Добавить в избранное

«Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 Ներկա իրավիճակը, առկա խնդիրները

Տեղեկատվության ազատության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, որի պատշաճ օրենսդրական կարգավորման և իրականացման մեխանիզմների բացակայության պայմաններում մարդու համար էապես կդժվարանա նաև այլ իրավունքների իրականացումը: Ներկայումս տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորվում է 2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ ՏԱ օրենք): Հարկ է նշել, որ օրենքի կիրառման 14 տարիների ընթացքում ի հայտ են եկել օրենքի մի շարք թերություններ և բացթողումներ, իսկ օրենքի մի շարք դրույթներ էլ կորցրել են իրենց արդիականությունը:

Բացի այդ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների  հիման  վրա  ընդունման,  փոփոխման  կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին» թիվ 245-Ա որոշման հավելվածի 17-րդ կետով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մինչև 2017 թվականի մարտի 1-ին տասնօրյակը «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարություն:

ՏԱ օրենքի 3-րդ հոդվածը տալիս է «հարցում» եզրույթի բացատրությունը, ըստ որի՝ հարցումը «տեղեկություն փնտրելու և (կամ) դա ստանալու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տնօրինողին ուղղված գրավոր կամ բանավոր դիմում» է: Միաժամանակ, Օրենքում ամբողջական բացակայում են էլեկտրոնային հարցումների հետ կապված դրույթներ:

ՏԱ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը)։ ՏԱ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «3. Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե՝ 1) դա չի պարունակում սույն հոդվածի 1-ին մասում նշված բոլոր տվյալները (...)»: Հարցման մեջ դիմողի քաղաքացիությունը ներառելու պահանջը մի կողմից խնդրահարույց է խտրականության արգելքի տեսանկյունից, բացի այդ տեղեկություն տնօրինող մարմինները չունեն գործնական և իրավական մեխանիզմներ ստուգելու իրենց տեղեկություն ստանալու հարցումներով դիմած անձանց քաղաքացիական պատկանելության իսկությունը: Նույն հիմնավորումը վերաբերում է նաև ստորագրության պահանջը:

ՏԱ օրենքում հարցման պատասխանին ներկայացվող հստակ պահանջներ սահմանված չեն: «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1204-Ն որոշմամբ (այսուհետ՝ 1204-Ն որոշում) որոշակիորեն կանոնակարգվել են հարցման պատասխանին ներկայացվող պահանջների և տեղեկության մասնակի մատչելիության հետ կապված հարցերը: Սակայն վերոնշյալ հարցի կապակցությամբ առկա կարգավորումները առավել նպատակահարմար է ամբողջական տեսքով նախատեսել ՏԱ օրենքում, ինչը հնարավորություն կտա ամրագրել վերոնշյալ դրույթները ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտում և խուսափել ներկայացվող հարցումների հետ կապված պրակտիկայում առաջացող մի շարք խնդիրներից:

Տեղեկատվության ազատության կարևորագույն տարրերից է պրոակտիվ (սեփական նախաձեռնությամբ) հրապարակման սկզբունքը։ Հասարակության համար առավել հեշտ ու արդյունավետ է տեղեկատվության ազատության իրավունքի իրականացումը, եթե պրոակտիվ հրապարակման գործառույթը պատշաճ կերպով է իրականացվում պետական մարմինների կողմից։ Պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները սահմանված են ՏԱ օրենքի 7-րդ հոդվածով։ Հոդվածում ամրագրված է 13 խումբ տեղեկությունների պրոակտիվ հրապարակման պահանջ, սակայն այդ տեղեկությունների ցանկն արդիական չէ, բացակայում են հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք տեղեկություններ: Բացի այդ հաճախ  պետական ռեսուրսներ ծախսելով մշակվում և հրապարակվում է տեղեկություն, որը չունի հասարակական հետաքրքրություն։

ՏԱ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է այն տեղեկությունները, որոնք իրենց կարևորության ուժով չեն կարող մերժվել որևէ պարագայում, սակայն  ՏԱ օրենքը չի հստակեցնում հանրային նշանակության տեղեկության հասկացությունը և դրա չափանիշները: Բացի այդ սպառիչ նշված ցանկը հնարավորություն չի տալիս, որ հրապարակայնության սկզբունքը տարածվի հանրային հետաքրքրություն և հանրային նշանակության հարցերի վրա: Մասնավորապես՝ առկա իրավակարգավորմամբ տեղեկություն փնտրողը չունի տեղեկություն ստանալու իրավունք այն դեպքում, երբ առկա է տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերից որևէ մեկը և առկա չեն 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերը, սակայն տեղեկությունը կոնկրետ դեպքում ունի հանրային իրական նշանակություն և դրա սահմանափակումն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում, իսկ տեղեկությունը չհրապարակելն էլ ավելի մեծ վնաս կհասցնի հանրային շահին, քան դա հրապարակելը:

Գործող օրենսդրությամբ ամբողջությամբ չի ապահովվում անձի՝ իր մասին տեղեկություն ստանալու իրավունքը: Այս իրավունքի ամրագրումը կարևոր է, որպեսզի մարդն անհրաժեշտության դեպքում կարողանա արդյունավետ կերպով պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը, պաշտպանվել` ինչպես օգտագործելով տվյալ տեղեկությունը, այնպես էլ` հենց տվյալ տեղեկության անիրավաչափ օգտագործումից: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը  թեև անձին տալիս է իր անձնական տվյալների մասին տեղեկություն ստանալու իրավունք, սակայն օրենքների կարգավորումից դուրս են մնացել գույքի, իրավունքների, ազատությունների, պարտականությունների, իրավունքների սահմանափակումների կամ պատասխանատվության վերաբերյալ տեղեկություննների մատչելիությունը կարգավորող նորմերը:

Տեղեկատվություն ստանալու համար վճարելու  կարգի, պայմանների, տեղեկատվությունը անվճար ստանալու դեպքերի մանրամասն կարգավորումը և տեղեկություններ ստանալու  համար համաչափ վճարի սահմանումը ունեն առանցքային նշանակություն: Տեղեկատվություն ստանալու համար կատարվող գանձումների վերաբերյալ դրույթներ նախատեսվում են ՏԱ օրենքի 10-րդ հոդվածում, որի 2-րդ մասը միայն սահմանում է այն դեպքերը, երբ տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում: Տեղեկության տրամադրման համար գանձվող վճարների որոշման հետ կապված դրույթներն նախատեսվել են նաև 1204-Ն որոշմամբ: Սակայն, չնայած կատարված որոշակիացումներին` դեռևս առկա են մի շարք անհստակություններ տեղեկությունների համար վճարելու պայմանների և կարգի, տեղեկություններ անվճար ստանալու դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես`  հստակորեն սահմանված չեն անձի՝ ինքն իր մասին, ինչպես նաև հանրային նշանակություն ունեցող տեղեկություններ ստանալու համար վճարվող գանձումների կարգ ու պայմանները, ներկայացված չեն միասնական չափանիշներ, որոնց հիման վրա հաշվարկվում են  տեղեկատվության համար գանձվող գումարները:

ՏԱ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով նշանակել տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձին։ 1204-Ն որոշմամբ սահմանված կարգերով նախատեսվել են նաև ՏԱ պատասխանատուի ինստիտուտի ներդրման կանոններ: 2015 թվականի ընթացքում պետական կառավարման մի շարք մարմիններում (Հայաստանի Հանրապետության բոլոր նախարարություններում, մարզպետարաններում, կառավարությանն առընթեր մարմիններում) նշանակվել են ՏԱ պատասխանատուներ: Սակայն, չնայած ՏԱ պատասխանատուի ինստիտուտի ներդրման որոշակի կանոնակարգմանը առկա են խնդիրներ, որոնք ենթակա են կարգավորման օրենքով: Մասնավորապես, ՏԱ պատասխանատուներ նշանակվել են հիմնականում պետական կառավարման միայն որոշ մարմիններում, այնինչ ՏԱ պատասխանատու ունենալուն պահանջը վերաբերում է բոլոր տեղեկություն տնօրինողների:

 

  1. Առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագիծը:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները: Մասնավորապես, սահմանել գրավոր հարցման հասկացությունը՝ որպես թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմում, ինչպես նաև նախատեսել, որ պետք է առկա լինի հանրային տեղեկատվական հարթակ: Այն լինելու է պետության կողմից վարվող էլեկտրոնային միասնական կայք, որտեղ յուրաքանչյուր ոք  օրենքով սահմանված կարգով կարող է հարցումով դիմել պետական մարմիններին:

Նախագծով առաջարկվում է վերանայել տեղեկատվության ազատության սկզբունքները: Որպես տեղեկատվության ազատության ապահովման սկզբունքներ նախագծում նախատեսվել են ոլորտին անմիջականորեն առնչվող և տեղայնացված սկզբունքները՝ տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման հրապարակայնության, հասանելիության, մատչելիության, ամբողջականության ու հավաստիության սկզբունքները:

Առաջարկվում է սահմանել տեղեկություն տնօրինողի՝ տեղեկությունների ռեեստր վարելու պարտականությունը: Այս կարգավորումը վերաբերում է տեղեկությունների գրանցմանն ու դասակարգմանը և ուղղված է տեղեկություն տնօրինողի և հարցմամբ դիմողի հարաբերությունների կարգավորմանը: Մասնավորապես, նախատեսվում է, որ տեղեկություն տնօրինողը  հրապարակելու է տեղեկությունների ռեեստրը, որը ներառում է տեղեկություն տնօրինողի իրավասությունների շրջանակում գտնվող տեղեկությունների ցանկը և տեղեկություն տնօրինողի կողմից պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը: Տեղեկատվության ազատության իրավունքի պրոակտիվ հրապարակման խնդրի լուծումից բացի այս կարգավորման արդյունքում տեղեկություն փնտրողները հնարավորություն կունենան հստակ պատկերացում կազմել, թե որ տեղեկություն տնօրինողին է անհրաժեշտ դիմել տեղեկություն ստանալու համար: Բացի այդ նախագծով վերանայվել է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը։

Նախագծով սահմանվել է, որ հարցումը պետք է պարունակի  դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, ինչպես նաև դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը) կամ այն հասցեն (այդ թվում` էլեկտրոնային), որով դիմողը պահանջում է ստանալ պատասխանը: Միաժամանակ, առաջարկվում է անձի մասին տեղեկություններ ստանալու հարցման առանձնահատկությունները սահմանել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նախագծով սահմավել են տեղեկությունների տրամադրման պայմանները, այդ թվում նախատեսել տեղեկություննների տրամադրման համար վճարի հաշվարկման հիմնական չափանիշը: Մասնավորապես, նախատեսվել է, որ տեղեկության տրամադրումն իրականացվում է անվճար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ հատուցման են ենթակա միայն տեղեկության վերարտադրման և առաքման իրական ծախսերը: Այս հոդվածում առաջարկվում է նաև սահմանել այն դեպքերը, երբ տեղեկության վերարտադրման ծախսերը ենթակա չեն հատուցման:

Նախագծով սահմանվել են պատասխանին ներկայացվող պահանջները: Մասնավորապես,  նախատեսվել է, որ դիմողի կողմից մեկից ավելի հարցերի առաջադրման դեպքում հերթական համարակալման միջոցով պետք է տրամադրվեն բոլոր հարցերի հավաստի և լրիվ պատասխանները: Բացի այդ նախատեսվել է, որ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկություն տնօրինողի անվանումը, հարցմանը պատասխանող անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ծառայողական հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, պատասխանի ամսաթիվը և համարը, կցվող նյութի անվանումը և թերթերի քանակը, իսկ էլեկտրոնային տարբերակով պատասխանի դեպքում` նիշքի (ֆայլի) անվանումը և ստորագրություն։

Սահմանվել են ինչպես հարցմանը պատասխան տրամադրելու ժամկետները, այնպես էլ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտության դեպքում, վճարման անհրաժեշտության դեպքում տեղեկություն տրամադրելու և վճարում կատարելու ժամկետները: Որպես լրացուցիչ աշխատանք է դիտվել տեղեկության արդիականությունը ճշտելու, վերլուծություն կատարելու, տեղեկություն տնօրինողի ստորաբաժանումներից տեղեկությունը հավաքելու անհրաժեշտությունը:

Նախագծով լրացուցիչ նախատեսվել է, որ եթե նյութական կրիչը նշված չէ կամ անհնար է պահանջվող տեղեկության նյութական կրիչից կրկնօրինակում (պատճենահանում) կատարել հարցման մեջ նշված նյութական կրիչին, ապա հարցման պատասխանը տրվում է էլեկտրոնային եղանակով կամ տեղեկությունը տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով։ Այսպիսով՝ որպես նախընտրելի եղանակ նախատեսվել է հարցմանը էլեկտրոնային եղանակով պատասխանելը:

Նախագծով նախատեսվել է, որ այն դեպքերում, երբ տեղեկություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է (կամ երբ տեղեկություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները) տեղեկություն տնօրինողի վրա դնել ոչ թե հնարավորության դեպքում դիմողին իրավասու մարմնի մասին հայտնելու, այլ հարցումը վերահասցեագրելու պարտականություն:

Նախագծով սահմանվել է, որ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա հանրային նշանակության տեղեկություն է, որը չհրապարակելը տվյալ իրավիճակում ավելի մեծ վնաս կհասցնի հանրային շահին, քան հրապարակելը: Բացի այդ նախատեսվել է տեղեկության մասնակի մատչելիության վերաբերյալ 1204-Ն որոշման դրույթը, այն է՝ Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկությունը տրամադրվում է մնացած մասի վերաբերյալ, ընդ որում, տեղեկությունը (տրամադրման ենթակա փաստաթուղթը) պետք է տրամադրվի մերժման ենթակա տեղեկություններն անընթեռնելի դարձնելու (ծածկելու, սևացնելու կամ ջնջելու) միջոցով` չխմբագրելով տեղեկության (փաստաթղթի) մնացած մասը, իսկ եթե տեղեկություն տնօրինողի կողմից տրամադրվող տեղեկության նշանակալի (15 և ավելի տոկոս) մասը պետք է անընթեռնելի դարձվի, ապա տեղեկությունը կարող է տրամադրվել թույլատրելի էջերի կամ քաղվածքի տեսքով:

Նախագծում նախատեսվել է նոր կարգավորում, որի համաձայն՝ եթե դիմողը հարցմամբ պահանջում է այնպիսի տեղեկություն, որը տեղեկություն տնօրինողը իր լիազորությունների շրջանակում տիրապետում է, սակայն օրենսդրությամբ սահմանված կարգով չունի այդ տեղեկությունները ձևավորելու պարտականություն, ապա տեղեկություն տնօրինողը կարող է դիմողի պահանջով լրացուցիչ վճարի դիմաց ձևավորել փնտրվող տվյալները:  Ըստ էության՝ խոսքը գնում է դիմողի հանձնարարությամբ վճարովիության հիմքերով տեղեկություն տնօրինողի իրավասության ոլորտում գտնվող նոր տեղեկության ձևավորման մասին:

Նախագծով որպես տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձը սահմանվել է տեղեկություն տնօրինողի աշխատակազմի ղեկավարը, իսկ այդպիսին չլինելու դեպքում՝ տեղեկություն տնօրինողի ղեկավարը։ Արդյունքում տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձն ի պաշտոնե կունենա բավարար լիազորություններ՝ ՏԱ պատասխանատուի իր գործառույթները պատշաճ իրականացնելու համար:

Նախագծով ներդրվում է տեղեկատվության ազատության պաշտպանության լիազոր մարմնի ինստիտուտը: Նախատեսվում է, որ լիազոր մարմինը պետք է գործի անկախ՝ միայն օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա: Որպես անկախության երաշխիք նախատեսվում է, որ լիազոր մարմնի գործունեությունը պետք է ֆինանսավորվի պետական բյուջեի միջոցների հաշվին՝ առանձին տողով:

Միաժամանակ, համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվող լրացմամբ նախատեսվել, որ անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունքը ներառում է անձի կամ անձի խնամարկյալի, հոգաբարձության տակ գտնվողի, մերձավոր հարազատների գույքի, իրավունքների, ազատությունների, պարտականությունների, իրավունքների սահմանափակումների կամ պատասխանատվության վերաբերյալ տեղեկություններ ստանալը:

Բացի այդ սահմանվել է, որ անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու հարցմանը կցվում է տվյալների սուբյեկտի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի դեպքում՝ նաև ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կերաշխավորվի տեղեկատվության ազատության իրավունքի առավել արդյունավետ իրացումը և պաշտպանությունը, ինչպես նաև կապահովվի «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխանությունը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

 

  • Обсуждалось

    28.02.2017 - 15.03.2017

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10131

Принт