Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 78-Ն հրամանում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Կարեն Հովնիկյան 21.06.2025 22:03:34 Նախագծով նախատեսել, որ ուսումնական նախագծերի իրականացման համար նախնական փուլում դասավանդողներին տրամադրվեն մեթոդական ուղեցույցներ, ինչպես նաև կազմակերպվեն պարտադիր վերապատրաստումներ, մասնավորապես՝ նախագծային ուսուցման պլանավորման, գնահատման, թիմային աշխատանքը ուղղորդելու վերաբերյալ։ Նպատակ․ 1․ Բոլոր ուսուցիչների մեթոդական կարողությունների հավասարեցում։ 2․ Գործնականում խուսափել ձևական նախագծերից կամ թերի։ պլանավորումից 3․ Ապահովել որակի մինիմալ շեմ՝ անկախ մարզից, դպրոցի հնարավորություններից կամ ուսուցչի փորձից։ Մեթոդական ցուցումներ ու աջակցությունը տրամադրվում են պարբերաբար՝ ինչպես Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, այնպես էլ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և մենթոր ուսումնական հաստատությունների կողմից:
2 Քրիստինե Մուշեղյան 22.06.2025 22:46:29 Առաջարկում եմ հավելել սահմափակող կամ ուղենշող ցուցակ այն թվային հարթակների, ձևաչափերի վերաբերյալ, որտեղ պետք է տեղադրվեն նախագծերը (օրինակ՝ eSchool, Moodle, etwinning, Google Drive, պաշտոնական վեբկայք)։Նախագծում նշված է՝ «տեղադրվի որևէ առցանց միջավայրում», ինչը կարող է հանգեցնել անկանոն և անհամապատասխան տեղադրման։ Առցանց հարթակների միատեսակեցումը կստեղծի վերահսկելիություն, խնայված տվյալների անվտանգություն և գնահատման ընթացքի թափանցիկություն։ Շնորհակալություն, Ձեր առաջարկը կքննարկվի:
3 Քրիստինե Մուշեղյան 22.06.2025 22:48:23 Նախագծում առաջարկում եմ ընդգրկել նշում՝ ապահովելու անհատականացված մոտեցում սահամանափակ հնարավորություններ ունեցող սովորողների համար՝ ըստ նրանց կարիքների։ Կրթության մատչելիության և հավասար հնարավորությունների սկզբունքներից ելնելով՝ անհրաժեշտ է նախատեսել ներառական լուծումներ՝ թե մասնակցության, թե գնահատման տեսակետից, ապահովելով հարմարեցված ռեսուրսներ կամ գնահատման ճկունություն։ Հայտնում եմ, որ ինչպես ամբողջ ուսումնական գործընթացը, այնպես էլ նախագծային աշխատանքը ԿԶԱՊԿՈւ սովորողների համար իրականացվում է անհատական ուսուցման պլանով:
4 Անուշ Աղայան 23.06.2025 06:40:56 Առաջարկում եմ սույն նախագծի «Հավելված 2»-ի, «Գլուխ 2»-ի, 7-րդ կետի, 8-րդ ենթակետում շարադրված «առարկայի (ներ) այն թեմայի (ների)» ձևակերպումը շարադրել հետևյալ ՝ «առարկայի (առարկաների) այն թեմայի (թեմաների)» բովանդակությամբ: Ընդունվել է, խմբագրվել է:
5 Անուշ Աղայան 26.06.2025 02:01:52 Առաջարկում եմ սույն նախագծի «Հավելված 2»-ի, «Գլուխ 2»-ի, 9-րդ կետի «կամ բնագավառի մեթոդական մասնախմբի» ձևակերպումը ջնջել, քանի որ այն որևէ իրավական (օրենսդրական կամ ենթաօրենսդրական) ակտով սահմանված կամ պարզաբանված չէ: Ավելին՝ «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 84-րդ կետում հստակ սահմանված խորհրդակցական մարմին է «Առարկայական մեթոդական միավորում»-ը: Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի:
6 Աննա Անանյան 23.06.2025 18:36:43 Նախատեսել դրույթ, ըստ որի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունները պարտավոր են ապահովել ուսումնական նախագծերի մոնիթորինգի և արդյունքների վերլուծության գործընթացի իրականացման պարտադիր մեխանիզմ՝ ուսումնական տարվա ավարտին։ Այդ նպատակով առաջարկվում է կարգի առանձին գլխով սահմանել, որ ուսումնական հաստատության տնօրենը յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին պետք է հաստատի ուսումնական նախագծերի մոնիթորինգի և գնահատման ամփոփ հաշվետվություն՝ հիմնված դասավանդողների, սովորողների և կառույցի պատասխանատուների կողմից տրամադրված նյութերի վրա։ Հաշվետվության տվյալները (նախագծերի թիվը, ընդգրկված սովորողների ու ուսուցիչների քանակը, գերակշռող թեմաները, արդյունքների կիրառելիության վերլուծություն) պետք է ուղարկվեն նաև ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող մոնիթորինգային ստորաբաժանման կամ մարզային կրթության պատասխանատու մարմին՝ համակարգային վերլուծության և քաղաքական որոշումների վրա ազդելու նպատակով։ Շնորհակալություն, առաջարկը կքննարկվի:
7 Աստղիկ Հակոբյան 23.06.2025 19:14:01 Հաշվի առնելով ՆՈւ֊ին մասնակցելու սովորողների ոգևորությունը` դրական եմ գնահատում փուլ առ փուլ իրականացվող բարեկափոխման այս գործընթացը։ Այն համառ ջանքեր է պահանջում և' ուսուցիչներից, և' սովորողներից։ Ցանկալի է, որ քննական նախագծերում հստակ չափելի լինի սովորողի` հետազոտելու ընթացքում ձեռք բերած գիտելիքը։Ուստի որքան էլ հմտություններ ու կարողություններ ձևավորեն,առանց խորքային գիտելիքներ ունենալու դժվար թե կարողանան հիմնավոր և պատճառաբանված դիրքորոշում ձևավորել։Առաջարկս է նախագծային աշխատանքով քննություն հանձնելը դարձնել խրախուսական այլընտրանք տվյալ առարկան խորությամբ ուսումնասիրողների համար ,իսկ մնացածին տալ հնարավորություն քննություններ հանձնելու և ներքին համոզմունք ձևավորելու և գիտակցաբար գնահատելու քննակարգերում առաջարկվող փոփոխությունները։ Հայտնում եմ, որ «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից սովորողը քննություն հանձնում է իր ընտրությամբ գրավոր՝ թեստերի միջոցով, որոնց բովանդակությունը համահունչ կլինի միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը, կամ 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքի հիման վրա՝ առնվազն 2 բնագիտական առարկայի համադրմամբ):
8 Ասյա Ավագյան 23.06.2025 19:58:50 Առաջարկվող փոփոխությունները անհրաժեշտ են, հիմնավորված ու հասկանալի, սակայն իմ կարծիքով այնտեղ բացակայում է երկու կետ, որոնք առաջարկում եմ ընդգրկել կարգում։ Առաջին․ քանի որ նախագծային աշխատանքը համարվում է 9-րդ դասարանի "Բնագիտություն" առարկայի ավարտական քննություն և այն հիմանկանում անցկացվում է բանավոր կերպով, առաջարկում եմ փոփոխությունների մեջ մեկ կետով ամրագրել այն տեսաձայնագրելու անհրաժեշտությունը։ Տեսաձայնագրված պաշտպանությունը հնարավորություն կտա գնահատող հանձնաժողովին ևս մեկ անգամ լսել և ավելի անաչառ ու օբյեկտիվ գնահատում իրականացնել։ Երկրորդ․ կարգում պետք է հստակեցնել նաև սովորողի կողմից գնահատականի բողոքարկման կարգը՝ անմիջապես գնահատականն իմանալուց հետո՞, թե հաջորդ օրը կարելի է բողոքարկել։ Տեսաձայնագրությունն այս դեպքում շատ օգտակար և տեղին կլինի, կցրի սովորողի կասկածները, կբացառի զեղծարարության հնարավորությունը։ Շնորհակալություն։ Նախագծային աշխատանքի պաշտպանությունն իրականացվում է մյուս բանավոր քննությունների տրամաբանությամբ:
9 Ժենյա Միրիբյան 24.06.2025 12:29:04 Երկրորդ գլխի 2-ի կետում «Ուսումնական նախագիծը պետք է լինի գործողությունների ամբողջություն, այն պետք է հստակ պլանավորվի և իրականացվի այնպես, որ որևէ առարկայի(ների) շրջանակում իրականացվող ուսումնական նախագծի ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքները, հմտությունները և կարողություններն աջակցեն առարկաների ծրագրերի թեմատիկ բովանդակության յուրացմանը» ձեռք բերած գիտելիքները, հմտությունները և կարողությունները բառերից հետո ավելացնել ձևավորված արժեքները բառը, քանի որ այն հանրակրթության պետական չափորոշիչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներից է, որն էլ մեկ անգամ ևս կուղղորդի ուսուցիչներին նպատակային աշխատանք իրականացնել սովորողների արժեքային համակարգի ձևավորման ուղղությամբ: Շնորհակալություն, առաջարկը կքննարկվի:
10 Աննա Ղազարյան 25.06.2025 11:47:10 Ներկայացված նախագիծը հետաքրքիր և արդի քայլ եմ համարում։ Կրթության ոլորտում փոփոխություններ նախաձեռնելիս կարևոր է, որ դրանք լինեն համակարգված, գիտականորեն հիմնավորված և ունենան երկարաժամկետ ազդեցություն։ Իմ դիտարկմամբ՝ 9-րդ դասարանում բնագիտության դասավանդման նման ձևաչափը (ինտեգրված՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») նպաստում է առարկայական կապերի տեսանելիությանը և սովորողների մեջ գիտելիքների ամբողջական ընկալմանը։ Նման մոտեցումը հատկապես օգտակար կլինի նաև այն դպրոցներում, որտեղ առանձին առարկաների մասնագետների պակաս կա։ Միաժամանակ կարևորում եմ ուսուցիչների համապատասխան վերապատրաստման անցկացումը, ինչպես նաև մեթոդական հստակ ուղեցույցների տրամադրումը, որպեսզի փոփոխությունը լինի արդյունավետ։ Բնագիտության միավորված գնահատման մեխանիզմի ներդրումը կարող է խթանել սովորողների վերլուծական մտածողությունը և ինտեգրացիոն կարողությունները, սակայն այն պետք է իր հետ բերի նաև չափորոշիչների և գնահատման գործիքների վերանայում։ Որպես աշխարհագրության ուսուցիչ՝ ողջունում եմ նախաձեռնությունը, բայց ընդգծում եմ՝ հաջող իրագործման համար անհրաժեշտ է նաև մասնագիտական հանրույթի աջակցությունը և միասնական հստակ տեսլական։ Շնորհակալություն նման քննարկում կազմակերպելու հնարավորության համար։ Մեթոդական ցուցումներ ու աջակցությունը տրամադրվում են պարբերաբար՝ ինչպես Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, այնպես էլ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և մենթոր ուսումնական հաստատությունների կողմից:
11 Սուսաննա Մխիթարյան 26.06.2025 01:01:20 Ներկայացված նախագիծը ողջունելի է, քանի որ հանրակրթության ոլորտում խորացնում է նախագծային ուսուցման կիրառական մոտեցումը՝ միաժամանակ կարգավորելով դրա իրականացման մեխանիզմները, կառուցվածքը և գնահատման սկզբունքները։ Նշված կարգավորումները միանշանակ կնպաստեն սովորողների համագործակցային, վերլուծական, ստեղծագործական և ինքնուրույն աշխատանքի կարողությունների զարգացմանը։ Հրամանի նախագծում նշված է, որ նախագծերը պետք է իրականացվեն խմբերով (3-7 սովորող)։ Սակայն որոշ դեպքերում (հատկապես փոքր համայնքներում կամ հատուկ կարիքներով սովորողների պարագայում) արդյունավետ կլինի ապահովել նաև անհատական նախագծերի հնարավորություն՝ հստակ չափանիշներով։ Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի:
12 Անուշ Գրիգորյան 26.06.2025 13:44:46 Կրթության ոլորտում կատարվող փոփոխությունները ողջունելի են և անհրաժեշտ:Առաջարկում եմ,որ սովորողը 9-րդ դասարանում «Գրականություն » առարկայից ևս հնարավորություն ունենա քննություն հանձնել իր ընտրությամբ գրավոր՝էսսե,կամ 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքի հիման վրա: Նախագծային աշխատանքի գնահատման չափանիշները սահմանելիս կարևորել նաև ստեղծարարությունը: «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից իրականացվում է քննություն միայն էսսեի տարբերակով:
13 Անահիտ Թևոսյան 27.06.2025 00:19:43 Առաջարկ՝ նախագծային ուսուցման արդյունավետության բարձրացման նպատակով․ Ղեկավարվելով ԿԳՄՍ նախարարի 2022 թ․ դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանում կատարվող փոփոխություններով, առաջարկում եմ հրամանը համալրել նոր հավելվածով, որը կսահմանի նախագծային ուսուցման մասնագիտական աջակցության, հարթակային կառավարման և տվյալների հավաքագրման մեխանիզմները։ Վերջինիս շնորհիվ ակնկալում եմ ՆՈՒ իրականացման գործընթացի կատարելագործում։ Որպես առաջարկվող հավելվածի առանցքային բաղադրիչներ, ակնկալում եմ․ 1․Վերապատրաստումների կազմակերպում՝ ՆՈՒ գնահատման և թվային գործիքների թեմաներով։ 2․Առցանց շտեմարանի ստեղծում, որտեղ հասանելի լինեն օրինակելի նախագծեր և նմուշներ։ 3․Թվային հարթակի ներդրում՝ նախագծերի կառավարման և հաշվետվությունների նպատակով։ Այս լրացումը կնպաստի նախագծային ուսուցման կիրառման իրատեսականությանը, որակին և համակարգված զարգացմանը։ Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի:
14 Արամ Սողոմոնյան 27.06.2025 01:46:43 Գլուխ 1-ի 1-ին կետում նշված է. «Ուսումնական նախագծի գնահատականը (առավելագույնը՝ 10 միավոր) բոլոր մասնակիցների համար լրացվում է էլեկտրոնային մատյանում՝ ուսումնական նախագծի համար հատկացված էջում։ Յուրաքանչյուր սովորող պետք է գնահատվի առանձին:», սակայն գլուխ 2-ի 5-րդ կետում նշվում է. «…ավարտական քննությունն ուսումնական նախագծի միջոցով հանձնելու դեպքում յուրաքանչյուր սովորող պետք է գնահատվի առանձին, 20 միավորային համակարգով՝ հետևյալ չափանիշներով․»: Գնահատման մեջ կարծես տարակարծություն կա: Շնորհակալություն դիտարկման համար:
15 Արամ Սողոմոնյան 27.06.2025 01:50:18 Անհրաժեշտություն է առաջանալու բնագիտական առարկաների ուսուցիչների խորքային վերապատրաստում իրականացնել՝ ներկայացնելով այն պահանջները, որոնք դրվում են նրանց ու սովորողների առջև: Արդյունավետության համար պետք է լրջագույն մոտեցում լինի և հավուր պատշաճի վերահսկողություն, այլապես ամեն ինչ կլինի ձևական մթնոլորտում: Ընդ որում, առաջարկվում է վերահսկողական հստակ մեխանիզմներն ամրագրել հենց այս նախագծում: Օրինակ՝ տեսաձայնագրում, որը հետո ամփոփաթերթիկների հետ կներկայացվի ըստ ենթակայության կամ հենց ԿԳՄՍ նախարարություն: Մեթոդական ցուցումներ ու աջակցությունը տրամադրվում են պարբերաբար՝ ինչպես Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, այնպես էլ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և մենթոր ուսումնական հաստատությունների կողմից: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թ. 78-Ն հրամանով սահմանված է, որ բանավոր քննությունները ձայնագրվում կամ արձանագրվում են:
16 Ալլա Զեյնալյան 27.06.2025 07:58:00 Նախագիծը համապարփակ և հստակ կառուցված է՝ բավարարելով հանրակրթության նոր պետական չափորոշչի պահանջներին համապատասխանեցված ուսումնական գործընթացի կազմակերպման, այդ թվում՝ նախագծային ուսուցման հիմնախնդիրները։ Այն ցույց է տալիս գիտականորեն հիմնավորված և ժամանակակից մոտեցումների կիրառում, ինչպես նաև՝ գործնականում իրագործելի քայլերի հստակ նկարագրություն։ Ուժեղ կողմեր․ Նոր չափորոշչին համապատասխանեցում․ Նախագիծը համահունչ է 2021-ից ներդրվող նոր չափորոշիչների գաղափարաբանությանը, որտեղ առաջնային տեղ է տրվում կարողունակությունների ձևավորմանը, միջառարկայական կապերին և աշակերտի՝ որպես սուբյեկտի ակտիվ մասնակցությանը։ Նախագծի կազմակերպման կառուցվածքը․ Ընթացակարգի ձևակերպումը տրամաբանական է՝ ներառելով նախագծի նպատակների, փուլերի, պատասխանատվության հստակ բաժանումը, համագործակցային աշխատանքի ձևաչափերը և թվային հարթակների կիրառման ուղենիշերը։ Գնահատման համակարգի մանրամասնությունը․ Գնահատման չափորոշիչները՝ ըստ 10 և 20 միավորների սանդղակի, արդար, թափանցիկ և բազմաբաղադրիչ են՝ ընդգրկելով գործընթացի, բովանդակության և ներկայացման որակական չափումները։ Սա կանխում է ձևական մոտեցումներն ու խթանում է իրական գործունեության արժևորումը։ Ամփոփ միջոցառման ամրագրում՝ որպես ավարտական քննություն․ Հատկապես դրական է, որ նախագծային աշխատանքը կարող է լինել ավարտական քննության տարբերակ, ինչը խթանում է ոչ թե մեխանիկական ուսուցումը, այլ ստեղծագործական, հետազոտական և խորը մտածողություն զարգացնող ուսուցումը։ Խմբային աշխատանքի խրախուսում․ Առաջարկվում են նվազագույն և առավելագույն աշակերտների քանակները խմբում, ինչը նպաստում է արդյունավետ համագործակցությանը և ներառական, հավասար մասնակցային միջավայրի ստեղծմանը։ Առաջարկվող բարելավումներ և դիտարկումներ․ Ժամանակի բաշխման ճկունություն՝ ըստ առարկայի բարդության. Ցանկալի կլինի թույլ տալ որոշակի ճկունություն նախագծի տևողության և ժամաքանակի հարցում՝ ելնելով թեմայի և մեթոդաբանական բարդությունից (օրինակ՝ ֆիզիկայի համեմատաբար բարդ փորձագիտական բաղադրիչների պարագայում)։ Սովորողի անձնական առաջընթացի արձանագրում. Կարելի է առաջարկել ներդնել անհատական առաջընթացի ինքնաարշիվ քարտ կամ ֆորմատ, որպեսզի ավելի ամբողջական արտացոլվի սովորողի զարգացումը ոչ միայն վերջնարդյունքով, այլև ընթացքում։ Այս մոտեցումը կարող է դրական անդրադառնալ գնահատման սուբյեկտիվության նվազեցման վրա։ Մասնակից դասավանդողների հստակ դերաբաշխում. Դեռ ավելի արդյունավետ կլինի, եթե հավելվածում ներառվի նաև դասավանդողների համագործակցության հստակ մեխանիզմներ, օրինակ՝ մոդերացիայի, պլանավորման կամ վերանայման փուլերում դերն ու պարտականությունները։ Ինքնաավերլուծության տարածում. Գնահատման մեջ հնարավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել սովորողի ինքնաանդրադարձին՝ որպես պարտադիր հատվածի (օրինակ՝ ինքնագնահատման ֆորմա, ռեֆլեքսիայի գրություն)։ Թվային հարթակների պարտադիր օգտագործման մասով․ Առցանց հարթակի պարտադիր կիրառումը, թեև արդիական է, կարող է խնդիրներ առաջացնել ռեսուրսներով սահմանափակ դպրոցներում։ Այստեղ անհրաժեշտ է մշակել աջակցող մեխանիզմներ կամ այլընտրանքային լուծումներ։ Նախագիծը կարևոր և ժամանակին ներկայացված նախաձեռնություն է, որն ունի ամբողջական կառուցվածք և նպատակաուղղված է կրթության բովանդակային արդիականացմանը։ Այն կարող է մեծապես նպաստել ոչ միայն կրթության որակի բարձրացմանը, այլև՝ սովորողների մեջ ինքնուրույն, քննադատական և համագործակցային մտածողության ձևավորմանը։ Այս նախագծի հաջող իրականացման պարագայում հանրակրթական համակարգում հնարավոր կլինի ձևավորել նոր ուսումնական մշակույթ՝ հիմնված ստեղծարարության, գիտելիքի գործնական կիրառման և համագործակցության վրա։ Շնորհակալություն դիտարկման համար:
17 Հովհաննես Ստեփանյան 27.06.2025 08:30:52 Հավելված 2-ի Գլուխ 2-ի 3-րդ կետով սահմանված է՝ "ՈՒսումնական նախագծերը պետք է լինեն համագործակցային, այսինքն՝ աշխատանքները ցանկալի է անցկացվեն խմբային եղանակով՝ ներառելով նվազագույնը 3, իսկ առավելագույնը՝ 7 սովորողի, որոնք աշխատում են համագործակցային միջավայրում միևնույն խնդրի լուծման ուղղությամբ"։Նվազագույն 3 թիվը կարող է խնդիր առաջացնել այն դպրոցների համար,որտեղ ,օրինակ 7-րդ դասարանում կամ այլ դասարանում սովորում է 2 աշակերտ,իսկ մինչև 5 աշակերտ սովորելու դեպքում էլ հնարավոր է ,որ աշակերտները չունենան թեմաներն ընտրելու իրավունք,որովհետև դպրոցը ստիպված է աշակերտներին ուղղորդելու ընտրել մի թեմա՝ապահովվելով նվազագույն 3 թիվը։Խնդրում եմ վերանայել այս դրույթը։ Շնորհակալություն դիտարկման համար: Դրույթը կվերանայվի:
18 Արաքսյա Գևորգյան 27.06.2025 09:40:23 Առաջարկում եմ 2-րդ գլխի 2․ կետի «․․․ ձեռք բերած գիտելիքները, հմտությունները և կարողությունները» բառերից հետո ավելացնել «ձևավորված արժեքները» բառակապակցությունը, քանի որ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներից մեկն էլ արժեքային համակարգի ձևավորումն է։ Կարծում եմ՝ այս դեպքում ուսուցիչները առավել ուշադրություն կդարձնեն և նպատակային աշխատանք կիրականացնեն սովորողների արժեքային համակարգի ձևավորման ուղղությամբ: Շնորհակալություն, դիտարկումը կքննարկվի:
19 Արաքսյա Գևորգյան 01.07.2025 13:41:11 Կարծում եմ՝ հարկավոր է վերանայել նախագծի հավելված 2․-ի գլուխ 2․-ի 3-րդ կետը, որում սահմանված է․ «ՈՒսումնական նախագծերը պետք է լինեն համագործակցային, այսինքն՝ աշխատանքները ցանկալի է անցկացվեն խմբային եղանակով՝ ներառելով նվազագույնը 3, իսկ առավելագույնը 7 սովորողի, որոնք աշխատում են համագործակցային միջավայրում միևնույն խնդրի լուծման ուղղությամբ»։ Նվազագույնը 3 սովորող ձևակերպումը խնդիր կառաջացնի այն դպրոցների համար, որոնց այս կամ այն դասարանում/ներում սովորում է 3-ից պակաս՝ 2 կամ 1 աշակերտ։ Առաջարկում եմ նվազագույն շեմ չսահմանել, իսկ ․․․աշխատանքները ցանկալի է անցկացվեն խմբային եղանակով․․․ տողը խմբագրել և նշել, որ 2-5 սովորողներից կազմված դասարաններում կարող են իրականացվել նաև անհատական նախագծեր։ Այս դեպքում սովորողները չեն զրկվի տարբեր առարկաներից թեմաներ ընտրելու հնարավորությունից։ Շնորհակալություն դիտարկման համար: Դրույթը կվերանայվի:
20 Աիմինե Գրիգորյան 27.06.2025 10:57:00 Առաջարկում եմ , որ 9-րդ դասարանում սովորողը <<Բնագիտություն>>առարկայի քննությունն իր ընտրությամբ հանձնի նախագծային աշխատանք՝ պարտադիր ներկայացնելով իր բնակավայրում առկա բնապահպանական որևէ արդիական խնդիր։ Սահմանվում է, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար (օգոստոսին՝ 1-ին կիսամյակի, դեկտեմբերին՝ 2–րդ կիսամյակի համար) դասավանդողները առարկայական մեթոդական միավորումների քննարկմանն են ներկայացնում ուսումնական ծրագրի թեմատիկ բովանդակությունից բխող նախագծերի թեմաների առաջարկը։
21 Լաուրա Թումասյան 27.06.2025 19:40:27 Հաշվի առնելով նոր չափորոշչով սահմանված՝ 9-րդ դասարանում բնագիտական առարկաների ավարտական քննությունն իրականացնել նաև նախագծային աշխատանքի հիման վրա, առաջարկում ենք հաստատել նախագծային ուսուցման կազմակերպման և գնահատման հստակ ընթացակարգերը։ Այս կարգավորումները կնպաստեն հանրապետության ողջ տարածքում միասնական և արդար գնահատման ապահովմանը։ Դրանք խթանում են սովորողների հետազոտական, վերլուծական և համագործակցային հմտությունների զարգացումը՝ համահունչ չափորոշչով սահմանված կարողություններին։ Առաջարկվում է Հրամանին կցել համապատասխան Հավելվածները՝ գործընթացն ամբողջացնելու նպատակով։ Առաջարկում եմ նախագծային ուսուցման՝ որպես ավարտական քննության ձևաչափի ներդրմանը զուգահեռ, ապահովել ուսուցիչների համար անհրաժեշտ մեթոդական ուղեցույցների մշակում և համապատասխան վերապատրաստումների կազմակերպում՝ գործընթացի արդյունավետ և միասնական իրականացումն ապահովելու նպատակով։ Շնորհակալություն դիտարկման համար:
22 Անահիտ Իսկանդարյան 02.07.2025 23:47:43 Շնորհակալություն եմ հայտնում ներկայացված նախագծի համար, որն ուղղված է դպրոցում նախագծային ուսուցման ներդրմանը։ Հաշվի առնելով, որ նախագծային ուսուցումը պահանջում է մասնագիտական նոր մոտեցումներ, իսկ դպրոցներն իրարից տարբերվում են ինչպես նյութատեխնիկական, այնպես էլ մարդկային, մանկավարժական ռեսուրսներով, կարևոր է մինչև դրա ամբողջական ներդրումը ապահովել ուսուցիչների համակարգված և խորքային պատրաստությունը։ Թեև իրականացվում են վերապատրաստումներ, սակայն դրանց ընդգրկման տեմպը շատ դանդաղ է․ տարիներ կպահանջվեն, մինչև ուսուցիչների մեծամասնությունը ստանա լիարժեք մեթոդական ու տեսական պատրաստություն։ Այդ ընթացքում նախագծային ուսուցման կիրառումը կընթանա մասնակիորեն, առանց անհրաժեշտ աջակցման՝ բերելով ոչ ամբողջական, երբեմն սխալ կառուցված նախագծերի։ Սա լուրջ ռիսկեր է պարունակում․ աշակերտների մոտ կարող է ձևավորվել հիասթափություն և անլուրջ վերաբերմունք նախագծային աշխատանքի նկատմամբ, ինչը կվնասի ոչ միայն այս ծրագրի հեղինակությանը, այլև ապագա կրթական բարեփոխումների նկատմամբ վստահությունը։ Առաջարկում եմ․ 1․արագացնել այդ գործընթացը՝ կազմակերպելով թե առցանց, թե առկա վերապատրաստումներ, 2․ ստեղծել օրինակելի նախագծային աշխատանքների պաշար, մեթոդական ձեռնարկներ, 3․ ապահովել ուսուցիչներին մենթորական աջակցությամբ (իրական)։ 4․ հետևել, որ առցանց տիրույթում (Պաշարների շտեմարան և այլն) տեղադրվեն մասնագետների կողմից դրական կարծիք ստացած նախագծային աշխատանքները․ համացանցում նախագծային աշխատանք անվան տակ մեծ մասամբ տեղադրված են հետազոտական աշխատանքներ կամ միջոցառումներ։ Առաջարկում եմ նաև, որ հենց նախագծում մանրամասն ներակայացվի նախագծային աշխատանքի փուլերը։ Ընդունվել է ի գիտություն:
23 Հռիփսիմե Վարդանյան 04.07.2025 00:02:58 Ողջունում եմ այս նախագիծը։ Այն հստակ սահմանում է նախագծային աշխատանքի իրականացման ընթացակարգը և գնահատման չափանիշները։ Ուրախալի է, որ սովորողը նախագծային աշխատանքը կատարելու է առնվազն երկու բնագիտական առարկայի համադրմամբ, ինչը կնպաստի բնագիտական առարկաների ավելի լավ ուսումնասիրմանը, սովորողների կողմից միջառարկայական կապերի և գիտելիքների ամբողջական ընկալմանը։ Տեսական գիտելիքները գործնականում կիրառելով, զարգացնելով հետազոտական կարողությունները, քննադատական մտածողությունը, համագործակցելով` սովորողները կառաջարկեն հիմնախնդրի լուծման իրենց տարբերակը, կստեղծեն ինքնատիպ արժեք։ Այս նախագծի ընդունումը մեծապես կնպաստի կրթության որակի բարձրացմանը, 21-րդ դարի մարտահրավերներին պատրաստ քաղաքացու կերտմանը։ Շնորհակալություն դիտարկման համար:
24 Լիաննա Պետրոսյան 05.07.2025 17:56:36 Ողջունում եմ այս առաջարկը,սակայն կարծում եմ,որ պետք է որոշ աշխատանքներ հստակեցվեն։Առաջարկում եմ նախագծային աշխատանքի իրականացման ընթացակարգում հստակ ձևակերպել կազմակերպվող քայլերը՝թեմայի ընտրությունից սկսած մինչև վերջնական ներկայացում։Բոլոր դպրոցներում այս գործընթացը պետք է կազմակերպել նույն սկզբունքներով,որպեսզի խուսափվի անհավասար պայմաններից։Պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել առնվազն երկու բնագիտական առարկաների միջև կապի խորությանը։Նախագծի հաջող իրականացման համար ուսուցիչներին անհրաժեշտ է տրամադրել մեթոդական աջակցություն,օրինակ ուղեցույցներ,օրինակելի նախագծեր,գնահատման ձևեր։Բացի այդ ,կարևոր է ապահովել,որ դպրոցներն ունենան անհրաժեշտ պայմաններ նման նախագծերի իրականացման համար։Դա կարող է ներառել լաբորատոր սարքավորումներ,նյութեր,տեխնիկական միջոցներ։Առանց այս պայմանների դժվար կլինի լիարժեք կազմակերպել աշխատանքները։ Շնորհակալություն դիտարկման համար:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: