18.01.2025
Քննարկման ներկայացված սույն նախագիծը ակնհայտ վատթարացնում է զինծառայողների իրավական վիճակը, հիմքեր է ստեղծում վերջիններիս ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքների խախտման համար և ենթակա չէ ընդունվելու՝ հետևյալ պատճառաբանությամբ. Ներկայումս ծառայության վայրում զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման կարիքի առկայությունը պետության սահմանած չափանիշներից ելնելով համարվում է ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 30 կմ. հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ հաշվառման վայր չունենալը: Այս չափանիշի ընտրության վերաբերյալ մեր կատարած հարցմանն ի պատասխան ՀՀ Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ծառայության վայրից 30 կմ. հեռավորության պայմանը սահմանվել է հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշումը: Չանդարադառնալով նշված Որոշմամբ առաջնորդվելու վերաբերյալ մեր հիմնավոր անհամաձայնությանը, այնուամենայնիվ նկատում ենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 65-րդ հոդվածի և Կառավարության 20.07.2023թ. N 1219-Ն որոշմամբ (այսուհետ՝ N 1219-Ն Որոշում) սահմանված 30 կիլոմետր հեռավորության ընտրությունը առնվազն իրավական հիմք ունի: Սակայն սույն Նախագծով՝ զինծառայողների բնակարանային բարելավման կարիքի գնահատման հարցում 30 կիլոմետրը 60 կիլոմետրով փոխարինելու առաջարկը ոչ միայն հիմնազուրկ և անտրամաբանական է, այլ նաև հավաստում է Նախագծի հեղինակների կողմից մի շարք էական թերացումներին մասին: Մասնավորապես, Նախագծի հիմնավորման մեջ գրված է, որ Օրենքով սահմանված 30 կիլոմետրի պայմանը վերանայելու անհրաժեշտությունն առաջացել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինության ակտիվ զարգացումն ու մեկ քաղաքից մյուսը տեղափոխվելու համար անհրաժեշտ միջին ժամանակահատվածը: Սակայն նույն հիմնավորման տեքստը որևէ տող չի պարունակում այն մասին, թե ի՞նչ ուսումնասիրություններ են իրականացվել պարզելու համար ՀՀ-ում իրականացվող ճանապարհաշինության անմիջական ազդեցությունը յուրաքանչյուր զինծառայողի վրա՝ իր բնակության վայրից ծառայության վայր հասնելու դժվարությունները հաղթահարելու հարցում: Այս հարցի պատասխանը ստանալու համար անհարժեշտ էր ելակետ ընդունել ՀՀ-ում ճանապարհաշինության բույթն ու քարտեզագրությունը, հասկանալ դրանց ծավալներն ու ուղղությունները, գնահատել թե փաստացի ի՞նչ է փոխվել, որից հետո ստացված արդյունքը համեմատել ՀՀ-ում տեղակայված բոլոր զորամասերի և դրանցից յուրաքանչյուրում ծառայություն իրականացնող՝ մինչև 60 կիլոմետր հեռավորությամբ բնակվող բոլոր զինծառայողների բնակության վայրից ծառայության վայրն ընկած ճանապարհը (օրական 2 անգամ) հրատապ և իրենց միջոցների հաշվին անցնելու հնարավորությունների ու ծախսի հետ: Բացառապես այս եղանակով կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա կարելի կլիներ նախաձեռնել այն փոփոխությունները, որոնք ներկայացված են սույն Նախագծով: Թերևս մեր կողմից առաջարկված այս բանաձևով հնարավոր կլիներ պարզել միայն այն զինծառայողներին սպասարկող ճանապարհների վիճակը, ովքեր իրենց բնակության վայրից ծառայության վայր են հասնում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով: Մինչդեռ զինծառայողների գերակշիռ մասը (այդ թվում կանայք) բնակության վայրից ծառայության վայր հասնելու համար ստիպված են օգտվել հասարակական տրանսպորտի ծառայություններից, որի հնարավորությունների և որակի մասին Նախագծի հեղինակները պարտավոր էին տեղեկանալ այդ ոլորտը կարգավորող իրավասու մարմիննեից և հետևություններ անել հատկապես զինծառայողների շրջանում իրականացված անմիջական հարցումների արդյունքներով: Ելնելով այն իրողությունից, որ Նախագիծը հեղինակելիս վերը նշված ուսումնասիրությունը չի իրականացվել, ուստի տեղեկացնում ենք, որ ՀՀ-ում բացակայում է ուղիղ միջմարզային տրանսպորտային կապի պատշաճ իրականացումը։ Վերջինս հնարավոր է իրականացնել միայն Երևան քաղաքի «միջնորդության» շնորհիվ, այն էլ գերծանրաբեռնված տրանսպոտային միջոցներով և հատուկ (ըստ սպասարկող կազմակերպության հարմարավետության սահմանված) ժամանակացույցով։ Այս հարցի առնչությամբ հարկ ենք համարում նախագծի հեղինակներին տեղեկացնել նաև, որ զինվորական ծառայությունը գործունեության հատուկ ոլորտ է, որում ցանկացած աշխատանք իրականացվում է իր առջև դրված խնդիրներին համահունչ՝ դրանց բնորոշ կանոններով, խստությամբ և պատասխանատվության մակարդակով: Հետևաբար պետությունը առնվազն պետք է ձեռնպահ մնա այնպիսի միջոցներ ձեռնարկելուց, որոնք արհեստականորեն խոչնդոտում են զինծառայողի կողմից զիվորական ծառայության պատշաճ իրականացմանը, նվազեցնում դրա արդյունավետությունը և այդ խնդրի հաղթահարումը թողնում պետության պաշտպանությունն իր կյանքի հաշվին իրականացնող զինծառայողի ուսերին: Այս ոլորտում ցանկացած փոփոխություն կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ Օրենքով զինծառայողներին ծառայության վայրին մոտ գտվող բնակարանով ապահովելու կամ դրամական հատուցում տրամադրելու նպատակը, ի թիվս այլ գործոնների, հանդիսանում է ծառայության վայրում զինծառայողի հրատապ ներկայության ապահովման անհրաժեշտությունը: Այդ է պատճառը, որ պետության կողմից զինծառայողների և նրանց ընտանիքների բնակության համար նախատեսված կեցավայրերը (բնակարանները, շենքերը, ավանները) կառուցված են ծառայության վայրերից այնպիսի հեռավորության վրա, որ առանց փոխադրամիջոցի օգտագործման այդ տարածությունը հնարավոր լինի անցնել րոպեների ընթացքում։ Մինչդեռ, նրկայումս Օրենքով սահմանված 30 կիլոմետրի պայմանը նույնպես ի զոր չէ արդարացնելու այդ նպատակը և տասնյակ կիլոմետրեր հեռավորությամբ բնակվող զինծառայողի համար (թերևս խաղաղ պայմաններում) ծառայության վայր ներկայանալն ու տուն վերադառնալն ամենօրյա խնդիր է՝ հատկապես այն դեպքերում, երբ զինծառայողի բնակության և ծառայության վայրերը գտնվում են ՀՀ տարբեր մարզերում։ Ինչ վերաբերում է ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում դրամական հատուցում տրամադրելու հանգամանքին, ապա պետք է հաշվի առնել, որ այդ հատուցումների չափերը վաղուց այլևս համարժեք չեն ո՛չ ծառայության վայրերում բնակելի տարածություն վարձակալելու, և ո՛չ էլ ամսական (միջինում) 22 օր միջմարզային 30 և ավելի կիլոմետր տարածությունը տաքսի ծառայության միջոցով անցնելու համար պահանջվող ճանապարհածախսի արժեքին: Ուստի այդ ծախսը ևս թողնված է զինծառայողի ուսերին, ստիպելով վերջիններս իրենց վաստակից մի զգալի հատված հատկացնել ծառայության վայրում պատշաճ ներկայանալու խնդիր լուծմանը: Այսպիսով, սույն Նախագիծը չհիմնավորված, և ակնհայտ անբարենպաստ պայմաններ է նախատեսում զինծառայողների համար և չի կարող կամայական ու անհամարժեք պատկերացումների հիման վրա կարգավորել ՀՀ պաշտպանության ոլորտը: