05.12.2024
Հանրային քննարկման ներկայացված սույն նախագիծը ենթակա չէ ընդունվելու, քանի որ դրա հակիրճ բնութագիրն ու հիմնավորումը չեն համապատասխանում փաստացի ներկայացված ՀՀ կառավարություն որոշման նախագծին՝ հետևյալ պատճառներով. Նախ, Նախագծի հակիճ բնութագրում և հիմավորման մեջ նշվում է, որ փոփոխության պետք է ենթարկվի ՀՀ Կառավարության 02.11.2026թ. N1911-Ն որոշումը, մինչդեռ նախագծի բովանդակության մեջ և դրա վերնագրում նշվում է միանգամայն այլ՝ ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 41-Ա և ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 162-ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Երկրորդ պատճառն այն է, որ Նախագիծը վերնագրված է որպես ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 162-ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ, սակայն որևէ տող չի պարունակում, թե ի՛նչ փոփոխության պետք է ենթարկվի այդ ակտը: Ընդ որում այդ հարցին անդարադարձ չի կատարվել նաև դրա հիմավորման և հակիրճ բնութագրի մեջ: Երրորդ պատճառն այն է, որ Նախագծի հակիճ բնութագրում և հիմավորման մեջ նշվում է, որ առողջապահական կազմակերպությունները նախատեսվում է վերակազմակերպել միացման և միաձուլման եղանակով, մինչդեռ բուն նախագծում և դրա վերնագրում որևէ խոսք չկա միացման եղանակով վերակազմակերպման մասին: Հարկ է նկատել, որ միացումը և միաձուլումը իրավաբանական անձանց վերակազմակերպման միանգամայն տարբեր եղանակներ են, և վերակազմակերպման գործընթացում ունեն տարբեր դրսևորումներ ու հետևանքներ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդված): Հետևաբար նորմատիվ իրավական ակտի նախագիծը չի կարող տարբերվել դրա ընդունումը հիմնավորող փաստաթղթի բովանդակությունից: Չորրորդ պատճառն այն է, որ նախագծով վերակազմակերպվող առողջապահական կազմակերպությունների իրավական վիճակը սահմանված է ՀՀ Կառավարության 02.11.2026թ. N 1911-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), հետևաբար դրանց կազմակերպաիրավական ձևի և իրավական վիճակի ցանկացած փոփոխություն պետք է կատարվի բացառապես այդ ակտում փոփոխություններ կատարելու եղանակով: Մինչդեռ քննարկման ներկայացված նախագիծն այդ ակտին չի անդարադառնում, ներկայացվում է որպես ինքնուրույն և Որոշման հետ կապ չունեցող որոշման նախագիծ: Իրավական ակտերի ընդունման և դրանցում փոփոխություններ կատարելու կարգը սահմանված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում, հետևաբար առաջարկում ենք սույն նախագիծը համապատասխանեցնել դրանով սահմանված պահանջներին: