«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 804-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 804-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրով որպես արդարադատության ոլորտում պետական քաղաքականութան կարևոր ուղղություն և միջոցառում ամրագրվել է հաշտարարության զարգացումը: Այս համատեքստում կատարված օրենսդրական բարեփոխումներով սահմանվել է ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտը: Մասնավորապես, 2022 թվականին ընդունված՝ «Հաշտարարության մասին» օրենքի փոփոխություններով որոշ ընտանեկան գործեր (ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ) նախքան դատարան դիմելը ենթակա կլինեն հաշտարարության: Շուտով օրենքի նշված փոփոխությունը մտնելու է ուժի մեջ, հետևաբար չափազանց կարևոր է այդ փոփոխությունների սահուն իրականացումը: Վերոնշյալ օրենսդրական կարգավորման արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել Կառավարության որոշմամբ սահմանված դրույքաչափը: Մի կողմից անհրաժեշտ է հավասարակշռել հաշտարարների պատշաճ վարձատրության հնարավորությունը և մյուս կողմից անհարկի մեծ բեռ չստեղծել քաղաքացիների համար: Հաշվի առնելով, որ հաշտարարությունը համեմատաբար նոր ինստիտուտ է անհրաժեշտ է ստեղծել բոլոր երաշխիքները հաշտարարների գործունեությունը խթանելու և գործնական խոչընդոտները հաղթահարելու նպատակով: Հաշվի առնելով հարկային բեռը, ինչպես նաև մասնագիտական հանրույթի բարձրացրած հարցը՝ մինչև երկու ժամ տևողությամբ հաշտարարության իրականացման և դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում՝ դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածի համար սահմանված հաշտարարի վարձատրության դրույքաչափի ցածր լինելու վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել վերանայել դրույքաչափը: Դրույքաչափի փոփոխությունն առնչվում է հաշտարարության իրականացման առաջին ժամի համար սահմանված դրույքաչափին, որի ավելի բարձր չափը պայմանավորված է այն հանգամանքով, որ հենց առաջին ժամն է առավել մեծ ներդրում և ջանք պահանջում, ինչպես նաև կարող է ներառել հաշտարարության ավարտի վերաբերյալ փաստաթղթի պատրաստումը, ուստի տրամաբանորեն այն պետք է լինի ավելի բարձր հաշտարարի կատարած աշխատանքը հավասարակշռելու նպատակով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Առաջարկվում է Կառավարության որոշմամբ սահմանված՝ մինչև երկու ժամ տևողությամբ հաշտարարության իրականացման և դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում՝ դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածի համար սահմանված հաշտարարի վարձատրության՝ մինչև մեկ ժամ իրականացված հաշտարարության դիմաց` 10.000 դրամի դրույքաչափը փոփոխել և սահմանել 20.000 դրամ:
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել Ազգային ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի արդյունավետ կիրարկումը, ինչպես նաև հավասարակշռել հաշտարարների վարձատրության չափը:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ չեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Հաշվի առնելով, որ որոշման համաձայն դրույքաչափը նաև որոշմամբ սահմանված դեպքերում կարող է փոխհատուցվել պետական բյուջեից կարող է ավելանալ կոնկրետ դեպքերում փոխհատուցվող միջոցների չափը, որի արդյունքում պետական բյուջեի ծախսերում առաջանալիք հնարավոր փոփոխությունները բացառապես կախված կլինեն այդպիսի դեպքերի փաստացի քանակից:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
Նախագիծը բխում է 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ Կառավարության որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից (Հավելված 1-ով հաստատված «Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում» վերնագրված ռազմավարական նպատակի շրջանակներում), ինչպես նաև Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշումից: Մասնավորապես, նշված որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարության թիվ 8-րդ նպատակի («Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում») միջոցառումների թվում է «Հաշտարարության մասին» օրենքի վերանայմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակումը։ Ի կատարումն նշվածի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունվել է ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովելուն է ուղղված սույն Կառավարության որոշումը:
-
Обсуждалось
10.06.2025 - 25.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Примирительство
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1300
Принт