««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
- «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի (այսուհետ նաև Օրենք) 8-րդ հոդվածով սահմանված է, որ Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից։ Սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերումը պետք է իրականացվի գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գնման գործընթացի ընթացակարգով, որն էլ իր մեջ ներառում է գնումների պլանավորում, գնման գործընթացի կազմակերպում, գնման առարկայի բնութագրերի հաստատում, գնման պայմանագրի կնքում, պայմանագրի կատարում և կառավարում։ Հարկ է նկատել, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստման, իրականացման անհրաժեշտությունը կարող է ծագել անմիջականորեն և դրանց իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման հրատապությունը պահանջի գնման գործընթացն իրականացնել կարճ ժամանակահատվածում, ինչը հնարավորություն չի տալիս պահպանել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներն ու ընթացակարգերը։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել օպերատիվ ծախսերի կատարման կարգը կանոնակարգել առանձին ենթաօրենսդրական իրավական ակտով։ Սույն Նախագծով առաջարկվում է լիազորող նորմ նախատեսել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասում, որի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման, նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի կատարման և փաստաթղթավորման կարգը կսահմանի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը։ Միաժամանակ սահմանելով, որ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցների ծախսերի նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պետական մարմնի ղեկավարի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից։
- Անդրադառնալով առաջարկվող մյուս փոփոխությանը՝ հարկ է նշել, որ Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր` կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն։
Օրենքով նախատեսված նման սահմանափակումը գործնականում առաջացնում է դժվարություններ կոռուպցիոն հանցանքների մասնավորապես՝ կաշառք տալ, ստանալ հայտնաբերման, կանխման, խափանման և բացահայտման համար: ՀՀ քրեական օրենսգրքի վերոհիշյալ հանցատեսակները նախատեսող հոդվածների 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված արարքները դասվում են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների շարքին, ինչը թույլ չի տալիս ենթադրյալ արարքը կատարած անձի նկատմամբ կիրառել օպերատիվ-հետախուզական միջոցառումների ամբողջ գործիքակազմը, իսկ թույլատրելի միջոցառումներով կոռուպցիոն հանցատեսակների բացահայտման խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է: Այսպես՝ կոռուպցիայի դեմ պայքարի առօրյա աշխատանքի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիմնականում պաշտոնատար անձանց պարգև կամ ավետչեք /մաղարիչ/ տալու դեպքերը դասվում են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների շարքին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ հանցատեսակների սուբյեկտները փոխադարձ շահագրգռվածություն ունեն և խուսափում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց, նման պայմաններում ՕՀԳ իրականացնող մարմինները զրկված են կոռուպցիոն նման դրսևորման դեմ պայքարի անհրաժեշտ գործիքակազմից, իսկ ներկա պահին օրենքով թույլատրելի միջոցառումները չեն լուծում այդ խնդիրները:
Վերոգրյալից ելնելով՝ Նախագծով առաջարկվում է Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի խմբագրմամբ՝ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով, 436-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված հանցանք կատարելու մեջ կասկածվող անձանց նկատմամբ՝ առերևույթ հիմքերի առկայության դեպքում:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ պետություններում ևս առկա է Նախագծով առաջարկվող կարգավորումները, այսպես՝ Ռուսաստանի Դաշնության Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանվում է, որ հեռախոսային և այլ խոսակցությունների գաղտնալսումը թույլատրվում է միայն միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց, ինչպես նաև այդ հանցագործությունների մասին տեղեկություններ ունեցող անձանց առնչությամբ (8-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ): Իսկ Լիտվայի Հանրապետության Քրեական հետախուզության մասին օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Քրեական հետախուզությունն իրականացվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների և Լիտվայի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հանցագործությունների դեպքում (մասնավորպես՝ ընտրությունների կամ հանրաքվեի իրավունքի իրացմանը խոչընդոտելը (4-5 տարի ազատազրկ․), ընտրական կամ հանրաքվեի փաստաթուղթ կեղծելը կամ կեղծ ընտրական կամ հանրաքվեի փաստաթուղթ օգտագործելը (3-6 տարի), ընտրությունների ձայների սխալ հաշվարկ, ընտրական կամ հանրաքվեի փաստաթուղթ ոչնչացնելը, փչացնելը, առգրավելը կամ թաքցնելը, էլեկտրոնային վճարման միջոցի կամ դրա տվյալների ապօրինի օգտագործումը, կաշառքը տալը, կաշառք ստանալը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը (մինչև 5 տարի ազտազրկում 1-ին մասով հոդվածի և այլն)։
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 242–րդ հոդվածի 3–րդ մասի համաձայն՝ «Գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել ծանր կամ առանձնապես ծանր, ինչպես նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով:»։
Ինչպես նկատում ենք քրեական դատավարության օրենսդրությամբ գաղտնի քննչական գործողությունների կատարման պայմանների մեջ ոչ միայն առանձնացնվում է հանցանքի ծանրության աստիճանը, այլ նաև՝ հանցանքի բնույթը։
Այսինքն՝ կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների բացահայտման պարագայում հանցանքի ծանրության աստիճանը նշանակություն չունի գաղտնի քննչական գորոծողության կատարման համար։
- Ուստի նույն տրամաբանությամբ Նախագծով ևս առաջարկում ենք օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման ժամանակ ոչ միայն հաշվի առնել հանցանքի ծանրության աստիճանը, այլ որոշ բացառիկ դեպքերում՝ հանցանքի բնույթը։«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Օպերատիվ հարցումը՝ կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է` իրականում կամ հավանաբար այդպիսի տեղեկատվության տիրապետող իրավաբանական և ֆիզիկական անձանց հարցեր տալու (հարցումներ անելու) և պատասխաններ ստանալու միջոցով:
Վերոնշյալ սահմանման համաձայն՝ հարցումը ենթադրում է նաև իրավաբանական անձանց հարցումներ անելու և պատասխաններ ստանալու միջոցով տեղեկությունների հավաքումը, այնուամենայնիվ «օպերատիվ հարցում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը հնարավորություն չի ընձեռում պետական մարմիններից կամ իրավաբանական անձանցից ստանալ այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են օրինակ՝ բաժանորդի նախկինում կատարված ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, ինչպես նաև հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների տեղակայումը, քանի որ այդպիսի տեղեկատվություն ձեռք բերելու համար Օրենքով նախատեսված է այլ օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով ամրագրված «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որը սակայն ուղղված է միայն ապագային և հնարավոր չէ ստանալ տեղեկություններ արխիվային (նախկին) տվյալների հետ կապված։
Բացի այդ, հարկ է նշել, որ հաճախ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 6-րդ մասի կամ 175-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա քրեական վարույթ չնախաձեռնելու դեպքում հանցանքի մասին տեղեկատվությունը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց փոստային հաղորդումները քննիչի կամ դատախազի նախաձեռնությամբ ուղարկվում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով ստուգելու համար։ Նշված դեպքերում ստուգման ընթացքում շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում ձեռք բերել ֆիզիկական անձանց առնչվող արխիվային (նախկին) այնպիսի տեղեկություններ, ինչպեսիք են օրինակ՝ ստուգվող անձի կողմից նախկինում կատարված ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, ինչպես նաև հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների տեղակայումը։
Ինչը համապատասխան իրավական գործիքակազմ չունենալու պարագայում հնարավոր չի լինում իրականացնել։
Այս համատեքստում հարց կարող է առաջանել, թե Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով ամրագրված՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ևս կարող են ստացվել ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի միջոցով իրականացվող հաղորդակցության վերաբերյալ վերը նշված տվյալները, սակայն պետք է նշել, որ տվյալ դեպքում տեղեկատվությունը ստացվում է միջոցառումը սկսելու պահից, և նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումը հնարավորություն չի ընձեռում ստանալ արխիվային (նախկին) տվյալներ, քանի որ խոսքը վերահսկման մասին է, իսկ վերահսկել կարելի է ընթացիկ պրոցեսը և ոչ թե արխիվային տվյալները։ Ուստի, վերոգրյալը հաշվի առնելով՝ նախագծով առաջարկվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում դատարանի թույլվությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներում ավելացնել նաև օպերատիվ հարցումը, եթե միջոցառման կատարմամբ ակնկալվում է ստանալ բաժանորդի նախկինում կատարված ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, ինչպես նաև հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների տեղակայումը։
- Նախագծով առաջարկվում է նաև Օրենքի 37-րդ հոդվածում կատարել փոփոխություն և օրենսդրորեն սահմանել դատարանի թույլտվությամբ իրականացվող օպերատիվ հարցման միջնորդությանը ներկայացվող պահանջները։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիր.
Նախագծի ընդունումը չի բխում վերոհիշյալ ռազմավարական փաստաթղթերից:
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվող փոփոխությամբ Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը կխմբագրվի, որով կսահմանվի, որ Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցների ծախսերի նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պետական մարմնի ղեկավարի, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից։ Բացի այդ, պետական մարմնի ղեկավարի իրական ակտով սահմանվելու է օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման, նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի կարգը։
Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի խմբագրմամբ՝ առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով, 436-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող անձանց նկատմամբ՝ առերևույթ հիմքերի առկայության դեպքում: Նախագծով կատարվող մյուս փոփոխությամբ նախատեսվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում դատարանի թույլտվությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներում լրացնել նաև օպերատիվ հարցումը, եթե միջոցառման կատարմամբ ակնկալվում է ստանալ բաժանորդի նախկինում կատարված ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, ինչպես նաև հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների տեղակայումը։
Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխության համատեքստում առաջարկվում է օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր 1․1–ին մասով, որով կսահմանվի, թե ինչ տվյալներ պետք է ներառվեն «օպերատիվ հարցում» օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունում։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ միաժամանակ անհրաժեշտ կլինի լրացում կատարել նաև օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման մեջ նախատեսվող տեղեկությունների ցանկում ներառելով նաև օրենքի 37-րդ հոդվածի 1.1–ին մասը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն առաջանա:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված կառույցները.
Նախագիծը մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ կապահովվի օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման, նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի կարգի սահմանում՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի կողմից, Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կիրականացվեն նաև կաշառք տալու, կաշառք ստանալու հոդվածներով ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձի նկատմամբ՝ առերևույթ հիմքերի առկայության դեպքում, ինչպես նաև կատարվող մյուս փոփոխությունների արդյունքում օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատարանի թույլվությամբ կիրականացվի նաև օպերատիվ հարցումը, եթե միջոցառման կատարմամբ ակնկալվում է ստանալ բաժանորդի նախկինում կատարված ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, ինչպես նաև հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների տեղակայումը։
ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ
-
Обсуждалось
15.04.2025 - 01.05.2025
-
Тип
Закон
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 2265
Принт