ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2025-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Վերջին ժամանակներում քաղաքացիների կողմից բազմիցս բարձրաձայնված, ինչպես նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից արձանագրված մթնոլորտային օդի պահպանության բնագավառում իրավախախտումների դեպքերի ավելացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030թթ․ համալիր միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման (այսուհետ՝ որոշում) նախագիծ, որում ներառված են մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի վերանայման, վերահսկողական մեխանիզմների խստացման և գործող օրենսդրական դաշտի պահանջների չկատարման դեպքում վարչական իրավախախտումների սահմանաչափերի վերանայման միջոցառումներ։
Որոշման անհրաժեշտությունը բխում է ինչպես Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման, այնպես էլ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի պահանջներից։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Որոշման ընդունման արդյունքում ՝
- կսահմանվեն մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված հստակ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի նվազեցնել, ինչպես նաև սահմանափակել մթնոլորտային օդի վրա վնասակար արտանետումները,
- կսահմանվեն միջոցառումների իրականացման ժամկետներ և պատասխանատու գերատեսչությունների շրջանակ,
- կսահմանվեն իրավասությունների շրջանակներ որոշակի գերատեսչությունների համար, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի ուժեղացնել վերահսկողությունը մթնոլորտային օդն աղտոտող ինչպես անշարժ, այնպես էլ շարժական աղբյուրներից,
- կստեղծվեն միջգերատեսչական աշխատանքային խմբեր գործող օրենսդրությամբ ամրագրված պահանջների ու նորմերի վերաբերյալ հասարակության շրջաններում իրազեկման, բացատրական աշխատանքներ իրականացնելու համար,
- կխստացվեն վարչական պատասխանատվության սահմանաչափերը,
- մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում։
3, Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
4, Ակնկալվող արդյունքը
Մթնոլորտային օդ վնասակար արտանետումների հնարավոր նվազեցում և սահմանափակում մթնոլորտային օդն աղտոտող անշարժ և շարժական աղբյուրներից, մարդածին գործոններից։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:
Նախագծի 1-ին կետով նախատեսված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման գործընթաց, որի կատարումն ենթադրում է նաև պետական բյուջեում ծախսերի փոփոխություններ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման պահանջից։