Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ոլորտի համակարգված զարգացումը հանդիսանում է ռազմավարական առաջնահերթություն՝ միտված պետության կայուն զարգացմանը և հնարավոր ռիսկերի արդյունավետ կառավարմանը: Չնայած վերջին տարիների զգալի առաջընթացին, մասնավորապես իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի զարգացման առումով, ոլորտը դեռևս բախվում է մի շարք մարտահրավերների: Առանցքային խնդիրներից է տվյալների փոխգործելիության բացակայությունը՝ պայմանավորված տարբեր կազմակերպությունների կողմից հավաքագրված տվյալների ստանդարտացման պակասով: Էական մարտահրավեր է նաև մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը: Ինստիտուցիոնալ մակարդակում առկա են համակարգման և հստակ դերաբաշխման խնդիրներ: Ֆինանսական և տեխնիկական ռեսուրսների սահմանափակումները նույնպես խոչընդոտում են համակարգի լիարժեք զարգացմանը: Առանձին խնդիր է նաև երկարաժամկետ ռազմավարական տեսլականի ձևավորման անհրաժեշտությունը: Վերը նշված մարտահրավերների և խնդիրների լուծումը հնարավոր է միայն հստակ և համակարգված միջոցառումների իրագործման շնորհիվ, վերջինիս իրավակարգավորման կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է նոր ռազմավարական ծրագրի (այսուհետև՝ Ծրագիր) մշակում և հաստատում:

Ծրագրի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել մեկ միասնական թվային ենթակառուցվածք, որը կապահովի տարածական տվյալների ինտեգրում՝ միաժամանակ ապահովելով գործող համակարգի կայուն, անխափան և ճկուն աշխատանք: Ծրագիրը հնարավորություն կստեղծի տարածական տվյալների համակողմանի օգտագործման համար՝ աջակցելով դիմացկուն և կայուն պետության ձևավորմանը՝ բարելավելով տարածական տվյալների կառավարումը, տարածումը և օգտագործումը որոշումների կայացման գործընթացում:

Ծրագրի իրականացումը կնպաստի նաև տարածական տվյալների ոլորտի ինստիտուցիոնալ կառավարման համակարգի զարգացմանը, իրավական դաշտի կատարելագործմանը, ոչ թվային գործընթացների թվայնացմանը և Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ու պետական միասնական գեոպորտալի հնարավորությունների ընդլայնմանը: Սա իր հերթին կբարձրացնի պետական կառավարման արդյունավետությունը և կնպաստի երկրի անվտանգային մակարդակի բարձրացմանը:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ոլորտը նշանակալի առաջընթաց է արձանագրել։ 2019 թվականից սկսած՝ ընդունվել են մի շարք կարևոր իրավական ակտեր, այդ թվում՝ «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշումը, իսկ հետագայում 2021 թվականին, ՀՀ կառավարության «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշմամբ Կադաստրի կոմիտեն նախաձեռնեց ԱՏՏԵ-ի ներդրման աշխատանքները: 2023 թվականի հունվարի 17-ին ընդունվեցին «Տարածական տվյալների մասին» ՀՕ-21-Ն և «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՕ-20-Ն օրենքները։ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ մշակվել և 2024 թվականին հաստատվել են տարածական տվյալների 12 ազգային ստանդարտներ։ 2022 թվականին գործարկվել է պետական միասնական գեոպորտալը (geoportal.am)՝ իր քարտեզագրական բաղադրիչով (maparmenia.am), որը ներառում է բազային քարտեզագրական շերտեր և արդեն իսկ գրանցել է տպավորիչ արդյունքներ՝ 2024 թվականին գրանցելով շուրջ 155,000 այց՝ 2023 թվականի 30,000-ի համեմատ։

Սակայն, չնայած արձանագրված առաջընթացին, ոլորտը դեռևս բախվում է մի շարք էական մարտահրավերների։ Առանցքային խնդիր է տվյալների փոխգործելիության բացակայությունը, որը պայմանավորված է տարբեր կազմակերպությունների կողմից հավաքագրված տվյալների ստանդարտացման պակասով։ Մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը նույնպես մնում է որպես էական մարտահրավեր, քանի որ շատ կազմակերպություններ և պետական մարմիններ դեռևս բավարար ծանոթ չեն
ԱՏՏԵ-ի հնարավորություններին։

Ինստիտուցիոնալ մակարդակում առկա են համակարգման և հստակ դերաբաշխման խնդիրներ։ Ֆինանսական և տեխնիկական ռեսուրսների սահմանափակումները խոչընդոտում են համակարգի լիարժեք զարգացմանը։ Թեև գիտահետազոտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև մասնավոր կազմակերպություններում ոլորտը զարգանում է բարձր տեմպերով, այդ զարգացումը կրում է ոչ համակարգային բնույթ, իսկ մշակված տվյալները հաճախ դուրս են մնում ԱՏՏԵ-ից և հասանելի չեն դառնում հանրությանը և քաղաքականություն մշակողներին։

Հատուկ ուշադրություն է պահանջում ոլորտային մարմինների կողմից վարվող թեմատիկ-տարածական տվյալների շերտերի ստեղծումն ու շարունակական թարմացումը՝ ընդունված ստանդարտներին համապատասխան։ Տեխնոլոգիաների արագ զարգացման և շահառուների աճող պահանջների պայմաններում անհրաժեշտ է ապահովել ենթակառուցվածքի շարունակական զարգացման հնարավորությունը և ներդնել արդյունավետ մոտիվացիոն մեխանիզմներ։

Վերոնշյալ հարցերը ներկայումս որևէ իրավական ակտով ամբողջական չեն կարագավորվում, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշմամբ հաստատված հիմնական միջոցառումները 2024 թվականի տարեվերջին ավարտվել են, իսկ մի քանիսի ավարտման վերջնաժամկետը նախատեսված է 2026 թվականը,  ուստի խիստ անհրաժեշտություն է առաջացել մշակել և հաստատել ՀՀ տարածական տվյալների ոլորտի զարգացման նոր  հնգամյա ծրագիր 2026-2030 թվականների համար:

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը

Կառավարության որոշմամբ կսահմանվի ՀՀ տարածական տվյալների ոլորտի զարգացման ծրագիրը: Իրավական ակտի ընդունման արդյունքում ապահովելու է ՀՀ-ում տարածական տվյալների ոլորտի համակողմանի զարգացում՝ ստեղծելով արդյունավետ ինստիտուցիոնալ կառավարման համակարգ և կատարելագործված իրավական դաշտ: Ծրագրի իրականացումը կհանգեցնի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների թվայնացմանը, ինչպես նաև ԱՏՏԵ-ի և պետական միասնական գեոպորտալի հնարավորությունների ընդլայնմանը: Կապահովվի տարածական տվյալների բարձր որակ, ստանդարտացում և անվտանգություն՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրման միջոցով: Կստեղծվեն նախադրյալներ ռեգիոնալ և գլոբալ ԱՏՏԵ-ների հետ ինտեգրման համար, ինչպես նաև կբարելավվի տարածական և վիճակագրական տվյալների համադրման հնարավորությունը: Ծրագիրը կնպաստի ոլորտում մասնագիտական ներուժի զարգացմանը և կայուն ներհոսքի ապահովմանը: Արդյունքում կձևավորվի տարածական տվյալների հավաքման, մշակման, պահպանման և տարածման միասնական, թափանցիկ և արդյունավետ համակարգ, որը կծառայի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը և հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին․

Ծրագրից բխող միջոցառումների համար նախատեսված ֆինասավորման չափը ներառված չէ Ծրագրի 12-րդ գլխում, քանի որ այն պահանջում է իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրակրկիտ տեխնիկական առաջադրանքների կազմում, շուկայի ուսումնասիրություն, որոնք պետք է կատարվեն նաև ոլորտային լիազոր մարմինների հետ համատեղ, ինչը ժամանակատար և աշխատատար գործընթաց է, ուստի առաջարկում ենք ֆինասավորման չափը սահմանել հետագայում։

  1. Նախագծի մշակմանը ներգրավված մարմինները․

Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարություն 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 6․5-րդ «Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք» կետի, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ և
ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշումներով հաստատված ոլորտային ռազմավարական փաստաթղթերի պահանջներից:

Տարածական տվյալների ոլորտի զարգացման ծրագիրն անմիջականորեն բխում է ՀՀ կառավարություն 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 6․5-րդ կետից, որով սահմանված է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման և կառավարման գործընթացում դրա ներդրման անհրաժեշտությունը։ Վերոգրյալ որոշման հավելվածի 6․5-րդ կետում նախանշված ռազմավարական նպատակադրումները՝ «ոլորտային կադաստրների տեղեկատվական բանկի ստեղծում, ազգային գեոպորտալի գործարկում և դրանց հասանելիության աստիճանակարգի սահմանում, համապատասխան ոլորտային կադաստրների ինտեգրում մեկ միասնական հարթակում», հանդիսանում են սույն ծրագրի հիմնական ուղենիշները։ Այս ռազմավարական նպատակադրումների իրագործման համար սույն Նախագիծը սահմանում է 2026-2030 թվականների համար նախատեսված հստակ գործողությունների և միջոցառումների ամբողջական շրջանակ։ Այն նախատեսում է ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ մեկ միասնական ենթակառուցվածքի ձևավորում, որը կապահովի տարածական տվյալների համակողմանի ինտեգրումը և փոխգործելիությունը, ինչպես նաև համակարգի կայուն, անխափան ու ճկուն աշխատանքը՝ միտված պետության կայուն զարգացմանը, հանրային ծառայությունների որակի բարձրացմանը և հնարավոր ռիսկերի արդյունավետ կառավարմանը:

 

  • Обсуждалось

    21.02.2025 - 09.03.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1593

Принт