Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Անհրաժեշտությունը
«2025 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Ծրագիր) ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» 1067 ծրագրի «Ստանդարտների մշակման ծառայություններ» միջոցառման շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2025 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է տնտեսության ճյուղերի ինովացիոն, ինչպես նաև ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 13,558.5 հազ. դրամ:
Սույն որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական Միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2024 թվականին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ստանդարտացման ազգային մարմին) կողմից մշակվել է միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 39 ազգային ստանդարտ, որից 9-ի համար լրացուցիչ ֆինանսավորում չի հատկացվել՝ համաձայն Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2024 թվականի մարտի 19-ի նիստի N ԿԱ/88-2024 արձանագրության 1-ին կետի: Ազգային ստանդարտներն ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից: 2024 թվականին մշակված ստանդարտների կիրառումը աջակցել են ռազմական արդյունաբերության արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմանը։ Ազգային ստանդարտները մշակվել են տնտեսության հետևյալ գերակայող ոլորտներում՝ ռազմարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, երկրատարածական տվյալների, բնապահպանության, առողջապահության, սննդամթերքի, կառավարման համակարգերի, թվային ստորագրությունների անվտանգության ապահովման։
Ստանդարտացման ազգային մարմինը 2024 թվականին աշխատանքներ է իրականացրել ստանդարտացման միջազգային, միջպետական և համագործակցության ոլորտներում: Մասնավորապես, կազմակերպվել են միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկության աշխատանքներ, որի ընթացքում ներկայացված մշակվող ստանդարտների նախագծերն անցել են փորձաքննություն և համաձայնեցվել Հայաստանի Հանրապետության բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ։
2025 թվականի ընթացքում նախատեսվում է մշակել թվով 30 ազգային ստանդարտ:
2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության գործատուների և մասնագետների համար սպառիչ տեղեկատվություն ապահովելու նպատակով նախատեսված է հրատարակել «Ստանդարտներ և տեխնիկական պայմաններ» 4 տեղեկատուներ, և Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների համար նախապատրաստվելու է ազգային ֆոնդում համալրված բոլոր ստանդարտների վերաբերյալ 12 տեղեկատվական թերթիկ։
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2025 թվականին Ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված է 13,558.5 հազ. դրամ: Ծրագրի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա:
Պետական աջակցությունը ստանդարտացման ազգային մարմնին նախատեսվում է ներքոհիշյալ աշխատանքների իրականացման համար`
ա) ազգային ստանդարտների մշակման.
բ) միջպետական, եվրոպական և միջազգային ստանդարտացման.
գ) ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման:
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության պետական ստանդարտացման ամենամյա ծրագրով նախատեսված ազգային ստանդարտների մշակումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու համար ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի արդիականացումը և վարումը:
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականությունը մշակվում է լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից, որը բխում է «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ստանդարտացման միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ կնքված միջազգային ու միջպետական համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից:
4․ Կարգավորման նպատակը և բնույթը
Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը:
Ծրագրի նպատակն է նաև ռազմարդյունաբերության, շինարարության, պարենային և ոչ պարենային արտադրանքի, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, հողի և ջրի որակի, ռազմարդյունաբերության, տարածական տվյալների ոլորտներում աջակցել աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Ծրագրի իրականացումը կապահովի իրատեսական նախադրյալներ` համաշխարհային շուկայի հետ Հայաստանի Հանրապետության տնտեսության ինտեգրման՝
- տնտեսության գերակայող ճյուղերում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման․
- սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովման․
- պարենային և ոչ պարենային արտադրանքի որակի և մրցունակության բարձրացման․
- Հայաստանի Հանրապետությունում գործող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման, ԵՄ շրջանակներում գործող դիրեկտիվների/կանոնակարգերի հիման վրա համապատասխան ոլորտային ազգային տեխնիկական կանոնակարգերի արդիականացման համար:
Ծրագրի հիմնական խնդիրն է` համապատասխանեցնել գործող ազգային ստանդարտների ֆոնդը Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակայող ճյուղերի արդի պահանջներին:
Ծրագրի իրականացման ժամանակ` կիրառելով միջազգային գործելակարգում ընդունված ստանդարտացման հիմնական սկզբունքը, և ազգային ստանդարտների մշակման համար որպես հիմք ընդունելով միջազգային ստանդարտները, կստեղծվեն բարենպաստ պայմաններ․
- դեպի միջազգային և տարածաշրջանային շուկաներ (այդ թվում ԵԱՏՄ տարածք) Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատ մուտքի համար,
- համաշխարհային շուկայում տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման (գնահատման) արդյունքների ճանաչման համար, որը կնվազեցնի տեխնիկական խոչընդոտները միջազգային առևտրում:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Էկոնոմիկայի նախարարություն
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն:
6․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` www.e-draft.am տեղադրելու միջոցով։
Հասարակության մասնակցությունը Որոշման նախագծմանը և/կամ քննարկումներին իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կամ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությանը շահագրգիռ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց առաջարկությունների և դիտողությունների ներկայացմամբ:
Նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում, կամ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չկա։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ ծրագրից։
8․ Ակնկալվող արդյունքը
Ծրագրի իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար, ինչպես նաև կապահովվի ԵԱՏՄ և ազգային տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը, կընդլայնվի Հայաստանի Հանրապետության համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման մարմինների հետ: