ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--------- ---------------- 2025 թվականի N - Ն
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 772-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշխատանքների չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 772-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
6 հուլիսի 2017 թվականի N 772-Ն
ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և 121-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները` համաձայն հավելվածի:
- Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառության իմաստով՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների վրա կատարվող ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են, եթե գիտական հետազոտությունների կամ փորձարարական մշակումների համար վճարվող գումարներն առանձնացված են պատվիրատուի և կատարողի միջև կնքվող պայմանագրերում և (կամ) պատվիրատուի և կատարողի միջև կազմվող՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում:
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 6-ի N 772-Ն որոշման
Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր
գիտական հետազոտությունների ԵՎ փորձարարական մշակումների
- Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների հասկացությունները օգտագործվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի իմաստով:
- Սույն չափանիշների իմաստով գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ են համարվում ձեռք բերած գիտելիքների ընդլայնման (կիրառման) և նոր գիտելիքների ստացման (կիրառման) նպատակով կատարվող՝
- հիմնարար գիտական հետազոտությունները, որոնք իրականացվում են փորձարարական կամ տեսական աշխատանքների միջոցով և ի սկզբանե ուղղված են երևույթների և դիտման ենթակա ակներև փաստերի հիմքում ընկած հիմնարար օրենքների վերաբերյալ նոր գիտելիքների ձեռքբերմանը` նպատակ չունենալով դրանք անմիջական կիրառել կամ օգտագործել,
- կիրառական գիտական հետազոտությունները, որոնք իրականացվում են ինքնօրինակ հետազոտությունների միջոցով և ի սկզբանե ուղղված են նոր գիտելիքների ձեռքբերմանը՝ անմիջական գործնական նպատակի իրագործման կամ խնդիրների լուծման համար,
- փորձարարական մշակման աշխատանքները, որոնք իրականացվում են հետազոտությունների արդյունքում կամ գործնական փորձից ստացված գիտելիքների հիման վրա համակարգված աշխատանքների միջոցով, որոնք ուղղված են նոր նյութերի, արտադրատեսակների, սարքավորանքի ստեղծմանը, նոր տեխնոլոգիական գործընթացների, համակարգերի, ծառայությունների ներդրմանը կամ արդեն մշակված ու ներդրված նմուշների կատարելագործմանը,
- պետական իշխանության մարմինների կողմից մշակվող հանրային քաղաքականություններին փաստական տվյալներով աջակցող կիրառական հետազոտությունները, որոնց արդյունքն անհատույց տրամադրվում է պետական կառավարման համակարգի մարմիններին։
- Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումների աշխատանքներում չեն ներառվում՝
ա. կրթությունը և կադրերի պատրաստումը (վերապատրաստումը),
բ. մարկետինգային գործունեությունը,
գ. ընդհանուր նշանակության տեղեկությունների հավաքումը և մշակումը,
դ. ստանդարտացումը,
ե. մասնագիտացված բժշկական աշխատանքներն ու ծառայությունները,
զ. գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցումը (ադապտացումը, պահպանումը և ուղեկցումը), բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցման (ադապտացման, պահպանման և ուղեկցման),
է. արտադրության գործընթացում նորամուծությունների ներդրումը, բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում նորամուծությունների ներդրման,
ը. կառավարումը,
թ. սոցիոլոգիական և այլ հարցումների անցկացումը, դրանց արդյունքների ամփոփումը և առաջարկությունների մշակումը, գործող օրենսդրության ու վիճակագրական տվյալների վերլուծությունը:»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: