Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1485-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի գյուղատնտեսական տարում Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրն (այսուհետ՝ ծրագիր) առավել արդյունավետ իրականացնելու, ապահովագրական ընկերությունների ռիսկերը մեղմելու և ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը խթանելու անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականից: Մինչև 2023 թվականը ծրագրային ցուցանիշները տարեցտարի աճել են։
2024 թվականին, 2023 թվականին գրանցված բարձր վնասաբերությամբ պայմանավորված վերաապահովագրական ընկերությունը դուրս եկավ հայկական շուկայից և ապահովագրական ընկերությունների ռիսկերը մեղմելու նպատակով՝ այդ գործառույթը ստանձնեց ՀՀ կառավարությունը, որը իր միջոցների հաշվին իրականացրեց նաև ապահովագրավճարի սուբսիդավորումը։
Նույն խնդիրները առկա էին նաև 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար, որով պայմանավորված ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 13-ի N 295-Լ որոշմամբ սահմանվել է, որ 2025 թվականին նախկին 50-60 %-ի փոխարեն կիրականացվի ապահովագրավճարի 70-80 %-ի սուբսիդավորում, ընդ որում Կառավարությունը սուբսիդավորման բեռը ամբողջությամբ կվերցնի իր վրա, եթե KFW-ի կողմից ֆինանսավորման այլ որոշում (առաջարկ) չներկայացվի։ 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից, Կառավարությունը կաջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով, մասնավորապես, 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը կփոխհատուցվի նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։
2025 թվականի գյուղատնտեսական տարում ապահովագրվում են 13 մշակաբույսեր (խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ) 4 ռիսկերից (գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ): Որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել ապահովագրվող մշակաբույսերի կազմում, եթե նախորդ տարի ծիրանը և խաղողը չէին ապահովագրվում, ապա այս տարի կապահովագրվեն: Կան մշակաբույսեր, որոնց համար բոլոր ռիսկերը հասանելի չեն՝ մասնավորապես, հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, գարի, վարսակ) համար հասանելի է միայն երաշտ ռիսկից ապահովագրությունը:
Սակայն խնդիրներ են առաջացել ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացում և ապահովագրական ընկերությունները վնասաբերության ռիսկերից խուսափելով երբեմն չեն կնքում ապահովագրական պայմանագրեր։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների ավելացմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով նպատակ է դրվել առաջիկա 5 տարիներին ներդնել գյուղատնտեսական մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը՝ ներառելով հիմնական մշակաբույսերը, ընդլայնել ապահովագրվող ռիսկերի ցանկը, աշխարհագրությունը՝ ներառելով բոլոր մարզերը, ստեղծել նախադրյալներ կենդանիների ապահովագրության ներդրման համար։ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Դիվերսիֆիկացում և ռիսկերի կառավարում» սկզբունքում և «Բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը և արդյունավետությունը» առաջնահերթությունում կարևորվում է ապահովագրական համակարգի աստիճանական ներդրումը։
Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծի նպատակն է 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում մեղմել ապահովագրական ընկերությունների ռիսկերը և խթանել ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը։
Նախագծով առաջարկվում է 2025 թվականի համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցվող ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարի հանրագումարի 200 տոկոսը գերազանցող գումարի չափը փոխարինել 100 տոկոսը գերազանցող գումարի չափով, որից ավելի տրամադրված ապահովագրական հատուցումները կփոխհատուցվեն Կառավարության միջոցների հաշվին։ Նախագծին տրվել է հետին ուժ՝ արդեն իսկ կնքված ապահովագրական պայմանագրերի վրա տարածելու նպատակով։
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ 2025 թվականի համար անհրաժեշտ ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը ծրագրի իրականացման համար տրամադրված Կառավարության մասնաբաժնի հաշվին։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունումը կխթանի ծրագրի շրջանակում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական պայմանագրերի կնքումը և կնպաստի 2025 թվականի գյուղատնտեսական տարում փորձնական ծրագրի արդյունավետ իրականացմանը։
-
Обсуждалось
15.05.2025 - 30.05.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1844
Принт