Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀՀ պետական բյուջեում վերաբաշխումների և Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների իրականացման կարգը հաստատելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2025 թվականի N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխումների և Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների իրականացման կարգը` համաձայն Հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ                   

 

 

 

 

ԵՐԵՎԱՆ

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

N    -Ն որոշման

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով (այսուհետ` բյու­ջե) նախատեսված հատկացումների վերաբաշխումների (այսուհետ՝ վերաբաշխում) և Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (այսուհետ՝ պահուստային ֆոնդ) հատկացումների իրականացման գործընթացները և կանոնակարգվում են այդ գործընթացների հետ կապված հիմնական հարաբերությունները։
  2. Վերաբաշխումների և պահուստային ֆոնդից հատկացումների նպատակն է կառավարել և ֆինանսավորել բյուջեի կատարման ընթացքում առաջ եկող հրատապ, չնախատեսված, տվյալ տարվա պետական բյուջեում նախատեսված ծրագրերի գծով լրացուցիչ, ինչպես նաև ավելի առաջնահերթ կամ արդյունավետ ուղղություներով ծախսային կարիքները և օրենքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանը (այսուհետ՝ Կառավարություն) վերապահված լիազորությունների շրջանակներում բյուջեում իրականացնել վերանայումներ՝ ապահովելով հարկաբյուջետային կայունությունը, բյուջետային ծախսերի արդյունավետությունը, գործընթացի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
  3. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  1. Սույն կարգում օգտագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
  • բյուջետային հատկացում՝ բյուջետային ծրագրերի միջոցառումների գծով բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներ.
  • վերաբաշխում՝ Կառավարությանը վերապահված իրավասությունների շրջանակում՝ տվյալ բյուջետային տարվա ընթացքում բյուջետային հատկացումների միջև իրականացվող տեղափոխություն.
  • միջծրագրային վերաբաշխում՝ բյուջետային հատկացումներում իրականացվող տեղափոխություն բյուջետային տարբեր ծրագրերով նախատեսված միջոցառումների միջև.
  • միջոցառումների միջև վերաբաշխում՝ բյուջետային հատկացումներում իրականացվող տեղափոխություն բյուջետային միևնույն ծրագրի միջոցառումների միջև.
  • միջգերատեսչական վերաբաշխում՝ բյուջետային հատկացումների տեղափոխություն բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների (այսուհետ՝ գլխավոր կարգադրիչներ) միջև.
  • կատարողների միջև վերաբաշխում՝ միջոցառման շրջանակներում բյուջետային հատկացումների տեղափոխություն այդ միջոցառումն իրականացնող բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչների (կատարող մարմինների) միջև.
  • հոդվածային վերաբաշխում՝ բյուջետային հատկացումներում իրականացվող տեղափոխություն բյուջետային ծրագրի միևնույն միջոցառման տնտեսագիտական դասակարգման տարրերի միջև.
  • միջեռամսյակային վերաբաշխում՝ բյուջետային հատկացումների տեղափոխություն միևնույն միջոցառման համար սահմանված եռամսյակային համամասնությունների միջև՝ առանց միջոցառման գծով հաստատված տարեկան ընդհանուր հատկացումների մեծության փոփոխության, որոնք իրականացվում են տվյալ գլխավոր կարգադրիչի կողմից իրականացվող այլ միջոցառումների գծով ծախսերի միջեռամսյակային վերաբաշխմամբ՝ ապահովելով բյուջեի եռամսյակային հաշվեկշռվածությունը. 
  • արտաքին միջեռամս­յա­կային վերաբաշխում­՝ միջեռամսյակային վերաբաշխում տարբեր գլխավոր կարգադրիչների կողմից իրականացվող միջոցառումների կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրի ներգրավմամբ.
  • պահուստային ֆոնդ՝ բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման նպատակով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում նախատեսվող չբաշխված միջոցների ծախսային ծրագիր.
  • պահուստային ֆոնդից հատկացում՝ պահուստային ֆոնդից հատկացումների տեղափոխություն բյուջետային այլ ծրագրերի միջոցառումներին (այդ թվում՝ նոր միջոցառումների նախատեսմամբ).
  • ազատ միջոցներ՝ բյուջետային ծրագրի միջոցառման ներքո պայմանագրային կամ այլ ծախսային պարտավորություններով չծանրաբեռնված միջոցներ.
  • պետական մարմին՝ սույն կարգի շրջանակում վերաբաշխում իրականացնելու իրավասություն ունեցող բյուջետային գլխավոր և ստորադաս կարգադրիչներ.
  • ներքին վերաբաշխում՝ պետական մարմնի նախաձեռնությամբ՝ բյուջեով իրեն վերապահված հատկացումների շրջանակներում ինքնուրույն իրականացվող վերաբաշխում.
  • արտաքին վերաբաշխում՝ Կառավարության որոշմամբ իրականացվող վերաբաշխում:
  • հրատապ դեպքեր՝ սույն որոշման շրջանակում՝ բնական և/կամ տեխնածին աղետներով, ռազմական իրադրությամբ, հասարակական խռովություններով, համաճարակային իրավիճակներով պայմանավորված կամ վարչապետի կողմից տրված շտապ հանձնարարականների կատարմանն ուղղված դեպքերն են:

 

 

III. ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

  1. Վերաբաշխումների իրականացման ձևերն են.
  • ներքին վերաբաշխում.
  • արտաքին վերաբաշխում:
  1. Ներքին վերաբաշխումներն են միջեռամսյակային վերաբաշխումները՝ բացառությամբ արտաքին միջեռամսյակային վերաբաշխումների, միջոցառումների միջև վերաբաշխումները և հոդվածային վերաբաշխումները՝ բացառությամբ սույն կարգի համաձայն Կառավարության որոշմամբ իրականացվող դեպքերի:
  2. Ներքին վերաբաշխման վերաբերյալ որոշումն ընդունում է պետական մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը՝ իր հայեցողությամբ:
  3. Արտաքին վերաբաշխումներն են

միջգերատեսչական, միջծրագրային, արտաքին միջեռամսյակային, բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման դասերի փոփոխությունների, մրցութային հիմունքներով տրամադրվող հատկացումները ոչ մրցութայինի վերածող վերաբաշխումները,

  • օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերով նախատեսված միջոցների վերաբաշխումները,
  • բյու­ջետային միջոցառումների տարեկան արդյուն­քա­յին (կատարողական) ցուցանիշների փո­փոխ­մա­նը հանգեցնող վե­րա­­բաշ­խում­ները,
  • կապի­տալ բնույթի և հանրային սեփականության կառավարմանն առնչվող միջոցառումների գծով ծախսերի նվազմանը հանգեցնող վերաբաշխումները,
  • կապիտալ շինարարության և հիմնանորոգման ծրագրերում (միջոցառումներում) (ներառյալ նախագծումը, հեղինակային և տեխնիկական հսկողությունը) ընդգրկված օբյեկտների ցան­կերի կազմի և (կամ) դրանց գծով սահմանված հատկացումների փոփոխություն են­թադ­րող վերաբաշխումները
  • օրենսդրությամբ սահմանված դեպքերով այլ վերաբաշխումները, որոնք իրականացվում են Կառավարության որոշմամբ:
  1. Արտաքին վերաբաշխման վերաբերյալ որոշումն ընդունում է Կառավարությունը՝ գլխավոր կարգադրիչների կամ Ֆինանսների նախարարության ներկայացրած առաջարկի հիման վրա:
  2. Արտաքին միջգերատեսչական վերաբաշխումների մասին Կառավարության որոշման նախագիծը ներկայացվում է վերաբաշխման արդյունքում հավելյալ հատկացումներ ստացող պետական մարմնի կողմից:
  3. Արտաքին վերաբաշխման մասին Կառավարության որոշման նախագիծը, որը իրականացվում է դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ներգրավմամբ (մասնավորապես՝ բյուջեի միջեռամսյակային հաշվեկշռվածությունը ապահովելու, բյուջետային վարկեր տրամադրելու, տարեսկզբի ազատ մնացորդի և կայունացման դեպոզիտային հաշվի օգտագործման և համալրման դեպքերում) հարկաբյուջետային ռիսկերի կառավարման կամ հարկաբյուջետային կայունության ապահովման նպատակով, իրականացվում է Ֆինանսների նախարարության կողմից, կամ նախապես համաձայնեցվում է Ֆինանսների նախարարության հետ, եթե նախաձեռնող մարմինը այլ բյուջետային գլխավոր կարգադրիչ է, ,:
  4. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով հաստատված պահուստային ֆոնդը չի կարող գերազանցել տվյալ տարվա պետական բյուջեիմասին օրենքով նախատեսված ծախսերի 5 տոկոսը:
  5. Յուրաքաչյուր տարվա պետական բյուջեով պահուստային ֆոնդի ծրագրի ներքո առանձին միջոցառումների տեսքով կարող են առանձնացվել պահուստային ֆոնդի հետևյալ տեսակները.
  • ծախսային քաղաքականության պահուստներ, որոնք նախատեսվում են պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման և պետական բյուջեում չկանխատեսված ելքերի (այդ թվում՝ հրատապ և արտակարգ իրավիճակներով պայմանավորված ծախսերի) ֆինանսավորման նպատակով.
  • հարկաբյուջետային քաղաքականության պահուստներ, որոնք նախատեսվում են բյուջեի հիմքում դրված հարկաբյուջետային շրջանակից բխող հիմնական ռիսկերի (կանխատեսվածի համեմատ՝ հարկային մուտքերի ցածր մակարդակ և այլն) կառավարման նպատակով.
  • պայմանական պարտավորությունների սպասարկման պահուստներ, որոնք նախատեսվում են բյուջետային երաշխիքների և այլ պայմանական պարտավորությունների ֆինանսավորման նպատակով:
  1. Պահուստային ֆոնդից հատկացումներն իրականացվում են Կառավարության որոշումներով՝ բացառությամբ պայմանական պարտավորությունների ֆինանսավորման համար կատարվող հատկացումների:
  2. Պահուստային ֆոնդից հատկացումների վերաբերյալ առաջարկները ներկայացվում են գլխավոր կարգադրիչների կամ Ֆինանսների նախարարության կողմից՝ Կառավարության որոշման նախագծերի տեսքով:
  3. Պահուստային ֆոնդից հատկացման վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը ներկայացվում է Ֆինանսների նախարարության կողմից, եթե հատկացումներն իրականացվում են հարկաբյուջետային քաղաքականության պահուստներից:

 

  1. ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

  1. Ներքին և արտաքին վերաբաշխումների գործընթացը ներառում է հետևյալ փուլերը.
  • հավելյալ ծախսային կարիքների գնահատում.
  • ազատ միջոցների առկայության գնահատում.
  • վերաբաշխման վերաբերյալ որոշման կայացում.
  • վերաբաշխման իրականացում.
  • վերաբաշխման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:
  1. Վերաբաշխման հիմքում դրված հավելյալ ծախսային կարիքների գնահատումն (այսուհետ՝ կարիքի գնահատում), ինչպես նաև վերաբաշխման համար ազատ միջոցների առկայության և դրանց հասանելիության գնահատումն (այսուհետ՝ ազատ միջոցների գնահատում) իրականացվում է վերաբաշխման առաջարկ ներկայացնող գլխավոր կարգադրիչի կողմից:
  2. Կարիքի գնահատում իրականացնելիս հաշվի է առնվում բյուջետային ծրագրի միջոցառման իրականացման ընթացքը, այդ թվում՝ պլանավորված և ձեռք բերված ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքները, միջոցառման իրականացման հետ կապված խնդիրները, ռիսկերը և այլ հանգամանքներ, որոնք առաջ են բերում միջոցառման գծով հավելյալ ծախսերի իրականացման կամ պլանավորված ծախսերի կազմի և կառուցվածքի վերանայման անհրաժեշտություն:
  3. Կարիքի գնահատման արդյունքում հստակեցվում է հավելյալ ծախսերի կարիքի չափը, ուղղությունը և դրա նպատակահարմարության հիմնավորումը՝ այդ թվում ակնկալվող օգուտների, արդյունքների և արդյունավետության իմաստով, ինչպես նաև այդ ծախսերը չիրականացնելու հետևանքները՝ չստացված արդյունքների, ֆինանսական կորուստների, ոչ արդյունավետ ծախսերի և այլ ռիսկերի ձևավորման կամ նյութականացման տեսանկյունից:
  4. Եթե վերաբաշխման արդյունքում ձևավորվում է բյուջետային նոր միջոցառում, որը լինելու է շարունակական, ապա պետական մարմինը ներկայացնում է տվյալ միջոցառման գծով հաշվարկ-հիմնավորումները նաև հաջորդ երկու տարվա համար:
  5. Վերաբաշխման արդյունքում բյուջետային նոր միջոցառում ստեղծվելու դեպքում պետական մարմինը վերաբաշխում անելու մասին Կառավարության որոշման նախագծով ազատ միջոցներն ուղղում է պահուստային ֆոնդ՝ այնտեղից հատկացնում նոր միջոցառմանը: Նոր միջոցառմանը հատկացված գումարի չափը ներառվում է պետական մարմնի կողմից տվյալ տարվա ընթացքում կատարված վերաբաշխումների հանրագումարի մեջ:
  6. Ազատ միջոցների գնահատում իրականացնելիս հաշվի է առնվում նվազեցվող միջոցառման իրականացման ընթացքը, այդ թվում՝ գործող պայմանագրերը, ստանձնված և ստանձնվելիք ծախսային պարտավորությունները, փաստացի և հնարավոր ծախսային տնտեսումները, պլանավորված և ձեռք բերված ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքները, միջոցառման իրականացման և արդյունքների ապահովման հետ կապված խնդիրները, ռիսկերը և այլ հանգամանքներ, որոնք թույլ են տալիս եզրակացնել միջոցառման շրջանակներում ազատ միջոցների առկայության, դրանց հասանելիության և այլ ուղղություններով դրանց ծախսման հնարավորության և նպատակահարմարության վերաբերյալ:
  7. Ազատ միջոցների գնահատման արդյունքում հստակեցվում է հասանելի ազատ միջոցների չափը, ուղղությունները և այդ միջոցների նվազեցման (վերաբաշխման) նպատակահարմարության հիմնավորումը՝ այդ թվում նվազեցման ազդեցությունը միջոցառման արդյունքների և արդյունավետության վրա, ինչպես նաև նվազեցման հետևանքները՝ հնարավոր ֆինանսական կորուստների, հետագա ծախսային կարիքների և պարտքերի ձևավորման, ծախսերի արդյունավետության նվազեցման և միջոցառման իրականացման հետ կապված այլ ռիսկերի տեսանկյունից:
  8. Ներքին վերաբաշխումների դեպքում, կարիքի և ազատ միջոցների գնահատումների արդյունքում վերաբաշխումը հիմնավոր և նպատակահարմար համարվելու դեպքում՝ պետական մարմնի ղեկավարի կողմից կայացվում է որոշում ներքին վերաբաշխման վերաբերյալ:
  9. Ներքին վերաբաշխման վերաբերյալ որոշումը պետք է պարունակի տեղեկատվություն փոփոխության ենթարկվող բոլոր ծախսային ծրագրերի, միջոցառումների և տնտեսագիտական դասակարգման տարրերի, վերաբաշխվող ծախսերի մեծության և բյուջեի հավելվածներում փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորումներ վերաբաշխման նպատակահարմարության վերաբերյալ:
  10. Ներքին վերաբաշխման որոշման հիման վրա պետական մարմնի կողմից իրականացվում է վերաբաշխում՝ համապատասխան գրանցումներ կատարելով Ֆինանսների նախարարության համապատասխան բյուջետային էլեկտրոնային համակարգում (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ):
  11. Այն դեպքերում, երբ տեխնիկական կամ այլ սահմանափակումների պատճառով պետական մարմինը չի կարողանում ներքին վերաբաշխումն ինքնուրույն իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով, պետական մարմինը կարող է դիմել Ֆինանսների նախարարություն՝ պետական մարմնի անունից, վերջինիս փոխարեն գործողությունն իրականացնելու առաջարկով՝ ներկայացնելով վերաբաշխումն ինքնուրույն իրականացնելու անհնարինության հիմնավորումները: Առաջարկի հիման վրա Ֆինանսների նախարարությունը, երկու աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներքին վերաբաշխումը՝ պետական մարմնի փոխարեն համապատասխան գրանցումներ կատարելով էլեկտրոնային համակարգում, եթե առկա է սույն կարգի 25-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
  12. Ներքին վերաբաշխումների համար սույն կարգով սահմանված պահանջների ապահովման նկատմամբ հսկողությունն իրականացվում է վերաբաշխումն իրականացնող պետական մարմնի կողմից ինքնուրույն:
  13. Պետական մարմինները տրամադրում են տեղեկատվություն Ֆինանսների նախարարությանը՝ իրենց կողմից իրականացված կամ իրականացվող ներքին վերաբաշխումների վերաբերյալ՝ ներառյալ ներքին վերաբաշխումների վերաբերյալ որոշումները, վերջինիս կողմից նման հարցում ստանալու դեպքում:
  14. Ֆինանսների նախարարությունը, բյուջեի կատարման ընթացքում պետական մարմինների կողմից իրականացված ներքին վերաբաշխումներում խնդիրներ հայտնաբերելու դեպքում՝ դրանց վերաբերյալ տեղեկացնում է համապատասխան պետական մարմիններին՝ պահանջելով երկու աշխատանքային օրվա ընթացքում կարգավորել այդ խնդիրները, եթե առաջացած խնդիրները էլեկտրոնային համակարգում ինքնաշխատ եղանակով չեն կարգավորվում:
  15. Պետական մարմնի կողմից սահմանված ժամկետում ներքին վերաբաշխման հետ կապված խնդիրները չկարգավորելու դեպքում, Ֆինանսների նախարարությունն, իր հայեցողությամբ, կարող է կասեցնել խնդրահարույց վերաբաշխմանն առնչվող միջոցառումների գծով ծախսերի ֆինանսավորումը՝ մինչև խնդրի կարգավորումը:
  16. Արտաքին վերաբաշխումների դեպքում, կարիքի և ազատ միջոցների գնահատումների արդյունքում վերաբաշխումը նպատակահարմար համարվելու դեպքում՝ գլխավոր կարգադրիչի կողմից մշակվում և Կառավարության հաստատմանն է ներկայացվում Կառավարության որոշման նախագիծ արտաքին վերաբաշխում իրականացնելու վերաբերյալ:
  17. Արտաքին վերաբաշխման վերաբերյալ որոշման նախագծի փաթեթը պետք է պարունակի տեղեկատվություն փոփոխության ենթարկվող բոլոր ծախսային ծրագրերի, միջոցառումների և տնտեսագիտական դասակարգման տարրերի, վերաբաշխվող ծախսերի մեծության և բյուջեի հավելվածներում փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև վերաբաշխման նպատակահարմարության վերաբերյալ հիմնավորումներ:
  18. Եթե տվյալ տարվա բյուջեում առանձին հավելվածով սահմանվել են կապիտալ բնույթի ծախսային առաջնահերթ ծրագրեր, պետական բյուջեով լրացուցիչ ֆինանսական միջոցների առկայության պայմաններում (Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բարենպաստ միջավայրի և այլ գործոններով պայմանավորված), պետական բյուջեով նախատեսված ծախսերի կրճատման, ծախսային ուղղությունների գծով հնարավոր գերակայությունների (առաջնահերթությունների) փոփոխման արդյունքում վերաբաշխումների (փոխատեղումների), խնայողությունների առկայության պարագայում այդ ծրագրերի ֆինանսավորումը պետք է իրականացվի առաջնահերթ կարգով՝ հիմք ընդունելով համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա այդ աշխատանքների արժեքների ճշգրտումները:
  19. Արտաքին վերաբաշխման վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի փաթեթը Կառավարության քննարկմանն է ներկայացվում նախագծի վերաբերյալ Ֆինանսների նախարարության դիրքորոշման առկայությամբ:
  20. Ֆինանսների նախարարությունը, արտաքին վերաբաշխման մասին Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ դիրքորոշումը նախագիծը ներկայացնող գլխավոր կարգադրիչին է ներկայացնում նախագիծը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում, իսկ ծավալուն նախագծերի դեպքում (10 և ավելի էջ)՝ 10 օրվա ընթացքում:
  21. Նախագծի վերաբերյալ Ֆինանսների նախարարության դիրքորոշումը պարունակում է նախարարության գնահատականները և առաջարկները հետևյալ հարցերի առնչությամբ.
  • նախագծի ընդունմանն առնչվող հարկաբյուջետային ռիսկերը.
  • բյուջետային ծրագրերի կամ միջոցառումների կատարմանն ու արդյունավետությանն առնչվող ռիսկերը.
  • նախագծի փաթեթում առկա բյուջետային տեղեկատվության ամբողջականությունը և համապատասխանությանը, Կառավարության ծախսային քաղաքականության առաջնահերթություններին համապատասխանությանը և այլ հարցեր, որոնք Ֆինանսների նախարարության գնահատմամբ անհրաժեշտ է հաշվի առնել նախագծի վերաբերյալ որոշում կայացնելիս:
  1. Միջոցառումների գծով նվազեցումներ կարող են նախատեսվել միայն այն դեպքում, երբ առկա է նվազեցվող գումարի չափով ազատ մնացորդ և այն ծանրաբեռնված չէ պարտավորություններով:Մինչև նվազեցումը նախատեսող նախագծի շրջանառելը, դրանում առկա նվազեցվող ցուցանիշների փոփոխությունը՝ այն նախաձեռնող մարմնի կողմից պետք է նախնական մուտքագրման ենթարկվի Ֆինանսների նախարարության գանձապետական վճարահաշվարկային համակարգում:
  2. Գնում ենթադրող միջոցառումների մասով ֆինանսական միջոցների նվազեցումը, հիմք ընդունելով Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետը,  իրականացվում է հետևյալ կարգով.

1) մինչև պայմանագրի կողմի համաձայնությունը ստանալը պետական մարմինը նվազեցվող ցուցանիշների փոփոխությունը նախնական մուտքագրում է գանձապետական վճարահաշվարկային համակարգ.

2) պայմանագրի կողմի համաձայնությունը ստանալուց հետո՝

ա. պետական մարմինը կասեցնում է պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործընթացը՝ մինչև նվազեցման կատարման վերաբերյալ կողմերի միջև համաձայնագրի կնքումը.

բ. համաձայնության առկայությունը հիմնավորող փաստաթղթի պատճենը նախաձեռնողը մուտքագրում է էլեկտրոնային գնումների պլանների հաշվառման համակարգ (մրցույթներ բաժնում)՝ միաժամանակ նույն միջավայրում ծանրաբեռնված գումարը նվազեցնելով նվազեցվող գումարի չափով: Նշված գործողությունն իրականացնելուց հետո նույն համակարգում՝ գնումներ պլանի բաժնում, միևնույն ԳՄԱ կոդի տողից ևս իրականացվում է ֆինանսական միջոցի նվազեցումը:

  1. Արտաքին և ներքին վերաբաշխման, ինչպես նաև պահուստային ֆոնդից հատկացման ժամանակ պետական մարմինը լրացնում է նաև սույն որոշման կից Ձևաչափը: Ներքին վերաբաշխման դեպքում ձևաչափը հաստատում է պետական մարմնի ղեկավարը: Արտաքին վերաբաշխման և պահուստային ֆոնդից հատկացման ժամանակ լրացված ձևաչափը ներառվում է Կառավարության որոշման նախագծի փաթեթում:
  2. Ֆինանսների նախարարությունն իրականացնում է արտաքին և ներքին վերաբաշխումների հաշվառումը և օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դրանց արտացոլումը պետական բյուջեի կատարման հաշվետվություններում:

V ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

  1. Ներքին և արտաքին վերաբաշխումներ կարող են իրականացվել, եթե պահպանվել են սույն կարգի պահանջները՝ առկա է կարիքի գնահատում, առկա են հասանելի ազատ միջոցներ, հիմնավորված է վերաբաշխման նպատակահարմարությունը:
  2. Արտաքին վերաբաշխման որոշումները կարող են ընդունվել մինչև տվյալ տարվա դեկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթվա ավարտը: Հրատապության հիմքով վերաբաշխումներ կարող են իրականացվել մինչև բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
  3. Ներքին և արտաքին վերաբաշխումներ չեն կարող իրականացվել, եթե.
  • չեն պահպանվել են սույն կարգով սահմանված ընթացակարգերը.
  • կրճատվող միջոցառմանը տարվա ընթացքում գումարներ են տրամադրվել պահուստային ֆոնդից.
  • վերաբաշխման արդյունքում նվազեցվում են ուղղակիորեն հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով նախատեսված բյուջետային ծախսերը, և դրանք ուղղվում են այլ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը.
  • վերաբաշխման արդյունքում բյուջետային տարվա ավարտին նվազեցվող միջոցառումների գծով կարող են ձևավորվել չֆինանսավորված պարտքային պարտավորություններ, այդ թվում՝ գնումների գծով պարտավորություններ՝ առկա է կնքված պայմանագիր կամ կազմակերպված է գնման ընթացակարգ.
  • վերաբաշխումը հանգեցնում է այլ ուղղություններով հավելյալ բյուջետային ծախսերի առաջացմանը.
  • վերաբաշխումը հանգեցնում է ընթացիկ կամ հետագա բյուջետային տարիների բյուջետային եկամուտների նվազեցմանը.
  • ազատ միջոցները գոյացել են գնման գործընթացի շրջանակներում գնման մրցակցային ձևերով կամ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ձևով կնքված գործարքների արդ­յուն­քում տնտեսումների արդյունքում:
  • վերաբաշխումը հանգեցնում է օրենքով սահմանված՝ վերաբաշխումների համար նախատեսված առավելագույն տարեկան սահմանաչափի գերազանցմանը.
  • ավելացվող միջոցառումից տարվա ընթացքում կատարվել են նվազեցումներ, որոնք վերաբաշխվել են այլ ուղղություններով, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարված նվազեցումներից հետո ի հայտ են եկել պետական մարմնից անկախ գործոններ, որոնք հնարավոր չէր կանխատեսել.
  • վերաբաշխման արդյունքում նվազեցվում են արտաքին վարկերի և դրամաշնորհների ծրագրերի համաֆինանսավորման միջոցները՝ դրանք ուղղելով ներքին աղբյուրների հաշվին իրականացվող միջոցառումներին:

,Բյուջեի կատարման ընթացքում՝ հարկաբյուջետային կայունության կամ հարկաբյուջետային ռիսկերի կառավարման նկատառումներից ելնելով, Ֆինանսների նախարարությունը կարող է հանդես գալ վերաբաշխումների ժամանակավոր սահմանափակման (կասեցման) առաջարկով: Առաջարկն իր մեջ ներառում է կասեցման հիմնավորումները, տևողությունը, ուղղությունները և ներկայացվում է համաձայնեցման ՀՀ փոխվարչապետերի գրասենյակներ: ՀՀ փոխվարչապետերից համաձայնություն ստանալու դեպքում առաջարկը ներկայացվում է Վարչապետին՝ պետական մարմիններին ուղղված համապատասխան հանձնարարական կազմելու նպատակով: Եթե ՀՀ փոխվարչապետերից մեկը տալիս է բացասական կարծիք կասեցում իրականացնելու վերաբերյալ, ապա այն չի իրականացվում:

VI ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

  1. Պահուստային ֆոնդից հատկացման գործընթացը ներառում է հետևյալ փուլերը.
  • հավելյալ ծախսային կարիքների գնահատում.
  • պահուստային ֆոնդում հասանելի միջոցների առկայության գնահատում.
  • պահուստային ֆոնդից հատկացման վերաբերյալ որոշման կայացում.
  • պահուստային ֆոնդից հատկացման իրականացում.
  • պահուստային ֆոնդից իրականացված հատկացումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:
  1. Պահուստային ֆոնդից հատկացման հիմքում դրված հավելյալ ծախսային կարիքների գնահատումն իրականացվում է պահուստային ֆոնդից հատկացման առաջարկ ներկայացնող պետական մարմնի, իսկ սույն կարգի 10-րդ և 15-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ Ֆինանսների նախարարության կողմից:
  2. Պահուստային ֆոնդից հատկացման համար հասանելի միջոցների առկայության գնահատումն իրականացվում է Ֆինանսների նախարարության կողմից:
  3. Կարիքի գնահատում իրականացնելիս հաշվի է առնվում բյուջեով չնախատեսված ուղղությամբ պահուստային ֆոնդից հատկացման անհրաժեշտությունը՝ հիմնավորված անկանխատեսելի և հրատապ հանգամանքներով, այդ ծախսերի ֆինանսավորման առաջնահերթությամբ և դրանց չիրականացման հետ կապված ռիսկերով:
  4. Պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կարիքի գնահատում իրականացնելիս հաշվի է առնվում.
  • բյուջեով նախատեսված բյուջետային ծրագրի միջոցառման իրականացման ընթացքը, այդ թվում՝ պլանավորված և ձեռք բերված ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքները
  • միջոցառման իրականացման հետ կապված խնդիրները ևռիսկերը
  • այլ հանգամանքներ, որոնք առաջ են բերում հավելյալ ծախսերի ֆինանսավորման անհրաժեշտություն՝
  • այդ ծախսերը վերաբաշխման միջոցով իրականացնելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումը:
  1. Պայմանական պարտավորությունների սպասարկման համար լրացուցիչ ծախսերի կարիքը գնահատելիս հաշվի է առնվում բյուջետային երաշխիքների և այլ պայմանական պարտավորությունների հիմքում դրված պայմանների ի հայտ գալու հանգամանքները և հիմնավորումները, ինչպես նաև դրանց գնահատված մեծությունը:
  2. Կարիքի գնահատման արդյունքում հստակեցվում է պահուստային ֆոնդից հատկացման ենթակա հավելյալ ծախսերի կարիքի չափը, ուղղությունը և դրա նպատակահարմարության հիմնավորումը՝ այդ թվում ակնկալվող օգուտների, արդյունքների և արդյունավետության իմաստով, ինչպես նաև այդ ծախսերը չիրականացնելու հետևանքները՝ չստացված արդյունքների, ֆինանսական կորուստների, ոչ արդյունավետ ծախսերի և այլ ռիսկերի գեներացման կամ նյութականացման տեսանկյունից:
  3. Պահուստային ֆոնդում հասանելի միջոցների առկայության գնահատում իրականացնելիս հաշվի է առնվում պահուստային ֆոնդում առկա միջոցների մնացորդը, մինչ տարեվերջ կանխատեսվող ծախսային կարիքները և գնահատվող հարկաբյուջետային ռիսկերը, այլ աղբյուրներից ծախսերի վերաբաշխմամբ ֆինանսավորման հնարավորությունը, պահուստի համալրման հնարավորությունը և այլ հանգամանքներ, որոնք թույլ են տալիս եզրակացնել պահուստում հասանելի ռեսուրսների առկայության և առաջարկվող ուղղություններով դրանց ծախսման հնարավորության և նպատակահարմարության վերաբերյալ:
  4. Պահուստային ֆոնդում հասանելի միջոցների առկայության գնահատման արդյունքում հստակեցվում է պահուստային ֆոնդում հասանելի ազատ միջոցների չափը և այդ միջոցների հատկացման նպատակահարմարության հիմնավորումը՝ այդ թվում հատկացման ազդեցությունը հարկաբյուջետային ռիսկերի կառավարման և հարկաբյուջետային կոնսոլիդացման կարողությունների վրա:
  5. Հավելյալ ծախսային կարիքների գնահատման արդյունքում, այդ ծախսերի ֆինանսավորումը հիմնավոր և նպատակահարմար համարվելու, և այդ ծախսերը պետական մարմնի բյուջեում վերաբաշխման միջոցով իրականացնելու անհնարինության կամ ոչ նպատակահարմարության դեպքում, գլխավոր կարգադրիչի կողմից, իսկ սույն որոշմամբ նախատեսված դեպքերում՝ Ֆինանսների նախարարության կողմից, մշակվում և Կառավարության հաստատմանն է ներկայացվում Կառավարության որոշման նախագիծ՝ պահուստային ֆոնդից հատկացում կատարելու վերաբերյալ:
  6. Պահուստային ֆոնդից հատկացում կատարելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի փաթեթը պետք է պարունակի տեղեկատվություն պահուստային ֆոնդից հատկացումների կատարման արդյունքում փոփոխության ենթարկվող բոլոր ծախսային ծրագրերի, միջոցառումների և տնտեսագիտական դասակարգման տարրերի, կատարվող հատկացումների մեծության և բյուջեի հավելվածներում փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորումներ պահուստային ֆոնդից հատկացման նպատակահարմարության վերաբերյալ:
  7. Պահուստային ֆոնդից հատկացում կատարելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի փաթեթը Կառավարության քննարկմանն է ներկայացվում նախագծի վերաբերյալ Ֆինանսների նախարարության դիրքորոշման առկայությամբ:
  8. Ֆինանսների նախարարությունը, պահուստային ֆոնդից հատկացում կատարելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ դիրքորոշումը նախագիծը ներկայացնող գլխավոր կարգադրիչին է ներկայացնում նախագիծը ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
  9. Փաթեթի վերաբերյալ Ֆինանսների նախարարության դիրքորոշումը պետք է պարունակի նախարարության գնահատականները և առաջարկները հետևյալ հարցերի առնչությամբ.
  • պահուստային ֆոնդում հասանելի միջոցների առկայության գնահատականը.
  • ծախսերի ֆինանսավորման համար պետական մարմնի բյուջեում ազատ միջոցների առկայությունը և վերաբաշխման միջոցով իրականացնելու հնարավորությունը.
  • նախագծի ընդունմանն առնչվող հարկաբյուջետային ռիսկերը:
  1. Նախագծի վերաբերյալ Ֆինանսների նախարարության դիրքորոշումը կարող է անդրադառնալ նաև նախագծի փաթեթում առկա բյուջետային տեղեկատվության ամբողջականությանը և համապատասխանությանը, Կառավարության ծախսային քաղաքականության առաջնահերթություններին համապատասխանությանը, և այլ հարցերի, որոնք Ֆինանսների նախարարության գնահատմամբ անհրաժեշտ է հաշվի առնել նախագծի վերաբերյալ որոշում կայացնելիս:
  2. Պահուստային ֆոնդից հատկացում կատարելու վերաբերյալ Կառավարության որոշումն ընդունվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Ֆինանսների նախարարությունը համապատասխան գրանցումներ է իրականացնում էլեկտրոնային համակարգում:
  3. Հրատապ դեպքերում Ֆինանսների նախարարությունը Կառավարության պահուստային ֆոնդից վերաբաշխումը կատարելու մասին փոփոխությունները էլեկտրոնային համակարգում իրականացնում է Կառավարության որոշումն ընդունելուց հետո երկօրյա ժամկետում:
  4. Հրատապության հիմքով պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագծերը, Ֆինանսների նախարարության դիրքորոշմամբ հանդերձ, նախքան կառավարության քննարկմանը ներկայացվելը, ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ համաձայնեցման:
  5. Եթե տվյալ տարվա բյուջեով պահուստային ֆոնդում չի առանձնացվել պայմանական պարտավորությունների սպասարկման պահուստներ, ապա պայմանական պարտավորությունների սպասարկման նպատակով պահուստային ֆոնդից հատկացումները կարող են իրականացվել ծախսային քաղաքականության պահուստների հաշվին:
  6. Հարկաբյուջետային քաղաքականության պահուստից այլ ծախսերի ուղղությամբ ուղղակի հատկացումներ կատարվել չեն կարող:
  7. Հարկաբյուջետային քաղաքականության պահուստից նվազեցումներ կարող են կատարվել միայն պահուստային ֆոնդի այլ միջոցառումներին գումարների հատկացման ձևով: Պահուստային ֆոնդի տարբեր միջոցառումների միջև ծախսերի տեղափոխությունները սույն կարգի իմաստով չեն համարվում վերաբաշխումներ:
  8. Հարկաբյուջետային քաղաքականության պահուստից նվազեցումներ կարող են կատարվել Ֆինանսների նախարարության առաջարկով: Նվազեցման չափը և նպատակահարմարությունը որոշվում է ելնելով մինչ տարեվերջ թարմացված հարկաբյուջետային կանխատեսումներից՝ ելնելով բյուջետային տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով փաստացի ստացված եկամուտներից՝ ոչ շուտ քան վիճակագրական ծառայության կողմից երկրորդ եռամսյակի փաստացի մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակումը:
  9. Բյուջեի կատարման ընթացքում, հարկաբյուջետային ռիսկերով պայմանավորված, կարող է ծագել պահուստային ֆոնդի համալրման անհրաժեշտություն: Պահուստային ֆոնդի համալրման վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացնում է Ֆինանսների նախարարությունը՝ համաձայնեցնելով գլխավոր կարգադրիչների հետ: Պահուստային ֆոնդի համալրման աղբյուր կարող են հանդիսանալ պլանավորվածի համեմատ բյուջեի փաստացի ստացված հավելյալ եկամուտները, գլխավոր կարգադրիչների կողմից փաստացի տնտեսված միջոցները և հնարավոր տնտեսումները, միջոցառումների դադարեցման կամ վերանայման արդյունքում ձևավորված, ինչպես նաև փաստացի առկա և հասանելի ազատ միջոցները:
  10. Ֆինանսների նախարարությունն իրականացնում է պահուստային ֆոնդից հատկացումների հաշվառումը և օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դրանց արտացոլումը պետական բյուջեի կատարման հաշվետվություններում:

 

VII ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

  1. Պահուստային ֆոնդից հատկացումներ կարող են իրականացվել, եթե պահպանվել են սույն կարգի պահանջները՝ առկա է կարիքի գնահատում, պահուստային ֆոնդում առկա են հասանելի միջոցներ, հիմնավորված է պահուստային ֆոնդից հատկացման նպատակահարմարությունը:
  2. Պահուստային ֆոնդից հատկացումների վերաբերյալ որոշումները կարող են ընդունվել մինչև տվյալ տարվա դեկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթվա ավարտը: Պահուստային ֆոնդից հրատապության հիմքով հատկացումներ կարող են իրականացվել մինչև բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
  3. Պահուստային ֆոնդից հատկացումներ իրականացվում են տարվա առաջին եռամսյակից հետո, երբ արդեն առկա է պետական բյուջեի 1-ին եռամսյակի կատարողականը, բացառությամբ հրատապության հիմքով և պայմանական պարտավորությունների սպասարկման նպատակով իրականացվող հատկացումների:
  4. Պահւստային ֆոնդից հատկացումներ չեն կարող իրականացվել, եթե.
  • չեն պահպանվել սույն կարգով սահմանված ընթացակարգերը.
  • հատկացումը էապես նվազեցնում է հարկաբյուջետային ռիսկերի կառավարման և հարկաբյուջետային կոնսոլիդացման կարողությունները.
  • հավելյալ ծախսերի կարիքը հնարավոր է ֆինանսավորել վերաբաշխման միջոցով՝ առանց ծրագրերի իրականացման հետ կապված էական ռիսկեր առաջացնելու.
  • ծախսը չի հանդիսանում առաջնահերթ կամ հրատապ ծախս, կամ այն պայմանավորված չէ արտակարգ չնախատեսված հանգամանքով.
  • ավելացվող միջոցառումից տարվա ընթացքում կատարվել են նվազեցումներ, որոնք վերաբաշխվել են այլ ուղղություններով.
  • հատկացումը կապված է հետագա տարիների համար երկարաժամկետ հավելյալ ծախսային պարտավորությունների ձևավորման հետ.

7) ծախսերի ֆինանսավորման առաջարկը քննարկվել և մերժվել է բյուջեի պլանավորման փուլում՝ համարվելով ոչ առաջնահերթ կամ ոչ արդյունավետ: Սույն կարգի 69-րդ կետով տրված սահմանափակումները չեն գործում հրատապ դեպքերով  կամ արտակարգ իրավիճակներում պահուստային ֆոնդից հատկացումների դեպքում:

  1. Բյուջեի կատարման ընթացքում՝ հարկաբյուջետային կայունության կամ հարկաբյուջետային ռիսկերի կառավարման նկատառումներից ելնելով, Ֆինանսների նախարարությունը կարող է հանդես գալ կոնկրետ ուղղություններով պահուստային ֆոնդից հատկացումների ժամանակավոր սահմանափակման (կասեցման) առաջարկով: Սույն կետում նշված կասեցումները կիրառվում և դադարեցվում են Ֆինանսների նախարարության առաջարկով՝ սույն կարգի 45-րդ կետով սահմանված ընթացակարգով:
  • Обсуждалось

    26.05.2025 - 17.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1355

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: