Добавить в избранное

Находится в правительстве РА

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 609-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 628-րդ հոդվածում «ֆինանսական վարձակալություն» բառերը փոխարինել «լիզինգ» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 35-րդ գլխի 6-րդ պարագրաֆը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«§6 . ԼԻԶԻՆԳ

Հոդված 677. Lիզինգ

  1. Լիզինգի պայմանագրով` լիզինգատուն պարտավորվում է լիզինգառուի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել լիզինգառուի կողմից որոշված վաճառողից և վճարի դիմաց հանձնել լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը: Այդ դեպքում լիզինգատուն պատասխանատվություն չի կրում լիզինգի առարկայի և վաճառողի ընտրության համար:
  2. Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի և ձեռք բերվող գույքի ընտրությունը կատարում է լիզինգատուն:
  3. Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ լիզինգով տրամադրված գույքը, լիզինգի ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը, անցնում է լիզինգառուի սեփականությանը` վերջինիս կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:
  4. Լիզինգատուն, լիզինգառուի համար գույք ձեռք բերելիս վաճառողին ծանուցում է, որ գույքը նախատեսված է որոշակի անձի լիզինգով տրամադրելու համար:
  5. Լիզինգի տարատեսակներն են ՝ հետադարձ լիզինգը, երկրորդային լիզինգը:
  6. Լիզինգայի գործունեություն կարող են իրականացնել բանկերը կամ օրենքով սահմանված կարգով նման գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա) ստացած մասնագիտացված կազմակերպությունները:

 

Հոդված 678. Լիզինգի պայմանագրով վաճառողի և լիզինգատուի պատասխանատվությունը

  1. Լիզինգի պայմանագրով լիզինգառուն իրավունք ունի գույքի որակի ու կոմպլեկտայնության, դրա մատակարարման ժամկետները խախտելու և վաճառողի կողմից պայմանագիրն անպատշաճ կատարելու դեպքերում անմիջականորեն վաճառողին ներկայացնել նրա և լիզինգատուի միջև կնքված առուվաճառքի պայմանագրից բխող պահանջներ: Ընդ որում, լիզինգառուն ձեռք է բերում գնորդի համար սույն օրենսգրքով նախատեսված իրավունքները և կրում է նրա պարտականությունները, բացի վաճառողի հետ առուվաճառքի պայմանագիրն առանց լիզինգատուի համաձայնության լուծելու իրավունքից ու ձեռք բերված գույքի համար վճարելու պարտականությունից:
  2. Լիզինգառուն և լիզինգատուն վաճառողի հետ հարաբերություններում համիրավ պարտատերեր են (հոդված 365):
  3. Եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով, լիզինգատուն լիզինգառուի առջև պատասխանատվություն չի կրում առուվաճառքի պայմանագրից բխող պահանջները վաճառողի կողմից չկատարելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառող ընտրելու պատասխանատվությունը դրված է լիզինգատուի վրա: Վերջին դեպքում լիզինգառուն իրավունք ունի իր ընտրությամբ առուվաճառքի պայմանագրից բխող պահանջներն անմիջականորեն ներկայացնել ինչպես գույքը վաճառողին, այնպես էլ լիզինգատուին, որոնք համապարտ պատասխանատվություն են կրում լիզինգառուի առջև:
  4. Լիզինգառուի փոփոխության դեպքում, լիզինգի առարկայի նկատմամբ վաճառողին պահանջ ներկայացնելու իրավունքները անցնում են նոր լիզինգառուին: Այս դեպքում լիզինգատուն պարտավոր է ծանուցել վաճառողին նոր լիզինգառուի մասին:

Հոդված 679. Հետադարձ լիզինգ

  1. Հետադարձ լիզինգի պայմանագիրը կնքվում է երկկողմ, որով լիզինգատուն պարտավորվում է վճարի դիմաց լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել նրանից սեփականության իրավունքով ձեռքբերված գույքը: Հետադարձ լիզինգի պայմանագրի գործողության ավարտին լիզինգի առարկան հետ է անցնում լիզինգառուին ի սեփականություն:
  2. Հետադարձ լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ լիզինգով տրամադրված գույքը, լիզինգի ժամկետի լրանալուց հետո կամ մինչև դրա լրանալը, կրկին անցնում է լիզինգառուի սեփականությանը` վերջինիս կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:

Հոդված 680. Երկրորդային լիզինգ

  1. Երկրորդային լիզինգը՝ լիզինգի պայմանագրի դադարման, վաղաժամկետ դադարեցման կամ լուծման արդյունքում լիզինգատուին վերադարձված լիզինգի առարկայի կրկին տրամադրումն է նոր լիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը: Երկրորդային լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին:
  2. Երկրորդային լիզինգի պայմանագիրը կնքվում է երկկողմ՝ լիզինգատուի և լիզինգառուի միջև:
  3. Երկրորդային լիզինգի ժամանակ լիզինգառուին է անցնում վաճառողին և լիզինգատուին լիզինգի առարկայի նկատմամբ պահանջ ներկայացնելու իրավունքը՝ սույն օրենսգրքի 678-րդ հոդվածին համապատասխան:

Հոդված 681. Ենթալիզինգ և վարձակալություն

  1. Այն դեպքում, երբ լիզինգի պայմանագրով լիզինգառու է հանդիսանում սույն օրենսգրքի 677-րդ հոդվածի 6-րդ մասում նշված մասնագիտացված կազմակերպությունը, լիզինգառուն /ենթալիզինգատուն/ իրավունք ունի լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան վճարի դիմաց լիզինգի առարկան փոխանցել երրորդ կողմի՝ ենթալիզինգառուի տիրապետմանը եւ օգտագործմանը: Լիզինգի առարկան ենթալիզինգի հանձնման դեպքում վաճառողին պահանջի ներկայացման իրավունքն ըստ ենթալիզինգի պայմանագրի անցնում է ենթալիզինգառուին:
  2. Լիզինգի առարկան ենթալիզինգով փոխանցման համար լիզինգատուի գրավոր համաձայնությունը պարտադիր է:
  3. Ենթալիզինգի դեպքում լիզինգառուն չի ազատվում լիզինգի պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից:
  4. Ենթալիզինգի պայմանագիրը չի կարող կնքվել լիզինգի պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
  5. Ենթալիզինգի պայմանագրի նկատմամբ կիրառվում են լիզինգի պայմանագրի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
  6. Լիզինգառուն, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի, իրավունք ունի լիզինգի առարկան տրամադրելու վարձակալության, միայն լիզինգատուի գրավոր համաձայնությամբ լիզինգի պայմանագրի պայմաններին պահպանման պարագայում:

Հոդված 682. Լիզինգի պայմանագրի ձևը

  1. Լիզինգի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ (450 հոդվածի 3-րդ կետ):
  2. Անշարժ գույքի լիզինգի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

 

Հոդված 683. Lիզինգի պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը

  1. Անշարժ գույքի լիզինգի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
  2. Շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 684. Լիզինգի պայմանագրի առարկան

  1. Լիզինգի պայմանագրի առարկա կարող է լինել ցանկացած չսպառվող գույք:
  2. Լիզինգատուն իրավունք ունի հսկողություն իրականացնել լիզինգի առարկայի օգտագործման նկատմամբ, այդ թվում նաև ենթալիզինգի և ենթավարձակալության դեպքում:

 

Հոդված 684.1. Լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը

  1. Լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնված լիզինգի առարկան հանդիսանում է լիզինգատուի սեփականությունը:
  2. Լիզինգի առարկայի տիրապետման եւ օգտագործման իրավունքն ամբողջ ծավալով անցնում է լիզինգառուին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

Հոդված 684.2. Լիզինգի առարկան լիզինգառուին հանձնելը

  1. Լիզինգատուն պարտավոր է լիզինգի առարկան լիզինգառուին տրամադրել լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան:
  2. Լիզինգի առարկան տրամադրվում է լիզինգով դրա բոլոր պատկանելիքներով ու դրան վերաբերող փաստաթղթերով (տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր և այլն), եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

Հոդված 684.3. Լիզինգային վճար

  1. Լիզինգային վճարը այն գումարն է, որը վճարվում է լիզինգառուի կողմից լիզինգային պայմանագրով սահմանված չափով և ժամկետներում, որը բաղկացած է՝
    • լիզինգի առարկայի արժեքից (այդ թվում մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահը կատարված նախնական վճարից) և պայմանագրով սահմանված տոկոսագումարից, եթե լիզինգի պայմանագրով նախատեսվում է լիզինգի առարկային սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին;
    • լիզինգի պայմանագրով սահմանված տոկոսագումարից, եթե լիզինգի պայմանագրով չի նախատեսվում լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին:

 

Հոդված 684.4. Լիզինգի առարկայի պահպանությունը և բարելավումները

  1. Լիզինգի պայմանագիրը օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերում դադարելու կամ լուծվելու դեպքում լիզինգառուն պարտավոր է լիզինգատուին վերադարձնել գույքն լիզինգառուի կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ:
  2. Լիզինգառուն պարտավոր է իր հաշվին իրականացնել լիզինգի առարկայի տեխնիկական սպասարկումը եւ ապահովել դրա պահպանությունը, ինչպես նաեւ կատարել լիզինգի առարկայի հիմնական եւ ընթացիկ վերանորոգումը, եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով:
  3. Լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հիմնական վերանորոգումը կատարում է լիզինգատուն, եթե այլ բան նախատեսված է չէ պայմանագրով:
  4. Լիզինգի առարկայի բարելավումների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 626-րդ հոդվածի պահանջները:

 

Հոդված 684.5. Լիզինգի պայմանագրի լուծումը

  1. Լիզինգատուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝
  • լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի օգտագործումը չի համապատասխանում լիզինգի պայմանագրի պայմաններին կամ լիզինգի առարկայի նշանակությանը,
  • եթե լիզինգառուն սահմանափակում է լիզինգատուի հսկողության իրավունքը լիզինգի առարկայի նկատմամբ,
  • լիզինգառուն լիզինգի պայմանագրով սահմանված ժամկետում ավելի քան երկու անգամ անընդմեջ չի վճարել հերթական լիզինգավճարը:
  1. Լիզինգառուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝
  • Լիզինգատուն լիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը չի տրամադրել լիզինգի առարկան պայմանագրով սահմանված ժամկետից 30 օր կետանցով, եթե այլ ժամկետ սահմանված չէ պայմանագրով.
  • Լիզինգատուն չի իրականացրել լիզինգի առարկայի հիմնական վերանորոգումը, եթե համաձայն օրենքի կամ պայմանագրի դա վերջինիս պարտականություն է:
  1. Լիզինգի պայմանագրով կարող են սահմանվել լիզինգատուի կամ լիզինգառուի պահանջով պայմանագիրը վաղաժամկետ լուծելու այլ հիմքեր:
  2. Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում պայմանագրի միակողմանի լուծման դեպքում բոլոր ծախսերը, կապված գույքի վերադարձման, այդ թվում` ապամոնտաժման, ապահովագրության և փոխադրման հետ, կրում է լիզինգառուն, իսկ սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում՝ լիզինգատուն, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետով սահմանված դեպքում լիզինգառուն իրավունք ունի պահանջել հատուցելու վնասները, եթե կետանցը թույլ է տրվել այնպիսի հանգամանքներում, որոնց համար պատասխանատվություն է կրում լիզինգատուն:

 

Հոդված 684.6. Լիզինգի առարկայի բռնագանձումը

  1. Եթե լիզինգի առարկան ծանրաբեռնված է լիզինգի իրավունքով, ապա լիզինգի առարկայի բռնագանձնման դեպքում լիզինգառուն լիզինգի առարկայի նկատմամբ պահպանում է իր իրավունքները լիզինգի պայմանագրում նշված ծավալով և ժամկետներում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

  «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի ժա) կետում «ֆինանսական վարձակալություն (լիզինգ)» բառերը փոխարինել «լիզինգ» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

  «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀՕ-359-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 6-րդ մասի գ) կետում՝ «ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային)» բառերը փոխարինել «լիզինգային» բառով, ինչպես նաև «ֆինանսական վարձակալության (լիզինգային)» բառերը փոխարինել «լիզինգային» բառով:

 Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետում «ֆինանսական վարձակալություն (լիզինգ)» բառերը փոխարինել «լիզինգ» բառով: 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով՝

«3. Ավտոտրանսպորտային միջոցն լիզինգով տրամադրված լինելու դեպքում ավտոկայանատեղում կայանած անձի կողմից ավտոկայանատեղի վճարը չվճարվելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի լիզինգառուն:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «լիզինգի պայմանագրով վարձակալության» բառերը փոխարինել «լիզինգի» բառով համապատասխան հոլովումներով:

Հոդված 2. Օրենքի 13.1-րդ հոդվածում «հաշվառման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի իրավունքների պետական գրանցման» բառերը:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 32-րդ հոդվածի երրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի նկատմամբ առկա է լիզինգի իրավունքի պետական գրանցում, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է լիզինգառուն կամ լիզինգառու իրավաբանական անձի գործադիր մարմինը, տնօրենը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    06.02.2018 - 22.02.2018

  • Тип

    Закон

  • Область

    Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Общественное обсуждение

21.02.2018 12:02

Երեւան 0010, Մ.Մկրտչյան 5

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11120

Принт