Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » _________________ 2025 N -Ն
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀՈՒՆԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԻՑ, ՋՐԱԲԵՐՈՒԿՆԵՐԻՑ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՀՈՍՔԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՑ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Ներքին գործերի նախարարին՝ տարեկան պարբերականությամբ, մինչև տվյալ տարվա մարտի 1-ը, շրջակա միջավայրի նախարարություն և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե ներկայացնել տվյալ տարվա ընթացքում գարնանային վարարումների և սելավների վտանգներից բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով գետերի հուների հեղեղավտանգ տեղամասերում անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ:
- Ներքին գործերի, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին, քաղաքաշինության կոմիտեի նախագահին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ միջգերատեսչական համագործակցության շրջանակներում գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացմանը ցուցաբերել գործնական, տեղեկատվական և մեթոդական աջակցություն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
« » ____ N…-Ն որոշման
ԿԱՐԳ
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀՈՒՆԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԻՑ, ՋՐԱԲԵՐՈՒԿՆԵՐԻՑ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՀՈՍՔԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՑ ՄԱՔՐՄԱՆ
- Սույն կարգով ահմանվում է ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման ընթացակարգը։
- Ջրային ռեսուրսի հունի (այսուհետ՝ հուն) մաքրման, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, դրանց ափերի ամրացման աշխատանքներն իրականացվում են ջրային էկոհամակարգերի պահպանության, հեղեղումների և մարդու առողջությանը, անվտանգությանը սպառնացող վտանգների կանխարգելման, ափերը էրոզիայից և փլուզումից պաշտպանելու նպատակով։
- Հունը այն բնական ուղին է, որով գետի ջրերը մշտապես հոսում են՝ սկսած ակունքից մինչև գետաբերան:
- Հունի մաքրումը հունի մեխանիկական կամ հիդրոմեխանիկական մաքրումն է կուտակված ավազից, տիղմից, աղբից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից:
- Հունի հարակից տարածքը ընդգրկում է գետի երկու ափերին ձգվող՝ մինչև 32մ լայնությամբ տարածքը, որը համընկնում է ջրապահպան գոտու տարածքի հետ և ապահովում է ջրային ռեսուրսների աղբոտման, աղտոտման, տղմակալման և հյուծման կանխարգելումը, ինչպես նաև ջրային ռեժիմի համար բարենպաստ պայմանները։
- Հունի մաքրման աշխատանքների պլանավորումը և այդ աշխատանքների իրականացման առաջնահերթությունը սահմանվում է շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ներքին գործերի նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ տարեկան միջոցառումների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր)՝ հաշվի առնելով գարնանային վարարումների և սելավների վտանգի աստիճանը, բնակավայրերի, տնտեսական նշանակություն ունեցող տարածքների, գյուղատնտեսական հողերի և բնակչության գույքի հնարավոր վնասի ռիսկը, հոսքերի ու դրանց վրա գտնվող կառույցների փաստացի վիճակը, վերջին տարիների հիդրոօդերևութաբանական տվյալները, ինչպես նաև հիդրօդերևութաբանական կանխատեսումները:
- Եթե իրականացվող աշխատանքները կարող են առաջացնել ջրային ռեսուրսի հունի, հատակի, հոսքի կամ ափերի նկատելի փոփոխություններ, ապա դրանք դիտարկվում են որպես ջրօգտագործում և պահանջում են ջրօգտագործման թույլտվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի։
- Հունի մաքրումն այն դեպքերում, երբ այն իրականացվում է բացառապես հակահեղեղային նպատակով և չի ենթադրում հունի էական ձևափոխում, համարվում է ազատ ջրօգտագործում և չի պահանջում ջրօգտագործման թույլտվություն։
- Հունի մաքրման աշխատանքներն իրականացվում են պետական կառավարման մարմինների կողմից՝ պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին, կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ պետության կողմից փոխհատուցման կամ համաֆինանսավորման կամ սուբվենցիոն ծրագրերի կամ բնապահպանական ծրագրերի կամ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված մասհանումների կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին, ինչպես նաև հունի հարակից տարածքը օգտագործող կամ տիրապետող անձանց կողմից՝ սեփական նախաձեռնությամբ (կամավոր) սեփական միջոցների հաշվին՝ համաձայնեցված պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
- Հունի մաքրման ենթակա հատվածն ամբողջությամբ բնության հատուկ պահպանվող կամ անտառային տարածքներում գտնվելու դեպքում՝ հունի մաքրման աշխատանքներն իրականացվում են շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից՝ պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին, կամ տվյալ տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպությունների կողմից՝ պետական բյուջեի կամ սեփական միջոցների կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին՝ համաձայնեցնելով շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի հետ։
- Հունի մաքրման ենթակա հատվածը բնության հատուկ պահպանվող կամ անտառային տարածքներում կամ տարբեր օգտագործողների կամ տիրապետողների կողմից զբաղեցված տարածքներում մասամբ գտնվելու դեպքում, հունի մաքրման աշխատանքներն իրականացվում են սույն կարգի 6-րդ կետով նախատեսված Ծրագրով կատարող հանդիսացող մարմնի կամ օգտագործողի կամ տիրապետողի կողմից՝ սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետերին համապատասխան ֆինանսական միջոցների հաշվին։ Հունի մաքրման աշխատանքների իրականացման ընթացքում պարտադիր է ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառների պահպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը։
- Սահմանային գետերի հուների մաքրման աշխատանքներն իրականացվում են միջպետական համաձայնագրերի, միջկառավարական հանձնաժողովների որոշումների կամ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։
- Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման նպատակով անհրաժեշտ է իրականացնել՝
- դաշտային աշխատանքներ՝ գետի ուսումնասիրության, աղտոտված հատվածների գույքագրման, մաքրման ենթակա տարածքների գնահատման (մակերես (հա), աղբի քանակ) համար,
- գետի աղտոտված հատվածների ջրային և ափամերձ տարածքներում կուտակված կենցաղային աղբի, ջրաբերուկների և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտների հավաքում, ըստ անհրաժեշտության նաև եղեգների և տիղմի հավաքման և ափերի ամրացման աշխատանքներ,
- հավաքված աղբի կուտակման և բարձման համար հարթակի ստեղծում,
- օրենքով սահմանված կարգով աղբի տեղափոխման կազմակերպում դեպի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից դրանց համար տրամադրված հատուկ վայրեր,
- հունի մաքրման և ափերի ամրացման աշխատանքների վերահսկման նպատակով ողողահունից բարձր տեղամասերում տեղադրվում են հատուկ նշաններ՝ հունի մաքրված տեղամասի և ամրացված ափերի ճշգրիտ սահմանները նշելու համար։
- Հունի հետագա աղտոտումը կանխելու և դրա մշտական մաքրման ապահովման նպատակով պետք է իրականացվեն աղբորսիչ համակարգերի (սարքավորումներ) տեղադրման և ափերի ամրացման աշխատանքներ։ Նշված աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։
- Աղբորսիչ համակարգերը պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին.
- աղբորսիչ համակարգը պետք է արդյունավետ գործի գետում ջրի ելքերի խիստ տատանումների դեպքում (հաշվարկային և դրանցից մեծ ելքեր),
- աղբորսիչ համակարգը պետք է ապահովի գետով դեպի վեր և վար ձկների անխոչընդոտ տեղաշարժը,
- աղբորսիչ համակարգերի կառուցվածքը պետք է նվազագույնի հասցնի մարդու միջամտությունը շահագործման գործընթացին,
- կուտակված աղբի հեռացումը պետք է չխոչընդոտի աղբորսիչի աշխատանքին,
- աղբորսիչ համակարգերը պետք է կառուցվեն բացառապես այնպիսի նյութերից, որոնք չեն առաջացնի ջրի աղտոտում։
- Հունի մաքրման և աղբորսիչ համակարգերի տեղադրման գործընթացը իրականացվում է «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքների պահանջներին համապատասխան։
-
Обсуждалось
13.06.2025 - 28.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение, Сельское хозяйство, Охрана природы, Территориальное управление и развитие, Водное хозяйство
-
Министерство
Министерство окружающей среды
-
Test
Просмотры 1604
Принт