է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է այս կամ այն առարկան իրեղեն ապացույց ճանաչելու ընթացքում գործնականում առաջացող խնդիրների լուծման, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված առարկայի հետ ապօրինի գործողություններ կատարելու դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսելու անհրաժեշտությամբ։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.
Նախագծերը չեն բխում ռազմավարական փաստաթղթերից:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
- Իրեղեն ապացույցն ավանդաբար եղել է քրեական դատավարությունում վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները հաստատելու միջոց և հետևաբար դասվել է քրեադատավարական ապացույցների շարքին: Այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ իրեղեն ապացույց է ոչ թե ինքնին «իրը» կամ «առարկան», այլ վերջիններս իրեղեն ապացույցի նշանակություն են ձեռք բերում շնորհիվ իրենց հատկանիշների և ապացուցման ենթակա հանգամանքների հետ ունեցած կապի[1]:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրեղեն ապացույց է ճանաչվում ցանկացած առարկա, որը կարող է վարույթի համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները պարզելու միջոց լինել, այդ թվում`
1) ենթադրյալ հանցագործության գործիքները կամ այն առարկաները, որոնք իրենց վրա ենթադրյալ հանցագործության հետքեր են պահպանել.
2) այն առարկաները, որոնք ենթադրյալ հանցավոր ներգործության օբյեկտ են եղել.
3) ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն ձեռք բերված դրամը, այլ արժեքները և առարկաները:
Օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված առարկաները վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվում են, համապատասխան որոշմամբ ճանաչվում են իրեղեն ապացույց և կցվում վարույթի նյութերին:
Վերոգրյալի համատեքստում հարկ է նկատել, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով օրենսդիրը հստակեցրել է առարկան իրեղեն ապացույցի «վերածելու» եռաքայլ ընթացակարգ՝ զննել, ճանաչել իրեղեն ապացույց և կցել վարույթի նյութերին[2]:
Հարկ է նշել, որ առարկան իրեղեն ապացույց ճանաչելու եռաքայլ ընթացակարգը՝ հատկապես զննման պարտադիր պահանջի մասով, իրավակիրառ պրակտիկայում առաջացնում է որոշակի գործնական խնդիրներ, որոնք որոշ դեպքերում ոչ իրավաչափորեն բարդացնում են վարույթն իրականացնող մարմնի գերծանրաբեռնված աշխատանքը: Մասնավորապես՝ պրակտիկայում առաջանում են իրավիճակներ, երբ օբյեկտիվորեն հնարավոր չի լինում վարույթի համար առանցքային նշանակություն ունեցող այս կամ այն առարկան զննելու: Այստեղ խոսքը վերաբերում է հատկապես մեծ ծավալով (որպես օրինակ` մի քանի հեկտարի հասնող) հողակտորների կամ մեծաքանակ (որպես օրինակ` մի քանի անշարժ գույքի) առարկաների զննմանը:
Բացի վերը նշված հանգամանքներից, հարկ է նկատել, որ պրակտիկայում որոշակի դժվարություններ են առաջանում նաև օտարերկրյա պետությունում գտնվող դրամական միջոցների զննման առումով:
Խնդիրն այն է, որ նշված առարկաների զննման պահանջը պրակտիկայում դառնում է ինքնանպատակ, որովհետև, որպես օրինակ, այս կամ այն մեծածավալ կամ մեծաքանակ առարկաները զննելու միջոցով չէ, որ վարույթն իրականացնող մարմինը կարող է վարույթի համար նշանակություն ունեցող որևէ հանգամանք հաստատել կամ հերքել: Այս առումով հարկ է նաև հաշվի առնել այն, որ երբ հանցավորի նպատակը պետությանը պատկանող անշարժ գույքը հանցավոր ճանապարհով մասնավորեցնելն է, այդ անշարժ գույքը հնարավոր է ինքնին չվնասվի, պահպանի իր ներքին ու արտաքին որակական հատկանիշները, իսկ հանցագործությունը կատարվի համապատասխան փաստաթղթերի կեղծման կամ օրենսդրական համապատասխան ընթացակարգերի, պահանջների խախտման միջոցով։ Նման դեպքերում՝ այդպիսի անշարժ գույքի՝ վարույթի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները պարզելու տեսանկյունից կարևորվում է միայն կամ առավելապես իր գոյությամբ, լինելիությամբ, այլ ոչ թե այն պատճառով, որ այն իր արտաքին տեսքով, ներքին որակական հատկանիշներով և այլն, կարող է վարույթի համար ունենալ պիտանի նշանակություն[3]։
Ավելին, իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ են օրինակները, երբ անհրաժեշտություն է լինում մեծ ծավալի կամ քանակի անշարժ գույք ճանաչել իրեղեն ապացույց: Օրինակ՝ մի գործով քննիչը քրեական վարույթով իրեղեն ապացույց է ճանաչել 18 հեկտար հողամասը և դրանով ծանրաբեռնված շինությունները, մասնավորապես՝ վերանորոգման արտադրամաս (2314.7 քմ), 2 պահեստ (յուր. 529.2 քմ), դարբնոց (72.0քմ), վարչական շենք 1 (287.9 քմ), էլեկտրական ենթակայան (30.8 քմ), կշեռքը (29.3 քմ), ավտոտեխսպասարկման կետ (327.5 քմ), շպալամոնտաժ արտադրամաս (1266.8 քմ), վարչական շենք 2 (1710.4), պահեստ (1133.4 քմ), նավես-հարթակ (1551.0 քմ), ավտովերանորոգման կետ (202.4 քմ), գրասենյակ (17.2 քմ) և պարիսպ (449.5 քմ):
Ակնհայտ է, որ նշված պարագայում 18 հեկտար հողամասը և դրանով ծանրաբեռնված շինությունները իրեղեն ապացույց ճանաչելիս գործող օրենսդրության պայմաններում պարտադիր պետք է զննվեն, սակայն նման մեծ ծավալի և մեծ քանակությամբ անշարժ գույքեր զննելը բավականին ժամանակատար են, ոչ նպատակային և միաժամանակ, շատ ռեսուրսներ պահանջող:
Վերոգրյալը նկատի ունենալով՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ նաև Նախագիծ 1) առաջարկվում է նախատեսել հնարավորություն, որպեսզի մեծածավալության, մեծաքանակության կամ այլ օբյեկտիվ պատճառներով առարկաների զննության անհնարինության դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվեն նշված առարկաների հատկանիշների, բնութագրող տվյալների վերաբերյալ փաստաթղթերը (ընդ որում՝ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ շատ հաճախ, երբ նույնիսկ անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային փաստաթղթերը լրիվությամբ չեն արտացոլում գույքի պատկերը, ապա դրա հատկանիշների, ինչպես նաև տեղակայման մասով, տեխնիկապես զարգացած պայմաններում «google earth pro» ծրագիրը թույլ է տալիս հստակ տեղորոշում իրականացնել՝ GPS-ի՝ գլոբալ տեղորոշման համակարգի օժանդակությամբ, տեսացուցադրությունների միջոցներով)։
- Վերը նշված հանգամանքների համատեքստում հարկ է նկատել, որ գործնականում որոշակի խնդիրներ են առաջանում նաև որպես իրեղեն ապացույց ճանաչված մեծածավալ կամ մեծաքանակ առարկաները վարույթի ընթացքում պահպանելու առնչությամբ:
Այսպես՝ Օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իրեղեն ապացույցները պահվում են վարույթի նյութերի հետ այնքան, քանի դեռ դրանց տնօրինման հարցը չի լուծվել օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով:
Շուտ փչացող ապրանքներ կամ արտադրանք հանդիսացող իրեղեն ապացույցները, որոնք դժվար է պահել, կամ որոնց պահելու ծախսերը ողջամտորեն արդարացված չեն, որոշմամբ վերադարձվում են օրինական տիրապետողին: Օրինական տիրապետողին վերադարձնելու անհնարինության դեպքում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք հանձնվում են իրացման: Իրացման արդյունքով ստացված միջոցները փոխանցվում են դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական քննության փուլում՝ այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը` այդ մասին պատշաճ ծանուցելով օրինական տիրապետողին: Նշված միջոցների տնօրինման հարցը լուծվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:
- Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրեղեն ապացույցները փչացել կամ դարձել են ոչ պիտանի (կորցրել են իրենց տնտեսական նշանակությունը), ապա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ դրանք ոչնչացվում են, որի մասին կազմվում է արձանագրություն:
- Եթե իրեղեն ապացույցը երկարատև պահելը կարող է վտանգավոր լինել մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար, ապա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն հանձնվում է տեխնոլոգիական վերամշակման, իսկ դրա անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվում է: Իրեղեն ապացույցի տեխնոլոգիական վերամշակման կամ ոչնչացման մասին կազմվում է արձանագրություն:
- Եթե իրեղեն ապացույցը մեծածավալության, մեծաքանակության կամ այլ պատճառներով չի կարող պահվել վարույթի նյութերի հետ, կամ դրա պահպանման ծախսերը ողջամտորեն արդարացված չեն, ապա այդ ապացույցը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ`
1) վերադարձվում է օրինական տիրապետողին, եթե դա չի կարող վնասել պատշաճ ապացուցմանը.
2) լուսանկարվում կամ տեսագրվում է, հնարավորության դեպքում նաև կնքվում է և պահվում որոշմամբ սահմանված վայրում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության է հանձնվում տեղական ինքնակառավարման մարմնին, իսկ վարույթի նյութերին կցվում է այդ իրեղեն ապացույցի գտնվելու վայրի մասին փաստաթուղթ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է իրացման, որից ստացած միջոցները փոխանցվում են դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական քննության փուլում՝ այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը, մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը:
- Իրեղեն ապացույց ճանաչված դրամը, արժեթղթերը կամ այլ արժեքները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝
1) վերադարձվում են օրինական տիրապետողին, եթե դա չի կարող վնասել պատշաճ ապացուցմանը.
2) փոխանցվում են դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական քննության փուլում՝ այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը, կամ պահպանման են հանձնվում բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն չունեն.
3) պահվում են վարույթի նյութերի հետ, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն ունեն:
- Գրավի առարկա իրեղեն ապացույցը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերադարձվում է դրա օրինական տիրապետողին անհրաժեշտ ապացուցողական գործողությունները կատարելուց հետո, եթե դա չի կարող վնասել պատշաճ ապացուցմանը:
- Սույն հոդվածով սահմանված` իրեղեն ապացույցը վարույթի նյութերի հետ պահպանելու անհնարինության դեպքերում վարույթի նյութերին հնարավորության դեպքում կցվում է տվյալ իրեղեն ապացույցի նմուշը:
- Եթե վարույթի նյութերին կցված իրեղեն ապացույցի նկատմամբ իրավունքի մասին վեճը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով, ապա տվյալ առարկան պահվում է վարույթի նյութերի հետ մինչև տվյալ քաղաքացիական գործով վարույթի ավարտը:
(…)»:
Մասնավորապես՝ նշված նորմերի վերլուծությունից երևում է, որ իրեղեն ապացույցները, որպես կանոն, պահվում են վարույթի նյութերի հետ այնքան, քանի դեռ դրանց տնօրինման հարցը չի լուծվել օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով:
Սահմանված ընդհանուր կանոնից, ըստ որի՝ իրեղեն ապացույցները պահվում են վարույթի նյութերի հետ, Օրենսգիրքը նախատեսել է բացառություն ներքոշարադրյալ դեպքերի համար՝
ա) շուտ փչացող ապրանք կամ արտադրանք հանդիսացող իրեղեն ապացույցների համար,
բ) մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար վտանգավոր
իրեղեն ապացույցների համար, և
գ) այն իրեղեն ապացույցների համար, որոնք, պայմանավորված իրենց հատկանիշներով (մեծածավալություն, մեծաքանակություն և այլն), չեն կարող պահվել
վարույթի նյութերի հետ,
դ) իրեղեն ապացույց ճանաչված դրամի, արժեթղթերի կամ այլ արժեքների համար,
ե) գրավի առարկա իրեղեն ապացույցների համար[4]:
Ինչպես նկատում ենք, Օրենսգրքի նշված հոդվածը լիարժեք չի կարգավորել անշարժ գույքի պահպանման հետ կապված հարաբերությունները:
Հարկ է արձանագրել, որ Օրենսգրքի 98-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ եթե իրեղեն ապացույցը մեծածավալության, մեծաքանակության կամ այլ պատճառներով չի կարող պահվել վարույթի նյութերի հետ, կամ դրա պահպանման ծախսերը ողջամտորեն արդարացված չեն, ապա այդ ապացույցը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` լուսանկարվում կամ տեսագրվում է, հնարավորության դեպքում նաև կնքվում է և պահվում որոշմամբ սահմանված վայրում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության է հանձնվում տեղական ինքնակառավարման մարմնին, իսկ վարույթի նյութերին կցվում է այդ իրեղեն ապացույցի գտնվելու վայրի մասին փաստաթուղթ։
Նշված ձևակերպմամբ օրենսդիրը մատնանշել է միայն այն հանգամանքը, որ մեծածավալության, մեծաքանակության կամ այլ պատճառներով վարույթի նյութերի հետ չպահվող գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության է հանձնվում միայն տեղական ինքնակառավարման մարմնին, մինչդեռ հարկ է նկատել, որ օրենսդրությամբ նախատեսված՝ միայն տեղական ինքնակառավարման մարմնին պահպանության հանձնելու պահանջը ողջամտորեն արդարացված չէ: Այսպես՝ պրակտիկայում բազմաթիվ են իրավիճակները, երբ իրեղեն ապացույց են ճանաչվում այնպիսի մեծածավալ առարկաներ, որոնց հանձնումը տեղական ինքնակառավարման մարմիններին լի է ռիսկերով, ինչպես նաև նպատակահարմարության տեսանկյունից ևս խնդրահարույց է: Օրինակ՝ դժվար է պատկերացնել իրավիճակ, որ համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին վերապահվի իրեղեն ապացույց ճանաչված մի ամբողջ զենք-զինամթերքների հսկայածավալ զինապահեստի պահպանության հարցերով զբաղվելը, քանի որ վերջինս զենքի վարվեցողության, դրանք պահելու առնչությամբ համապատասխան հմտություններ չունի, իսկ նշված իրավիճակում շատ կարևոր է, որ նշված առարկաների պահպանությունն իրականացնի մասնագիտացած կառույց կամ մարմին:
Այս առումով հատկանշական է, որ քրեական դատավարության նախկին օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ իրեղեն ապացույցները պահվում են քրեական գործի հետ, իսկ մեծածավալության դեպքում` կարող են հանձնվել հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և առանձին անձանց պատասխանատու պահպանմանը: Քննչական գործողություններ կատարելիս առգրավված թանկարժեք մետաղները և քարերը, օտարերկրյա արժույթները, դրամը, չեկերը և արժեթղթերը, որոնք համապատասխան քրեական գործով վարույթում կարող են ճանաչվել իրեղեն ապացույց, զննվելուց անմիջապես հետո, իրենց անհատական հատկանիշներով գործի համար նշանակություն չունենալու դեպքում, պետք է պահպանության համար հանձնվեն պետական բանկի հիմնարկներին:
Ստացվում է, որ քրեական դատավարության նախկին օրենսգրքով պահպանության հանձնելու սուբյեկտների կազմը ավելի ընդարձակ է նախատեսված եղել, քան գործող օրենսգրքում է։
Նշվածի համատեքստում հարկ է արձանագրել, որ գործող օրենսգրքում ևս իրավասու այլ մարմինների պահպանմանը հանձնելու հնարավորությունը օրենսդրական մակարդակով ձևակերպելը խիստ անհրաժեշտ է, ինչը հնարավորություն կընձեռի վարույթն իրականացնող մարմնին նախաքննության համակողմանիությունն ու բնականոն ընթացքը պատշաճ ապահովելու համար։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագիծ 1-ով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմնից բացի, իրեղեն ապացույց ճանաչված առարկաները իրավասու այլ մարմիններին պահպանության հանձնելու մասին հնարավորություն ամրագրել։
3․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում իրեղեն ապացույց ճանաչված առարկան համապատասխան անձի պահպանությանը հանձնելիս օրենսդրությամբ առկա չէ որևէ երաշխիք, որ նշված գույքի պահպանությունը կիրականացվի պատշաճ և, օրինակ, այդ գույքը չի օտարվի, չի վնասվի, չի յուրացվի։ Պրակտիկայում մեծաթիվ են դեպքերը, երբ հստակ կարգավորումների բացակայության պայմաններում որպես իրեղեն ապացույց ճանաչված, օրինակ, հողակտորը օտարվում է կամ վերջինիս հետ կատարվում են այլ գործողություններ:
Ինչպես վերը նշվեց, քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված են իրեղեն ապացույցի պահպանման հետ կապված հարաբերությունների կարգավորումները։ Այսպես՝ շուտ փչացող ապրանքներ կամ արտադրանք հանդիսացող իրեղեն ապացույցները, որոնք դժվար է պահել, կամ որոնց պահելու ծախսերը ողջամտորեն արդարացված չեն, որոշմամբ վերադարձվում են օրինական տիրապետողին: Միայն այն դեպքում, երբ դրանք օրինական տիրապետողին վերադարձնելն անհնարին է, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք հանձնվում են իրացման: Իրացման արդյունքով ստացված միջոցները փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին` այդ մասին պատշաճ ծանուցելով օրինական տիրապետողին։
Մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար վտանգավոր իրեղեն ապացույցները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում են տեխնոլոգիական վերամշակման, իսկ դրա անհնարինության դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվում են:
Ինչ վերաբերում է այն իրեղեն ապացույցներին, որոնք չեն կարող պահվել կամ
որոնք նպատակահարմար չէ պահել վարույթի նյութերի հետ, Օրենսգիրքը վարույթն
իրականացնող մարմնին վերապահում է դրանք պահպանելու երեք այլընտրանքային
հնարավորություն.
ա) Վերադարձնել այն օրինական տիրապետողին: Իրեղեն ապացույցը վերադարձվում է օրինական տիրապետողին, եթե դա չի վնասի պատշաճ ապացուցմանը (իրեղեն ապացույցը չի կորսվի, չի թաքցվի, չի վնասվի, չի կորցնի էական հատկանիշները և այլն):
բ) Պահել այլ վայրում՝ նախապես բացառելով դրա հատկանիշների փոփոխությունը (իրեղեն ապացույցը լուսանկարելով կամ տեսագրելով, անհրաժեշտության դեպքում՝ կնքելով):
գ) Իրացնել իրեղեն ապացույցը: Այս միջոցին վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կարող է դիմել միայն բացառիկ դեպքում, երբ իրեղեն ապացույցի պահպանման այլ հնարավորությունները բացակայում են: Իրեղեն ապացույցի իրացումից ստացած միջոցները փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին մինչև դրանց տնօրինման հարցի լուծումը օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով:
Թեև քրեական դատավարության օրենսգիրքը նման ապացույցների պահպանության վերը նշված այլընտրանքային հնարավորությունների հերթականություն չի նախատեսում, սակայն, հաշվի առնելով Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության առաջնայնությունը՝ վարույթն իրականացնող մարմինն իրեղեն ապացույցի պահպանության վերջին երկու միջոցին կարող է դիմել միայն այն դեպքում, եթե իրեղեն ապացույցն օրինական տիրապետողին վերադարձնել հնարավոր չէ[5]:
Նույն մոտեցումն է գործում նաև իրեղեն ապացույց ճանաչված դրամի, արժեթղթերի կամ արժեքների պահպանության դեպքում:
Գրավի առարկա իրեղեն ապացույցը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերադարձվում է դրա օրինական տիրապետողին անհրաժեշտ ապացուցողական գործողությունները կատարելուց հետո, եթե դա չի կարող վնասել պատշաճ ապացուցմանը:
Եթե վարույթի նյութերին կցված իրեղեն ապացույցի նկատմամբ իրավունքի մասին վեճը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով, ապա տվյալ առարկան պահվում է վարույթի նյութերի հետ մինչև տվյալ քաղաքացիական գործով վարույթի ավարտը:
Այս համատեքստում հարկ է նկատել, որ պրակտիկայում հաճախ են լինում դեպքեր, երբ իրեղեն ապացույց ճանաչված առարկան, հանձնվելով օրինական տիրապետողին, վերջինիս կողմից օտարվում է կամ այլ ապօրինի արարքներ են կատարվում այդ առարկայի հետ՝ արդյունքում խոչընդոտներ առաջացնելով վարույթն իրականացնող մարմնի համար՝ ապացուցման հետագա գործընթացում։ Նման պայմաններում, հարկ է նկատել, որ վարույթն իրականացնող մարմինը օրենսդրական որևէ գործիքակազմ չունի՝ ապացուցման գործընթացն անխափան և առանց ապացույցների հնարավոր կորստի ապահովելու համար։ Այս պարագայում հարց է առաջանում՝ հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման առումով, որովհետև մի կողմից վարույթի պատշաճ ընթացքն ապահովելու հրամայականն է, մյուս կողմից՝ անձի՝ սահմանադրորեն երաշխավորված սեփականության իրավունքի սահմանափակման խնդիրը։ Հաշվի առնելով վերը նշված հարցերը՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ 2) առաջարկվում է՝ որպես կանխարգելիչ և զսպող մեխանիզմ՝ իրեղեն ապացույց ճանաչված առարկայի հետ ապօրինի արարքներ կատարելը սահմանափակող նորմի նախատեսումը, որը կարող է դրսևորվել մի քանի ձևերով։
Նշված կարգավորման նախատեսման պարագայում, քննարկելով տիրապետողի սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության հարցը, հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Անձի սեփականության իրավունքի՝ որպես սահմանադրական հիմնական իրավունքի սահմանափակումը պետք է լինի օրինական և համաչափ, այսինքն՝ ապահովի վարույթի հանրային և մասնավոր մասնակիցների օրինական շահերի ողջամիտ հավասարակշռություն։
Այս համատեքստում հարկ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան պատկանող գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Բորժոնովն ընդդեմ Ռուսաստանի գործով կայացած վճռում մեկնաբանելով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի դրույթները, նշել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների և այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջև։ Այս պահանջն արտահայտվում է «արդարացի հավասարակշռություն» ձևակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ պետք է հաշվի առնել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու ռիսկը, հետևաբար՝ պետք է ապահովել դատավարական համապատասխան երաշխիքներ՝ համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա ազդեցությունը կամայական կամ ոչ կանխատեսելի չէ[6]։
Այս առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը Ա. Հայրապետյանի գործով անդրադառնալով սեփականության իրավունքի էությանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման՝ սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ: Դրանց սահմանափակման համար անհրաժեշտ է, որ հակակշիռ իրավական շահը ունենա բացառիկ նշանակություն (…)»[7]:
Նշված կարգավորումների համատեքստում պարզ է դառնում, որ սեփականության իրավունքի սահմանափակումը համապատասխան օրենսդրական հիմքերի առկայության պարագայում համարվում է իրավաչափ։ Ընդ որում, անձի սեփականության իրավունքի՝ որպես սահմանադրական հիմնական իրավունքի սահմանափակումը, պետք է լինի օրինական և համաչափ, այսինքն՝ ապահովի վարույթի հանրային և մասնավոր մասնակիցների օրինական շահերի ողջամիտ հավասարակշռություն։ Այդ սահմանափակումները դրսևորում են մի շարք ձևերով։ Մասնավորապես՝ օգտագործման իրավունքի սահմանափակման դեպքում անձը չի կարողանում գույքից իր սոցիալ-տնտեսական նշանակությամբ ծառայեցնելու միջոցով ստանալ արտադրական, կենցաղային, մշակութային և այլ պահանջմունքների բավարարում, տարբեր տեսակի օգուտներ, պտուղներ և եկամուտներ: Անձի՝ գույքի տնօրինելու իրավունքի սահմանափակման դեպքում վերջինս չի կարողանում գույքը վաճառել, նվիրել, գրավ դնել և այլն:
Այս համատեքստում իրեղեն ապացույց ճանաչված առարկաները պահպանելու, դրանք յուրացվելուց, վնասվելուց, օտարվելուց զերծ պահելու համար Նախագիծ 2-ով առաջարկվում է ունենալ կանխարգելիչ գործիքակազմ քրեական օրենսգրքի մակարդակում, որպեսզի հնարավոր լինի խուսափել վարույթի համար կարևորություն և նշանակություն ունեցող անբարենպաստ հետևանքներից։
Հարկ է արձանագրել, որ միջազգային փորձի համատեքստում առկա են իրեղեն ապացույց ճանաչված առարկաների նկատմամբ ապօրինի արարքներ կատարելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող դրույթներ ունեցող երկրներ։ Օրինակ՝ մի շարք երկրներ նախատեսում են քրեական պատասխանատվություն, եթե անձը գործի կամ վնաս հասցնի իրեղեն ապացույց հանդիսացող առարկաներին։
Ապօրինի արարքների տեսակները կարող են ներառել․
Կործանում կամ վնասում՝ դատավարական հետաքննությունների կամ դատական գործընթացների ընթացքում իրեղեն ապացույց հանդիսացող առարկաներին։
Պահպանման խախտումներ՝ իրեղեն ապացույցները սխալ կամ ապօրինի կերպով տեղափոխելը, կեղծելը կամ թաքցնելը։
Միջազգային մակարդակով տարբեր երկրներ քրեական պատասխանատվություն են նախատեսում նման դեպքերի համար, ինչպիսիք են՝
Միացյալ Նահանգներ՝ ԱՄՆ-ում, եթե որևէ անձ միտումնավոր խոչընդոտում է կամ փոփոխում ապացույցները, կարող է մեղադրվել «ապացույցների խեղաթյուրում» կամ «ապացույցների կեղծում» մեղադրանքներով։ Դա քրեական հանցագործություն է և կարող է հանգեցնել ծանր պատիժների՝ կախված դեպքի ծանրությունից։ Այս կանոնները հատկապես կարևոր են, երբ քննվում են լուրջ հանցագործություններ, օրինակ՝ սպանություն կամ կոռուպցիա։
Մեծ Բրիտանիա՝ դատարանի կողմից ճանաչված իրեղեն ապացույցների նկատմամբ անհարիր գործողություններն ունեն քրեական հետևանքներ: Մեծ Բրիտանիայում ապացույցների հետ ոչ պատշաճ վարվելու համար առկա են քրեական պատիժներ։ Այս երկրում նման գործողությունները որակվում են որպես «ապացույցների ոչնչացում» կամ «ապացույցների խեղաթյուրում», որոնք ունեն ծանր հետևանքներ։ Այսպիսով, եթե քննիչը կամ դատավորը պարզեն, որ ապացույցներն աղավաղվել են կամ փոխվել են, նրանք կարող են հետաքննել և կիրառել պատիժներ։
Ավստրալիա՝ քրեական օրենսդրությունը նախատեսում է ծանր պատիժներ ապացույցները փոխելու կամ ոչնչացնելու համար։ Եթե իրավապահները կամ դատավորները պարզեն, որ ապացույցները փոխվել կամ ոչնչացվել են, դա կարող է հանգեցնել քրեական հետապնդման։
Եվրամիություն՝ ԵՄ երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում, անօրինական գործողությունները, որոնք կապված են ապացույցների փոփոխմամբ, որակվում են որպես քրեական հանցանքներ։ Եվրոպական տարբեր պետություններն ունեն քրեական պատասխանատվություն նախատեսող դրույթներ, որոնք խստորեն պատժում են ապացույցների խեղաթյուրումը։
Օտարերկրյա փորձը ցույց է տալիս, որ շատ երկրներ ունեն իրավական կարգավորումներ, որոնք քրեական պատասխանատվություն են նախատեսում, երբ օրինական տիրապետողը խախտում է իրեղեն ապացույցների պաշտպանությունը՝ դրանք օտարելով, յուրացնելով, վնասելով կամ փոխելով։ Նման գործողությունները ոչ միայն խաթարում են դատաքննության ընթացքը, այլ նաև կարող են հանգեցնել ոչ ճիշտ դատական ակտերի կայացման։
Հատկանշական է, որ նման կարգավորումները տարածվում են ոչ միայն ազգային դատավարական համակարգերում, այլև միջազգային քրեական դատարանների ոլորտում, որտեղ ապացույցները, որոնք կրում են կարևորություն միջազգային իրավունքի համար, կարող են ևս ենթարկվել պաշտպանական միջոցների։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագիծ 2-ով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել իրեղեն ապացույց ճանաչված առարկաների նկատմամբ այնպիսի ապօրինի արարքներ կատարելու համար, որոնք դրսևորվում են հետևյալ ձևերով՝
1) իրեղեն ապացույց ճանաչված առարկան յուրացնելով, օտարելով, վնասելով, փոխելով, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելով, այլ կերպ տնօրինելով կամ ապօրինի օգտագործելով այն անձի կողմից, որին այդ գույքը պաշտոնապես վստահված է եղել, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված առարկայի սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի կողմից, եթե նրանք տեղյակ են եղել առարկան իրեղեն ապացույց ճանաչված լինելու մասին,
2) իրեղեն ապացույց ճանաչված առարկայի պահպանման պարտականությունը չկատարելով այն անձի կողմից, որի վրա դրված է եղել նման պարտականություն:
Բացի վերոգրյալներից, հաշվի առնելով նաև օրենսդրական մակարդակում առկա մոտեցումը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի կամ վարույթների պարագայում՝ քրեաիրավական հարկադրանքի խստացման առումով, առաջարկվում է Օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով կամ վարույթով, դիտարկել որպես ծանրացնող հանգամանք։
Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով առաջարկվում է՝
1․ մեծածավալության, մեծաքանակության կամ այլ օբյեկտիվ պատճառներով զննության անհնարինության դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից զննել առարկաների հատկանիշների, բնութագրող տվյալների վերաբերյալ փաստաթղթերը, որից հետո այդ առարկաները որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչել և կցել վարույթի նյութերին,
- իրեղեն ապացույց ճանաչված առարկաները պահպանության հանձնել ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմիններին, այլև իրավասու այլ մարմիններին,
3․ նախատեսել քրեական պատասխանատվություն քրեական գործի կամ վարույթի ընթացքում իրեղեն ապացույց ճանաչված առարկաների նկատմամբ ապօրինի արաքներ կատարելու համար,
4․ նախատեսել ծանրացնող հանգամանք այն դեպքերի համար, երբ իրեղեն ապացույց ճանաչված առարկաների, ինչպես նաև արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքները կկատարվեն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կամ վարույթով։
Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունման պարագայում հնարավոր կլինի մեծածավալության, մեծաքանակության կամ այլ օբյեկտիվ պատճառներով զննության անհնարինության դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից զննել առարկաների հատկանիշների, բնութագրող տվյալների վերաբերյալ փաստաթղթերը, որից հետո այդ առարկաները որոշմամբ իրեղեն ապացույց կճանաչվեն և կկցվեն վարույթի նյութերին, իրեղեն ապացույց ճանաչված առարկաները պահպանության կհանձնվեն ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմիններին, այլև իրավասու այլ մարմիններին, քրեական պատասխանատվություն կնախատեսվի քրեական գործի կամ վարույթի ընթացքում իրեղեն ապացույց ճանաչված առարկաների նկատմամբ ապօրինի արարքներ կատարելու դեպքում, ինչպես նաև ծանրացնող հանգամանք կդիտարկվեն այն դեպքերը, երբ իրեղեն ապացույց ճանաչված առարկաների կամ արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքները կկատարվեն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կամ վարույթով։
Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:
[1] Տե՛ս https://journals.ysu.am/index.php/state-and-law/article/view/11086/8766
[2] Տե՛ս https://aoj.am/storage/criminal-procedure-codes/oXoktuUmkYtOJwPnzhgWKNSgUHEFwtWAa1wGpxwV.pdf
[3] Տե՛ս Կարեն Ամիրյան, «Սեփականության իրավունքի սահմանափակման քրեադատավարական կարգավորումների ընկալման և մեկնաբանման որոշ հիմնահարցեր», Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն 2024, էջ 45:
[4]Տե՛ս https://aoj.am/storage/criminal-procedure-codes/oXoktuUmkYtOJwPnzhgWKNSgUHEFwtWAa1wGpxwV.pdf
[5] Տե՛ս https://aoj.am/storage/criminal-procedure-codes/oXoktuUmkYtOJwPnzhgWKNSgUHEFwtWAa1wGpxwV.pdf
[6] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Borzhonov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, կետեր 59-60։
[7] Տե՛ս Վռաբեկ դատարանի՝ Ա. Հայրապետյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵՇԴ/0001/11/10 որոշումը։
-
Обсуждалось
17.04.2025 - 03.05.2025
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Уголовное законодательство, Уголовный процесс
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 2156
Принт