանակավոր օթևանում կացարանով ապահովումը.
23) ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամներին աջակցության կենտրոնով ապահովելը․
24) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց ապաստարանով ապահովելը․
25) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց և նրանց խնամքի տակ գտնվող երեխաներին, զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին ապաստարանով ապահովելը։
- Սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված սոցիալական ծառայությունները հավաստագրվում են համապատասխան սոցիալական ծառայությունները միայն հավաստագրում նշված վայրում (հասցեում) իրականացնելու պայմանով։ Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունն այլ վայրում (հասցեում) իրականացնելու դեպքում, բացառությամբ սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված դեպքի, սույն հավելվածով սահմանված կարգով ենթակա է հավաստագրման` ընդհանուր հիմունքներով։
- Սույն հավելվածի 9-րդ կետի պահանջների խախտմամբ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունն այլ վայրում (հասցեում) իրականացնելը համարվում է առանց հավաստագրի հավաստագրման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։
- Եթե տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների, ինչպես նաև հիմնական վերանորոգում իրականացնելու պատճառով առաջացել է սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունն առավելագույնը վեց ամիս ժամկետով այլ վայրում (հասցեում) իրականացնելու անհրաժեշտություն, ապա հավաստագրման հանձնաժողովը կարող է թույլատրել այլ վայրում (հասցեում) սոցիալական ծառայության տրամադրումը՝ պայմանով, որ տարածքն իր պայմաններով համապատասխանում է համապատասխան սոցիալական ծառայության տրամադրման նվազագույն չափորոշիչներին և սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված պահանջներին։
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
- Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու համար կարող են դիմել կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (սույն գլխում այսուհետ՝ հայտատու)։
- Հայտատուները հավաստագրման համար դիմում են սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ) միջոցով։
- Տեղեկատվական համակարգի միջոցով ներկայացվում են նաև սույն հավելվածով նախատեսված դեպքերում հավաստագրի վերաձևակերպում կատարելու նպատակով փոփոխությունները։
- Հավաստագրման նպատակով հայտատուն տեղեկատվական համակարգում ստեղծում է իրավաբանական անձանց անհատական օգտահաշիվ (այսուհետ՝ անհատական օգտահաշիվ)՝ նույնականացվելով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միջոցով։
- Անհատական օգտահաշվի ստեղծման համար հայտատուն նույնականացվում է պետական գրանցման համարի կամ հարկ վճարողի հաշվառման համարի (այսուհետ՝ ՀՎՀՀ) հիման վրա մուտքային տվյալներ ստանալու միջոցով։
- Հայտատուն իր անհատական օգտահաշվում առցանց եղանակով լրացնում է հայտը՝ համաձայն սույն հավելվածի N 1 ձևի, և ներբեռնում է անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճենները։ Հայտը ենթակա է ստորագրման էլեկտրոնային թվային ստորագրման միջոցով։
- Անհատական օգտահաշվում լրացվում է հայտը, որում ներառվում են, իսկ սույն կետով նախատեսված դեպքերում ներբեռնվում են՝
1) հայտատուի ՀՎՀՀ-ն, որի միջոցով հարակից շտեմարաններից առցանց, ինքնաշխատ ստացվում են հետևյալ տվյալները՝
ա. հայտատուի անվանումը, պետական գրանցման համարը, իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը)՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից․
բ. հարկերի և օրենսդրությամբ սահմանված պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների մասին տվյալները՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանից.
գ. անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի, օգտագործման իրավունքի վերաբերյալ տվյալները, ներառյալ համապատասխան պայմանագրերը՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանից․
2) հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու յուրաքանչյուր գործունեությունը՝ համաձայն սույն հավելվածի 8-րդ կետի․
3) նախորդ հավաստագրի տվյալները (առկայության դեպքում)՝ ինքնաշխատ եղանակով տեղեկատվական համակարգից, տեղեկատվական համակարգում առկա չլինելու դեպքում լրացվում է նախորդ հավաստագրի համարը, տրամադրման օրը, ամիսը, տարին, և ներբեռնվում է դրա բնօրինակի գունավոր լուսապատճենը.
4) հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրը (հասցեն), իսկ տնային պայմաններում խնամքի դեպքում՝ սպասարկման տարածքը․
5) հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու յուրաքանչյուր գործունեության իրականացման համար համապատասխան սոցիալական ծառայության տրամադրման նվազագույն չափորոշիչներով սահմանված հաստիքները և ըստ հաստիքների՝ աշխատողների թիվը՝ դրանցից առանձնացնելով սոցիալական ծառայություն տրամադրելու համար անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներին, և ներբեռնվում են համապատասխան աշխատանքային և քաղաքացիա-իրավական բնույթի պայմանագրերի բնօրինակների գունավոր լուսապատճենները.
6) մասնագետների համապատասխան որակավորումը հավաստող փաստաթղթի (դիպլոմ, վկայական և այլն) տվյալները՝ ներբեռնելով այդ փաստաթղթի բնօրինակի գունավոր լուսապատճենը, իսկ բժշկական անձնակազմի դեպքում՝ վերջիններիս մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունենալու վերաբերյալ տեղեկատվությունը, որն առցանց, ինքնաշխատ եղանակով ստացվում է բուժաշխատողների ռեգիստրից.
7) համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վերաբերյալ հայտատուի՝ նախկինում ունեցած փորձի և գործունեության վերաբերյալ տեղեկություններ՝ առկայության դեպքում` ներբեռնելով հիմնավորող փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճենները, ինչպես նաև սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված մասնագետների ինքնակենսագրականները.
8) հայտատուի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության նկարագրությունը, ներառյալ՝ կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների նկարագիրը․
9) հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության, բացառությամբ՝ տնային պայմաններում խնամքի, իրականացման վայրում անվտանգությունը պայմանագրային հիմունքներով ներգրավված կազմակերպության կամ ոստիկանության (համապատասխան ստորաբաժանման) միջոցով կազմակերպվելու դեպքում՝ կնքված պայմանագրի բնօրինակի լուսապատճենը կամ անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու մասին հայտատուի հայտարարությունը.
10) հավաստագրման ենթակա սոցիալական ծառայությունը տրամադրելու յուրաքանչյուր գործունեության, բացառությամբ՝ տնային պայմաններում խնամքի, իրականացման տարածքում պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության «911» փրկարար ծառայությանը միացված լինելու մասին համապատասխան պայմանագրի բնօրինակի գունավոր լուսապատճենը.
11) կազմակերպության կանոնադրության բնօրինակի գունավոր լուսապատճենը․
12) հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը համապատասխան սոցիալական ծառայության տրամադրման նվազագույն չափորոշիչներին համապատասխանությունը հիմնավորող այլ տվյալներ և փաստաթղթեր․
13) կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը․
14) հայտատուի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, կայքէջին և սոցիալական ցանցերին հղումները՝ առկայության դեպքում։
- Հայտատուն կարող է մեկ հայտում ներառել սույն հավելվածի 8-րդ կետում նախատեսված սոցիալական ծառայություն տրամադրելու մեկ կամ մի քանի գործունեություն։ Տեղեկատվական համակարգն ապահովում է հայցվող յուրաքանչյուր գործունեության համար սույն հավելվածի 18-րդ կետով նախատեսված տվյալների և փաստաթղթերի առանձնացված ներկայացման հնարավորությունը:
- Սույն հավելվածի 8-րդ կետի 5-րդ, 11-րդ, 17-րդ, 21-22-րդ ենթակետերով նախատեսված սոցիալական ծառայությունները տրամադրելու գործունեությունը հավաստագրելիս սույն հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ, 9-10-րդ ենթակետերով նախատեսված տվյալների և փաստաթղթերի ներկայացումը պարտադիր չէ, եթե հայտատուն ներկայացնում է պարտավորագիր այն մասին, որ նախքան համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրելը պարտավորվում է ապահովել տվյալ սոցիալական ծառայության տրամադրման համար օրենսդրությամբ նախատեսված պայմաններին բավարարող անշարժ գույքի առկայությունը (սեփականության կամ օգտագործման իրավունքով), ներառյալ՝ պատվիրատուի (պետություն, համայնք և այլն) կողմից սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի միջոցով։
- Հայտը համարվում է ընդունված սույն հավելվածով սահմանված բոլոր տվյալները լրացնելու և անհրաժեշտ փաստաթղթերը տեղեկատվական համակարգ ներբեռնելու օրը։
- Հայտը (դրանում ներառված տվյալները) և կից ներկայացված փաստաթղթերը կարող են փոփոխվել նախքան հայտի կարգավիճակի փոփոխությունը՝ «Ընդունված է քննարկման» կարգավիճակի։
- Հավաստագրման հանձնաժողովներն իրականացնում են անհրաժեշտ գործողություններ՝ հայտատուի կողմից ներկայացված տվյալների և փաստաթղթերի (դրանցում արտացոլված տեղեկությունների) հավաստիությունը ստուգելու նպատակով, այդ թվում՝ տվյալ սոցիալական ծառայության տրամադրման նվազագույն չափորոշիչներին տարածքի համապատասխանությունը ստուգելու նպատակով այցելում են հավաստագրման ենթակա գործունեության իրականացման վայր (հասցե)։
- Եթե ներկայացված հայտում կամ կից փաստաթղթերում առկա են ոչ էական թերություններ՝ վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների, ապա համապատասխան հավաստագրման հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից եռօրյա ժամկետում հայտատուին ծանուցում է առկա թերությունների մասին և տրամադրում ողջամիտ ժամկետ դրանք շտկելու և (կամ) փաստաթղթերը կրկին ներկայացնելու համար: Տվյալ դեպքում հայտը համարվում է ներկայացված սկզբնական ներկայացման օրը։
- ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
- Սույն հավելվածով սահմանված կարգով սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու, հավաստագրումը մերժելու, հավաստագիրը վերաձևակերպելու, դրա գործողությունը կասեցնելու և դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունները տալու նպատակով նախարարությունում ստեղծվում են հավաստագրման հանձնաժողովներ։ Հավաստագրման հանձնաժողովները ստեղծվում են՝ ըստ սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված սոցիալական ծառայությունների ուղղությունների։
- Հավաստագրման հանձնաժողովների կազմն ու աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ՝ նախարար)։
- Հավաստագրման հանձնաժողովները ձևավորելիս հնարավորինս երաշխավորվում է սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված՝ հավաստագրման ենթակա համապատասխան սոցիալական ծառայությունների ոլորտում գիտելիք ու փորձառություն ունեցող անդամների ներգրավումը։
- Հավաստագրման հանձնաժողովը հավաստագրման հայտերը քննարկելիս, ըստ անհրաժեշտության, հավաստագրման հայտի քննարկման գործընթացին կարող է ներգրավել համապատասխան սոցիալական ծառայության ոլորտի մասնագետի՝ հանձնաժողովի աշխատանքներին անհրաժեշտ մասնագիտական աջակցություն և խորհրդատվական կարծիք տրամադրելու նպատակով։
- Սույն հավելվածի 28-րդ կետով նախատեսված մասնագետների ներգրավումն ապահովելու նպատակով նախարարը սոցիալական աշխատանքի որակավորում տվող բարձրագույն ուսումնական հաստատություններից, ըստ անհրաժեշտության, պահանջում է համապատասխան սոցիալական ծառայության ոլորտում գիտական, մանկավարժական կամ երկարամյա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող մասնագետների ցուցակը։
- Հավաստագրման հանձնաժողովը՝
1) տալիս է սույն հավելվածի 25-րդ կետով նախատեսված եզրակացությունները․
2) իրականացնում է համապատասխան սոցիալական ծառայության տրամադրման նվազագույն չափորոշիչներին՝ սույն hավելվածի 18-րդ կետով նախատեսված հայտի, ներառյալ՝ դրանում ներկայացված տվյալների և ներկայացված փաստաթղթերի համապատասխանության ուսումնասիրություն․
3) հավաստագրման հայտի քննարկման գործընթացին ներգրավում է համապատասխան մասնագետի՝ ըստ անհրաժեշտության.
4) սույն հավելվածի 23-րդ կետի համաձայն՝ տվյալ սոցիալական ծառայության տրամադրման նվազագույն չափորոշիչներին տարածքի համապատասխանությունը ստուգելու նպատակով այցելում է հավաստագրման ենթակա գործունեության իրականացման վայր (հասցե) և այցելության արդյունքներով կազմում համապատասխան արձանագրություն․
5) տալիս է սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված թույլտվությունը․
6) իրականացնում է սույն հավելվածով և իր աշխատակարգով սահմանված այլ գործառույթներ:
- Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է և համապատասխան որոշումներն ընդունում է նիստերի միջոցով, այդ թվում՝ առցանց։ Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովների անդամների կեսից ավելին։
- Հավաստագրման հանձնաժողովը հավաստագրի գործողության կասեցման կամ դադարեցման հարցի քննարկման մասին տեղեկատվական համակարգի միջոցով իրազեկում է հավաստագրված կազմակերպությանը՝ քննարկումից ոչ ուշ, քան հինգ օր առաջ` տեղեկացնելով քննարկման վայրի, օրվա ու ժամի մասին: Հարցի քննարկմանը հավաստագրված կազմակերպության ներկայացուցչի չմասնակցելը հիմք չէ հարցը չքննարկելու համար: Հավաստագրման հանձնաժողովն իրավասու է նաև պահանջել և ստանալ լրացուցիչ փաստաթղթեր (տվյալներ), ինչպես նաև իրականացնել այլ գործողություններ՝ հավաստագրի գործողության կասեցման կամ դադարեցման համար հիմք ծառայած հանգամանքները պարզելու ուղղությամբ։
- Հավաստագրման հանձնաժողովի նիստերը ենթակա են արձանագրման։ Հավաստագրման հանձնաժողովի նիստերի արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և նիստն արձանագրած հանձնաժողովի անդամը։
- Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ հանձնաժողովների ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումը հանձնաժողովի մեկ անդամից մյուսին չի թույլատրվում: Քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի:
- Հավաստագրման հանձնաժողովի եզրակացությունը պարունակում է՝
1) հավաստագրման հանձնաժողովի լրիվ անվանումը․
2) հայտատու կամ հավաստագրված կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, իրավաբանական հասցեն․
3) հավաստագրման հանձնաժողովի՝ սույն հավելվածի 25-րդ կետով նախատեսված եզրակացությունը, դրա ընդունման օրը, ամիսը, տարեթիվը և համարը.
4) քննարկման ենթակա հարցի նկարագրությունը.
5) քննարկման ենթակա հարցի վերաբերյալ ներկայացված տվյալները, փաստաթղթերը, ինչպես նաև հավաստագրման հանձնաժողովի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում ձեռք բերված լրացուցիչ տվյալները (փաստերը)․
6) եզրակացության ընդունման հիմնավորումը՝ այն փաստական և իրավական հիմքերը, որոնց հիման վրա հավաստագրման հանձնաժողովը հանգել է այս կամ այն եզրահանգման.
7) ընդունված որոշման շարադրանքը` համապատասխան եզրակացությունը.
8) եզրակացության բողոքարկման ժամկետը և կարգը.
9) հավաստագրման հանձնաժողովի նախագահի և անդամների էլեկտրոնային ստորագրությունը։
- Հավաստագրման հանձնաժողովի՝ մեծամասնության կարծիքին չհամաձայնվող անդամի հատուկ կարծիք ունենալու մասին նրա էլեկտրոնային ստորագրությամբ նշում է կատարվում համապատասխան եզրակացության մեջ: Հատուկ կարծիքն այն ներկայացրած անդամի էլեկտրոնային ստորագրությամբ կցվում է եզրակացությանը և համարվում է եզրակացության անբաժան մաս։
- Հանձնաժողովի նախագահին նշանակում է նախարարը՝ հանձնաժողովի կազմից:
- Հանձնաժողովի նախագահը՝
1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.
2) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.
3) հսկողություն է իրականացնում սույն հավելվածի 25-րդ կետով նախատեսված եզրակացությունները սահմանված ժամկետում տրամադրելու նկատմամբ.
4) իրականացնում է սույն հավելվածով և աշխատակարգով նախատեսված այլ գործառույթներ:
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ
- Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրվում է կամ հավաստագրումը մերժվում է հայտը տեղեկատվական համակարգի միջոցով ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամեկտում։
- Հանձնաժողովը սույն հավելվածով սահմանված կարգով հայտը ներկայացնելու օրվանից երկշաբաթյա ժամկետում նախարարին է ներկայացնում սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու կամ հավաստագրումը մերժելու մասին եզրակացությունը։
- Միևնույն հայտով մեկից ավել սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման համար դիմելու դեպքում հավաստագրման հանձնաժողովը հայցվող յուրաքանչյուր գործունեության վերաբերյալ ներկայացնում է հավաստագրելու կամ հավաստագրումը մերժելու մասին առանձին եզրակացություն։
- Նախարարը հավաստագրման վերաբերյալ եզրակացությունը ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունում է սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու կամ հավաստագրումը մերժելու մասին անհատական իրավական ակտ։ Հայցվող յուրաքանչյուր գործունեության վերաբերյալ ընդունվում է առանձին անհատական իրավական ակտ՝ անկախ հայտատուի կողմից մեկ հայտով մեկից ավելի սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրում հայցելու հանգամանքի։
- Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրումը մերժվում է, եթե`
1) հայտում սույն հավելվածի 18-րդ կետով նախատեսված տվյալները և (կամ) փաստաթղթերը թերի են կամ ոչ հավաստի․
2) հայտատուն սահմանված ժամկետում չի վերացրել հայտի՝ սույն հավելվածի 24-րդ կետով սահմանված կարգով ներկայացված թերությունները․
3) հայտով, ներառյալ՝ դրանում ներառված տվյալներով և կից փաստաթղթերով, չի հիմնավորվում հայցվող գործունեության համապատասխանությունը համապատասխան սոցիալական ծառայության տրամադրման նվազագույն չափորոշիչներին․
4) հայտատուն ունի հարկերի և օրենսդրությամբ սահմանված պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների մասով ժամկետանց պարտավորություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով.
5) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ անհատ ձեռնարկատեր հայտատուն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ սնանկ կամ սնանկության գործով պարտապան է, և սնանկության գործի վարույթը չի ավարտվել.
6) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ իրավաբանական անձ հայտատուն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ կամ սնանկության գործով պարտապան է, և սնանկության գործի վարույթը չի ավարտվել․
7) համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրելը նախատեսված չէ ոչ առևտրային կազմակերպություն հայտատուի կանոնադրությամբ․
8) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
- Սույն հավելվածի 42-րդ կետով նախատեսված՝ նախարարի անհատական իրավական ակտում, ի թիվս այլ տեղեկությունների, պետք է նշվեն՝
1) հավաստագրման համար հայցվող՝ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը.
2) անհատական իրավական ակտի ընդունման հիմնավորումը՝ այն փաստական և իրավական հիմքերը, որոնցով ղեկավարվելով ակտն ընդունող մարմինը հանգել է համապատասխան հետևությունների.
3) անհատական իրավական ակտի եզրափակիչ մասը՝ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու կամ հավաստագրումը մերժելու մասին որոշումը։
- Սույն հավելվածի 40-րդ կետով նախատեսված եզրակացությունները, ինչպես նաև նախարարի՝ սույն հավելվածի 42-րդ կետով նախատեսված անհատական իրավական ակտերը դրանց կայացման օրվանից եռօրյա ժամկետում ուղարկվում են հայտատուներին տեղեկատվական համակարգի միջոցով։
- Սույն հավելվածի 42-րդ կետով նախատեսված` սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու կամ հավաստագրումը մերժելու մասին անհատական իրավական ակտերը հայտատուների կողմից կարող են բողոքարկվել դրանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում։
- Սույն հավելվածի 46-րդ կետով նախատեսված բողոքները քննելու նպատակով նախարարը ստեղծում է երեք անդամից բաղկացած ժամանակավոր (ad hoc) հանձնաժողով՝ անդամների այլ կազմով։ Ժամանակավոր հանձնաժողովը գործում է հավաստագրման հանձնաժողովի աշխատակարգով սահմանված կարգով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են ժամանակավոր հանձնաժողովի նկատմամբ։
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԿԱՍԵՑՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
- Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագիրը (այսուհետ՝ հավաստագիր) Նախարարության կողմից տրվող, սահմանված ձևի և վավերապայմաններով փաստաթուղթ է, որը հավաստում է սույն Հավելվածով նախատեսված՝ սոցիալական ծառայություն տրամադրելու մեկ կամ մի քանի գործունեությունը հավաստագրված լինելու հանգամանքը:
- Հավաստագիրը տրվում է երեք տարով, եթե կազմակերպությունը տվյալ սոցիալական ծառայությունը տրամադրելու համար հավաստագրվում է առաջին անգամ, հինգ տարով՝ երկրորդ և հետագա անգամներին հավաստագրվելիս։
- Հավաստագիրը չի կարող օտարվել, գրավադրվել կամ որևէ այլ կերպ փոխանցվել այլ անձի կամ կազմակերպության:
- Հավաստագրի տրամադրման, ինչպես նաև սույն հավելվածով նախատեսված հիմքերով հավաստագրի վերաձևակերպման դեպքերում հավաստագրված կազմակերպությունից գումար չի գանձվում:
- Հավաստագիրն ինքնաշխատ գեներացվում է տեղեկատվական համակարգի միջոցով և պարունակում է հետևյալ տեղեկությունները`
1) հավաստագիրը տվող մարմնի անվանումը.
2) հավաստագրի համարը.
3) հավաստագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը.
4) հավաստագրված անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը կամ կազմակերպության անվանումը,
5) կազմակերպության պետական գրանցման համարը.
6) սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը՝ համաձայն սույն հավելվածի 8-րդ կետի․
7) սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վայրը (հասցեն), իսկ տնային պայմաններում խնամքի դեպքում՝ սպասարկման տարածքը.
8) հավաստագրի գործողության ժամկետը:
- Հավաստագիրը վավերացվում է նախարարի էլեկտրոնային ստորագրությամբ:
- Հավաստագրի ձևը սահմանում է նախարարը։
- Հավաստագիրն ուժի մեջ է մտնում տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպությանը դրա վերաբերյալ ծանուցելուց և սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված հավաստագրված անձանց ռեեստրում հավաստագրի տվյալները ներառելու օրվան հաջորդող օրը։ Հավաստագիրը տեղեկատվական համակարգի միջոցով ուղարկվում է կազմակերպությանը ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում։
- Հավաստագրի տրամադրումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում են հավաստագրված կազմակերպությունների, նրանց կողմից հավաստագրված` սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության և հավաստագրի գործողության ժամկետի վերաբերյալ տվյալները։ Նույն ժամկետում կատարվում են նաև հավաստագրի վերաձևակերպման դեպքում հավաստագրված կազմակերպության վերաբերյալ տվյալների փոփոխությունը, իսկ հավաստագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում՝ համապատասխան նշումները։
- Հավաստագրի գործողության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ հավաստագրված կազմակերպությունը ծանուցվում է հավաստագրի ժամկետը լրանալու մասին՝ նշելով ժամկետը լրանալու ամսաթիվը։ Ծանուցումից հետո մեկշաբաթյա ժամկետում կազմակերպությունը տեղեկատվական համակարգի միջոցով նախարարությանը հայտնում է համապատասխան սոցիալական ծառայությունը տրամադրելու գործունեությունը տրամադրելու համար սույն հավելվածով սահմանված կարգով կրկին դիմելու (չդիմելու) մասին։ Տվյալ դեպքում հավաստագրման հայտը պետք է ներկայացվի հավաստագրի գործողության ժամեկտը լրանալուց ոչ շուտ, քան վեց ամիս և ոչ ուշ, քան երեք ամիս առաջ։
- Հավաստագրված կազմակերպության վերակազմակերպման, այդ թվում՝ վերակազմավորման, կամ նրա անվանման կամ իրավաբանական հասցեի (գտնվելու վայրի) փոփոխման դեպքում հավաստագրված կազմակերպությունը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո 15-օրյա ժամկետում տեղեկատվական համակարգի միջոցով հայտ ներկայացնել հավաստագրի վերաձևակերպման համար։
- Հավաստագրված անհատ ձեռնարկատիրոջ անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում հավաստագրված անհատ ձեռնարկատերը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո 15-օրյա ժամկետում տեղեկատվական համակարգի միջոցվով հայտ ներկայացնել հավաստագրի վերաձևակերպման մասին։
- Հավաստագրված կազմակերպության առանձնացման ձևով վերակազմակերպման ժամանակ այդ կազմակերպությունից առանձնացած իրավահաջորդին (իրավահաջորդներին) հավաստագիր տրվում է ընդհանուր հիմունքներով՝ սույն հավելվածով սահմանված կարգով։
- Հավաստագրված կազմակերպության բաժանման ձևով վերակազմակերպման ժամանակ բաժանված կազմակերպություններին հավաստագիր տրվում է ընդհանուր հիմունքներով՝ սույն հավելվածով սահմանված կարգով։
- Հավաստագրված կազմակերպության՝ այլ կազմակերպության հետ միաձուլվելու կամ այլ կազմակերպության միանալու դեպքում նոր առաջացած կազմակերպությանը հավաստագիր տրվում է ընդհանուր հիմունքներով՝ սույն հավելվածով սահմանված կարգով։
- Հավաստագիրը ենթակա է վերաձևակերպման համապատասխան փոփոխությունների ներկայացման օրվանից հետո մեկշաբաթյա ժամկետում։
- Վերաձևակերպված հավաստագիրն ուժի մեջ է մտնում սույն հավելվածի 55-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում։ Վերաձևակերպված հավաստագիրը հավաստագրված կազմակերպությանն է ուղարկվում եռօրյա ժամկետում։
- Հավաստագրի վերաձևակերպումը կարող է մերժվել, եթե վերաձևակերպման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը (տվյալները) թերի են կամ չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Նշված թերությունները վերացնելուց հետո հավաստագրված կազմակերպությունը սույն հավելվածով սահմանված կարգով կրկին կարող է դիմել հավաստագրի վերաձևակերպման համար։
- Հավաստագրված կազմակերպության կողմից այլ հասցեում գտնվող տարածքում ևս հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու նույն գործունեությամբ զբաղվելու, իսկ տնային պայմաններում խնամքի դեպքում՝ սպասարկման նոր տարածքի դեպքում, ներկայացվում է նոր հայտ սույն հավելվածի 3-րդ գլխով սահմանված կարգով, որը ենթակա է քննության ընդհանուր հիմունքներով։
- Հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել՝
1) սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները չպահպանելու դեպքում․
2) հավաստագրված կազմակերպության կողմից համապատասխան սոցիալական ծառայության տրամադրման նվազագույն չափորոշիչների պահպանման նկատմամբ տեսչական մարմնի կողմից վերահսկողության իրականացման նպատակով օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
3) հավաստագրված կազմակերպության դիմումի համաձայն․
4) օրենքով սահմանված այլ դեպքերում:
- Սույն հավելվածի 67-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով հավաստագրի գործողությունը կասեցվում է տեսչական մարմնի կողմից հավաստագրված կազմակերպության նկատմամբ վարչական տույժ կիրառելու որոշման հիման վրա։ Տվյալ դեպքում հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը։
- Սույն հավելվածի 67-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքով հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև համապատասխան խոչընդոտների վերացումը կամ պահանջվող փաստաթղթերի ներկայացումը։
- Սույն հավելվածի 67-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքով հավաստագրի գործողությունը կասեցվում է դիմումով նշված ժամկետով, բայց ոչ ավել, քան հավաստագրի գործողության ժամկետի մնացած մասը։
- Հավաստագրի գործողության կասեցման ընթացքում հավաստագրված կազմակերպությունն իրավունք չունի իրականացնել կասեցման որոշմամբ սահմանված՝ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը, բացառությամբ այն գործունեության (գործողությունների), որոնք ուղղված են հավաստագրի գործողության կասեցման պատճառները վերացնելուն, ինչպես նաև կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումներն իրականացնելուն:
- Հավաստագրի գործողության կասեցման ընթացքում հավաստագրված կազմակերպության կողմից սույն հավելվածի 71-րդ կետով սահմանված արգելված գործունեության իրականացումը համարվում է առանց հավաստագրի հավաստագրման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
- Հավաստագրի գործողությունը կասեցվում է Նախարարի անհատական իրավական ակտով՝ հավաստագրման հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ հավաստագրի գործողությունը ժամանակավորապես դադարեցնելու միջոցով։
- Նախարարությունն ապահովում է տեսչական մարմնի հասանելիությունը սույն որոշման N 2 հավելվածով սահմանված՝ հավաստագրված անձանց ռեեստրին՝ տեսչական մարմնի կողմից իր վերահսկողական լիազորությունների իրականացման, ինչպես նաև սույն հավելվածի 75-րդ կետով նախատեսված տեղեկատվության ներկայացման նպատակով։
- Տեղեկատվական համակարգում, ի թիվս այլնի, տեսչական մարմնի կողմից լրացման ենթակա են իր կողմից իրականացված ստուգումների, սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները չպահպանելու, առանց հավաստագրվելու սոցիալական ծառայություններ մատուցելու վերաբերյալ գործերի քննության, ընդունված որոշումների վերաբերյալ տվյալները։ Վարչական տույժ նշանակելու մասին որոշում ընդունելու դեպքում տեղեկատվական համակարգով լրացվում են նաև որոշմամբ հաստատված հանգամանքները, վարչական պատասխանատվություն նախատեսող հոդվածը, ինչպես նաև համապատասխան նվազագույն չափորոշիչը սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նորմը (նորմերը)։
- Հավաստագրի գործողությունը դադարեցվում է՝
1) դրա գործողության ժամկետը լրանալու դեպքում.
2) հավաստագրված կազմակերպության դիմումի համաձայն․
3) կազմակերպության լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցվելու կամ մահվան դեպքում.
4) հավաստագրման համար ներկայացված փաստաթղթերում հավաստագրի տրամադրման համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ ոչ հավաստի տեղեկություններ հայտնաբերելու դեպքում.
5) հավաստագրված կազմակերպության բաժանման կամ միաձուլման կամ այլ իրավաբանական անձի միանալու ձևով վերակազմակերպման դեպքերում․
6) սույն հավելվածի 20-րդ կետով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունը գործունեություն է իրականացնում այնպիսի տարածքում, որի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության կամ օգտագործման իրավունք ձեռք չի բերել․
7) օրենքով նախատեսված այլ դեպքերում։
- Կազմակերպության լուծարման կամ անհատ ձեռնարակտիրոջ գործունեությունը դադարեցվելու կամ մահվան վերաբերյալ տեղեկատվությունը տեղեկատվական համակարգի միջոցով ներկայացվում է համապատասխանաբար՝ կազմակերպության լուծարումից կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցվելուց կամ մահվանից հետո հետո մեկշաբաթյա ժամկետում։
- Սույն հավելվածի 76-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքերում համապատասխան տեղեկատվությունը տեղեկատվական համակարգի միջոցով ներկայացվում է հավաստագրված կազմակերպության բաժանման կամ միաձուլման ձևով վերակազմակերպման դեպքերում՝ նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից, իսկ այլ իրավաբանական անձին միանալու ձևով վերակազմակերպման դեպքում՝ հավաստագրված կազմակերպության գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից մեկշաբաթյա ժամկետում։
- Հավաստագրի գործողությունը, բացառությամբ 76-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքի, դադարեցվում է Նախարարի անհատական իրավական ակտով՝ հավաստագրման հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ հավաստագիրն ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
- Հավաստագրման հանձնաժողովը հավաստագրի գործողությունը կասեցնելու և դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունները տալիս է հավաստագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու համար հիմք հանդիսացած հանգամանքներն ի հայտ գալուց հետո տասնօրյա ժամկետում՝ սույն հավելվածի 4-րդ գլխով սահմանված կարգով։
- Հավաստագրի գործողությունը կասեցնելու և դադարեցնելու մասին եզրակացությունները և համապատասխան անհատական իրավական ակտերը տեղեկատվական համակարգի միջոցով եռօրյա ժամկետում ուղարկվում են հավաստագրված կազմակերպությանը։
Ձև N 1
Լրացնում է հայտատուն
Հայաստանի Հանրապետության
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին
Հայտատու՝_______________________________
կազմակերպության անվանումը,
անհատ ձեռնարկատիրոջ
անունը, ազգանունը
______________________________
ՀՎՀՀ
______________________________
պետական գրանցման համարը
______________________________
իրավաբանական հասցեն
________________________________
հեռախոսահամար, էլ. փոստի հասցե, սոց․ ցանցեր, կայքէջ
Հայտ
սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու
Խնդրում եմ հավաստագրել ստորև նշված սոցիալական ծառայություն (սոցիալական ծառայություններ) տրամադրելու գործունեությունը։
Հայցվող սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը․_____________________________________________________________
ցանկից ընտրել մեկ կամ մի քանի սոցիալական ծառայություն
Կից ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության թ․ N -Ն որոշմամբ պահանջվող հետևյալ տվյալները և փաստաթղթերը՝
ա. նախորդ հավաստագրի տվյալները՝ համարը և տրամադրման օրը, ամիսը, տարին․______________________________________________________________________
ստացվում է ինքնաշխատ եղանակով կամ լրացվում է հայտատուի կողմից և ներբեռնվում է հավաստագրի լուսապատճենը
բ․ հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վայրը (հասցեն), իսկ տնային պայմաններում խնամքի դեպքում՝ սպասարկման տարածքը․
_____________________________________________________________________________
լրացվում է ամբողջական հասցեն և ներբեռնվում է համապատասխան պայմանագրի լուսապատճենը
գ․ սոցիալական ծառայություն տրամադրելու համար նախատեսված հաստիքները և ըստ հաստիքների՝ աշխատողների թիվը․_________________________________________
լրացվում են հաստիքների անվանումները և ըստ հաստիքների՝ աշխատողների թվաքանակը, ներբեռնվում են համապատասխան պայմանագրերի լուսապատճենները
դ․ որից՝ մասնագետները․____________________________________________________
նշում է կատարվում մասնագետ լինելու վերաբերյալ, և ներբեռնվում է hամապատասխան փաստաթղթերի լուսապատճենները
ե․ բժշկական անձնակազմի վերաբերյալ տվյալները․____________________________
լրացվում է յուրքանչյուր բուժաշխատողի անունը, ազգանունը
զ․ համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վերաբերյալ հայտատուի՝ նախկինում ունեցած փորձի և գործունեության վերաբերյալ տեղեկություններ․ ___________________________________
լրացվում է ազատ տեքստով, և ներբեռնվում են համապատասխան փաստաթղթերի լուսապատճենները
է․ մասնագետների ինքնակենսագրականները._________________________________
ներբեռնվում են
ինքնակենսագրականները
ը․ հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությանն ուղղված՝ հայտատուի կողմից իրականացվող ծրագրի նկարագրությունը, ներառյալ՝ կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների նկարագիրը․ ________________________________________________
լրացվում է ազատ տեքստով
թ․ տեղեկություն հավաստագրման ենթակա տարածքում անվտանգության ապահովման վերաբերյալ․ ________________________________________________
պայմանագրի առկայության դեպքում ներբեռնվում է պայմանագրի լուսապատճենը (ներկայացման ենթակա լինելու դեպքում)
անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու դեպքում համապատասխան հայտարարության տեքստը գեներացվում է ավտոմատ
ժ․ պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը «911» փրկարար ծառայությանը միացված լինելը․________________________________________________
ներբեռնվում է համապատասխան պայմանագրի լուսապաճենը
(ներկայացման ենթակա լինելու դեպքում)
ժա․ կանոնադրությունը․____________________________________________________
ստացվում է առցանց, ինքաշխատ եղանակով
կամ ներբեռնվում է հայտատուի կողմից
ժբ․ համապատասխան անշարժ գույքի առկայությունն ապահովելու վերաբերյալ պարտավորագիրը․_______________________________________________________
պարտավորագրի տեքստը գեներացվում է
տեղեկատվական համակարգի միջոցով՝ խմբագրման հնարավորությամբ
ժգ․ այլ տվյալներ կամ փաստաթղթեր․______________________________________________
համապատասխան դաշտերում լրացվում են տվյալները և ներբեռնվում են համապատասխան փաստաթղթերը
Հայտը հաստատելուց առաջ
☐ հավաստիացնում եմ, որ ներկայացված տվյալները ճիշտ են։
Հայտատու՝
____________________________________________
կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի
կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը
Էլեկտրոնային ստորագրություն
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության կառավարության
2025 թվականի ————— ——— -ի
N -Ն որոշման
ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- Սույնով սահմանվում է սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեություն իրականացնելու համար հավաստագրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ նաև՝ հավաստագրված անձինք) ռեեստրի վարման կարգը:
- Ռեեստրի վարումը ներառում է հավաստագրված անձանց, սոցիալական ծառայություն տրամադրելու հավաստագրերի, հավաստագրված անձանց գործունեության վերաբերյալ ընթացիկ տեղեկությունների, օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումների, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության, ընդունված որոշումների տվյալների, ինչպես նաև հավաստագրի վերաձևակերպման, հավաստագրի գործողության կասեցման, դադարեցման տվյալների (տեղեկությունների) գրանցումը:
- Ռեեստրի վարումն իրականացվում է սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ տեղեկատվական համակարգ) միջոցով։ Ռեեստրը տեղեկատվական համակարգի բաղկացուցիչ մասն է։
- Տեղեկատվական համակարգի միջոցով ռեեստրում առցանց, ինքնաշխատ, իրական ժամանակի ռեժիմովներառվում են՝
1) հավաստագրված անձանց տվյալները՝
ա. կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը․
բ․ պետական գրանցման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը․
գ․ իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը)․
դ․ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը․
ե․ հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, կայքէջին և սոցիալական ցանցերին հղումները ՝ առկայության դեպքում․
2) սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրի (այսուհետ՝ հավաստագիր) տվյալները՝
ա․ հավաստագիրը տվող մարմնի անվանումը.
բ․ հավաստագրի համարը.
գ․ հավաստագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը.
դ․ հավաստագրված անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, կազմակերպության անվանումը․
ե․ հավաստագրված անձի պետական գրանցման համարը.
զ․ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը՝ համաձայն հավելված N 1-ի 8-րդ կետի․
է․ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վայրը (հասցեն), իսկ տնային պայմաններում խնամքի դեպքում՝ սպասարկման տարածքը.
ը․ հավաստագրի գործողության ժամկետը․
3) հավաստագրված անձանց գործունեության վերաբերյալ ընթացիկ տեղեկությունները՝
ա․ հավաստագրված սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությանն ուղղված ծրագրի համառոտ նկարագիրը․
բ․ կիրառվող մեթոդաբանության նկարագիրը․
գ․ մատուցվող ծառայությունների ամփոփ նկարագիրը․
4) ստուգումների, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վերաբերյալ տվյալները՝
ա․ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումների, ներառյալ՝ ստուգման ենթարկված անձանց, ստուգման արդյունքների տվյալները․
բ․ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի հարուցման օրը, ամիսը, տարին, վարչական պատասխանատվություն նախատեսող հոդվածը, գործի քննության արդյունքով կայացված որոշումը (գործը կարճելու կամ վարչական տույժ նշանակելու մասին որոշում)․
գ․ վարչական տույժ նշանակելու մասին որոշման օրը, ամիսը, տարին, որոշմամբ հաստատված հանգամանքները, վարչական պատասխանատվություն նախատեսող հոդվածը, ինչպես նաև համապատասխան նվազագույն չափորոշիչը սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նորմը (նորմերը)․
5) հավաստագրի վերաձևակերպման, հավաստագրի գործողության կասեցման, դադարեցման վերաբերյալ տվյալները՝
ա․ հավաստագրի վերաձևակերպման հիմքը, կատարված փոփոխությունները, վերաձևակերպման օրը, ամիսը, տարեթիվը․
բ․ հավաստագրի կասեցման հիմքը, կասեցման համար հիմք ծառայած հանգամանքների համառոտ շարադրանքը, հավաստագրի կասեցված լինելու ժամանակահատվածը․
գ․ հավաստագրի դադարեցման հիմքը, դադարեցման համար հիմք ծառայած հանգամանքների համառոտ շարադրանքը, հավաստագրի դադարեցման օրը, ամիսը, տարեթիվը։
- Սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված տվյալների (տեղեկությունների) գրանցումն իրականացվում է՝ ըստ հավաստագրված անձանց։
- Սույն հավելվածի 4-րդ կետի`
1) 1-3-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված տվյալները (տեղեկությունները) տեղեկատվական համակարգ են մուտքագրվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման իրավասու աշխատողի կողմից կամ, առկայության դեպքում, գեներացվում են տեղեկատվական համակարգի միջոցով․
2) 4-րդ ենթակետով նախատեսված տվյալները (տեղեկությունները) տեղեկատվական համակարգ են մուտքագրվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի (իրավասու աշխատողի) կողմից։
- Սույն հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված դեպքում հավաստագրի վերաձևակերպումից հետո հավաստագրված անձի վերաբերյալ տվյալները (տեղեկությունները) գրանցվում են՝ ըստ փոփոխված տվյալների՝ նշում պարունակելով մինչև վերաձևակերպումը եղած տվյալների (տեղեկությունների) վերաբերյալ։
- Հավաստագրի գործողության դադարեցումից հետո կազմակերպությունը համարվում է ռեեստրից հանված, իսկ սույն հավելվածով նախատեսված տվյալներն էլեկտրոնային եղանակով արխիվացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով։
- Ռեեստրում պարունակվող տվյալները (տեղեկությունները) հավաստագրված անձանց տրամադրվում են տեղեկատվական համակարգի միջոցով կատարված հարցման հիման վրա։
- Ռեեստրում պարունակվող տվյալները (տեղեկությունները) պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին հասանելի են տեղեկատվական փոխգործելիության շրջանակներում։ Այլ անձանց ու կազմակերպություններին այդ տվյալները (տեղեկությունները) տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում։
-
Обсуждалось
23.06.2025 - 09.07.2025
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
-
Test
Просмотры 1412
Принт