««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ
ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում են հանրաքվեների և ընտրությունների ժամանակահատվածում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (այսուհետ՝ ԸԸՀ-ներ) նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի և հանձնաժողովի անդամների վարձատրության կանոնները: Ընդ որում, ԸԸՀ-ների վարձատրության հարցում Օրենքում դրսևորվել է տարբերակված մոտեցում՝ վարձատության չափը կախվածության մեջ դնելով ընտրությունների տեսակից, ընտրությունների անցկացման համայնքից, ինչպես նաև ԸԸՀ-ի սպասարկման տարածքում գտնվող համայնքների քանակից և/կամ այդ համայնքներում առկա ընտրողների ընդհանուր թվից։ Նման մոտեցման հիմքում դրված էին այդ ժամանակահատվածում գործող ընտրական օրենսդրության կարգավորումները։ Հանրաքվեների, ԱԺ ընտրությունների, մինչև 2020 թվականը համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների՝ Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների, Հայաստանի Հանրապետության 900-ից ավելի համայնքներում ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտության պայմաններում կատարվող աշխատանքի ծավալի հաշվառմամբ ԸԸՀ-ի սպասարկման տարածքում գտնվող 5 և ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը, օրենսդիրն ընտրությունների անցկացման ժամանակահատվածի համար ԸԸՀ նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի համար նախատեսել է վարձատրություն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափի, իսկ հանձնաժողովի անդամների համար` ԸԸՀ նախագահի վարձատրության 70 տոկոսի չափով: Մյուս ընտրությունների դեպքում ԸԸՀ նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի անդամները վարձատրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության չափով:
Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հանրաքվեի, տեղական հանրաքվեի, Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի մեկ ամսվա համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի, հանձնաժողովի անդամների, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների, ինքնավար և հայեցողական պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են, իսկ առանձնացված ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են հանրաքվեի, տեղական հանրաքվեի, Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաև ԸԸՀ-ի սպասարկման տարածքում գտնվող 5 և ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրությունների դեպքում։
Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումից՝ 1996 թվականից սկսած մինչև 2020 թվականի նշված փոփոխությունները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվել են միայն մեծամասնական ընտրակարգով և ուղղակի ընտրությունների միջոցով ընտրվել են և' համայնքի ղեկավարը և' ավագանու անդամները։ Նման մոտեցման շրջանակներում առաջին փոփոխությունները տեղի ունեցան 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսված՝ Երևանի կարգավիճակի փոփոխությամբ, որի հաշվառմամբ ընդունվեց 2008 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը և Ընտրական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, որոնց համաձայն՝ Երևանի ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով, իսկ Երևանի քաղաքապետը՝ անուղղակի ընտրությունների միջոցով։ 2016 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքով Երևանի ավագանու ընտրությունների համար նախատեսված կանոնակարգումները տարածվեցին նաև Գյումրի և Վանաձոր համայնքների ավագանիների ընտրությունների վրա։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքով կատարված փոփոխությունների և լրացումների շրջանակներում վերանայվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում ընտրական համակարգի կիրառման նկատմամբ մոտեցումը՝ համամասնական ընտրակարգ նախատեսելով այն համայնքների ավագանիների ընտրությունների համար, որոնցում ընտրողների թիվը գերազանցում է 4000-ը, մյուս համայնքներում կիրառելով մեծամասնական ընտրակարգը համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների համար։ Օրենքի վերանայում՝ սույն փոփոխությունների հաշվառմամբ, տեղի չի ունեցել։
- Կարգավորման նպատակը
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) շրջանակներում առաջարկվում է վերանայել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ԸԸՀ-ների վարձատրության վերաբերյալ կանոնակարգումները՝ Ընտրական օրենսգրքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ կատարված փոփոխությունների հաշվառմամբ։ Մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում Օրենքը ընտրությունների անցկացման ժամանակահատվածի համար ԸԸՀ նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի համար նախատեսել է վարձատրություն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափի չափով, իսկ հանձնաժողովի անդամների համար` ԸԸՀ նախագահի վարձատրության 70 տոկոսի չափով վարձատրություն՝ Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների դեպքում կամ ԸԸՀ-ի սպասարկման տարածքում գտնվող 5 և ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը, ընտրություններ անցկացնելու դեպքում։ Առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված վարձատրությունը նախատեսել միայն համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու անդամների ընտրությունների դեպքում։ Մյուս՝ մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում՝ ԸԸՀ նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի և հանձնաժողովի անդամների համար նախատեսել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության չափով վարձատրություն: Նման մոտեցման հիմքում դրված է աշխատանքի ծավալը, որը կատարում են ԸԸՀ-ները։ Համամասնական ընտրակարգի պայմաններում առաջադրվելու իրավունքը վերապահված է կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է ընտրական ցուցակ, որում ներառված թեկնածուների թիվը չի կարող պակաս լինել այդ համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի 1/3-ից և ավել լինել այդ թվի եռապատիկից։ Ակնհայտ է, որ ընտրական գործընթացներում ներգրավված սուբյեկտների թիվը անհամեմատ ավելի մեծ է, քան մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ, երբ թեկնածուներն առաջադրվում են անհատապես։ Բացի այդ, համամասնական ընտրակարգի պայմաններում ԸԸՀ աշխատանքը չի ավարտվում ընտրությունների արդյունքների ամփոփմամբ. ԸԸՀ վարում է ավագանու անդամների մանդատ ստացած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներն այդ ավագանու լիազորությունների ողջ ժամկետի շրջանակներում՝ պարբերաբար նիստեր անցկացնելով, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ինքնաբացարկի վերաբերյալ դիմումները քննելով և դրա կապակցությամբ որոշումներ կայացնելով, թափուր մնացած մանդատներն ընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ թեկնածուին տրամադրելով և այլն։ Այսպես, օրինակ, 2023-2024[1] թվականներին ԸԸՀ-ների կողմից անցկացված նիստերի և/կամ ընդունված ակտերի վերաբերյալ տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ մարզերում գործող 28 ԸԸՀ-ներից միայն 5 ԸԸՀ-ների սպասարկման տարածքներում են տեղի ունեցել մեկական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ (թիվ 12 ԸԸՀ, թիվ 15 ԸԸՀ, թիվ 28 ԸԸՀ, թիվ 33 ԸԸՀ, թիվ 34 ԸԸՀ), սակայն բոլոր ԸԸՀ-ներն անցկացրել են նիստեր։ Դրանցից թվով 7 ԸԸՀ-ներ (թիվ 12 ԸԸՀ, թիվ 13 ԸԸՀ, թիվ 28 ԸԸՀ, թիվ 29 ԸԸՀ, թիվ 33 ԸԸՀ, թիվ 34 ԸԸՀ, թիվ 35 ԸԸՀ) անցկացրել են մեկ տասնյակից ավելի նիստեր, մյուսները՝ մինչև մեկ տասնյակ նիստեր։ Միայն թվով 3 ԸԸՀ-ներ նշված ժամանակահատվածում որոշումներ չեն ընդունել։ Թվով 8 ԸԸՀ-ներ նշված ժամանակահատվածում կայացրել են տասնյակից ավելի որոշումներ (թիվ 11 ԸԸՀ, թիվ 12 ԸԸՀ, թիվ 13 ԸԸՀ, թիվ 23 ԸԸՀ, թիվ 28 ԸԸՀ, թիվ 31 ԸԸՀ, թիվ 33 ԸԸՀ և թիվ 34 ԸԸՀ), թեև դրանցից միայն 4-ի սպասարկման տարածքներում են տեղի ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Թվով 17 ԸԸՀ-ներ նշված ժամանակահատվածում կայացրել են թվով մինչև մեկ տասնյակ որոշումներ։
Նախագծով առաջարկվում է նաև նույն տրամաբանությունը պահպանել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի, հանձնաժողովի անդամների, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների, ինքնավար և հայեցողական պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկելու համար։
Նախագծով առաջարկվել են նաև տեխնիկական բնույթի շտկումներ։ Այսպես, առաջարկվում է.
- «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերով, քանի որ Ընտրական օրենսգրքով այդ հանձնաժողովները վերանվանվել են,
- Օրենքից հանել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատ» և «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ» եզրույթները, քանի որ «աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ այլևս չկա և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի կենտրոնական ապարատ և առանձնացված ստորաբաժանումներ,
- տեղամասային ընտրական «հանձնաժողովի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «հանձնաժողովի քարտուղար», քանի որ տեղամասային ընտրական հանձնաժողովում նախագահի տեղակալի պաշտոն չկա։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները։
- Ակնկալվող արդյունքը։
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած խնդիրները, նպաստել հանրային ծառայողի համար երաշխավորված՝ աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալու հիմնական իրավունքի ապահովումը։
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունումը կնվազեցնի պետական բյուջեից ընտրությունների կազմակերպման համար կատարվող ծախսերը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
[1] Այս ժամանակահատվածն ընտրվել է այն հանգամանքի հաշվառմամբ, որ գործող ԸԸՀ-ները կազմավորվել են 2022 թվականի դեկտեմբերին։
-
Обсуждалось
07.03.2025 - 28.03.2025
-
Тип
Закон
-
Область
Гражданская служба
-
Министерство
Офис гражданской службы Аппарата Премьер-министра
Просмотры 1743
Принт