Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

       Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման հավելված 1-ի 43-րդ կետով սահմանված է, որ մինչև ռազմաուսումնական հաստա­տությունների ընդունելության ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը ներկայացվելը ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար դիմած քաղաքացիները փորձաքննվում են զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովների կողմից՝ անցնելով նույն որոշման N 2 հավելվածով զորակոչի համար նախատեսված հետազոտությունները, ԷխոՍԳ, ինչպես նաև անհրա­ժեշտության դեպքում՝ այլ հետազոտություններ, իսկ 52-րդ կետով սահմանված է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ զորակոչի միջոցա­ռումներին ներգրավված քաղաքացիները ուղեգրվում են նաև հատուկ և դժվարա­մատչելի ախտորոշիչ հետազոտությունների։ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշումը զինվորական կոմիսարիատների ուղեգրով նախատեսում է միայն բժշկական օգնության և հիվանդանոցային փորձաքննության իրականացնելու հնարա­վորություն, անհրա­ժեշտություն է առաջանում որոշման մեջ կատարել լրացում՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման հավելված 1-ի 43-րդ և 52-րդ կետերով նախատեսված հետազոտությունների իրականացումն ապահովելու նպատակով։

Կառավարության 2004 թվականի մարտի 318-ն որոշման մեջ 2024 թվականի դեկտեմբերի 27-ի №2093-Ն որոշմամբ կատարվել են լրացումներ, որի արդյունքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց ֆինանսավորման պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքի կիրառման շնորհիվ տեղի է ունեցել մատուցվող բուժօգնության և սպասարկման ծառայությունների ամբողջականության, որակի և հասանելիության բարելավում, սակայն Որոշման նոր խմաբգրությամբ մի շարք դրույթների ձևակերպումը կարող է առաջացնել անորոշություններ շահառուների և բժշկական կազմակերպությունների պատասխանատուների մոտ, ինչպես նաև առկա է որոշ դրույթների բովանդակության կրկնություն՝ մասնավորապես, Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության և զինվորական հոսպիտալների կողմից ուղեգրվող շահառուների մասով 4-րդ հավելվածի 5-րդ կետի 6-րդ ենթակետ: Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 26-րդ և 27-րդ ենթակետերը բովանդակային առումով կրկնօրինակում են նույն կետի՝ համապատասխանաբար, 19-րդ և 20-րդ ենթակետերի բովանդակությունը:

       Նախորդ խմբագրությամբ գործող Որոշմամբ անվճար բուժօգնության և սպասարկման արտոնություն ունեցող որոշ շահառուների մասնավորապես, 2020 թվականին և դրանից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում խեղում, վնասվածք, հիվանդություն ստացած անձանց համար փոփոխությունների արդյունքում այդ արտոնությունների կիրառումը դադարեցվել է, ինչը հանգեցրել է նրանց վիճակի վատթարացման:

         Մի քանի այլ լրացումներով առաջարկվում է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակի ընդլայնում և տրամադրման կարգի բարելավում: Մասնավորապես, վերը նշված խմբի շահառուների համար առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ուռուցքային հիվանդությունների ճառագայթային բուժումն իրականացնել անվճար հիմունքներով, ինչը համահունչ է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ամրագրված նպատակներին (ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի №1902-Լ որոշման հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի նպատակ 3, միջոցառում 3.1): Նման մոտեցումն առաջարկվել էր 2024 թվականի դեկտեմբերի 27-ի №2093-Ն որոշման նախագծում ընդգրկելու համար, սակայն այն չընդունվեց՝ նոր շահառուների ավելացման, հաշվարկների իրականացման և ծախսերի գնահատման անհարժեշտության պատճառաբանությամբ: Վերջին 4-5 տարվա վիճակագրության ուսումնասիրությունների արդյունքներն արձանագրում են, որ նշված սոցիալական խմբից այդպիսի ծառայության կարիք ունեցողների (հոսպիտալներից ուղեգրվողների) թիվը տարեկան չի գերազանցի 70-ը, և ծախսի առումով խոսքը գնում է տարեկան մինչև 50 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորման մասին (32000դրամ (մեկ սեանսի արժեքը արտոնյալ պայմաններով) x 20 (սեանսների քանակը բուժման ընթացքում՝ միջինացված) x 70 (շահառուների տարեկան թվաքանակը) = 44,8 մլն դրամ):

         Մեկ այլ լրացմամբ զինծառայողների սոցիալական երաշխիքների ընդլայնման և դրանով զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է նշված սոցիալական խմբի շահառուների համար անվճար բուժօգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում ընդգրկել զինծառայողի համար զգալի ֆինանսական ծանրաբեռնվածություն առաջացնող՝ բուժման համար անհրաժեշտ թանկարժեք դեղորայքի, արյան և նրա բաղադրիչների, բժշկական սարքավորումների արժեքի փոխհատուցումը: Առաջարկության ընդունմամբ կլուծվի նաև 2023 թվականի սեպտեմբերի 5-ին կայացած ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստի արդյունքում №ԿԱ/262-2023 արձանագրությամբ հանձնարարված՝ ախտորոշիչ հետազոտությունները և էնդոպրոթեզավորման ծառայությունները անվճար և արտոնյալ պայմաններով բնակչությանը տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալներում ներառելու խնդիրը: Զինծառայողների լիարժեք բուժման և ռազմաբժշկական փորձաքննության կազմակերպման գործում խնդրահարույց է նաև թանկարժեք և դժվարամատչելի ծառայությունների տարեկան քանակային սահմանափակումը (օրինակ՝ ՄՌՇ-հետազոտությունը), ինչը նույնպես առաջարկվում է կարգավորել:

      Բացի այդ, առաջարկվում է Պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նրանց հավասարեցված համակարգի այլ անձանց բուժօգնությունն իրականացնել առանց հերթագրման, ինչը խիստ անհրաժեշտ է զինծառայողների բուժման և ռազմաբժշկական փորձաքննության կազմակերպման սահմանված ժամկետների պահպանման, Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների մարտունակությունն ու ֆունկցիոնալությունն ապահովելու և ռազմաբժշկական հաստատությունների գերծանրաբեռնվածությունը նվազեցնելու առումով:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Որոշման նախագծի համաձայն հստակեցվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման սկզբունքները և կարգը, բարելավվում է բնակչության հատուկ խմբերի շահառուներին մասնավորապես, զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, զինվորական կենսաթոշակառուներ, զինհաշմանդամներ, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ մատուցվող բժշկական օգնության և սապսարկման ծառայությունների որակի և հասանելիության մակարդակը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

      Որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ չեն սպասվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և (կամ) այլ ռազմավարություններ

       Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 9-րդ կետի պահանջների արդյունավետ ապահովման, ի դեմս՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության բարձրացումը Կառավարության ուշադրության կենտրոնում գտնվելու, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները մեծացնելու, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական ծրագրերը նոր թափ ստանալու հետ:  

 

  • Обсуждалось

    06.05.2025 - 21.05.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1213

Принт

Предложения

J W

21.05.2025

Նկատառումներ 318 որոշման ՝ ներկայիս գործող տարբերակի (Որոշում) և առաջարկվող փոփոխությունների (Նախագիծ) վերաբերյալ. 1. Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի դրույթով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք է վերապահվում պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավման ենթակա անձանց համար՝ միայն հիվանդանոցային բժշկական օգնության և հիվանդանոցային փորձաքննության պարագայում, սակայն վարժական հավաքների կանչվածների ճնշող մեծամասնության համար այդ հետազոտությունները հիվանդանոցային պայմաններում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, և դրանք իրականացվում են արտահիվանդանոցային պայմաններում: Ներկա իրավիճակում վարժական հավաքներին կանչվողների ռազմաբժշկական փորձաքննության համար անհրաժեշտ բժշկական տվյալներն ապահովելու նպատակով զինկոմիսարիատները քաղաքացիներին առաջարկում են թանկարժեք և դժվարամատչելի հետազոտություններն (օրինակ՝ մագնիսառեզոնանսային հետազոտություն, համակարգչային շերտագրում և այլն) անցնել սեփական միջոցների հաշվին, ինչի հնարավորությունը քաղաքացիների զգալի մասը չունի: Արդյունքում, զինվորական ծառայության համար ոչ պիտանի լինելու փաստը զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովներն արձանագրում են միայն վճարունակ քաղաքացիների կողմից համապատասխան բժշկական հետազոտությունների արդյունքները ներկայացնելու պարագայում, իսկ սեփական միջոցների հաշվին հետազոտվելու հնարավորություն չունեցող քաղաքացիները՝ զինվորական ծառայության համար փաստացի ոչ պիտանի վիճակում բավարար փաստարկներ չունենալով, տեսականորեն կարող են ընդգրկվել վարժական հավաքներին: Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է Որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետում «հիվանդանոցային բժշկական օգնություն և հիվանդանոցային փորձաքննություն» բառերը փոխարինել «զինկոմիսարիատների կողմից հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար ուղեգրման պարագայում» բառերով: 2. Որոշման 4-րդ հավելվածի 5-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն՝ «Զինվարոկան ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում սահմանված անձանց ուղեգրումները պետք է իրականացվեն բացառապես ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության, զինվորական հոսպիտալների և ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի միջոցով, սակայն նշված Օրենքի դրույթով սահմանված անձանց շրջանակում են նաև Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներում, քրեակատարողական ծառայությունում և Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քրեակատարողական ծառայության և Ոստիկանության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք, որոնց ուղեգրումը ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության, զինվորական հոսպիտալների և ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի միջոցով փաստացի իրագործելի չէ: Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է Որոշման 4-րդ հավելվածի 5-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում սահմանված» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարությունում քաղաքացիական ծառայության կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող» բառերով: 3. Համաձայն ներկայացված Նախագծի՝ Որոշման 4-րդ հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետի լրացմամբ առաջարկվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններն առանց հերթագրման կազմակերպել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում սահմանված անձանց համար, որոնց շրջանակում նշված Օրենքի դրույթով ընդգրկվում են նաև Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներում, քրեակատարողական ծառայությունում և Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քրեակատարողական ծառայության և Ոստիկանության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք, սակայն ըստ ներկայացված նախագծի Հիմնավորման («Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը» բաժնի վերջին պարբերություն)՝ առանց հերթագրման բժշկական ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը պայմանավորված է զինծառայողների բուժման և ռազմաբժշկական փորձաքննության կազմակերպման սահմանված ժամկետների պահպանմամբ, Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների մարտունակությունն ու ֆունկցիոնալությունն ապահովելու և ռազմաբժշկական հաստատությունների գերծանրաբեռնվածությունը նվազեցնելու պահանջով: Վերոգրյալի հաշվառմամբ, առանց հերթագրման պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման անհրաժեշտությունն արդիական է միայն Պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և քաղաքացիական ծառայության կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց պարագայում, և Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներում, քրեակատարողական ծառայությունում և Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քրեակատարողական ծառայության և Ոստիկանության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց վրա այդ դրույթի տարածման անհրաժեշտությունը բացակայում է, ուստի խնդրի լուծման նպատակով առաջարկվում է Որոշման 4-րդ հավելվածի 12-րդ կետի 1-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ ավելացնել «Պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներ, քաղաքացիական ծառայության կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք,» բառերը:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: