Добавить в избранное
««ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
8 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Samvel Amirzadyan 01.08.2024 23:43:01 | 1. «Հաշտարարության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-351-Ն օրենքի այսուհետ՝ Օրենք 3-րդ հոդվածով ամրագրված է հետևյալը. Հոդված 3. Հաշտարարը 1. Հաշտարարն անկախ, անկողմնակալ, գործի ելքով շահագրգռվածություն չունեցող ֆիզիկական անձ է, որն իրականացնում է հաշտարարություն կողմերի միջև առկա վեճը հաշտությամբ լուծելու նպատակով: 2. Հաշտարարն իրավունք ունի իր գործունեությունն իրականացնելու ինչպես անհատապես, այնպես էլ մշտապես գործող հաշտարարական հաստատությունում: Նույն Օրենքի 13-րդ հոդվածով ամրագրված է ներքոնշյալը. Հոդված 13. Արտոնագրված հաշտարարը 1. Արտոնագրված հաշտարար է սույն օրենքով սահմանված կարգով արտոնագրված հաշտարարի որակավորում ստացած և արտոնագրված հաշտարարների ռեեստրում գրանցված ֆիզիկական անձը: 2. Արտոնագրված հաշտարարի որակավորում կարող է ստանալ 25 տարին լրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն: 3. Արտոնագրված հաշտարարի որակավորում չի կարող շնորհվել այն անձին՝ 1) որը հանրային ծառայող է. 2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ. 3) որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել. 4) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում: Վերոնշյալ երկու հոդվածների ուսումնասիրությունից ենթադրվում է, որ գոյություն ունեն երկու սուբյեկտ հաշտարարներ՝ հաշտարար և արտոնագրված հաշտարար: Որոշակիության սկզբունքից ելնելով առաջարկում ենք Օրենքի 3-րդ հոդվածը ներառել 13-րդ հոդվածում, ինչպես նաև ամբողջ Օրենքում հիշատակված հաշտարար բառից առաջ, եթե նշված չէ արտոնագրված բառը, ապա ավելացնել այն: 2. Օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ հաշտարարության վերաբերյալ համաձայնության կողմերից մեկի մահը չի հանգեցնում այդ համաձայնության դադարման, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, կամ վիճելի իրավահարաբերությունը չի բացառում իրավահաջորդություն: Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հաշտարարության գործընթացն ավարտվում է ֆիզիկական անձ կողմերից մեկի մահվամբ կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով մահացած ճանաչվելով կամ իրավաբանական անձ կողմի լուծարմամբ: Գտնում եմ, որ հիշատակված երկու նորմերը միմյանց հակասում են, քանի որ մի պարագայում ենթադրվում է, որ եթե հաշտարարության վերաբերյալ համաձայնության կողմերից մեկի մահվան դեպքում հնարավոր է իրավահաջորդություն տեղի ունենա, ապա կարող է նաև հնարավոր վեճը իրավահաջորդի մասնակցությամբ լուծվել հաշտարարությամբ, սակայն հաշտարարության կողմերից մեկի մահվան պարագայում օրենսդիրը բացառում է հաշտարարության իրականացումը, քանի որ այն հաշտարարության ավարտման հիմք է դառնում: Առաջարկվում է վերոնշյալ նորմերը խմբագրել: Օրենքի 21.4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը՝ 1) ներկայացնում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը. 2) ընդունում է որոշումներ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցերի վերաբերյալ. 3) հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները։ Եթե ձեռք բերվող կամ օտարվող գույքի, իսկ ձեռք բերվող ծառայության կամ աշխատանքի մատուցման դեպքում մեկ ամսվա դիմաց վճարման ենթակա արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա նախքան այդպիսի գործարքի կնքումը հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը պետք է ստանա խորհրդի համաձայնությունը: Նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գործարք կնքելու կարգը սահմանվում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ. 4) հաշտարարի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ. 5) իրականացնում է օրենքով և հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության մյուս մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ: Վերոնշյալ նորմով օրենսդիրը հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահին վերապահել է որոշակի լիազորություններ, սակայն նշված լիազորություններում և առհասարակ Օրենքում բացակայում է այն դրույթը, որ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը կարող է առանց լիազորագրի հանդես գալ «ԻԿԿ»-ի անունից, ինչպես նաև տալ լիազորագրեր /վերալիազորման իրավունքով լիազորագրեր/ «ԻԿԿ»-ի անունից հանդես գալու և ներկայացուցչություն իրականացնելու համար: Առաջարկում եմ այն ավելացնել: 3. Առաջարկում եմ խմբագրել Օրենքի 23.3-րդ հոդվածի 3-րդ մասը հետևյալ բովանդակությամբ. «Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը կամ կարգապահական վարույթ հարուցած խորհրդի անդամների մեկ երրորդը կարգապահական գործն ուղարկում է խորհուրդ»: Գործող խմբագրություն. «Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կարգապահական վարույթ հարուցած հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը կամ խորհրդի անդամների մեկ երրորդը կարգապահական գործն ուղարկում է խորհուրդ» | Ընդունվել է մասամբ | Առաջին առաջարկն ընդունվել է և Նախագծում կատարվել է փոփոխություն, որի համաձայն՝ «Հաշտարարության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-351-Ն օրենքում այսուհետ՝ Օրենք բոլոր «հաշտարար» բառերից առաջ ավելացվել է «արտոնագրված» բառը: Երկրորդ առաջարկը չի ընդունվել: Մասնավորապես՝ Օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ հաշտարարության վերաբերյալ համաձայնության կողմերից մեկի մահը չի հանգեցնում այդ համաձայնության դադարման, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, կամ վիճելի իրավահարաբերությունը չի բացառում իրավահաջորդություն: Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հաշտարարության գործընթացն ավարտվում է ֆիզիկական անձ կողմերից մեկի մահվամբ կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով մահացած ճանաչվելով կամ իրավաբանական անձ կողմի լուծարմամբ: Առաջարկը չի ընդունվել, քանի որ նշյալ երկու կարգավորումները միմյանց չեն հակասում: Առաջին դեպքում խոսքը հաշտարարության վերաբերյալ համաձայնության գործողության իրավահաջորդության մասին է, իսկ երկրորդ դեպքում արդեն իսկ սկսված հաշտարարության գործընթացի ավարտման մասին է, որոնք միմյանցից տարբեր գործընթացներ են: Երկրորդ դեպքում հաշտարարության ավարտման տրամաբանությունն այն է, որ անձի մասնակցությամբ հաշտարարության գործընթացն ավարտվում է անձի մահվամբ, քանի որ հաշտարարության մասնակցությունը անձի հետ անմիջականորեն կապված գործընթաց է և չի կարող արդեն մեկնարկած հաշտարարության գործընթացի կեսից անձին փոխարինել իր իրավահաջորդը, քանի որ այն արդյունավետ չի լինի հաշտարարության գործընթացի տեսանկյունից: Միևնույն ժամանակ, Օրենքը չի արգելում այն դեպքերում, երբ այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, կամ վիճելի իրավահարաբերությունը չի բացառում իրավահաջորդություն, մեկնարկել նոր հաշտարարության գործընթաց իրավահաջորդի մասնակցությամբ: Երրորդ առաջարկը ընդունվել է: Նախագծում ավելացվել է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի կողմից հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անունից առանց լիազորագրի հանդես գալու լիազորագիր տալու լիազորությունը: Չորրորդ առաջարկը չի ընդունվել: Առաջարկվող փոփոխությունը հիմնավորված չէ, իսկ գործող խմբագրությունը ամբողջովին համապատասխանում է կարգավորման նպատակին, հետևաբար առաջարկվող փոփոխության իրականացումը նպատակահարմար չէ: |
2 | Վահե Աստվածատրյան 05.08.2024 12:12:23 | ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ-ում՝ 1) Հոդված՝ 2-ից հանել «2․1» ենթակետը և «5․» կետը՝ դատարկ լինելու հիմքով։ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ՝ 1) Հոդված՝ 186-ը լրացնել՝ 2-րդ մասը հավելել հետևյալ նախադասությամբ․ «Կնքված հաշտության համաձայնությունը կարող է պարունակել նաև կարգավորումներ և պայմաններ դատարանում քննվող հայցի հիմքի և առարկայի շրջանականերից դուրս։» ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ․ այս շարադրանքը կնպաստի, որպեսզի կողմերը դատական գործընթացի փուլում նշանակված հաշտության համաձայնությամբ կարգավորեն նաև իրենց հուզող և չկարգավորված հարցերը ևս, ինչն էլ կհանգեցնի կողմերի միջև առկա բոլոր վիճահարույց հարցերի կոմպլեքս լուծմանը և կողմերին կձերբազատի այլ չկարգավորված հարցերով միմյանց դեմ կրկին դատական գործընթաց սկսելուց կամ առկա այլ դատական գործընթացները ենթակա կլինեն կարճման՝ այդ հաշտության հիմքով։ Այլապես հաճախ բախվում ենք այնպիսի իրավիճակների, երբ դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը՝ պատճառաբանելով, որ այն դուրս է հայցի հիմքի և առարկայի շրջանակներից։ 2) Հոդված 288-ի 1-ին մասում «հաշտարարության յուրաքանչյուր կողմ» բառերից հետո լրացնել «և հաշտարարը՝ կողմերի համաձայնությամբ կամ հաշտարարության մասին կնքված համձայնագրով կամ հաշտարարի հետ կնքված պայմանագրում նախատեսված դեպքում և կարգով» բառերը։ 3) Հոդված 288 1-ին մասում «դիմելու» բառից հետո «իր բնակության վայրի» բառերը հեռացնել։ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ․ այս հոդվածի մասով առաջարկը նպատակ է հետապնդում կողմերի համար դյուրինացնել հաշտարարության գործընթացը՝ մասնավորապես՝ Ա) հաշտարարին ևս ընձեռել հնարավորություն կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը ներկայացնել դատարանի հաստատման, եթե կողմերի և հաշտարարի հետ կնքված պայմանագրով կամ նման համաձայնություն կամ եթե կողմերը հաշտարարության ընթացքում գրավոր նման խնդրանքով դիմել են հաշտարարին։ Այս գործառույթի ավելացումը արտադատական հաշտարարության դերն առավել կկարևորի՝ կողմերին ձերբազատելով առհասարակ դատարան դիմելու գործընթացներից և հաշտարարության արդյունքում կայացված հաշտության վերաբերյալ վճիռը հաշտարարից ստանալով։ Կստացվի արտադատական հաշտարարության գործընթացը դառնում է առավել ամբողջական և որոշ դեպքերում ավարտվում հաշտարարի կողմից վճռով հաստատված հաշտության համաձայնությունը կողմերին փոխանցելով և ներկայացնելով դրա չկատարման դատավարական հետևանքները ևս։ Բ) արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնության հաստատումը դյուրինացնելուն և դատարանի մատչելիությունը բարձրացնելուն է նաև միտված այն, որ կողմերը և հաշտարարը իրավունք ունենան դիմել ցանկացած ընդհանուր իրավասության դատարան՝ անկախ բնակության վայրից՝ իրենց տվյալ պահին ամենամոտ գտնվող դատարան դիմել կամ իրենց համար ցանկալի դատարան դիմել։ | Ընդունվել է մասամբ | Առաջին առաջարկը չի ընդունվել: Նշվածի վերաբերյալ տեղեկացվում է, որ 2.1-րդ և 5-րդ մասերը վերաբերում են դեռևս Օրենքի ուժի մեջ դրույթներին՝ պարտադիր հաշտարարության վերաբերյալ: Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում այդպես են նշագրվում ընդունված, սակայն դեռևս ուժի մեջ չմտած դրույթները: Երկրորդ առաջարկն ընդունվել է ի գիտություն: Հաշվի առնելով, որ առաջարկը էական փոփոխություն է առաջարկում հաշտության համաձայնության հաստատման գործընթացում, առաջարկը անհրաժեշտ է քննարկել դատական իշխանության ներկայացուցիչների հետ նրանց դիտարկումները հաշվի առնելու նպատակով: Երրորդ առաջարկն ընդունվել է ի գիտություն, այն դուրս է սույն նախագծի կարգավորման առարկայից: |
3 | Վանիկ Մարգարյան 05.08.2024 13:54:23 | Սահմանել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու հատուկ վարույթի քննությունը՝ անկախ վեճի համար հատուկ հայցային վարույթ սահմանված լինելու հանգամանքից, քանի որ առկա են դեպքեր, երբ դատարանը կարճում է հաշտություն հաստատելու դիմումով գործի վարույթը հատուկ հայցային վարույթով քննության ենթակա լինելու հիմքով (օրինակ՝ կորպորատիվ, աշխատանքային և այլն, չնայած որ դրանք հայցային վարույթներ են, իսկ հաշտության հաստատումը հատուկ վարույթ): | Չի ընդունվել | Հաշվի առնելով, որ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնության վարույթն արդեն իսկ սահմանում է հաշտության համաձայնությունը հատուկ վարույթի կարգով քննելու հնարավորությունը և ևս մեկ անգամ նման հնարավորության նախատեսում կլինի կրկնաբանություն: |
4 | Վանիկ Մարգարյան 05.08.2024 13:54:23 | Նախատեսել արդեն իսկ ընթացքող տարբեր դատական գործերով արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական հաշտության համաձայնության հաստատման ուղղակի հնարավորություն, որը հատուկ վարույթով հաստատվելու դեպքում այդ մնացած գործերը կկարճվեն, ինչը շատ կարևոր ու բացառիկ լուծում կլինի մի քանի փոխկապակցված գործերով մեկ հաշտություն կնքելու համար։ | Ընդունվել է | Նախագծում ավելացվել է արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական հաշտության համաձայնության հաստատման դեպքում այդ նույն վեճի շրջանակում առկա գործի կարճման վերաբերյալ կարգավորում: |
5 | Կարեն Մարգարյան 08.08.2024 17:06:56 | Ամեն դեպքում առաջարկում եմ լրամշակել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ գլուխը և ավելացնել դռնփակության ռեժիմը, քանի որ datalex-ում հաշտության համաձայնության տեքստը չհրապարակելը (ինչպես առաջարկվում է փոփոխություններով) առնվազն չի բացառում հետագայում այդ տեքստին երրորդ անձի կողմից ծանոթանալու հնարավորությունը (ՀՀ Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մաս), այսինքն ստացվում է, որ հաշտարարության սկզբունքներից մեկը՝ գաղտնիությունն ապահովելը ամբողջովին չի պահպանվում։ Շնորհակալություն | Չի ընդունվել | Հաշվի առնելով, որ դատական վարույթը դռնփակ անցկացնելը կարող է օրենսդրորեն սահմանվել բացառիկ շահերի պաշտպանության նպատակով, ապա արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական հաշտության համաձայնության հաստատման բոլոր գործերով դատական վարույթը գաղտնի իրականացնելը համարժեք չէ հետապնդվող նպատակին: |