ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Հիմնավորում
«Պետական տուրքի և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1․Կարգավորման ենթակա խնդիրը.
Սույն օրենքը կարգավորում է մինչև 2019 թվականի հունիսի 29-ը ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.6-րդ կետով նախատեսված պետական տուրքի և պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի գծով համաներման հետ կապված հարաբերությունները:
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2015-2019թթ. գործող խմբագրության 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.6-րդ կետով սահմանված են եղել ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար պետական տուրքի դրույքաչափերը՝ ամսական, եռամսյակային և տարեկան տուրքերի ձևով: 2019 թվականի հունիսի 29-ին ուժի մեջ մտած՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (25.06.19թ. ՀՕ-69-Ն) 2-րդ հոդվածի 5-րդ մասով Օրենքի՝ ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզավորման համար սահմանված պետական տուրքեր սահմանող նորմերը (19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.6-րդ կետ) ուժը կորցրած են ճանաչվել, սակայն գործունեությունը շարունակում է համարվել լիցենզավորման ենթակա: 2015-2019 թթ․ ընթացքում ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման բնագավառում լիցենզիաներ են տրամադրվել 10950 ֆիզիկական անձանց: Նշված ժամանակահատվածում սույն գործունեությունը իրականացնող ավելի քան 5000 ֆիզիկական անձանց մոտ կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ, որի ընդհանուր գումարը կազմում է 1 342 211 152 ՀՀ դրամ, որից տուրքը՝ 927 160 504 ՀՀ դրամ, իսկ տույժը՝ 415 050 648 ՀՀ դրամ:
2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման ոլորտում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները: Հաշվի առնելով, որ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման ավելի քան 90-ը կենտրոնացված են ուղևորափոխադրումների պատվերներ ընդունող և փոխանցող էլեկտրոնային հարթակներում (այսուհետ՝ Հարթակ)՝ կանոնակարգվեց Հարթակների գործունեությունը՝ ուղևորափոխադրման սույն ծառայության մատուցումը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի պահանջներին համապատասխան ներառելով ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկում։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Հարթակներով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ուղևորների փոխադրման յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում՝ փոխադրման ընդհանուր արժեքի մասին տեղեկատվության և պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի տրամադրումը պատվիրատուին, ինչպես նաև փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքի հաշվարկը, գանձումը և վճարումը պետական բյուջե՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով և կարգով, ընդ որում՝ ըստ նոր կարգավորման՝ ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը թույլատրվում է միայն Հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով։ «Պետական տուրքի մասին» օրենքի 19․7 հոդվածի 2-րդ մասով սահմանվեցին թեթև մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումների իրականացման համար պետական տուրքի կանխիկ և անկանխիկ վճարումների չափերը, որը կազմում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 1,5-ից մինչև 5-ը՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում աճման դինամիկայով։
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության՝ 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հարթակներում ներառված են 60-65 հազար ֆիզիկական անձինք, որոնց կողմից գեներացվում են հաշվիչ դրամարկղային կտրոններ և Հարթակների միջոցով պետական բյուջե է մուտքագրվել 330 մլն․դրամ պետական տուրք։ Հատկանշական է, որ ներկայումս Հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ծառայություն են մատուցում նաև 2015-2019 թթ ընթացքում պետական տուրքի պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց բացարձակ մեծամասնությունը, որոնք դեռևս զբաղվում են սույն գործունեությամբ։
Մինչև 2019 թվականի հունիսի 29-ը ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.6-րդ կետով նախատեսված պետական տուրքի և պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի գծով համաներում կիրառելու նախաձեռնության համար հիմք են հանդիսանում լիազոր մարմնի կողմից արձանագրած փաստերն առ այն, որ․
1) ՀՀ գործող օրենսդրությունը հստակ նորմով որևէ ժամկետային սահմանափակում չի նախատեսում պետական տուրքի գանձման վերաբերյալ վարչարարություն իրականացնելու համար, այնուամենայնիվ, հանրային դրամական պահանջի ձևով ֆիզիկական անձանց նկատմամբ 2015-2019թթ․ գոյացած պարտքերի գանձման համար իրականացվող վարչարարությունը կարող է դատական վերահսկողության փուլում վիճահարույց լինել՝ հաշվի առնելով պետական տուրքի գանձման մասին վարչական ակտն ընդունած վարչական մարմնի նման լիազորությամբ վարչական ակտի ընդունման պահին օժտված լինելու հանգամանքի ոչ միանշանակ լինելը (քննարկվող գործունեության տեսակը այլևս լիցենզավորման ենթակա չլինելու դեպքում վիճահարույց է նաև ներկայումս լիազոր մարմնի կողմից տուրքի գանձման մասին որոշումներ կայացնելու լիազորությունը), ինչպես նաև դատարանների կողմից այլ իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավադադարեցնող ժամկետները քննարկվող իրավահարաբերության նկատմամբ կիրառելու տեսական հնարավորությունը:
2) 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումների հետևանքով թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ծառայություններ մատուցող, այդ թվում՝ 2015-2019թթ․ գործունեության համար պետական տուրքի պարտավորությունների պատճառով վարչարարության ենթակա և ներկայումս սույն ծառայությունը մատուցող ֆիզիկական անձինք, այժմ գործում են օրինական դաշտում՝ Հարթակների միջոցով թափանցիկ իրականացնելով յուրաքանչյուր պատվերի արժեքի մասին տեղեկատվության և պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի պատվիրատուին տրամադրումը և փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքի վճարումը պետական բյուջե: Նախկինում գոյացած պետական տուրքի և տույժերի պարտավորությունների նկատմամբ համաներումը լիազոր մարմինը դիտարկում է որպես խրախուսանք՝ ծառայությունների մատուցման գործունեությունը ստվերային դաշտից օրինական միջավայր տեղափոխելու և «Պետական տուրքի մասին» օրենքի 19․7 հոդվածի 2-րդ մասով սահմանված վճարումների պարտաճանաչ կատարման շրջանակում:
3) Համաներման կիրառումը լիազոր մարմինը դիտարկում է նաև կիրառվող համաներման հասցեատեր-շահառուների սոցիալական վիճակը բարելավելու տեսանկյունից:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից։
5․ Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման շուկան ավելի քան 90-ով կենտրոնացած է Հարթակներում։ Հարթակներից դուրս ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման պատվերների բացակայության հետևանքով ֆիզիկական անձինք սույն ծառայությունը մատուցում են Հարթակներում գրանցվելու միջոցով, հետևաբար՝ անխուսափելիորեն կատարելով պետական տուրքի վճարման պարտականությունները որը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը աճման միտումով կազմելու է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի մինչև 5-ը։ Նախագծի ընդունումը և հետևաբար՝ ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց 2015-2019թթ․ պետական տուրքի պարտավորությունների համար գոյացած ապառքի համաներումը նպատակ է հետապնդում խրախուսել անհատապես ուղևորափոխադրումների ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց՝ օրենքի շրջանակում ծառայություններ մատուցելու, մասնավորապես՝ պետական տուրքի պարտավորությունները կատարելու և 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտած՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման ոլորտում օրենսդրական նախաձեռնությունների վերջնական արդյունքներին հասնելու ռիսկերը չեզոքացնելու և ավարտին հասցնել համար:
- Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Հաշվի առնելով, որ սույն օրենքի նախագծում պետական տուրքի և պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի գծով համաներման ենթակա գումարը պետական բյուջեի ակնկալվող եկամուտներում ներառված չէ՝ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի 2025 թվականի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
08.05.2025 - 25.05.2025
-
Тип
Закон
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 709
Принт