Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

          Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

          ՀՀ վարչական դատարանների յուրաքանչյուր տարվա գործունեության վիճակագրական պատկերը ցույց է տալիս դատական գործերի թվի աննախադեպ աճ՝ առաջացնելով դատական գործերի կուտակումներ, ինչն իր հերթին հանգեցնում է գործի քննության ողջամիտ ժամկետների խախտման: Միաժամանակ, վարչական դատական համակարգի մեկ օղակի ծանրաբեռնվածությունը շղթայաբար հանգեցնում է մյուս օղակների ծանրաբեռնվածության։

          Մասնավորապես, 2023 թվականի ընթացքում Վճռաբեկ դատարանի վարչական պալատը, որը գործում է 5 դատավորի թվակազմով, ստացել է 2197 բողոք՝ շուրջ 30 տոկոսով ավելի, քան Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը՝ 7 դատավորի թվակազմով գործելու պայմաններում։ Նույն ժամանակահատվածում՝ վերաքննիչ վարչական դատարանը, որը գործում է 4 դատական կազմով (յուրաքանչյուր կազմում՝ 3 դատավոր), ստացել է շուրջ 1700-ով ավել դատական գործ, քան վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ 6 դատական կազմով (յուրաքանչյուր կազմում՝ 3 դատավոր) գործելու պայմաններում։ Վարչական դատարանում դատական գործերի վիճակագրության դինամիկ պատկերը ցույց է տալիս ստացվող վարչական գործերի քանակական շեշտակի աճ, ինչը հղի է ուշացած արդարադատության արդյունքում արդար դատաքննության իրավունքի խախտման ռիսկով։

          Ուշագրավ է նաև, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում գործի վերաքննությունն իրականացվում է «ex officio»՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու, սկզբունքի հիման վրա (ի տարբերություն քաղաքացիական դատավարության), որը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

          ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս արձանագրել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը դրսևորվում է նաև վերաքննության փուլում: ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից` չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն՝ առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից՝ վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը՝ այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով: Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ:

          ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վրա դրված այս պարտականությունը կրկնապատկում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ յուրաքանչյուր գործով պատշաճ քննություն իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակի անհրաժեշտությունը, ինչը դատարանի ծանրաբեռնվածությանը զուգահեռ երկարաձգում է յուրաքանչյուր առանձին գործի քննության ժամկետը:

          Այսպես օրինակ՝ Վերաքննիչ վարչական դատարանը ծանրաբեռնվածության արդյունքում ներկա պահին հերթական դատական նիստը նշանակում է 2025 թվականի ապրիլ ամսին:

 

          Ստեղծված իրավիճակն անկասկած հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման` նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատարանի կամ դատավորի գերծանրաբեռնվածությունը` որևէ կերպ չի կարող արդարացում համարվել արդարադատություն հայցող անձի արդար դատաքննության իրավունքի խախտման համար, որի տարրերից է հանդիսանում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը:

          Վերոգրյալով պայմանավորված, ինչպես նաև կարևորելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարաններում գործերի բաշխման համաչափության ապահովման, դատավորների ծանրաբեռնվածության թոթափման, և հատկապես՝ անձի արդար դատաքննության իրավունքի առկա երաշխիքների պահպանման անհետաձգելի անհրաժեշտությունը, անհրաժեշտ է ավելացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմը, ինչպես նաև նշված դատական կազմերի և նշված դատարաններում այլ աշխատակիցների թվակազմը ։

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորների թվակազմն 3-ով, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմն 6-ով, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմն 2-ով ավելացնելու առաջարկությանը:

 

          Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

          Ակնկալվող արդյունքը.

          Նախագծի ընդունմամբ կապահովվի դատարաններում գործերի բաշխման համաչափության ապահովումը, դատավորների ծանրաբեռնվածության թոթափումը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատական գործերի քննությունը։

 

          Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունմամբ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի 11002, 11005, 11006 միջոցառումների բյուջետային հատկացումներն անհրաժեշտ կլինի ավելացնել 297,167,700 (երկու հարյուր իննսունյոթ միլիոն հարյուր վաթսունյոթ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ գումարով (հաշվարկը կցվում է)։

 

Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

 

 

  • Обсуждалось

    16.04.2024 - 01.05.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Работа и занятость, Публичная служба

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 442

Принт