«ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Իրավական ակտը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) N 2 հավելվածի 1.1 կետով սահմանված պահանջները ապահովելու նպատակով։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Տեքստիլ արդյունաբերությունը ՀՀ կառավարության կողմից սահմանված գերակա և տնտեսության առանցքային ճյուղերից է, որն ապահովում է հազարավոր աշխատատեղեր, հատկապես կանանց համար։ Շատ գործարաններ և արտադրամասեր գործում են Երևանից դուրս՝ մարզերում, որտեղ բարձր գործազրկության պայմաններում դա մեծ նշանակություն ունի։ Հայաստանից տեքստիլ արտադրանքներ արտահանվում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, ԵՄ երկրներ և ԱՄՆ։ Ընդլայնվող արտահանման ծավալները նպաստում են արտարժույթի հոսքին և ՀՀ վճարային հաշվեկշռի բարելավմանը։ Տեքստիլ ոլորտի զարգացումը խթանում է նաև հումքի տեղական արտադրությունը (օրինակ՝ բամբակ, բրդյա արտադրանք) և հարակից ոլորտները՝ տրանսպորտ, փաթեթավորում, մարքեթինգ։ Չնայած վերջին տարիների ոլորտի աճին, դեռևս մի շարք խնդիրներ մնում են անլուծելի, մասնավորապես՝
- հումքի սահմանափակ հասանելիություն․ Հայաստանում գրեթե չկա տեղական արտադրության հումք (բամբակ, սինթետիկ թելեր և այլն), և ըստ այդմ ամբողջ հումքը ներմուծվում է, ինչը ինչը դարձնում է արտադրությունը խոցելի արտարժույթի տատանումների և լոգիստիկ խափանումների հանդեպ։
- արտադրական բազաների տեխնոլոգիական հնացում. շատ ձեռնարկություններ աշխատում են հին սարքավորումներով, որոնք չեն ապահովում ժամանակակից որակ և արտադրողականություն, իսկ նորագույն ավտոմատացված գծերի ներդրումը դանդաղ է՝ բարձր արժեքի և ներդրումային ռիսկերի պատճառով։
- մարդկային կապիտալի պակաս․ քիչ են ոլորտի որակավորված մասնագետները, ոլորտին նվիրված կրթական ծրագրերը։ Կարի, դիզայնի, կտորների մշակման, կոնստրուկտոր մոդելավորողի որակավորում ունեցող որակյալ մասնագետներ շատ քիչ են։ Երիտասարդները հիմնականում չեն դիտարկում տեքստիլ ոլորտը որպես հեռանկարային մասնագիտություն։
- ներքին շուկայի փոքր ծավալ. տեղական շուկան սահմանափակ է՝ ինչպես գնողունակության, այնպես էլ սպառման մշակույթի առումով։ Մրցակցությունը ներմուծվող, էժանագին ապրանքների հետ շատ բարձր է։
- արտահանման կազմակերպման դժվարություններ. շատ արտադրողներ չունեն փորձ և ռեսուրսներ՝ արտահանման շուկաներ մուտք գործելու։
- բրենդի և ճանաչելիության խնդիր. հայկական տեքստիլ ապրանքները միջազգային շուկայում ճանաչված չեն՝ ո՛չ բրենդով, ո՛չ ոճով։ Բացակայում է միասնական "Made in Armenia" բրենդի քաղաքականություն այս ոլորտում։
- ֆինանսավորման սահմանափակ հնարավորություններ. փոքր և միջին արտադրողների համար կան վարկերի հասանելուիության դժվարություններ։ Ներդրումների համար ոլորտը դիտարկվում է որպես ոչ այնքան շահավետ՝ բարձր ռիսկերի պատճառով։
Վերլուծելով վերոնշյալ խնդիրները և ղեկավարվելով Որոշման N 2 հավելվածի 1.1 կետով սահմանված պահանջներով՝ մշակվել է սույն Նախագիծը։
Հարկ է նշել, որ Որոշման N 2 հավելվածով սահմանվում է, որ տեքստիլ ոլորտի օպերատորը և նրա գործունեությունը պետք է հիմնված լինեն Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ստեղծման փորձի վրա։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով նախատեսվում է ստեղծել տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամ, որին վերապահված են լինելու ոլորտի օպերատորի գործառույթները։ Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է:
Տեքստիլ ոլորտի օպերատորի ստեղծումը կնպաստի ոլորտի կենտրոնացված, համակարգված զարգացմանը, և կապահովի Որոշմամբ սահմանված օպերատորին վերապահված գործառույթների իրականացումը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Առաջարկվող նախագծի ընդունումը հնարավորություն կտա իրականացնել ՀՀ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման N 2 հավելվածով սահմանված միջոցառումները։
Օպերատորի ստեղծումը կնպաստի ոլորտի համաչափ զարգացմանը, մասնավորապես՝
- ոլորտի համակարգված և կենտրոնացված զարգացում. օպերատորը կարող է համակարգել տեքստիլ ոլորտում գործող մասնավոր և պետական նախաձեռնությունները, նպաստելով ռեսուրսների նպատակային օգտագործմանը և կրկնվող աշխատանքների բացառմանը,
- ներուժի բացահայտում և խթանում. օպերատորը կարող է իրականացնել ոլորտի լայնածավալ քարտեզագրում,
- հանրային ու մասնավոր հատվածների կապող օղակ. օպերատորը կարող է դառնալ միջնորդ պետական հատվածի, մասնավոր արտադրողների, կրթական հաստատությունների, ներդրողների, դիզայներների և նորաձևության ոլորտի այլ մասնագետների, տեղական և միջազգային գործընկերների միջև,
- մրցունակության բարձրացում և արտահանման խթանում. օպերատորը կարող է աջակցել որակի ստանդարտների ներդրմանը, սերտիֆիկացման գործընթացների աջակցությանը, խթանել էլեկտրոնային հարթակներում վաճառքների իրականացմանը, ապահովել հայկական ընկերությունների՝ միջազգային ցուցահանդեսների մասնակցությունը, նպաստել հայկական արտադրանքի բրենդավորման և միջազգային ճանաչելիության բարձրացմանը, կազմակերպել հայկական արտադրանքների պորտֆելային ներկայացումներ,
- մարդկային կապիտալի զարգացում. օպերատորը կարող է աջակցել ոլորտի մասնագետների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը՝ վերապատրաստումների, նոր առավել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ։
- աշխատատեղերի ստեղծում և սոցիալական ազդեցություն. տեքստիլ արդյունաբերության ոլորտը կարող է մեծ ազդեցություն ունենալ հատկապես մարզերում՝ զբաղվածության, մասնագիտացման և տնտեսական ակտիվության տեսանկյունից։ Օպերատորը կարող է նպաստել այդ սոցիալական քաղաքականության իրականացմանը՝ նպաստելով սոցիալական հավասարությանը։
Օպերատոր հիմնադրամը կգործի որպես ոլորտի զարգացման ինստիտուցիոնալ հենասյուն, որին վերապահվելու է քաղաքականությունների իրագործման, ծրագրերի իրականացման և գործընկերների ներգրավման գործառույթ։ Հիմնադրամի ստեղծումը կնպաստի տեքստիլ արդյունաբերության համակարգված զարգացմանը՝ լուծելով ոլորտում առկա կառուցվածքային, մարդկային և տեխնոլոգիական խնդիրները։ Այն կդառնա հարթակ պետական, մասնավոր և կրթական հատվածների համագործակցության համար՝ ապահովելով արտադրության արդիականացում, արտահանման խթանում և մարդկային ներուժի հզորացում։ Հիմնադրամը կխթանի մարզային զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը և հայկական տեքստիլի միջազգային ճանաչելիությունը։
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում փոփոխություններ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Կառավարության նախագիծը ուղղակիորեն բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «2. Տնտեսություն» գլխի «2․1 մշակող արդյունաբերություն» կետից։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման N 2 հավելվածի 1.1 կետից։
-
Обсуждалось
07.05.2025 - 22.05.2025
-
Тип
Pешение
-
Область
Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1422
Принт