«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում՝
1) ապրանքների էլեկտրոնային առևտուր է համարվում ԵՏՄ մի անդամ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքների մատակարարումը ԵՏՄ մյուս անդամ պետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին (այսինքն՝ վաճառողը և ֆիզիկական անձը գտնվում են ԵՏՄ անդամ տարբեր պետություններում),
2) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող է համարվում ԵՏՄ անդամ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (այդ թվում՝ ապրանքի սեփականատեր հանդիսացող), որի առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվում և (կամ) կազմակերպվում է ապրանքների էլեկտրոնային առևտուր,
3) ապրանքի մատակարարման վայրը համարվելու է Հայաստանի Հանրապետությունը, եթե ֆիզիկական անձանց վաճառված ապրանքները փոխադրման (փոխանցման) ավարտի պահին գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում,
4) արտարժույթով արտահայտված գործարքների մասով հարկման բազան և եկամուտը որոշվելու է ապրանքի մատակարարման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքից,
5) Օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման նպատակով ապրանքի մատակարարման պահ է համարվելու ապրանքի դիմաց վճարումը կատարելու օրը ներառող ամսվա վերջին օրը,
6) ֆիզիկական անձին մատակարարված ապրանքի վերադարձի կամ վճարված ապրանքից հրաժարվելու դեպքում օրենսգրքի 288-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմնում հաշվառված առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլում է այն հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում, որում ֆիզիկական անձին ամբողջությամբ կամ մասնակի վերադարձվել է ապրանքի արժեքը,
7) ֆիզիկական անձին ապրանքի մատակարարման փաստաթղթավորումն իրականացվելու է էլեկտրոնային կտրոնի միջոցով։ Ընդ որում, էլեկտրոնային կտրոնում պարտադիր ներառման ենթակա տվյալները և այդ կտրոնի դուրս գրման կարգը սահմանելու է Կառավարությունը,
8) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ այլ պետության տարածք արտահանված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի՝ ֆիզիկական անձին մատակարարման գործարքը համարվելու է ԱԱՀ-ով հարկման օբյեկտ և այդ գործարքի մասով կիրառվելու է ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ։ Ընդ որում, ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառությունը հիմնավորվելու է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացված տեղեկատվության հիման վրա: Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին տեղեկատվության ներկայացման, ինչպես նաև կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը այդ տեղեկատվությանը հասանելիության տրամադրման կարգն ու ժամկետները սահմանելու է Կառավարությունը,
9) առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքների մասով ԱԱՀ-ը հաշվարկելու և վճարելու է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը: Ընդ որում, սահմանվել է, որ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման մասով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվելու յուրաքանչյուր հաշվետու ամիսը, իսկ ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարվելու մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,
10) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողները չեն կարող գործել հարկման հատուկ համակարգերում,
11) օրենքն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։
-
Обсуждалось
19.06.2025 - 04.07.2025
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2984
Принт