Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

<<Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-491-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով՝ ապրանքների մատակարարման գործարքների և ապրանքների տեղափոխման մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումների շրջանակում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերը ներառելու դեպքերի, կարգի և ժամկետների սահմանումն է:

2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված են հաշվարկային փաստաթղթերում պարտադիր լրացման ենթակա տվյալները: Միաժամանակ, օրենսգրքի 55-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան հաշվարկային փաստաթղթերում, բացի պարտադիր լրացման ենթակա տվյալներից, այդ հաշվարկային փաստաթղթերը դուրս գրող կամ ստացող հարկ վճարողների հայեցողությամբ կարող են ներառվել նաև այլ տվյալներ:

Ապրանքների մատակարարման բոլոր գործարքների մասով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պարտադիր լրացման պահանջ օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված չէ: ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պարտադիր լրացման պահանջ սահմանված է`

1) «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում հետագծելիության ենթակա ապրանքների մասով: Այն ներկայումս կիրառվում է պիլոտային ծրագրի շրջանակներում միայն մեկ ապրանքային ենթախմբի մասով (ԱՏԳ ԱԱ 8418 «Կենցաղային սառնարաններ և սառցարաններ»),

2) օրենսգրքի 381-րդ հոդվածով և դրանք վերաբերում են օրենսգրքի դրույթներին համապատասխան հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող հարկ վճարողներին: Մասնավորապես, այդ դրույթներին համապատասխան հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի օտարվող ապրանքների ապրանքային դիրքի մասով տեղեկատվություն:

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.12.2014թ. ՀՕ-491-Ն օրենքով կատարված փոփոխություններով սահմանվել է պարտադիր պահանջ, մասնավորապես, ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրի վերաբերյալ տեղեկատվությունը ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման համար կիրառվող հաշվարկային փաստաթղթերում լրացնելու մասով: Այդ փոփոխություններով սահմանվել է նաև, որ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պետք է լրացվեն Կառավարության սահմանած դեպքերում, կարգով ու ժամկետներում:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.12.2014թ. ՀՕ-491-Ն օրենքով ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ և 57-րդ հոդվածներում կատարված լրացումներով սահմանվել է, որ օրենսգրքի շրջանակներում իրականացվող գործարքների ու գործառնությունների փաստաթղթավորման համար կիրառվող հաշվարկային փաստաթղթերում պարտադիր պետք է լրացվեն ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը: Հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացման դեպքերը, կարգը և ժամկետները պետք է սահմանվեն Կառավարության որոշմամբ։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ․

- հաշվարկային փաստաթղթում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառելու համար հիմք է ընդունվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը,

- էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառվում է առանձին սյունակով` 4 նիշի մակարդակով,

- hաշվարկային փաստաթղթերում ապրանքի անվանումը լրացվում է հարկ վճարողի կողմից։ Ընդ որում, հաշվարկային փաստաթղթերում լրացվում է ապրանքի հստակ անվանումը, որը պետք է համապատասխանի 4 նիշի մակարդակով ԱՏԳ ԱԱ ծածկագրում ներառված տվյալ ապրանքի ամբողջական նկարագրությանը,

- ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացման գործընթացի աստիճանական ներդրման նպատակով նախատեսվել է, որ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր ներառվելու են`

  • 2025թ. սեպտեմբերի 1-ից իրականացվող ապրանքների մատակարարման կամ ապրանքների տեղափոխման այն դեպքերում, երբ մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքները Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ մատակարարվող կամ տեղափոխվող ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել ԵՏՄ անդամ պետությունից և այդ ապրանքները մատակարարվում կամ տեղափոխվում են այդ ապրանքները ներմուծող հարկ վճարողների կողմից,
  • 2025թ. սեպտեմբերի 1-ից իրականացվող ՀՀ ներմուծված և ՀՀ-ում արտադրված հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա ԱՏԳ ԱԱ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի և 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող ալկոհոլային արտադրանքի մատակարարումների և տեղափոխումների դեպքերում բոլոր հարկ վճարողների կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում,
  • 2025թ. նոյեմբերի 1-ից` ՀՀ-ում արտադրված ապրանքների մատակարարումների կամ տեղափոխումների մասով` արտադրող համարվողների կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում, բացառությամբ հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա ԱՏԳ ԱԱ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի և 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող ալկոհոլային արտադրանքի մատակարարումների և տեղափոխումների դեպքերի,
  • 2026թ. հունվարի 1-ից` ապրանքների մատակարարումների կամ տեղափոխումների մասով մնացած դեպքերում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում,
  • անկախ վերը նշված ժամկետներից` 2025 թվականի սեպտեմբերի 1-ից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում հարկ վճարողներն իրենց ցանկությամբ կարող են ներառել մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը,

- որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: Միաժամանակ, հաշվի առնելով, որ 04.12.2014թ. ՀՕ-491-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների դրույթներն ուժի մեջ են այդ դրույթների կիրարկումն ապահովող համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքներն ավարտելու օրվան հաջորդող տասներորդ օրը և նախատեսվում է, որ այդ ծրագրային աշխատանքներն ավարտվելու են մինչև 2025թ. օգոստոս ամիսը ներառյալ, ուստի նախատեսվել է, որ դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը ներառելու պարտադիր պահանջները կսկսի կիրառվել 2025թ. սեպտեմբերի 1-ից։

4․ Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ապրանքների մատակարարման գործարքների և ապրանքների տեղափոխման մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումների շրջանակում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը ներառելու դեպքերի, կարգի և ժամկետների սահմանումն է։

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը կապված է ՀՀ կառավարության 18.11.2021թ. N1902-Լ որոշման N1 հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «1. Էլեկտրոնային համակարգերի և ենթակառուցվածքների արդիականացում» նպատակի 1.8 Էլեկտրոնային կառավարման համակարգերի հնարավորությունների հզորացում և կատարելագործում» և «3. Հարկային հսկողության ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործմամբ ստվերի կրճատում» նպատակի «3.1 Տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող գործունեության օրինականության կամ գործարքների լիարժեք փաստաթղթավորման կարգապահության բարելավում, հսկողական գործիքակազմի կատարելագործում» միջոցառումների հետ:

6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

7 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

8 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքն ապրանքների մատակարարման գործարքների և ապրանքների տեղափոխման մասով հարկային հսկողության արդյունավետության բարձրացումն է:

 

 

 

  • Обсуждалось

    28.04.2025 - 13.05.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2244

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: