«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Քրեաիրավական գիտությունը պատժի նպատակներին հասնելը հնարավոր է համարում նաև մինչև դատարանի կողմից նշանակված պատժի ամբողջ ժամանակահատվածի լրանալը։ Օրենսդիրն այդ հնարավորությունը նախատեսել է պատժից ազատման ինստիտուտի շրջանակներում ընդհանրապես և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու (այսուհետ նաև՝ ՊՎԱ) ինստիտուտի կիրարկման միջոցով մասնավորապես։ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Քրեական օրենսգրքով (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) բովանդակային փոփոխության է ենթարկվել պատժից ՊՎԱ ինստիտուտը: Քննարկվող ինստիտուտը ներկայացնելիս՝ Քրեական նոր օրենսգրքում տեղ գտած առանցքային փոփոխությունը վերաբերում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հիմք հանդիսացող, պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի սահմանմանը. օրենսդիրն այն կապում է ոչ թե հանցանքի ծանրության, այլ դատարանի դատավճռով նշանակված վերջնական պատժաժամկետի հետ:
Ինչպես և Քրեական նախկին օրենսգիրքը, նոր Օրենսգիրքը ևս որպես պատժի նպատակներ է դիտարկում սոցիալական արդարությունը վերականգնելը, հանցագործությունները կանխելը, սակայն պատժի ենթարկված անձին ուղղելու փոխարեն սահմանում է առավել իրատեսական նպատակ՝ պատժի ենթարկված անձին վերասոցիալականացնելը:
1.1. Ներկա կարգավորումների պայմաններում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելիս դատարանն անձի վրա դնում է սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը, որը միտված է դատապարտյալի վերասոցիալականացմանը նպաստելուն և վերահսկողության բաղադրիչ է։ Մինչդեռ, պրակտիկայում արձանագրվում են դեպքեր, երբ ազատ արձակման պահին դատապարտյալի պատժի ժամկետից մնում է շատ կարճ ժամանակահատված (օրինակ՝ մինչև 6 ամիս), որի ընթացքում կիրառված պարտականությունները փաստացի իրավական կամ վերասոցիալականացման առումով նշանակալի ազդեցություն չեն ունենում:
Միևնույն ժամանակ, կանխվարկածն այն է, որ դատական ակտով սահմանված ազատազրկման ժամկետի ավարտին կամ դրան նախորդող ողջամիտ ժամանակահատվածում պատժի նպատակները պետք է արդեն իսկ իրացված լինեն կամ գտնվեն իրացման վերջնափուլում: Այդ դեպքում, անձի նկատմամբ վերահսկողության, պարտականությունների դնելու անհրաժեշտությունը նվազում է՝ հաշվի առնելով նաև վարչական ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։ Նման դեպքերում միակ էական և ողջամիտ պարտականությունը, որը կարող է դրվել դատապարտյալի վրա, տուժողին պատճառված վնասի հատուցման կամ հարթման պարտականությունն է։ Այս պայմանը միաժամանակ ապահովում է վերականգնողական արդարադատության սկզբունքի պահպանումը և տուժողի իրավունքների պաշտպանության հավասարակշռությունը՝ ամրապնդելով վնասի փոխհատուցման կարևորությունը:
1.2. Բացի այդ, Քրեակատարողական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ դատարանի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատումը մերժելու վերաբերյալ որոշման դեպքում հարցը կարող է կրկին ներկայացվել դատարան՝ վեց ամսվա ընթացքում՝ առանց հաշվի առնելու այդ ժամկետում մերժման հիմքում ընկած կոնկրետ հանգամանքների փոփոխման կամ վերացման հավանականությունը։ Սա հանգեցնում է երկու հիմնական խնդրի՝ ա) մեխանիկական և ոչ անհատականացված մոտեցում՝ վեցամսյա անփոփոխ ժամկետը չի արտացոլում դատապարտյալի վարքի դինամիկան, վերասոցիալականացման ընթացիկ առաջընթացը կամ նոր ի հայտ եկած հանգամանքերը, որոնք կարող են էական փոփոխություններ մտցնել դատական նախորդ որոշման հիմքում, բ) արդարադատության նպատակների նկատմամբ պակաս ճկունություն՝ նման կարգավորումը սահմանափակում է դատարանի գնահատման հնարավորությունները՝ չնայած այն բանին, որ դատապարտյալի վարքագծում կարող են գրանցվել դրական զարգացումներ, իսկ Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների զեկույցները կարող են վկայել պատժի նպատակների իրացման շուտափույթ հնարավորության մասին:
Առաջարկվող փոփոխությունն ուղղված է այդ բացի վերացմանը՝ հնարավորություն տալով դատարանին, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման մերժման որոշում կայացնելիս քրեակատարողական և պոբացիայի ծառայությունների զեկույցների ուսումնասիրման հիման վրա որոշել հատուկ ժամկետ՝ երեքից մինչև վեց ամիս, որի ավարտից հետո կրկին կարող է կրկին քննարկվել տվյալ հարցը։
Բացի այդ, անհրաժեշտ է հստակ նախատեսել, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մերժման դեպքում դատարանը պարտավոր է իր դատական ակտում հստակ և սպառիչ կերպով արձանագրել այն իրավական և փաստական հիմքերը, որոնք հաշվի առնելով մերժել է դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը, ինչպես նաև մատնանշել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված այն կոնկրետ հանգամանքները, որոնք պետք է գնահատման ենթարկվեն հարցի կրկնակի քննարկման ժամանակ։
Նման կարգավորումը թույլ կտա թե՛ դատապարտյալին, թե՛ պատիժ կատարող իրավասու մարմին՝ պատշաճ կերպով կողմնորոշվել հետագա փուլերում անհրաժեշտ բարելավումների ուղղությամբ։ Բացի այդ, դատարանի կողմից այդ հանգամանքների մատնանշման իմպերատիվ պահանջի ամրագրման պարագայում դատական ակտում չեն նշվի ընդհանուր կամ ձևական պատճառաբանություններ, այլ շեշտը կդրվի տվյալ դատապարտյալի անհատական տվյալների վրա։
Դատարանի կողմից հստակեցված հանգամանքների մատնանշումը թույլ կտա նաև պրոբացիայի և քրեակատարողական ծառայություններին իրենց զեկույցներում ավելի նպատակային անդրադառնալ այն խնդիրներին, որոնք դատարանն է վկայակոչել որպես խոչընդոտ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար։ Այսպիսով, կձևավորվի հետադարձ կապի մեխանիզմ, որը կխթանի վերասոցիալականացման նպատակային և հետևողական աշխատանքին։
Միևնույն ժամանակ, երբ դատապարտյալը տեղեկացված է այն հանգամանքների մասին, որոնց անհամապատասխանությունը խոչընդոտել է իր պայմանական ազատմանը, ապա այդ անձը իրական հնարավորություն ունի ուղղելու վարքագիծը և ներկայացնելու ավելի ամբողջական փաստական հիմքեր հաջորդ դիմումի քննարկման ժամանակ։
Այսպիսով, այս փոփոխությունները կուժեղացնեն պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ իրավական կարգավորումների ճկունությունն ու անհատականացված կիրառումը՝ միաժամանակ պահպանելով համակարգի կայունությունն ու կանխելով չարաշահումների հնարավորությունը։
1.3. Հարկ է նկատի ունենալ, որ բողոքների քննության տեսանկյունից Քրեակատարողական օրենսգրքով նախատեսված ներկա կարգավորումները թերի են: Մասնավորապես, Քրեակատարողական օրենսգրքի 122-րդ հոդվածով նախատեսված չեն պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ ընդունած որոշումը վերադասության կարգով բողոքարկելու և դատապարտյալի պահանջը չբավարարվելու դեպքում, այդ որոշումը դատական կարգով բողոքարկելու համար հատուկ ժամկետներ:
Նախատեսված չէ նաև դատապարտյալի կողմից բողոքի ներկայացման ժամկետի հաշվարկման կարգն այն դեպքում, երբ բողոքը փոստին է հանձնվում բողոքարկման ժամկետը լրանալուց առաջ, իսկ անազատության մեջ պահվող կամ բժշկական հաստատությունում գտնվող անձանց համար՝ եթե բողոքը մինչև ժամկետը լրանալը հանձվում է համապատասխան հաստատության վարչակազմին:
1.4. Բողոքի բովանդակությանը ներկայացվող պահանջներում նշված չէ բողոքը ներկայացնելու տարին, ամիսը, օրը:
1.5. Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելքը մարդու հիմնարար իրավունք է, և այդ արգելքը որևէ վերապահում կամ բացառություն չունի: Սա նշանակում է, որ որևէ հանգամանք չի կարող հիմնավորել մարդու նկատմամբ խոշտանգումը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը, պատիժը, այդ թվում՝ մարմնական պատիժները: Խոշտանգումից զերծ մնալու իրավունքը ևս ունի և՛ նյութաիրավական, և՛ դատավարական ասպեկտներ: Այսինքն, պետությունը մի կողմից պարտականություն է կրում կանխարգելելու բռնության, վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի տակ գտնվող մարդկանց անվտանգությունը, մյուս կողմից, պարտավոր է անհապաղ և նպատակաուղղված քննություն իրականացնել՝ դրա մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, եթե մարդը ենթարկվել է բռնության: Խոշտանգումների արգելքը՝ որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 16 նպատակի իրագործմանը, այն է՝ «Զգալիորեն նվազեցնել բռնության բոլոր ձևերը և դրանց առնչվող մահերի ցուցանիշը» (16.1):
Առկա կարգավորմամբ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դրսևորման կասկածի պարագայում դատարանը ունի ժամանակային սահմանափակվածություն, այն է՝ 24 ժամվա ընթացքում բողոքը քննելու և որոշում կայացնելու: Հարկ է նկատել, որ համանման կարգավորում առկա չէ, երբ նույնաբովանդակ բողոք է ներկայացվում վերադաս մարմնին: Վերոգրյալի հաշվառմամբ և նկատի ունենալով հարցի կարևորությունը՝ անհրաժեշտ է, որ վերադաս մարմինը նույնպես ունենա խիստ ժամանակային սահմանափակվածություն:
1.6. Որպես ընդհանուր կանոն, դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերը դատարանը քննում և որոշում է կայացնում դատական վարույթ հարուցելու պահից 15-օրյա ժամկետում: Այս կանոնից բացառություն են կազմում միայն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու կամ պատժից ազատելու հարցերը, որոնք դատարանը քննում և որոշում է կայացնում վարույթ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում և անձի կյանքին սպառնացող վտանգի, խոշտանգման, վատ վերաբերմունքի այլ դրսևորման վերաբերյալ բողոքը, որը որոնք դատարանը քննում և որոշում է կայացնում դատական վարույթ հարուցելու պահից 24 ժամվա ընթացքում:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Առաջարկվող կարգավորումները միտված են քրեական և քրեակատարողական օրենսդրության լավարկմանը:
Նախագծերով առաջարկվում է՝
- Քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածում լրացում կատարելու միջոցով հնարավորություն ընձեռել դատարանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելիս այն դատապարտյալի վրա, ում պատժի չկրած մասը չի գերազանցում 6 ամիսը, չդնել որևիցե պարտականություն՝ բացառությամբ տուժողին պատճառված իրական վնասը հատուցելու կամ հարթելու պարտականություն, եթե դատապարտյալը դեռևս չի հատուցել կամ այլ կերպ հարթել դա:
- Քրեակատարողական օրենսգրքի 133-րդ հոդվածի 13-րդ մասը և 134-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ ամրագրելով, որ դատարանի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զեկույցների ուսումնասիրման հիման վրա դատարանն է սահմանում երեքից մինչև վեց ամիս ժամկետ, որից հետո կարող է կրկին քննարկվել դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը։
Բացի այդ, դատարանը դատական ակտում պետք է նշի նաև Քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված այն հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնվեն դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը կրկին քննարկելու ժամանակ։
- Հստակեցնել իրավասու մարմնին բողոք ներկայացնելու պահանջները, դատական կարգով բողոքարկման ժամկետները և բողոքարկման ժամկետը բաց թողնված չհամարելու դեպքերը: Մասնավորապես, առաջարկվում է նախատեսել, որ պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ ընդունած որոշումը վերադասության կարգով բողոքարկելու և պահանջը չբավարարվելու դեպքում այն կարող է դատարան բողոքարկվել տասնհինգօրյա ժամկետում: Այդ ժամկետի սկիզբն է`
1) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի պետի, այդ հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմին ուղղված բողոքի մերժման որոշումը կամ բավարարումից տարբերվող պատասխանն ստանալու օրը,
2) բողոք ներկայացնելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետը լրանալու օրը, եթե բողոքի վերաբերյալ պատասխան չի ստացվել:
- Հստակ ամրագրել, որ բողոքի ներկայացման ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, իսկ անազատության մեջ պահվող կամ բժշկական հաստատությունում գտնվող անձանց համար՝ եթե բողոքը համապատասխան հաստատության վարչակազմին հանձնված է մինչև ժամկետը լրանալը:
- Բողոքի բովանդակությանը ներկայացվող պահանջներում նշել նաև բողոքը ներկայացնելու տարին, ամիսը, օրը:
- Նախատեսել կարգավորում վերադաս մարմնի կողմից խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների քննության ժամկետի վերաբերյալ: Մասնավորապես, առաջարկվող կարգավորմամբ վերադաս մարմինը խոշտանգման կամ վատ վերաբերմունքի մասին բողոքը քննում և որոշում է կայացնում վարույթ նախաձեռնելու պահից 24 ժամվա ընթացքում: Ինչն էլ իր հերթին կբարձրացնի խոշտանգման կամ վատ վերաբերմունքի առկայության դեպքում ձեռնարկվող գործողությունների արդյունավետությունը:
- Նախատեսել նաև պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների դատական քննության 10-օրյա ժամկետ:
- Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը միտված է կատարելագործելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգը և պատիժ կատարող հիմնարկների կամ մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության կամ ընդունած որոշումների բողոքարկման և բողոքների քննության մեխանիզմները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագծերի փաթեթը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1674-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի 3.2-րդ և 3.9-րդ կետերից:
-
Обсуждалось
12.05.2025 - 28.05.2025
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Пробация, Уголовно-исполнительная, Уголовное законодательство
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 2200
Принт