Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 502-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

...  ԱՊՐԻԼԻ 2025 ԹՎԱԿԱՆ                                        N ----  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրելու կարգը, ինչպես նաև դատապարտյալին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» N 502-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ղեկավարվելով Քրեակատարողական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝

1) պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) պատժից ազատվող դատապարտյալին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափն ու տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

  1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ աջակցել սույն որոշման N 2 Հավելվածի շրջանակներում սոցիալական աջակցության դիմած անձանց տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթերի համարը և սերիան) և վերջիններիս համաձայնությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան քրեակատարողական հիմնարկին՝ այդ անձանց բանկային հաշիվներում (այդ թվում՝ ավանդային հաշիվներ, քարտային և ոչ քարտային հաշիվներ՝ բառացությամբ չծախսված վարկային միջոցներ) 300.000 դրամը չգերազանցելու կամ գերազանցելու վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։»:

  

 

                                                                                    Հավելված N1

ՀՀ Կառավարության 2025 թվականի

ապրիլի ..... N ...-Ն որոշման

 

ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԾԱՎԱԼՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱՆ) քրեակատարողական հիմնարկում պատժից ազատվող յուրաքանչյուր դատապարտյալին սոցիալական աջակցության ծավալը որոշվում են սույն կարգով՝ հաշվի առնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված կարգավորումները։
  2. Սոցիալական աջակցություն տրամադրելու համար ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի պետը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ Միասնական սոցիալական ծառայություն), պետական կառավարման այլ մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին կամ կազմակերպություններին։
  3. Ազատազրկման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ, իսկ կարճաժամկետ ազատազրկման դեպքում՝ ոչ ուշ, քան 10 օր առաջ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակցի կողմից դատապարտյալին տրամադրվում է խորհրդատվական օգնություն՝ պատժից ազատվող դատապարտյալին տրամադրվող սոցիալական աջակցության ձևի, ծավալի և տրամադրման կարգի վերաբերյալ:
  4. Սոցիալական աջակցության տրամադրման նպատակով իրականացվող ուսումնասիրությունը և սոցիալական աջակցության տրամադրումն իրականացվում է դատապարտյալի՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի պետին ուղղված գրավոր դիմումի հիման վրա: Դիմումը ներկայացվում է սույն որոշմամբ նախատեսված ժամկետներում: Հարգելի պատճառով (առողջական խնդիրներով պայմանավորված մեկուսացման մեջ գտնվելը կամ անձի կամքից անկախ այլ հատուկ և օբյեկտիվ հանգամանք) ժամկետը բաց թողնելու դեպքում՝ դիմումը ներկայացվում է համապատասխան պատճառը վերանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
  5. Սոցիալական աջակցության տրամադրման նպատակով դատապարտյալի կողմից ներկայացվող դիմումը պետք է պարունակի նաև համաձայնություն՝ տարբեր կառույցներին ու կազմակերպություններին հարցումներ ուղարկելու և նրա վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու մասին։
  6. Իրավասու մարմինների կողմից համապատասխան տեղեկատվությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկին տրամադրվում է անվճար՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում, որը չի կարող գերազանցել 15 աշխատանքային օրը։
  7. Սոցիալական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու մասին դիմողին տեղեկացվում է ոչ ուշ, քան այդ որոշման ընդունումից հետո՝ եռօրյա ժամկետում, եթե տեղեկացման այլ կարգ և ժամկետներ նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
  8. Կենսաթոշակային տարիքի հասած, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող դատապարտյալը պատժից ազատվելուց առնվազն չորս ամիս առաջ կարող է դիմել քրեակատարողական հիմնարկի պետին՝ համապատասխանաբար տարեցների կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքն ապահովող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամքն իրականացնելու նպատակով։
  9. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի պետը՝ դատապարտյալի կողմից ներկայացված սույն Հավելվածի 8-րդ կետով աջակցության վերաբերյալ դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում ապահովում է դատապարտյալի դիմումի ներկայացումը Միասնական սոցիալական ծառայություն՝ տարեցների և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքն ապահովող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամք ապահովելու նպատակով:
  10. Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից ուղեգիր տրամադրելու դեպքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկը դատապարտյալի ազատման օրը պատժից ազատված անձին տեղափոխում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, որտեղ կազմակերպվելու է տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձի հետագա խնամքը։
  11. Պատժից ազատվող դատապարտյալին տրամադրվում է բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցում (այսուհետ՝ Հատուցում)՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տարածություն) չունենալու դեպքում՝ մինչև վեց ամիս ժամկետով։
  12. Հատուցման հարցը քննարկելու համար դատապարտյալը պատժից ազատվելուց առնվազն երեք ամիս առաջ այդ մասին գրավոր դիմում է ներկայացնում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի պետին:
  13. Դատապարտյալի դիմումը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի կողմից իրականացվում է համապատասխան հարցում Կադաստրի կոմիտեին։
  14. Հարցման արդյունքում՝ դատապարտյալի կողմից սեփականության կամ համասեփականության իրավունքով պատկանող որևէ բնակարան (բնակելի տարածություն) հայտնաբերելու դեպքում՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակիցն այդ մասին հայտնում է դատապարտյալին, ևս մեկ անգամ բացատրում սույն Հավելվածով սահմանված աջակցություն ստանալու պայմանները:Դատապարտյալի ցանկությամբ, քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդությամբ, դատապարտյալը գրավոր դիմում է ներկայացնում Միասնական սոցիալական ծառայությանը:
  15. Հարցման արդյունքում՝ դատապարտյալի կողմից սեփականության կամ համասեփականության իրավունքով պատկանող որևէ բնակարան (բնակելի տարածություն) չհայտնաբերելու դեպքում՝ ՀՀ  ԱՆ  քրեակատարողական հիմնարկի պետը մինչև 14 օր ժամկետով ապահովում է դատապարտյալի՝ բնակարան փնտրելու հնարավորությունը, այդ թվում՝ ապահովում է հեռախոսազանգից, ինչպես նաև համացանցի հասանելիությամբ համակարգչից օգտվելու հնարավորությունը, տրամադրում է խորհրդատվություն: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի պետն այդ ժամկետը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իր միջնորդությամբ դատապարտյալի դիմումը ներկայացնում է Միասնական սոցիալական ծառայություն՝ աջակցություն ստանալու նպատակով։
  16. Միասնական սոցիալական ծառայություն ներկայացվող դիմումում նշվում են՝
  • դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան և (կամ) համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր.
  • համապատասխան քրեակատարողական հիմնարկի անունը և պատժից ազատման օրը.
  • Հայաստանի Հանրապետությունում գործող և Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկի անվանումը, որով դատապարտյալը ցանկանում է ստանալ հատուցումը.
  • Հետադարձ կապի էլեկտրոնային փոստ(եր)ի հասցեն, բջջային հեռախոսահամար(ներ)ը։
  1. Եթե դատապարտյալը բավարարում է սույն կարգով սահմանված շահառու դառնալու պայմանները, ապա դատապարտյալին (այսուհետ՝ նաև շահառու) վճարվում է Հատուցում՝ պատժից ազատման ամսվա 1-ից։
  2. Հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը մերժվում է, եթե՝
  • Դիմումը հաստատելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է դատապարտյալի մահվան պետական գրանցում.
  • անձը չի հանդիսանում պատժից ազատվող դատապարտյալ.
  • անձն ունի սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տարածություն).
  • ունի ուղեգիր շուրջօրյա լրիվ խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունվելու համար.
  • դիմումը չի համապատասխանում սույն հավելվածի 16-րդ կետով սահմանված պահանջներին.
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում։
  1. Դատապարտյալի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։
  2. Պատժից ազատվող դատապարտյալ հանդիսանալու հանգամանքը տրամադրում է համապատասխան քրեակատարողական հիմնարկը։
  3. Դատապարտյալին սեփականության կամ համասեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տարածության) առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Կադաստրի կոմիտեն։
  4. Դատապարտյալի շուրջօրյա լրիվ խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղավորվելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Միասնական սոցիալական ծառայությունը։
  5. Հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը մերժելու կամ բավարարելու մասին ծանուցումը շահառուին ուղարկվում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով։ Դիմումը մերժելու մասին ծանուցումը պետք է պարունակի շահառուի անունը, ազգանունը, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու պատճառը և բողոքարկման կարգը։
  6. Հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում՝ պատժից ազատման օրվանից հաշված 15 աշխատանքային օրվա ընթացքում, շահառուի բնակության վայրը սպասարկող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողն իրականացնում է տնայց, կարիքների գնահատում և կազմում շահառուի անհատական սոցիալական ծրագիր, որը պետք է ընդգրկի նաև շահառուի ակտիվացմանն ուղղված միջոցառումներ, եթե շահառուն աշխատունակ անձ է։ Անձը համարվում է աշխատունակ, եթե 18-63 տարեկան է, բացառությամբ, եթե շահառուն՝
  • առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող 18-22 տարեկան ուսանող է, կամ
  • առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձ է, կամ
  • 30 և ավել շաբաթական հղի է, կամ
  • մինչև 2 տարեկան երեխա խնամող/ունեցող անձ է։
  1. Հատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ սոցիալական աջակցության տեղեկատվական բազաները շահագործող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) վճարման ցուցակների հիման վրա։ Ամենամսյա հայտը և վճարման էլեկտրոնային ցուցակները կազմակերպությունը տրամադրում է Միասնական սոցիալական ծառայությանը, իսկ վերջինս էլ վճարման ցուցակները CBnet համակարգով տրամադրում է վճարումն իրականացնող կազմակերպություններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի։
  2. Տվյալ ամսվա վճարման ցուցակը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների՝ մահվան ակտերի գրանցման, Կադաստրի կոմիտեից սեփականության կամ համասեփականության իրավունքի ձեռքբերման, շուրջօրյա լրիվ խնամքի հաստատություններ տեղավորվելու վերաբերյալ տվյալների համադրման արդյունքում։
  3. Հատուցման վճարումը դադարեցվում է, եթե՝
  • առկա է շահառուի մահվան վերաբերյալ տվյալ.
  • շահառուն ընդունվել է շուրջօրա լրիվ խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն.
  • լրացել է սույն հավելվածով սահմանված ժամկետը.
  • շահառուն ներկայացրել է դիմում հատուցումը ստանալուց հրաժարվելու մասին.
  • շահառուն ձեռք է բերել սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տարածություն).
  • շահառուն կալանավորվել է կամ դատապարտվել է ազատազրկման.
  • շահառուն անընդմեջ բացակայում է Հայաստանի Հանրապետությունից երկու ամիս և ավելի ժամանակով.
  • անհատական սոցիալական ծրագրով նախատեսված պայմանները չկատարելու դեպքում՝ ըստ սոցիալական աշխատողի եզրակացության։
  1. Հատուցման վճարումը դադարեցնելու դեպքում համապատասխան որոշումը շահառուի՝ դիմումում նշված էլեկտրոնային հասցեին ուղարկվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված որոշումը կարող է բողոքարկվել դիմում ներկայացնելու միջոցով։
  2. Բողոքարկման դիմումի արդյունքում ստացված տեղեկատվության կամ փաստաթղթերի հիման վրա սույն կարգի 27-րդ կետի 2-րդ, 4-8-րդ ենթակետերում նշված հանգամանքները մերժվելու դեպքում, դրամական աջակցության վճարումը վերսկսվում է, և դրամական աջակցության վճարումն իրականացվում է դադարեցման ամսվանից սկսած, եթե համապատասխան դիմումը ներկայացվում է վճարելը դադարեցնելու որոշման կայացումից հետո մեկ ամսվա ընթացքում։
  3. Հատուցումը տրամադրվում է առավելագույնը վեց ամիս ժամկետով՝ ամսական 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով։
  4. Հատուցման գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
  5. Սոցիալական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու մասին որոշումը կայացվում է դիմումը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:
  6. Սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցվում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:
  7. Դատապարտյալին կարող են տրամադրվել նաև սոցիալական աջակցության ոլորտի այլ սոցիալական ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին բավարարելու և սահմանված կարգով դիմելու դեպքում։
  8. Սույն որոշմամբ չկարգավորված սոցիալական աջակցության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով և այլ իրավական ակտերով։

                                                               

 

 Հավելված N2

ՀՀ Կառավարության 2025 թվականի

ապրիլի ..... N ...-Ն որոշման

 

ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ  ՄԻԱՆՎԱԳ

ԴՐԱՄԱԿԱՆ  ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Պատժից ազատվող դատապարտյալնին պատժից ազատվելուց առնվազն 10 օր առաջ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից կայացված պատճառաբանված որոշման հիման վրա կարող է տրամադրվել միանվագ դրամական օգնություն:
  2. Միանվագ դրամական օգնություն ստանալու հարցը քննարկելու համար դատապարտյալը պատժից ազատվելուց առնվազն երկու ամիս առաջ այդ մասին գրավոր դիմում է ներկայացնում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի պետին:
  3. Դատապարտյալի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, դատապարտյալի անհատական կարիքների գնահատման նպատակով՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակցի կողմից իրականացվում է ուսումնասիրություն, կատարվում են հարցումներ:
  4. Միանվագ դրամական օգնության տրամադրման նպատակով դատապարտյալի կողմից ներկայացվող դիմումը պետք է պարունակի նաև համաձայնություն՝ տարբեր կառույցներին ու կազմակերպություններին հարցումներ ուղարկելու և նրա վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու մասին։
  5. Իրավասու մարմինների կողմից համապատասխան տեղեկատվությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկին տրամադրվում է անվճար՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում, որը չի կարող գերազանցել 15 աշխատանքային օրը։
  6. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկը դատապարտյալին միանվագ դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ կարծիք ներկայացելիս հաշվի է առնում՝
  • դատապարտյալի գույքային դրությունը, այդ թվում՝ եկամուտների առկայությունը կամ բացակայությունը,
  • անձնական հաշվին (հաշիվներում) գումարի առկայության դեպքում՝ դրա չափը։
  1. Ուսումնասիրության արդյունքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացվում է դատապարտյալին՝ միանվագ դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ կարծիք, որը հիմք է հանդիսանում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից պատճառաբանված որոշման կայացման համար։
  2. Պատժից ազատվող դատապարտյալին՝ սույն հավելվածով սահմանված կարգով սոցիալական աջակցություն չի տրամադրվում, եթե դատապարտյալը պատժի ավարտից հետո պետք է տեղափոխվի տարեցների և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքն ապահովող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, ինչպես նաև նրա անձնական հաշվում (հաշիվներում) 300.000 ՀՀ դրամ և ավելի գումարի առկայության դեպքում:
  3. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է պատժից ազատվելու օրվան նախորդող աշխատանքային օրը, անկանխիկ փոխանցման միջոցով՝ դատապարտյալի կողմից տրամադրված բանկային հաշվին:
  4. Միանվագ դրամական օգնության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
  5. Դատապարտյալին տրամադրվող միանվագ դրամական օգնությունը կազմում է 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:
  6. Սույն հավելվածի 9-րդ կետով նախատեսված միանվագ դրամական օգնության չափը կարող է ավելացվել ևս 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքներից որևէ մեկը կամ դրանց համակցությունը՝
  • դատապարտյալի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն և (կամ) ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունենալու հանգամանքը.
  • դատապարտյալի ընտանիքում 30 շաբաթականից ավելի հղիություն ունեցող կնոջ և (կամ) երեք և ավելի երեխաների և(կամ) տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց առկայությունը:
    1. Սույն հավելվածով նախատեսված միանվագ դրամական օգնությունը չի կարող հիմք հանդիսանալ այլ սոցիալական ծառայություններ չտրամադրելու համար, եթե առկա են համապատասխան սոցիալական ծառայությունները տրամադրելու հիմքերը:
  • Обсуждалось

    17.04.2025 - 05.05.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Социальное обеспечение, Уголовно-исполнительная

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1936

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: