Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Դատական օրենսգիրք) 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական սանկցիան կիրառվում է դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելու, ինչպես նաև դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական սանկցիա կարող է կիրառել, երբ անձը՝

1) չարաշահում է իր դատավարական իրավունքները կամ չարամտորեն չի կատարում իր դատավարական պարտականությունները.

2) չի ենթարկվում դատարանի կարգադրություններին կամ որևէ այլ կերպ խախտում է դատական նիստի կարգը.

3) դատական նիստի դահլիճում անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի նկատմամբ:

Դատական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական սանկցիաներն են՝ 1) նկատողությունը. 2) դատական նիստի դահլիճից հեռացնելը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքով կարող են նախատեսվել այլ դատական սանկցիաներ:

Այսպիսով, օրենսդիրը, Դատական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանելով սանկցիայի տեսակներ, այն է՝ նկատողություն և նիստերի դահլիճից հեռացնել, ոչ միայն չի բացառել, այլև նախատեսել է օրենքներով դատական սանկցիաների այլ տեսակներ նախատեսելու հնարավորություն: Իհարկե, դատական սանկցիաների այլ տեսակները տեսականորեն և գործնականում պետք է համապատասխանեն համաչափության սկզբունքին՝ լինելով պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

Դատական օրենսգրքով սահմանված երկու սանկցիայի տեսակներին զուգահեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` ՔԴՕ) 153-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՎԴՕ) 101-րդ հոդվածով որպես սանկցիայի տեսակ սահմանվել է նաև տուգանքը, միաժամանակ օրենսգրքերով սանկցիայի տեսակների կիրառումը պայմանավորվել է Դատական օրենսգրքով սահմանված հիմքերի հետ։ Միաժամանակ, օրինակ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատական սանկցիաների առավել լայն շրջանակ, այն է՝ նկատողություն, իրավունքի իրականացման սահմանափակում, դատական նիստի դահլիճից հեռացնել, վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնել, դատական տուգանք, վարույթից հեռացնել:

Անդրադառնալով իրավունքի չարաշահման էությանը՝ ՀՀ Սահմանադրական դատարանը 12․02․2021 թվականի թիվ ՍԴՈ-1576 որոշմամբ արձանագրել է՝ «Իրավունքի տեսության մեջ իրավունքի չարաշահումն արձանագրվում է, երբ առկա է, որպես կանոն, հետևյալ պայմանների համակցությունը.

  1. անձը պետք է ունենա համապատասխան իրավունքը,
  2. իրավունքի չարաշահումը տեղի է ունենում սուբյեկտիվ իրավունքի իրացման ընթացքում, անձն առերևույթ գործում է իրավական կարգադրագրերին համապատասխան,
  3. անձի` առերևույթ իրավաչափ գործողություններն հանգեցնում են պետության, հանրության կամ այլ անձանց օրինական շահերի խախտմանը, իսկ անձն ձգտում է հասնել իր համար ցանկալի արդյունքին կամ նպատակին,
  4. իրավունքի չարաշահումը կամային գործընթաց է, այսինքն՝ անձը գիտակցում է, որ ինքն իր սուբյեկտիվ իրավունքը չարաշահում է, հետևաբար՝ պետք է կանխատեսի, որ կարող է վնաս պատճառել պետության, հանրության կամ այլ անձանց օրինական շահերին:

Այդ առումով իրավունքի չարաշահման առանձնահատկությունն այն է, երբ իրավունքի սուբյեկտն իր գործունեության ընթացքում գործում է իրավական կարգադրագրերին համապատասխան, կատարում է օրենքով իր վրա դրված ֆորմալ պարտականությունները, սակայն խեղաթյուրում է իրավունքի նշանակությունը՝ գործելով տվյալ իրավանորմի նպատակային նշանակությանը (…) հակառակ, ինչի արդյունքում վնաս է հասցվում այլ անձին, պետությանը, հասարակությանը:»:

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/1397/02/11 քաղաքացիական գործով 08.10.2020 թվականի որոշմամբ փաստել է՝ «Օրենսդիրը քաղաքացիներին և իրավաբանական անձանց վերապահել է իրենց պատկանող քաղաքացիական իրավունքների` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքն իրենց հայեցողությամբ իրականացնելու հնարավորություն: Այսինքն՝ իրավունքի սուբյեկտը ինքն է որոշում իր իրավունքի իրացման եղանակները, ներառյալ այդ իրավունքների պաշտպանության միջոցները: Հետևապես, անձը, որի իրավունքները խախտվել են, իրավունք ունի իր հայեցողությամբ ընտրել իր իրավունքների պաշտպանության եղանակը (оրինակ՝ պահանջել վիճահարույց գործարքն անվավեր ճանաչել և կիրառել դրա անվավերության հետևանքներ, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնել և այլն): Միաժամանակ օրենսդիրը քաղաքացիներին և իրավաբանական անձանց իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության միջոցները վերապահելուն զուգահեռ կանխորոշել է այդ իրավունքների իրականացման շրջանակները՝ կանխելով դրանց չարաշահումը: Այլ կերպ ասած, ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ իրավունքի չարաշահումը թույլատրելի համընդհանուր վարքագծի շրջանակներում իրավունքներն իրացնելիս իրավախախտման հատուկ տեսակ է, որը զուգորդվում է այլ անձի վնաս պատճառելու մտադրությամբ: Այսինքն, իրավունքի չարաշահման պայմաններում իրավախախտողի գործողությունները ձևականորեն հիմնված են վերջինիս պատկանող իրավունքների վրա, սակայն իրականացվում են այնպիսի եղանակներով, որ խախտում են այլ անձանց իրավունքներն ու շահերը: Ըստ այդմ էլ, եթե իրավունքի սուբյեկտն իր իրավունքներն իրացնելիս դուրս չի գալիս այդ իրավունքների իրացման և պաշտպանության համար օրենքով սահմանված թույլատրելի շրջանակներից, ապա իրավունքի չարաշահումը բացակայում է:»:

Դատական օրենսգրքով նախատեսված դատական սանկցիայի կիրառման հիմքերից մեկն իրավունքի չարաշահումն է, որն արտահայտվում է դատավարական իրավունքները չարաշահելով կամ դատավարական պարտականությունները չարամտորեն չկատարելով: Քաղաքացիական դատավարությունում իրավական ներգործության տարբեր միջոցների կիրառումը ևս պայմանավորված է իրավունքների չարաշահման հանգամանքով: Այսպես՝ ՔԴՕ 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:

Քաղաքացիական դատավարության իմաստով դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիությունը սահմանվում է որպես դատավարության սկզբունք: Վերջինիս էությունը կայանում է նրանում, որ իրավունքների պաշտպանությունը միշտ պետք է իրականացվի բարեխղճորեն, ինչը ոչ միայն ենթադրում է, որ դրանց իրականացումը չպետք է խախտի այլ սուբյեկտների օրենքով պահպանվող իրավունքները, պահպանվեն ձևավորված սովորույթները, այլ նաև, որ իրավունքները պետք է իրականացվեն դրանց նշանակությանը և նպատակներին համապատասխան: Այսինքն` իրավունքը պաշտպանվում է միայն այդ իրավունքից՝ դրա նպատակներին համապատասխան օգտվելն ապահովելու համար: Այսպիսով, իրավունքի չարաշահումը միշտ կապվում է սուբյեկտիվ իրավունքի փաստացի կիրառման հետ, ընդ որում, այնպիսի կիրառման, որն առաջին հայացքից իրավաչափ է, սակայն իրականում խախտում է սուբյեկտիվ իրավունքի իրականացման պայմանները: Այսպիսով, իրավունքի չարաշահման առանձնահատկությունն այն է, երբ իրավունքի սուբյեկտն իր գործունեության ընթացքում գործում է իրավական կարգադրագրերին համապատասխան, կատարում է օրենքով իր վրա դրված ֆորմալ պարտականությունները, սակայն խեղաթյուրում է իրավունքի նշանակությունը՝ գործելով տվյալ իրավանորմի նպատակային նշանակությանը հակառակ:

Քաղաքացիական դատավարությունում «իրավունքի չարաշահման արգելք» եզրույթը կիրառվում է նշելու համար ոչ միայն դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու, այլև դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու դեպքերը: Ըստ այդմ, ՔԴՕ առանձին հոդվածներով նախատեսված են դատավարական պարտականությունների չկատարման և դատավարական իրավունքների բարեխիղճ չօգտագործման հետևանքները: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ տուգանք կամ այլ դատական սանկցիաների կիրառման հնարավորությունն օրենսդիրը մեծապես կապել է օրենքով կամ դատարանի որոշմամբ սահմանված պարտավորության չկատարման հետ (ինչպես օրինակ՝ ՔԴՕ 44-րդ, 64-րդ, 69-րդ, 132-րդ, 218-րդ հոդվածները): Միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով տուգանքը՝ որպես դատավարական պարտականության չկատարման հետևանք, սահմանված է ՎԴՕ 34-րդ հոդվածով՝ որպես վկայի՝ դատական նիստին ներկայանալու պարտականության չկատարման հետևանք:

Միաժամանակ, իրավունքի չարաշահումը, որն արտահայտվում է իրավունքից ոչ բարեխղճորեն օգտվելու մեջ, արտացոլված է ՔԴՕ 152-րդ հոդվածի 8-րդ մասով, որն իրավունք է վերապահում դատարանին մերժելու գործին մասնակցող անձի միջնորդությունը, եթե այն ներկայացվել է միջնորդություն ներկայացնելու իրավունքի չարաշահմամբ՝ ակնհայտորեն նպատակ հետապնդելով խափանելու դատական նիստը, ձգձգելու գործի դատական քննությունը: Միաժամանակ, իրավունքի բարեխիղճ օգտագործման ապահովմանն են ուղղված հայցն առանց քննության թողնելու, հեռակա դատաքննության ինստիտուտները՝ որպես դատավարության մասնակիցների ոչ բարեխիղճ կամ պասիվ վարքագծի հետևանք:

Միաժամանակ, Վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում իրավունքի չարաշահմամբ ներկայացված միջնորդությունների մերժման ընթացակարգ՝ նախատեսելով միայն նախկինում մերժված նույնաբովանդակ միջնորդության չքննարկման կանոն (ՎԴՕ 107-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քննարկման ենթակա չէ այն դիմումը կամ միջնորդությունը, որը միայն կրկնում է նախկինում մերժված նույնաբովանդակ դիմումի կամ միջնորդության հիմնավորումները։):

Այնուամենայնիվ, եթե դատավարական պարտականությունների չկատարման դեպքում օրենսդիրը հստակ սահմանել է հետևանքը, այն է՝ տուգանք կամ դատական այլ սանկցիա, ապա իրավունքներից անբարեխիղճ օգտվելու շատ դեպքեր և ընթացակարգային լուծումներ թե՛ ՔԴՕ, թե՛ ՎԴՕ կարգավորման առարկայից դուրս են մնացել՝ իրավունքի չարաշահման արձանագրմանը զուգահեռ չառաջացնելով որևէ բացասական հետևանք իրավունքը չարաշահողի համար: Այնուամենայնիվ, դատավարության մասնակիցների ոչ բարեխիղճ վարքագծի հետևանքը պետք է լինի իրավական այնպիսի կառուցակարգերի կիրառումը, որոնք կկանխարգելեն հետագա նման վարքագիծը և կապահովեն դատավարության բնականոն ընթացքը:

1.1. ՔԴՕ 153-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստերի դահլիճում ներկա անձի նկատմամբ սանկցիա կիրառելիս դատարանն անհրաժեշտության դեպքում նրան տալիս է արտահայտվելու հնարավորություն: Տուգանք կիրառելիս կամ գործին մասնակցող անձին դատական նիստերի դահլիճից հեռացնելիս արտահայտվելու իրավունք չտրամադրելը դատարանը պետք է պատճառաբանի այդ անձի ներկայությամբ, եթե առկա է դրա հնարավորությունը, կամ այդ անձի բացակայությամբ: Նույնաբովանդակ կարգավորում է առկա նաև Վարչական դատավարության օրենսգրքում:

Ներկայումս օրենսգրքերի կարգավորումների համատեքստում անձի նկատմամբ դատական սանկցիայի կիրառումը կապվում է դատական նիստի ընթացքում տեղի ունեցած գործողությունների հետ կամ քննարկվում է առնվազն տուգանքի հարցը քննարկելու համար դատական նիստ նշանակելուց հետո՝ ապահովելով նաև անձի լսված լինելու իրավունքը: Միաժամանակ, օրենսգրքերի կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից ստացվում է, որ տուգանքի կիրառումը, բացառությամբ հստակ նախատեսված դեպքերի, կապվում է միայն դատական նիստերի ընթացքի հետ՝ ըստ էության սահմանափակելով օրինակ գրավոր ընթացակարգերով գործերի քննության կամ գրավոր եղանակով դատական տուգանքի հարցը լուծելու անհրաժեշտության դեպքում տուգանք դատական սանկցիան կիրառելու հնարավորությունը:

Կարգավորումների նման բնույթն ակնհայտորեն նվազեցնում է դատական տուգանք սանկցիայի կիրառման արդյունավետությունն ու կիրառելիությունը՝ պրակտիկայում խոչընդոտելով դատարաններին առանց դատական նիստի նշանակման կամ դատական նիստից դուրս տեղի ունեցած գործողություններով դատավարության մասնակիցների նկատմամբ տուգանք դատական սանկցիան կիրառելու հնարավորությանը: Նման իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող Քաղաքացիական դատավարության և Վարչական դատավարության օրենսգրքերով նկատողություն, նիստերի դահլիճից հեռացում և տուգանք դատական սանկցիաների վերաբերյալ կարգավորումներն ընդհանուր են սահմանվում՝ դրանք ըստ էության չտարանջատելով այն դեպքում, երբ նկատողություն սանկցիայի տեսակը՝ հատկապես, իսկ դատական նիստերի դահլիճից հեռացում սանկցիայի տեսակը՝ առավելապես կապված է հենց դատական նիստերում անմիջականորեն տեղի ունեցող դատավարական գործընթացների հետ, իսկ դատական տուգանքի կիրառելիության հարց կարող է բարձրանալ ինչպես դատական նիստերի ընթացքում, այնպես էլ դատական նիստերից դուրս. դատական տուգանք սանկցիայի տեսակը մի շարք առանձնահատկություններ պետք է ունենա սանկցիայի մյուս տեսակների նկատմամբ՝ ապահովելով ոչ միայն կոնկրետ դատական նիստերում կարգը, այլև դատավարության ողջ ընթացքում՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, դատավարության մասնակիցների բարեխիղճ, իրավաչափ վարքագիծը: Ընդ որում, առանց դատական նիստի նշանակման դատական տուգանք սանկցիայի տեսակի կիրառման հնարավորությունն օտարերկրյա պրակտիկայում ևս բացառություն չէ:

1.2. Օրենսգրքերի ներկայիս կարգավորումների համատեքստում ստացվում է, որ դատարանի կողմից կիրառված տուգանքը ենթակա է անմիջական բողոքարկման համապատասխանաբար վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան: Նման իրավիճակում տուգանքի բողոքարկման և դրա վերացման հնարավորությունը պայմանավորված է միայն դատական սխալի առկայությամբ՝ չներառելով այն դեպքերը, երբ անձն օրինակ ընդունում է իր մեղավորությունը և հայցում դատարանի ներողամտությունը, ինչպես սանկցիայի մյուս տեսակների դեպքում է կամ երբ առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք սանկցիա կիրառած դատարանի առջև չեն բացահայտվել դատավարության մասնակցի կամքից և դատարանի գործողություններից անկախ հանգամանքներում:

1.3. Դատական տուգանքի կիրառման արդյունավետությանը խոչընդոտող մեկ այլ գործիքակազմ է դատական տուգանք կիրառելու մասին որոշման կատարման կասեցումը՝ պայմանավորված բողոքարկման հանգամանքով: Այսպես՝ ՔԴՕ 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «3. Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանաբար վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան՝ այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում: Բողոքարկումը կասեցնում է դատարանի որոշման կատարումը:»: Նույնաբովանդակ կարգավորում է առկա նաև Վարչական դատավարության օրենսգրքում: Այսինքն՝ ներկայումս գործող կարգավորումների համատեքստում դատական տուգանք կիրառելու մասին որոշման կատարումը պայմանավորվում է այդ որոշումը բողոքարկված չլինելու հետ՝ բողոքարկումը հանգեցնելով որոշման կատարման կասեցման: Բողոքարկման արդյունքում որոշման կատարման կասեցումը կարող է հանգեցնել դատական տուգանք կիրառելու մասին որոշման կատարումից խուսափելու կամ դրա կատարման ժամկետը դիտավորությամբ երկարաձգելու իրավիճակի:

Դատական տուգանք սանկցիան՝ որպես գործի քննության ընթացքում կողմերի վարքագծի իրավաչափությունն ապահովող երաշխիք, պետք է ունենա անմիջական, չձգձգվող կատարում: Հակառակ դեպքում բողոքարկման երկարատև ընթացակարգը հաճախ կարող է տուգանքի կիրառումը դարձնել այլևս առարկայազուրկ՝ չապահովելով այն նպատակը, որը կարող էր իրագործվել տուգանքի կիրառելիության դեպքում: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ վերադաս դատական ատյանները (քաղաքացիական դատավարությունում՝ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները, վարչական դատավարությունում՝ Վճռաբեկ դատարանը) ունեն դատական ակտերի կատարումը կասեցնելու լիազորություն և դատական տուգանքի վերաբերյալ որոշումների բողոքարկման դեպքում համապատասխան միջնորդության հիմքով կարող են կասեցնել այդ ակտերի կատարումը: Ընդ որում, բողոքարկման՝ դատական ակտերի անվերապահ կասեցման հանգեցնելու կարգավորումը նույնիսկ կիրառելի չէ օրինական ուժի մեջ մտած վճիռների կամ օրինակ սնանկության գործերով կայացվող միջանկյալ դատական ակտերի դեպքում, քանի որ դրա հակակշիռն ապահովված է վերադաս դատական ատյանների՝ դատական ակտի կատարումը կասեցնելու լիազորությամբ: Ավելին՝ օրինակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ևս առկա չէ դատական տուգանքի բողոքարկման դեպքում որոշման կատարման կասեցման վերաբերյալ կարգավորում:

1.4. Ներկայումս օրենսգրքերի իմաստով դատական սանկցիան կիրառվում է գործի քննության ընթացքում տեղի ունեցող որևէ դատավարական գործողության կատարմանն ի պատասխան: Այնուամենայնիվ, դատական պրակտիկան վկայում է, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից իրավունքի չարաշահման փաստը շատ հաճախ արձանագրվում է միայն եզրափակիչ (գործն ըստ էության լուծող) դատական ակտով՝ կապված օրինակ անհիմն հայց, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացվելու հետ: Այսպես՝ օրինակ թիվ ԵԴ/34287/02/22 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանը եզրափակիչ դատական ակտով իրավունքի չարաշահում է արձանագրել այն բանի համար, որ ներկայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն՝ ակնհայտորեն իրավունքի չարաշահմամբ՝ նպատակ ունենալով խուսափել դատավարության մասնակիցներին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկելու դատավարական պարտականության կատարումից: Թիվ ԱՎԴ/9652/02/23, ԱՎԴ/8421/02/23, ԵԴ/4207/02/23, ԵԴ/2391/02/23,  ՍԴ1/1114/02/22, ՍԴ1/1111/02/22, ՍԴ1/0760/02/22, ՍԴ1/0651/02/22 քաղաքացիական գործերով իրավունքի չարաշահում է համարվել անձի կողմից նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ վերջնական դատական ակտի առկայության պայմաններում կրկին նոր հայցի հարուցումը: Թիվ ԵԴ/47740/02/21 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտով իրավունքի չարաշահում է գնահատվել կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացնելը:

Այսինքն՝ դատարանները օրինակ մերժում են հայցը, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքը, կարճում գործի վարույթը կամ հայցադիմումը/դիմումն առանց քննության թողնում՝ միաժամանակ արձանագրելով իրավունքի չարաշահման փաստ: Իրավունքի չարաշահման վերոշարադրյալ դեպքերում այնուամենայնիվ դատարանները դատական սանկցիաներ չեն կիրառում՝ սահմանափակվելով բացառապես իրավունքի չարաշահման փաստի արձանագրմամբ՝ առանց լրացուցիչ որևէ բացասական հետևանքի առաջացման:

1.5. Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ ՔԴ և ՎԴ օրենսգրքերով սահմանված իրավունքները հաճախ դատավարական տարբեր ընթացակարգերում օգտագործվում են ոչ այդ նպատակներին համահունչ՝ խախտելով կոնկրետ նորմի սահմանմամբ օրենսդրի հետապնդած նպատակները: Դատական պրակտիկայում իրավունքի չարաշահման դեպքերը բազմաթիվ են՝ ունենալով տարատեսակ դրսևորումներ և հատկապես արտահայտվելով պարբերաբար նույնաբովանդակ միջնորդություններով դատարանին ծանրաբեռնելով, դատավարության բնականոն ընթացքը խաթարելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելով, այդ թվում՝ գործի նյութերին ծանոթանալու, բացարկ հայտնելու, հայցի ապահովման միջոցներ կիրառելու կամ դրանք վերացնելու, դատավարական ժամկետները երկարաձգելու կամ բաց թողնված դատավարական ժամկետները հարգելի համարելու, փորձաքննությանը մասնակցելու իրավունքի ապահովման և առաջին հայացքից օրենքով նախատեսված, սակայն իրականում օրենսդրի հետապնդած նպատակներից տարբերվող այլ նպատակներով միջնորդություններ, դիրքորոշումներ, առարկություններ ներկայացնելով:

Նման իրավիճակին զուգահեռ դատական սանկցիայի տեսակների կիրառումը դատական պրակտիկայում հաճախակի բնույթ չի կրում, որպես կանոն դատարանները կիրառում են տուգանք դատական սանկցիան միայն եթե հստակ նախատեսված է կոնկրետ դատավարական վարքագծի հետևանքը տուգանքի նշանակումը հանդիսանալը կամ երբ անձինք դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսևորում: Այսպես, օրինակ՝ թիվ ԿԴ/1480/02/14 քաղաքացիական գործով դատական տուգանք կիրառվել է 10.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ նիստին մասնակցող անձն առանց նախագահողի թույլտվության միջամտել է, չի ենթարկվել դատարանի կարգադրություններին՝ խախտելով դատական նիստի կարգը: Նույն հիմքով դատական սանկցիա է կիրառվել նաև թիվ ԵԴ/13254/02/19, ԿԴ/10381/02/22 քաղաքացիական գործերով: Թիվ ՎԴ/1558/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանը դատական տուգանք է կիրառել դատավարության մասնակցի կողմից պարբերաբար դատավորին ընդհատելու համար, թիվ ՎԴ/1232/05/22 վարչական գործով սանկցիա է կիրառվել անհարգալից վերաբերմունք կիրառելու համար:

Միաժամանակ, առկա չէ որևէ ընթացակարգ, որը հնարավորություն կտա դատարաններին ապահովելու ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը դատավարության մասնակիցների կողմից գործի քննությունը ձգձգելու կամ իրավունքի չարաշահմամբ ներկայացված միջնորդությունների պայմաններում: Գործող կարգավորումների համատեքստում դատարանը, դատավարության ընթացքում ՔԴՕ 32-րդ հոդվածով կամ ՎԴՕ 18-րդ հոդվածով սահմանված իրավունքներից չարաշահմամբ օգտվելու դեպքերն արձանագրելով հանդերձ, զրկված է դատավարական այնպիսի ընթացակարգ կիրառելու հնարավորությունից, որը կապահովի գործի ողջամիտ ժամկետներում և արդյունավետ քննություն: Միայն ՔԴՕ 152-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերն են սահմանում նման կարգավորումներ: Այսպես՝ ՔԴՕ 152-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 170-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի: Նախկինում մերժված միջնորդությունը նույն փաստական հիմքով ներկայացվելու դեպքում չի քննարկվում, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը, իսկ 8-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի միջնորդությունը կարող է մերժվել, եթե այն ներկայացվել է միջնորդություն ներկայացնելու իրավունքի չարաշահմամբ՝ ակնհայտորեն նպատակ հետապնդելով խափանելու դատական նիստը, ձգձգելու գործի դատական քննությունը:

Այնուամենայնիվ, նշված կարգավորումները վերաբերում են բացառապես միջնորդություններին՝ չներառելով օրինակ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու ընթացակարգերը, բացի այդ, չեն չեզոքացնում այն ռիսկերը, որոնք առաջանում են օրինակ ձևականորեն փաստական հիմքի փոփոխությամբ միջնորդությունների ներկայացման կամ այլ իրավիճակներում:

1.6. Դատավարական իրավունքների չարաշահման դրսևորումներից մեկը դատական նիստերին մասնակցելու/չմասնակցելու իրավունքի չարաշահման ձևով է դրսևորվում: Ներկայիս ՔԴՕ գործողության պայմաններում դատական նիստերին մասնակցությունը դիտվում է որպես անձի իրավունք՝ ինքնին դատական նիստին չմասնակցության հետ չկապելով որևէ դատավարական հետևանք (բացառությամբ հայցը/դիմումն առանց քննության թողնելու, հեռակա դատաքննության): Միաժամանակ, ՔԴՕ շատ կարգավորումներում նշում է կատարված դատական նիստում որոշակի դատավարական գործողության կատարման անհրաժեշտության դեպքում դատավարության սուբյեկտի պարտադիր մասնակցության մասին կամ այդպիսի մասնակցությունը ենթադրվում է՝ հակառակ դեպքում այլևս առարկայազուրկ դարձնելով դատական նիստի հրավիրումը (ինչպես օրինակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասով, 234.9 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 247-րդ հոդվածի 1-ին մասի, 300-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 318-րդ հոդվածի 2.2. մասով, 323-րդ հոդվածի 2-րդ մասով, 328-րդ հոդվածի 2-րդ մասով, 339-րդ հոդվածի 2-րդ մասով, 343-րդ հոդվածի 2-րդ մասով, 345.4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում):

Այնուամենայնիվ, դատավարության մասնակիցները, ստանալով դատական նիստերի վերաբերյալ ծանուցագրերը և օգտվելով դատական նիստին մասնակցելու իրենց իրավունքից, չեն ներկայանում դատական նիստերին՝ այդպիսով խափանելով դատավարական որոշ գործողությունների կատարումը, առարկայազուրկ դարձնելով դատարանի կողմից դատական նիստի նշանակումը:

1.7. ՔԴՕ 29-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որոնք ենթակա են արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:

Գործող Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը թեև սահմանում է ինքնաբացարկի հնարավոր հիմքերի՝ կողմերի առջև բացահայտման և վերջիններիս կողմից անտեսման կառուցակարգ, այնուամենայնիվ այն կապվում է բացառապես դատական նիստերի հետ: Այսինքն՝ ինքնաբացարկի հիմքերի բացահայտումը դատավորի կողմից կարող է իրականացվել միայն դատական նիստի ընթացքում՝ կողմերի՝ դատական նիստերին չներկայանալու դեպքում բացառելով այդ կառուցակարգի կիրարկումը և հանգեցնելով ինքնաբացարկի հիմքերի՝ դատական նիստում բացահայտման անհնարինության, դրա արդյունքում գործերի ողջամիտ ժամկետներում քննության կանոնի խախտման:

1.8. ՔԴՕ 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:

Գործող ՔԴՕ կարգավորումների պայմաններում դատական կազմի կամ դատական կազմում ընդգրկված դատավորներից որևէ մեկի փոփոխության դեպքում գործի կամ վերաքննիչ բողոքի քննությունը սկսվում է սկզբից: Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված դատավորների փոխարինման դեպքերը պրակտիկայում բազմաթիվ են, որը հանգեցնում է տևական ժամանակ քննություն իրականացված գործերի սկզբից վերսկսման՝ մինչև դատավորի փոխարինումը տեղի ունեցած գործընթացները այլևս հաշվի չառնելով և հանգեցնելով գործերի քննության ժամկետների ձգձգման: Նման իրավիճակը ոչ միայն հանգեցնում է դատավարության ձգձգման, այլև դատավարության մասնակիցների և դատարանի կողմից նույնաբնույթ դատավարական գործողությունների մեկից ավելի անգամ կատարման՝ դրանով իսկ դատավարության մասնակիցների համար կանխատեսելի դարձնելով մյուս կողմի վարքագիծը և կատարվելիք հնարավոր դատավարական գործողությունները:

Գործերի քննությունը սկզբից սկսելու կանոնի սահմանման նպատակը եղել է անմիջականության սկզբունքի ապահովումը: Այնուամենայնիվ, անմիջականության սկզբունքը վերաբերելի է ոչ այնքան առհասարակ դատական նիստերին, որքան որոշում կայացնող դատավորի կողմից ապացույցների անմիջական հետազոտմանը և գնահատմանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք վճիռներով անդրադարձել է անմիջականության սկզբունքի դրսևորումներին: Այսպես, օրինակ՝ Սվանիդձեն ընդդեմ Վրաստանի (գանգատ թիվ 37809/08)[1] գործով կայացված 25.07.2019 թվականի վճռով նշել է, որ անմիջականության սկզբունքին համապատասխան՝ քրեական գործով որոշումը պետք է կայացվի այն դատավորի կողմից, ով ներկա է եղել դատավարությանը և ապացույցների հավաքագրման գործընթացին: Այնուամենայնիվ, դա չի կարող նշանակել, որ դատավարության ընթացքում դատավորի փոփոխությունն արգելված է, կարող են առաջանալ ադմինիստրատիվ կամ ընթացակարգային գործոններ, որոնք անհնար են դարձնում դատավորի մասնակցությունը գործի հետագա քննությանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ պետք է ձեռնարկվեն միջոցներ ապահովելու համար, որ այն դատավորը, ով շարունակում է մասնակցել քննությանը, ունենա պատշաճ տեղեկատվություն ապացույցների և փաստարկների վերաբերյալ: Ընդ որում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս անմիջականության սկզբունքը քննարկել է վկաների հարցաքննության, ապացույցների անմիջական հետազոտման համատեքստում՝ տարբերակելով նաև այն հարցը, թե արդյո՞ք դատական կազմը փոփոխվել է ամբողջությամբ, թե օրինակ՝ միայն կազմի մեկ դատավորի մասով:[2]

Ելնելով վերոգրյալից՝ հարկ է փաստել, որ դատավարական իրավունքների և պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու, դատավարական ոչ բարեխիղճ վարքագծի հետևանքով գործերի քննության ձգձգման դեպքերը նվազեցնելու, դատավարության մասնակիցների բարեխիղճ վարքագիծը երաշխավորելու կառուցակարգեր ստեղծելու նպատակով առաջացել է դատական սանկցիաների և իրավական ներգործության այլ միջոցների, ինչպես նաև ինքնաբացարկի և դատական կազմի փոփոխության դեպքերի լրացուցիչ կարգավորումներ սահմանելու անհրաժեշտություն:

 

Այս համատեքստում հարկ ենք համարում նաև անդրադառնալ դատավարական իրավունքների չարաշահման առնչությամբ օտարերկրյա պետությունների փորձին.

Ուկրաինա[3]

Ուկրաինայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն՝ «ընթացակարգային հարկադրանքի» միջոցները դատարանի կողմից կիրառվող Ուկրաինայի քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգային գործողություններ են, որոնք նպատակ ունեն համապատասխան անձանց խրախուսել ենթարկվել դատարանի կողմից սահմանված կանոններին, բարեխղճորեն իրականացնել դատավարական պարտականությունները, դադարեցնել իրավունքի չարաշահումը և կանխել արդարադատության իրականացման ապօրինի խոչընդոտների ստեղծումը: Որպես այդպիսիք հանդիսանում են նախազգուշացումը, դատական նիստերի դահլիճից հեռացումը, դատարանի կողմից ապացույցների ժամանակավոր առգրավումը հետազոտման նպատակով, հարկադրաբար բերման ենթարկելը և տուգանքը:

Տուգանքը կիրառվում է hետևյալ իրավիճակներում՝ 1. դատավարական պարտականությունների չկատարում, մասնավորապես, դատարանի կողմից դատավարության մասնակցի վրա դրված գործողության կատարումից խուսափում, 2. դատավարական իրավունքների չարաշահում, գործողություն /անգործություն/ դատավարական գործընթացները խոչընդոտելու նպատակով, 3. դատարանին չծանուցելը դատարանի կողմից պահանջվող ապացույցներ ներկայացնելու անհնարինության մասին կամ առանց հիմնավոր պատճառների նման ապացույցներ չներկայացնելը. 4. հայցի կամ ապացույցի ապահովման մասին որոշման չկատարումը, հայցադիմումի, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի պատասխանի պատճենը չտրամադրելը, դատարանի կողմից սահմանված ժամկետում առարկություն չներկայացնելը:

Լիտվա[4]

Լիտվայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է դատավարական իրավունքների չարաշահման հետևանքները: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի դեմ, ով անբարեխիղճ կերպով անհիմն հայց է ներկայացրել (վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք, գործի քննությունը վերսկսելու մասին միջնորդություն, այլ դատավարական փաստաթուղթ է ներկայացրել) կամ գիտակցաբար գործել է ընդդեմ գործի արդար և արագ քննության և լուծման, դատարանը կարող է պարտավորեցնել փոխհատուցել գործին մասնակցող այլ անձի կրած վնասները: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ դատարանը, հաստատված համարելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված չարաշահումների դեպքերը, գործին մասնակցող անձի նկատմամբ կարող է նշանակվել մինչև հինգ հազար եվրո տուգանք, այդ տուգանքի մինչև 50 տոկոսը կարող է կիրառվել գործի մեկ այլ մասնակցի նկատմամբ, իսկ 3-րդ մասը սահմանում է, որ երբ հիմքեր կան ենթադրելու, որ հայց (հակընդդեմ հայց), վերաքննիչ, առանձին կամ վճռաբեկ բողոք, գործի քննությունը վերսկսելու մասին միջնորդություն, հայտարարությունը կամ դիմումը հատուկ իրավական ընթացակարգով կարող է չարաշահել դատավարական իրավունքները և չփոխհատուցել դատական ծախսերը, դատարանն իրավունք ունի պարտավորեցնել այս անձին վճարել դեպոզիտ՝ դատական ծախսերի հնարավոր ապահովման համար։ Այդ գումարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում դատարանը դատավարական փաստաթուղթը թողնում է առանց քննության։

Օրենսգրքի 103-րդ հոդվածը առանձնացնում է դատարանի կողմից կիրառվող դատավարական սանկցիաները: Այդպիսիք են նախազգուշացումը, դատական նիստերի դահլիճից հեռացումը, տուգանքը և ձերբակալումը: Օրենսգրքի 106-րդ հոդվածը նախատեսում է դատական տուգանք կիրառելու մասին որոշումը կայացնելուն հաջորդող օրը այն տուգանքի ենթարկված անձին ուղարկելու կանոն, եթե վերջինս չի մասնակցել դատական նիստին:

Միաժամանակ, օրենսգրքի 107-րդ հոդվածով սահմանվում է, որ անձը, ում նկատմամբ կիրառվել է տուգանքը, 14 օրվա ընթացքում կարող է միջնորդել դատարանին այն վերացնելու կամ նվազեցնելու համար: Երկրորդ բողոքը կարող է ներկայացվել դատարանի որոշման վերաբերյալ, որով մերժվել է տուգանքը վերացնելու կամ նվազեցնելու միջնորդությունը:

Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ դատարանն իրավունք ունի տուգանք կիրառել այն անձի նկատմամբ, ով չի ներկայացել դատական նիստին, եթե օրենքով սահմանված է նրա ներկայության պարտադիրությունը կամ եթե դատարանը նման անձի ներկայությունը գնահատում է անհրաժեշտ և հնարավոր չէ կայացնել հեռակա վճիռ: Երբ կողմի ներկայացուցիչը չի ներկայանում դատական նիստին առանց որևէ ողջամիտ/հարգելի պատճառի և դատարանը հետաձգում է դատական նիստը, դատարանը պետք է իրավունք ունենա կիրառելու նրա կամ այն իրավաբանական անձի ղեկավարի նկատմամբ տուգանք, որի պատճառով ներկայացուցիչը չի կարողացել ներկայանալ:

Նույնաբնույթ կարգավորումներ են առկա նաև պատասխանողի և երրորդ անձի և նրանց ներկայացուցիչների բացակայության դեպքերի համար: Նույն օրենսգրքի 248-րդ հոդվածը տուգանքի կիրառման հնարավորություն է սահմանում առանց հիմնավոր պատճառի դատարան չներկայացած վկայի, փորձագետի կամ թարգմանչի նկատմամբ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե առկա չէ տեղեկատվություն կողմի չներկայանալու վերաբերյալ կամ նրանք չեն ներկայացել դատական նիստին առանց որևէ լուրջ պատճառի և առկա չէ նրանցից որևէ մեկի կողմից գործն իրենց բացակայությամբ քննելու մասին միջնորդություն, դատարանը պետք է պահանջը թողնի առանց քննարկման, իսկ 5-րդ մասի համաձայն՝ բացակա կողմի ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին համարվում է պատշաճ ներկայություն, եթե դատարանն անհրաժեշտ չի գնահատել անմիջապես կողմի մասնակցությունը: Եթե դատարանն անհրաժեշտ է համարել կողմի ներկայությունը, սակայն վերջինս չի ներկայացել՝ դատարանը պետք է հեռակա վճիռ կայացնի:

Նույն օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը սովորաբար չի սահմանափակում դատավարության մասնակիցների ելույթի տևողությունը: Այնուամենայնիվ, նախագահող դատավորն իրավունք ունի նախազգուշացնել և ընդհատել ելույթ ունեցող դատավարության մասնակցին, եթե նրա խոսքը չի վերաբերում գործի հանգամանքներին:

Նույն օրենսգրքի 16-րդ հոդվածը սահմանում է, որ եթե գործի քննության ընթացքում դատական կազմը փոխվում է, ապա գործի քննությունը հետաձգվում է և սկսվում է սկզբից, բացառությամբ երբ դատավարության մասնակիցները չեն առարկում գործի քննությունը շարունակվելու դեմ:

Լեհաստան[5]

Լեհաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածը նախատեսում է օրենքով սահմանված դեպքերում մինչև 3200 եվրոյի չափով տուգանք կիրառելու հնարավորություն: Ընդ որում, տուգանքի չափը քննարկելիս դատարանը հաշվի է առնում անձի գույքային դրությունը և այլ հանգամանքները: Նույն հոդվածում նշված է, որ դատարանը կարող է կիրառել տուգանք, եթե նախազգուշացրել է այդ մասին, բացառությամբ եթե նախազգուշացումը հնարավոր կամ նպատակահարմար չէ: Նույն օրենսգրքի 346-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ եթե դատավարության մասնակիցը, չնայած դատարանի կարգադրության, չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը կարող է տուգանել նրան:

Նույն օրենսգրքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ դատարանի կազմը փոփոխվելու դեպքում գործը քննվում է սկզբից: Սակայն, եթե նախորդ կազմը հավաքել և հետազոտել է ապացույցներ, ապա նոր կազմը չպետք է այդ գործողությունները կրկին կատարի, եթե կողմերը այդ մասին չեն միջնորդում:

Էստոնիա

Էստոնիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի[6] 43-րդ հոդվածում նշված է, որ դատարանը պահպանում է կարգը դատավարության կամ դատալսումների ժամանակ և ապահովում է այդ նպատակով կայացված ցանկացած որոշման կատարումը, ներառյալ տուգանքի կամ կարճաժամկետ ազատազրկման մասին որոշումները: Դատավարության կողմերը և դատարանի դահլիճում ներկա ցանկացած այլ անձ պետք է անվերապահորեն կատարեն դատարանի ցուցումները:

Օրենսգրքի 200-րդ հոդվածը սահմանում է ընդհանուր կարգավորում առ այն, որ դատավարության մասնակիցները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներից պետք է օգտվեն բարեխղճորեն, իսկ դատարանը չպետք է թույլ տա դատավարության որևէ մասնակցի կամ նրանց ներկայացուցիչներին չարաշահել իրենց իրավունքները, հետաձգել դատավարությունը կամ դատարանին մոլորության մեջ գցել:

Նույն օրենսգրքով սահմանված են դատարանի՝ դատական նիստում կարգուկանոն ապահովելու համար կիրառվելիք սանկցիայի տեսակները, այն է՝ դատական նիստերի դահլիճում անձանց քանակի սահմանափակում, անձին դատական նիստերի դահլիճից հեռացում, տուգանքի նշանակում, կարճաժամկետ ազատազրկում:

Օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության այն կողմը, ով ուշացմամբ առարկություններ ներկայացնելով կամ ապացույցներ ներկայացնելով կամ այլ կերպ պատճառ է դառնում դատավարական գործողության տեղափոխմանը կամ հետաձգմանը, կամ գործի դատավարությունը կամ լսումը հետաձգելուն կամ ժամկետի երկարաձգմանը, ապա կրում է գործի լրացուցիչ այն ծախսերը հատուցելու պարտականություն, որոնք բխում են դրանից:

Օրենսգրքի 345-րդ հոդվածը սահմանում է կողմերի, վկայի, փորձագետի, թարգմանչի կողմից դատարանին՝ դատական նիստին չներկայանալու մասին հայտնելու պարտականություն:

Օրենսգրքի 346-րդ հոդվածը սահմանում է, որ դատարանը կարող է պարտադիր համարել կողմի կամ նրա ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին: Ընդ որում, նույն հոդվածը պարտադիր է համարում ամուսնական գործերով կողմերի պարտադիր ներկայությունը: Նշված պարտավորության չկատարման հետևանք է հանդիսանում տուգանքի կիրառումը: Ընդ որում, այդ կանոնը չի գործում, եթե առկա է ներկայացուցիչ, ով ունակ է ներկայացնելու փաստացի իրավիճակը և իրավասու է կնքելու հաշտություն, իսկ ամուսնական գործերով նույնիսկ նշված դեպքում կարող է կիրառվել տուգանք: Ընդ որում, տուգանք կիրառելիս դատարանները պետք է հաշվի առնեն կողմի գույքային դրությունը:

Օրենսգրքի 421-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում առանց դատարանի թույլտվություն դատական նիստերի դահլիճը լքող անձի նկատմամբ՝ սահմանելով տուգանքի կամ բերման ենթարկելու եղանակով սանկցիա կիրառելու հնարավորություն, եթե դատարանը կարևորում է կողմի անձնական մասնակցություն:

Նույն օրենսգրքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ դատական կազմի փոփոխության դեպքում գործի քննությունը սկսվում է սկզբից, սակայն եթե նախորդ կազմը հավաքել և հետազոտել է ապացույցներ, ապա նոր կազմը պարտավոր չէ այդ նույն գործողությունները կատարել, քանի դեռ հիմնական կողմերը նման միջնորդություն չեն ներկայացնում:

Էստոնիայի վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածը սահմանում է բարեխղճորեն գործելու սկզբունքը՝ նշելով, որ դատարանը թույլ չի տալիս դատավարության մասնակցին կամ ներկայացուցչին չարաշահելու իր իրավունքները, հետաձգելու դատաքննությունը կամ մոլորեցնելու դատարանին: Դատարանը տուգանք է կիրառում ցանկացած կողմի նկատմամբ, ով չարամտորեն խոչընդոտում է դատավարության արդարացի և արագ իրականացմանը, ինչպես նաև տուգանք կարող է կիրառվել դատավարության ցանկացած կողմի կամ ներկայացուցչի նկատմամբ, եթե վերջիններս գրավոր հայտարարություններում ոչ պատշաճ կամ անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատավարության մեկ այլ կողմի նկատմամբ:

Բելառուս[7]

Բելառուսի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 19-րդ գլուխը կոչվում է քաղաքացիադատավարական պատասխանատվություն: Սույն գլխի 1-ին՝ 168-րդ հոդվածը սկսվում է դատավարական իրավունքների չարաշահման արգելքի նախատեսումից: Մասնավորապես՝ քաղաքացիական դատավարության մասնակիցները պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց պատկանող դատավարական իրավունքներից և կատարեն դատավարական պարտականությունները: Նույն հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարության մասնակիցների և այլ անձանց կողմից դատավարական իրավունքները չարաշահելու կամ դատավարական պարտականությունները դիտավորյալ չկատարելու դեպքում չարաշահողի նկատմամբ, սույն օրենսգրքի նորմերին և այլ օրենքներին համապատասխան, կարող են կիրառվել դատավարական ներգործության հետևյալ տեսակները՝ նախազգուշացում, դատարանի դահլիճից հեռացում, բերման ենթարկելը (դատական նիստի դահլիճ կամ դատավարական գործողության կատարման այլ վայր հարկադրաբար բերելը), սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քաղաքացիական դատավարության անբարեխիղճ մասնակիցների վրա դատական ծախսերի փոխհատուցման պարտականություն դնելը:

Օրենսգրքի 138-րդ և 139-րդ հոդվածները սահմանում են այն դեպքերը, երբ դատարանի կողմից դատավարության անբարեխիղճ մասնակցի նկատմամբ կիրառվում են դրամական բնույթի հարկադրանքի միջոցներ, մասնավորապես՝ այն կողմի վրա, որը անբարեխղճորեն հայտարարել է անհիմն հայց կամ վեճ ընդդեմ հայցի կամ համակարգված կերպով հակազդել է գործի ճիշտ և արագ քննությանը և լուծմանը, դատարանը կարող է մյուս կողմի օգտին վճարել աշխատանքային ժամանակի փաստացի կորստի համար փոխհատուցում: Փոխհատուցման չափը դատարանը որոշում է ողջամիտ սահմաններում և հաշվի առնելով կոնկրետ հանգամանքները (138-րդ հոդված):

Անկախ գործի քննության արդյունքներից ՝ դատարանը կարող է անբարեխիղճ կողմին, երրորդ անձին պարտավորեցնել դատական ծախսերը հատուցել մյուս կողմին կամ որպես պետության եկամուտ, եթե դրանք պայմանավորված են բացատրություններ տալուց խուսափելու, կեղծ բացատրություններ տալու, թաքցնելու, ինչպես նաև ապացույցներ շատ ուշ ներկայացնելու կամ այլ անբարեխիղճ կամ ակնհայտ սխալ գործողություններով։ Պատասխանողի կողմից դատարան ներկայանալուց խուսափելու, հայցադիմումի պատասխանը կամ հակընդդեմ հայցը ժամանակին դատարան չուղարկելու դեպքում գործի սկզբնական և կրկնակի քննության դատական ծախսերը դրվում են պատասխանողի վրա, նույնիսկ եթե նրա բողոքն ամբողջությամբ բավարարվել է: Նա ազատվում է դատական ծախսերից, եթե ապացուցում է, որ մեղավոր չէ չներկայանալու համար, կամ որ ժամանակին դատարան է ուղարկել հայցադիմումի պատասխանը կամ հակընդդեմ հայցը, որոնք գործին չեն կցվել (139-րդ հոդված):

Վրաստան[8]

Վրաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածը անդրադարձ է կատարում դատարանում կարգը խախտելուն՝ դրա համար սահմանելով պատասխանատվություն: Այդ նպատակով, ըստ օրենսգրքի կարգավորումների, դատարանը կարող է սահմանափակել նիստին ներկա գտնվող անձանց թիվը, տուգանել նիստի կարգը խախտող, նախագահող դատավորի հրամանին չենթարկվող կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորողին, դատավարության մասնակցին կամ նիստին ներկա գտնվող անձին հեռացնել դատական նիստերի դահլիճից կամ ազատությունից զրկել տվյալ անձին: Վրաստանի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է նաև կողմերի՝ դատական նիստին չներկայանալու դեպքում հայցը մերժելու իրավական հիմք:

Ռուսաստանի Դաշնություն

Ռուսաստանի Դաշնության արբիտրաժային դատավարական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակիորեն ամրագրում է, որ դատարանն այս դեպքում իրավունք ունի գործի բոլոր դատական ծախսերը դնել այն անձի վրա, ով չարաշահում է իր դատավարական իրավունքները կամ չի կատարում իր դատավարական պարտականությունները:

Օրենքը նաև ամրագրում է դատարանի իրավունքը՝ մերժելու հայցադիմումը կամ միջնորդությունը, եթե դրանք ժամանակին չեն ներկայացվել գործին մասնակցող անձի կողմից և ակնհայտորեն ուղղված են դատավարության ձգձգմանը, իրավունքների չարաշահմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումատուն չէր կարող դրանք ավելի վաղ ներկայացնել օբյեկտիվ պատճառներով (Ռուսաստանի Դաշնության արբիտրաժային դատավարական օրենսգրքի 159-րդ հոդվածի 5-րդ մաս)։[9]

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական դատավարության օրենսգրքում իրավունքի չարաշահման վերաբերող հարցերը շոշափվում են հատվածաբար:  Որպես ընդհանուր դրույթ օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ «Դատավարության մասնակիցները պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց վերապահված բոլոր դատավարական իրավունքներից:»:

Օրինակ, եթե կողմերն առանց հիմնավոր պատճառի ապացույցներ չեն ներկայացնում, դատարանն իրավունք ունի նրանց նկատմամբ դատական տուգանք կիրառել (57-րդ հոդվածի 3-րդ մաս): Նույն օրենսգրքի 244.22 հոդվածը սահմանում է, որ դատարանն իրավունք ունի դատական տուգանք կիրառել խմբային հայցով անձանց շահերը ներկայացնող անձի նկատմամբ վերջինիս կողմից իր դատավարական իրավունքների չարաշահման կամ դատավարական պարտականությունների չկատարման դեպքերում՝ անկախ գործը ներկայացուցչին հանձնված լինելուց:

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածը դատարանին իրավասություն է տալիս ժամանակի փաստացի կորստի համար անբարեխղճորեն անհիմն հայց կամ սիստեմաբար գործի ճիշտ և ժամանակին քննության և լուծման վրա ազդած կողմի վրա դնել մյուս կողմին փոխհատուցելու պարտավորություն՝ ողջամտության սահմաններում և գործի հանգամանքները հաշվի առնելով:

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը տարբերակում է տուգանքի չափերը՝ կախված տուգանքի ենթակա անձից, այն է՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, պաշտոնատար անձ: Միաժամանակ, սահմանվում է, որ դատական տուգանք կիրառելու մասին որոշումը ստանալու պահից 10 օրվա ընթացքում անձը կարող է միջնորդություն ներկայացնել դատարանին՝ այդ տուգանքը վերացնելու կամ նվազեցնելու պահանջով: Այդ միջնորդությունը քննարկվում է 10 օրվա ընթացքում: Անձը, որի նկատմամբ նշանակվել է տուգանք, ծանուցվում է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն նրա չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար: Նույն հոդվածով սահմանվում է, որ այդ պահանջի մերժումը կարող է բողոքարկվել:

Միաժամանակ, օրենսգրքի 167-րդ հոդվածը սահմանում է, որ դատավարությանը մասնակցող անձինք պետք է դատարանին հայտնեն նիստին չներկայանալու մասին և այդ մասին համապատասխան ապացույցներ ներկայացնեն:[10]

Ռուսաստանի Դաշնության վարչական դատավարության օրենսգրքի[11] 122-րդ հոդվածը սահմանում է վարչական դատավարության կարգով քննվող գործերով դատական տուգանք կիրառելու հարցը: Սահմանված է դատական տուգանք նշանակելու հարցի քննարկման արդյունքով պատճառաբանված որոշում կայացնելու և այն բողոքարկելու ընթացակարգ:

Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա

Դատավարական չարաշահումների դեմ պայքարելու համար Մեծ Բրիտանիայի դատարանները կիրառում են այնպիսի միջոցներ, ինչպիսիք են դիմումն առանց քննության թողնելը, պատասխանողի օգտին միջոցների հավաքագրում, տուգանքների կիրառում, դատարանի կողմից հայցադիմումը քննելուց հրաժարվելը և այլն:

ԱՄՆ-ում դատավարական իրավունքների չարաշահման համար կիրառվող պատասխանատվության հիմնական միջոցը պահանջների բավարարումը մերժելն է: Քաղաքացիական դատավարության մասնակիցը կարող է իրեն պատճառված վնասը բռնագանձել դատավարական իրավունքները չարաշահած անձից։ ԱՄՆ-ում կանոնակարգված են նաև դատարանի և փաստաբանների կողմից դատավարական իրավունքների չարաշահման դեպքերը։ Դրանց հայտնաբերման դեպքում հնարավոր է կարգապահական պատասխանատվության կիրառում նշված անձանց նկատմամբ։

Ֆրանսիայում դատավարական իրավունքների չարաշահման ինստիտուտում ներկայացված են դրա բոլոր դրսևորումները՝ գործի քննությունը դիտավորությամբ ձգձգելուց մինչև ապօրինի դատավարական գործողությունների կիրառում: Պատասխանատվության հիմնական միջոցը տուգանքն ու փոխհատուցումն է, որոնք նշանակվում են դատարանի որոշմամբ:

Լատվիա[12]

Լատվիայի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բազմաթիվ կարգավորումներ ունի՝ ուղղված դատական տուգանքի կիրառման միջոցով դատավարական իրավունքների պատշաճ կատարման ապահովմանը: Այսպես՝ Լատվիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 731 հոդվածի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցն օգտագործում է իր իրավունքները չարամտորեն՝  ներառելով, երբ վերջինս գիտակցաբար դատարանին սխալ տեղեկատվություն է տրամադրում գործի փաստերի կամ հանգամանքների վերաբերյալ կամ գիտակցաբար հետաձգում է գործի քննությունը՝ գործողությամբ կամ անգործությամբ, դատավորը պետք է մասնակցին կա՛մ նախազգուշացնի, կա՛մ կիրառի 800 եվրոյի չափով տուգանք: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ դատարանը կարող է 1000 եվրոյի չափով տուգանք կիրառել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝ կապված ցանկացած գործողության հետ, որը ցույց է տալիս դատական նիստի կամ դատարանում գործող կանոնների նկատմամբ կոպիտ արհամարհանքը:

Նույն օրենսգրքի առանձին դրույթներ ևս պարունակում են որոշակի պարտականության չկատարման դեպքում կիրառելի տուգանքների վերաբերյալ կարգավորումներ: Օրինակ՝ օրենսգրքի 58-րդ հոդվածը մինչև 50 եվրոյի չափով տուգանք է սահմանում այն դեպքում, երբ դատավարության մասնակիցը փոխում է իր հասցեն դատավարության ընթացքում՝ առանց դատարանին տեղեկացնելու: Օրենսգրքի 93-րդ հոդվածով մինչև 750 եվրոյի չափով տուգանք է սահմանվում այն դեպքում, երբ ապացույցները ներկայացվում են սահմանված ժամկետի ավարտից հետո և դատարանը չի գտնում, որ առկա է որևէ հիմնավոր պատճառ այն հարգելի համարելու համար: Օրենսգրքի 120-րդ հոդվածը սահմանում է մինչև 40 եվրոյի չափով տուգանք, եթե անձը դատարանին չի տեղեկացրել, որ ապացույցը չի կարող դատարան ներկայացվել կամ եթե այն դատարան չի ներկայացվել այնպիսի պատճառներով, որոնք դատարանը հարգելի չի համարել, ընդ որում՝ տուգանքի կիրառումը չի ազատում ապացույց ներկայացնելու պարտականությունից: Օրենսգրքի 122-րդ հոդվածը մինչև 60 եվրոյի չափով տուգանք կիրառելու հնարավորություն է սահմանում, եթե փորձագետը դատարանի կողմից անհարգելի գնահատված հանգամանքների պատճառով չի ներկայացել դատական նիստի: Օրենսգրքի 150-րդ հոդվածը մինչև 150 եվրոյի չափով պատասխանատվություն է սահմանում դատավարության այն մասնակցի համար, ով դատարանի կողմից սահմանված ժամկետում չի տրամադրում դատարանի պահանջած բացատրությունները կամ առհասարակ չի տրամադրում այդպիսիք՝ դատարանի կողմից ոչ արդարացի գնահատված պատճառներով: Նույնիսկ տուգանք է սահմանված այն դեպքերի համար, երբ մասնակիցն առանց հարգելի պատճառի չի մասնակցում նախնական դատալսումներին: Օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է, որ եթե դատավարության մասնակիցները, վկաները, փորձագետները կամ թարգմանիչները պարբերաբար խախտում են դատարանի կարգը, ապա կարող է կիրառվել մինչև 80 եվրոյի չափով տուգանք, իսկ 156-րդ հոդվածով սահմանվում է 80 եվրոյի չափով տուգանք դատական նիստին չմասնակցելու մասին ժամանակին դատարանին տեղյակ չպահելու համար:

Սլովենիա[13]

Սլովենիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, կողմերը և այլ մասնակիցները պետք է ձգտեն դատավարությունն իրականացնել առանց ձգձգումների և հնարավորինս քիչ ծախսերով: Յուրաքանչյուր կողմ պարտավոր է իր իրավունքներն իրականացնել ժամանակին, ապացույցները և փաստերը պետք է ներկայացվեն այնպես, որ դատավարությունն ավարտվի որքան հնարավոր է շուտ: Դատարանը պարտավոր է կանխել կողմերի կամ դատավարության ցանկացած մասնակցի կողմից իրավունքի ցանկացած չարաշահում: Եթե կողմերը, նրանց օրինական կամ ի պաշտոնե ներկայացուցիչները, այլ անձանց վնասելու կամ բարեխղճության, ազնվության սկզբունքներին հակասող մտադրություններով, չարաշահում են իրենց իրավունքները, դատարանը կարող է կիրառել տուգանք կամ օրենքով սահմանված սահմանափակման այլ միջոց: Դատարանը տուգանք կիրառում է որոշման հիման վրա:

Ընդ որում, օրենսգրքով իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և իրավաբանների նկատմամբ կիրառելի տուգանքի չափերը տարբերվում են:

Հունգարիա[14]

Հունգարիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերը և դատավարության այլ մասնակիցներն իրենց իրավունքներն իրականացնեն սահմանված կարգով և կատարեն իրենց պարտավորությունները։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը պարտավոր է կանխել ցանկացած գործընթաց, գործողություն կամ այլ վարքագիծ, որը հակասում է իրավունքների բարեխիղճ իրականացման պահանջին՝ ներառելով նրանք, որոնք ուղղված են դատավարության ձգձգմանը կամ կարող են դրան հանգեցնել. դատարանը պարտավոր է նախազգուշացնել կողմերին իրավունքների բարեխիղճ իրականացման մասին։ Նախազգուշացումը պետք է ներառի նաև անբարեխիղճ վարքագծի հետևանքները։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը պետք է տուգանք կիրառի այն կողմի կամ ներկայացուցչի նկատմամբ, ով դատական նիստերի ընթացքում կամ դատավարական փաստաթղթերում, գիտակցաբար կամ կոպիտ անփութությամբ՝

ա) գործի վերաբերյալ փաստեր է ներկայացրել, որոնք ապացուցվել են, որ ճշմարիտ չեն կամ նա մերժել է այն փաստը, որը պարզվել է՝ ճիշտ է,

բ) լուռ է մնացել այնպիսի փաստի վերաբերյալ, որը նշանակություն ուներ գործի քննության համար,

գ) վկայակոչել է այնպիսի ապացույցներ, որոնք ակնհայտ անհիմն են:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը տուգանք է կիրառում այն կողմի կամ նրա ներկայացուցչի նկատմամբ, ով փաստ է վկայակոչում ժամկետից ուշ՝ առանց ողջամիտ պատճառի կամ համապատասխան ծանուցման պայմաններում առհասարակ չի վկայակոչում որևէ փաստ և դրա արդյունքում դատավարությունը հետաձգվում է:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանը պետք է տուգանք կիրառի այն կողմի կամ ներկայացուցչի նկատմամբ, ով առանց հարգելի պատճառի ուշացրել է որևէ դատավարական գործողության կատարումը, բաց է թողել օրենքով սահմանված ժամկետները, կամ այլ կերպ առաջացրել է ոչ անհրաժեշտ ծախսեր:

Նույն օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է, որ եթե հայցվորն առաջին նիստը բաց է թողնում և չի միջնորդել գործն իր բացակայությամբ լուծելու մասին, դատարանը կարող է ավարտել դատավարությունը պատասխանողի միջնորդությամբ:

Մոլդովա[15]

Մոլդովայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածը սահմանում է, որ  դատական տուգանքները կարող են կիրառվել ինչպես դատական նիստի ընթացքում, երբ թույլ է տրվել դատավարական խախտումը, այնպես էլ առանձին նիստի ընթացքում՝ շահագրգիռ անձանց ծանուցմամբ, ում չներկայանալը չի խոչընդոտում գործի քննությանը: Չներկայացած անձանց ուղարկվում է դատարանի որոշումը:

Մոլդովայի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը տուգանքի նշանակում է սահմանում դատական նիստում առանց հիմնավոր պատճառի չներկայացած ներկայացուցչի նկատմամբ, եթե դա հանգեցրել է գործի քննության հետաձգման:

Ալբանիա[16]

Ալբանիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե կողմերը կամ նրանց ներկայացուցիչները գիտակցաբար իրավունքի չարաշահմամբ ներկայացնում են հայց, բողոք, դիմում կամ պահանջ, որոնք կրկնվող են և ներկայացվում են չարամտորեն կամ երբ միտումնավոր փորձում են ձգձգել դատավարությունը կամ երբ պարզվել է, որ կողմերը կամ նրանց ներկայացուցիչներն անբարեխղճորեն թաքցրել կամ խեղաթյուրել են գործի փաստեր կամ կարևոր հանգամանքներ, ապա դատարանը պետք է դատավարության ավարտին որոշում կայացնի այդ անձանց նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին: Նման որոշման դեմ բողոքը պետք է թույլատրվի եզրափակիչ կամ միջանկյալ դատական ակտերի համար սահմանված կարգով՝ կախված որոշման այն տեսակից, որն ավարտում է համապատասխան վարույթը:

Միաժամանակ, օրենսդրությամբ տարբերակվում են տուգանքների չափերը՝ կապված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ:

Բուլղարիա[17]

Բուլղարիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը սահմանում է դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու և դատարանին ճիշտը հայտնելու դատավարության մասնակիցների պարտականությունը, որն ապահովված է կողմին պատճառված վնասները հատուցելու պարտականությամբ:

Բուլղարիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածը սահմանում է, որ կիրառված տուգանքի դեմ մեկ շաբաթվա ընթացքում կարող է ներկայացվել չեղարկման դիմում տուգանքը կիրառած դատարան: Չեղարկման դիմում ներկայացնելու ժամկետը հաշվարկվում է դատական նիստի օրվանից, իսկ եթե անձը դատական նիստին չի մասնակցում՝ հրապարակման պահից: Դատարանն այդ դիմումը քննում է դռնփակ դատական նիստում և եթե դիմումում նշված հանգամանքները գնահատում է հարգելի, ապա նվազեցնում կամ վերացնում է տուգանքը, որպիսի որոշումը ենթակա է բողոքարկման:

Վերոգրյալ պետությունների իրավական կարգավորումների համադրումը թույլ է տալիս փաստել, որ՝

  • դատավարական օրենսգրքերը գրեթե նույնությամբ պարունակում են իրավունքներից բարեխղճորեն օգտվելու, դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և իրավունքի չարաշահման արգելքի վերաբերյալ դրույթներ,
  • դատավարական իրավունքների չարաշահման դեմ օտարերկրյա պետությունները որպես կանոն պայքարում են դատական սանկցիաների կամ իրավական ներգործության այլ միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ դատական տուգանք, դատական ծախսերի ավելացում՝ անկախ գործի ելքից, մյուս կողմին պատճառված վնասի հատուցում (ժամանակի կորուստ) և այլն՝ դատական տուգանքի կիրառումը կապելով ինչպես անձի լսված լինելու իրավունքի ապահովման հետ, այնպես էլ այն դիտելով որպես կոնկրետ վարքագծի անմիջական հետևանք: Ընդ որում, որպես կանոն իրավունքի չարաշահման դեպքերին պատշաճ արձագանքելու նպատակով իրավունքի չարաշահման հանգամանքը դատական տուգանքին հանգեցնելու վերաբերյալ կարգավորումները ձևակերպված են այնպես, որ ընդգրկեն դատավարության ընթացքում մասնակիցների ոչ բարեխիղճ վարքագծի առավել լայն շրջանակներ,
  • դատական տուգանքի կիրառումն առավել արդյունավետ և համաչափ դարձնելու համար պետությունները սահմանում են տուգանքների տարբեր չափեր՝ կախված դատավարությանը մասնակցող սուբյեկտի բնույթից, ինչպես նաև տուգանքի նվազագույն և առավելագույն չափեր,
  • տուգանքի կիրառումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով շատ պետություններ սահմանում են դատական տուգանք կիրառած դատարանին՝ տուգանքի չափը նվազեցնելու կամ այն վերացնելու միջնորդություն ներկայացնելու հնարավորություն. նման կարգավորման սահմանումը հնարավորություն է տալիս նախ անմիջապես տուգանքը կիրառած դատարանի կողմից վերանայել կիրառված սանկցիան, ինչպես օրինակ սանկցիաների մյուս դեպքերում է՝ մի կողմից չծանրաբեռնելով վերադաս ատյաններին, իսկ մյուս կողմից՝ ապահովելով անմիջականորեն տուգանք կիրառած դատարանի կողմից դրա վերանայման հնարավորությունը,
  • օտարերկրյա պետությունների դատավարական օրենսդրությունները իրավունքի չարաշահման դեպքերը և դրանով պայմանավորված բացասական հետևանքները որպես կանոն կապում են դատարանին որևէ տեղեկատվություն չհայտնելու, ապացույց չներկայացնելու, առանց դատարանին տեղեկացնելու դատական նիստին չներկայանալու, դիտավորությամբ դատարանին որոշակի տեղեկատվություն չհայտնելու կամ սխալ տեղեկատվություն հայտնելու կամ այլ այնպիսի վարքագիծ դրսևորելու հետ, որը վկայում է իրավունքների՝ ոչ դրանց նպատակներին համահունչ օգտվելու մասին՝ ընդհանուր առմամբ դրանք կապելով ցանկացած այնպիսի վարքագծի հետ, որը նպատակ ունի խոչընդոտելու գործերի ողջամիտ ժամկետներում, արդարացի և արդյունավետ քննությանը,
  • օտարերկրյա պետությունների պրակտիկան թույլ է տալիս փաստել, որ դատավարական այնպիսի իրավունքների չիրականացումը, ինչպիսիք են ապացույց ներկայացնելը, փաստ վկայակոչելը, դատական նիստին ներկայանալը, կարող է ևս հանգեցնել դատավարական հետևանքների տուգանքի կամ իրավական ներգործության այլ եղանակների տեսքով, եթե դրանք հանգեցրել են գործի ձգձգման կամ եթե այդ իրավունքներն իրացվել են ոչ պատշաճ կամ առհասարակ ժամանակին չեն իրականացվել:
  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Վերոնշյալ հիմնավորումները հաշվի առնելով և պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և վարչական դատավարության արդյունավետության, ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովման պահանջով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) առաջարկվում է`

2.1. Դատական նիստից դուրս դատական տուգանք սանկցիայի տեսակի կիրառումը.

Հաշվի առնելով դատական տուգանք սանկցիայի տեսակի առանձնահատկությունները և իրավունքի չարաշահմանն արձագանքելու ներգործության առավել արդյունավետ միջոցների նախատեսման կարևորությունը՝ առաջարկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում սահմանել դատական նիստերից դուրս դատական տուգանք սանկցիայի տեսակի կիրառման հնարավորությունը՝ համապատասխան առանձնահատկությունների նախատեսմամբ: Մասնավորապես, հաշվի առնելով, որ տուգանքն անձի իրավունքների նկատմամբ գույքային ներգործության եղանակով միջամտության տեսակ է և կարևորելով անձի լսված լինելու իրավունքի ապահովումը՝ դատական նիստից դուրս տուգանքի կիրառման հարցը քննարկելիս առաջարկվում է սահմանել դատարանի կողմից շահագրգիռ անձին տուգանքի հնարավոր կիրառելիության հիմքում դրված փաստական հանգամանքների մասին գրավոր պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ գրավոր ծանուցելու պարտականությունը: Նման կարգավորման միջոցով երկուստեք հնարավոր կլինի ապահովել ինչպես անձի լսված լինելու իրավունքը, այնպես էլ դատարանների կողմից առանց դատական նիստի նշանակման տուգանքի հարցի քննարկումը և լուծումը:

Նախագծերով առաջարկվել է սահմանել պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ ծանուցումը ստանալու պահից հնգօրյա ժամկետում գրավոր պարզաբանում ներկայացնելու դատավարության մասնակցի դատավարական պարտականությունը: Միաժամանակ, դատական տուգանքի կիրառման հարցը քննարկելու համար սահմանվել է գրավոր պարզաբանում ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո 20-օրյա ժամկետում որոշում կայացնելու իրավակարգավորում. ժամկետային նման կանոնի սահմանումը նպատակ է հետապնդել ինչպես նվազեցնել փոստային եղանակով պարզաբանում ուղարկելու դեպքում այն դատարան ուշ մուտքագրվելու ռիսկերը, այնպես էլ սահմանել ողջամիտ ժամկետ տուգանքի հանգեցնող հանգամանքները քննարկելու համար:

 

2.2. Դատական տուգանքի չափը նվազեցնելու կամ այն վերացնելու ընթացակարգը.

Քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերի ներկայիս կարգավորումների համատեքստում ստացվում է, որ դատարանի կողմից կիրառված տուգանքը ենթակա է անմիջական բողոքարկման համապատասխանաբար վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան: Օտարերկրյա պետություններում, այդ թվում՝ Լիտվայում, Ռուսաստանում, Բուլղարիայում սահմանված է տուգանք կիրառելուց հետո տուգանքը կիրառած դատարանին դրա չափը նվազեցնելու կամ այն վերացնելու միջնորդություն ներկայացնելու ընթացակարգ:

Դատական տուգանքի կիրառելիությանն ու արդյունավետության բարձրացմանն առավել կարող է նպաստել դատական սանկցիա կիրառած դատարանին դատական տուգանքի չափը նվազեցնելու կամ դատական սանկցիան վերացնելու միջնորդության ներկայացման հնարավորության սահմանումը: Նման կարգավորման միջոցով նախ հնարավորություն կտրվի սանկցիան կիրառած դատարանին առաջնային քննարկել դատական տուգանքի հնարավոր նվազեցման կամ վերացման հարցը՝ հաշվի առնելով, որ կարող են լինել այնպիսի հանգամանքներ, որոնք սանկցիայի ենթարկված անձի կամքից անկախ հանգամանքներում չեն ներկայացվել սանկցիայի քննարկման փուլում կամ անձը կարող է ընդունել իր արարքի հակաիրավականությունը և հայցել դատարանի ներողամտությունը, մյուս կողմից կստեղծեն լրացուցիչ երաշխիքներ՝ կապված վերադաս ատյանում բողոքարկումների նվազեցման և այն դատարանի կողմից հարցի քննարկման հետ, որն անմիջականորեն քննարկել և կիրառել է սանկցիան:

Ընդ որում, այս դեպքում բողոքարկման ենթակա պետք է լինի ոչ թե դատական տուգանք կիրառելու մասին որոշումը, այլ դատական տուգանքի չափը նվազեցնելու կամ այն վերացնելու միջնորդության քննության արդյունքում կայացված որոշումը, այսինքն՝ ըստ էության նշված որոշումների համար նախատեսվում է բողոքարկման այլ ընթացակարգ՝ վերադաս դատական ատյան դատական տուգանքի բողոքարկումը պայմանավորելով նախ այդ դատական տուգանքը կիրառած դատարանին համապատասխան միջնորդություն ներկայացված լինելու հետ:

 

2.3. Դատական տուգանք կիրառելու մասին որոշման կատարման կասեցումը՝ բողոքարկման հանգամանքով պայմանավորված.

Հաշվի առնելով, որ դատական տուգանք կիրառելու մասին որոշման բողոքարկումը հանգեցնում է դրա կատարման կասեցման, որպիսի կարգավորումը չի ապահովում դատական տուգանք սանկցիայի տեսակի նպատակների իրագործումը, միաժամանակ հիմք ընդունելով այն, որ վերադաս դատարաններն ունեն դատական ակտերի կատարումը կասեցնելու լիազորություն՝ առաջարկվել է հանել այն կարգավորումը, համաձայն որի՝ դատական տուգանք կիրառելու մասին որոշման բողոքարկումը հանգեցնում է այդ որոշման կատարման կասեցման: Որպես հակակշիռ՝ Նախագծերով առաջարկվել է սահմանել, որ եթե վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը վերացնում է դատական տուգանքի չափը նվազեցնելու կամ վերացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը և վերացնում կամ նվազեցնում է դատական տուգանքը, ապա տվյալ դատական ակտով լուծում է նախապես վճարված տուգանքի կամ դրա ավել մասի վերադարձի հարցը:

 

2.4. Եզրափակիչ (գործն ըստ էության լուծող) դատական ակտով կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ տուգանք կիրառելու հնարավորության սահմանումը.

Իրավունքի չարաշահման հնարավոր բոլոր եղանակներն օրենսդրորեն ամրագրելու անհնարինության և իրավունքի չարաշահման դեպքերը հնարավորինս նվազեցնելու նպատակով Նախագծերով առաջարկվել է սահմանել դատարանի կողմից եզրափակիչ (վարչական դատավարության օրենսգրքի իմաստով՝ գործն ըստ էության լուծող) դատական ակտով կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ իրավունքի չարաշահման փաստի արձանագրման դեպքում իրավունքը չարաշահող անձի նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն։ Եզրափակիչ դատական ակտով դատական տուգանք կիրառելու հնարավորությունը նախատեսված է Լիտվայի Հանրապետության, Բելառուսի, Ալբանիայի դատավարական օրենսդրություններում:

Նման կարգավորումը դատարաններին հնարավորություն կտա Դատական օրենսգրքով սահմանված իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվելու դեպքերին պատշաճ արձագանքել՝ չսահմանափակվելով միայն իրավունքի չարաշահման փաստի արձանագրմամբ, ինչը կհանգեցնի իրավունքի չարաշահման դեպքերի նվազման:

Վերոգրյալով պայմանավորված Նախագծերով առաջարկվել է սահմանել դատարանների՝ եզրափակիչ (գործն ըստ էության լուծող) դատական ակտով կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ իրավունքի չարաշահման փաստի հաստատման դեպքում դատական տուգանք կիրառելու հնարավորությունը: Մասնավորապես, առաջարկվել է սահմանել, որ եթե գործին մասնակցող անձն անբարեխիղճ կերպով անհիմն հայց, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք է ներկայացրել կամ դատավարական այլ վարքագծով չարաշահել է իր իրավունքները և եզրափակիչ (գործն ըստ էության լուծող) դատական ակտով կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ հաստատվել է իրավունքի չարաշահման փաստը, ապա դատարանը իրավունքը չարաշահած գործին մասնակցող անձի նկատմամբ կարող է կիրառել դատական տուգանք: Ընդ որում, այս դեպքում համապատասխան դատական ակտի պատճառաբանական մասում նշում է կատարվում դատական տուգանք կիրառելու համար հիմք հանդիսացած հանգամանքների մասին, իսկ եզրափակիչ մասում կատարվում է եզրահանգում՝ դատական տուգանքի կիրառման մասին:

 

2.5. Իրավունքների իրականացման սահմանափակում սանկցիայի տեսակի նախատեսումը.

Դատավարության բոլոր փուլերում իրավունքների չարաշահման դեպքերը առավելապես հանդիպում են նույնական, շարունակական միջնորդությունների հարուցմամբ՝ որպես կանոն նպատակ հետապնդելով խափանելու դատական նիստը, ձգձգելու գործի դատական քննությունը, հասնելու դատավորի՝ վարույթից հեռացման կամ ունենալով այլ ոչ իրավաչափ նպատակներ:

Իրավունքի չարաշահման դեպքերը դատավարական տարբեր իրավունքների օգտագործման միջոցով հնարավոր է կանխել իրավունքների իրականացման սահմանափակում սանկցիայի նախատեսման միջոցով: Այս սանկցիայի էությունը կայանում է նրանում, որ երբ դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցն իր դատավարական իրավունքներն օգտագործելիս չարաշահում է դրանք՝ դրանով վնաս պատճառելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքներին, հանգեցնելով դատական նիստի ձգձգման կամ գործի դատական քննության խափանման, ապա կարող է կիրառել սպառիչ ցանկի տեսքով նախատեսված իրավունքների իրականացման ժամանակային կամ քանակական սահմանափակումներ պայմանով, որ այդ իրավունքների բուն իրացումը չի բացառվելու:

Այսպիսով, Նախագծերով առաջարկվում է սահմանել գործի նյութերին ծանոթանալու, դրանց պատճեններ ստանալու, քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելու, բացարկ հայտնելու, ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ անելու, ապացույցներ ներկայացնելու, դատավարության մասնակիցներին հարցեր տալու, միջնորդություններ ներկայացնելու, դիրքորոշում ներկայացնելու իրավունքների ժամանակային կամ քանակական սահմանափակումներ կիրառելու դատարանների իրավասությունը:

 

2.6. Դատական նիստին ներկայանալու անհրաժեշտության մասին ծանուցում՝ դատական սանկցիա կիրառելու բացասական հետևանքով.

Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված որոշ դեպքերում դատական նիստերի նշանակումն առարկայազուրկ չդարձնելու և դատավարության մասնակիցների՝ դատական նիստին ներկայանալն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել դատարանի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում դատավարության մասնակիցներին դատական նիստին ներկայանալու անհրաժեշտության մասին ծանուցելու իրավունքը և դրան համապատասխան դատական նիստին չներկայանալու կամ հիմնավորված միջնորդություն չներկայացվելու դեպքում դատական տուգանք կիրառելու կառուցակարգ:

 

2.7. Ինքնաբացարկի հիմքերը գրավոր ընթացակարգով կողմերի առջև բացահայտելու կառուցակարգը.

Առաջարկվել է սահմանել, որ ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու անհրաժեշտության դեպքում դատարանը պարտավոր է դատական նիստի ծանուցագրում նշում կատարել այդ մասին, ինչը հնարավորություն կտա կողմերին տեղեկացվելու դատական նիստում քննարկվելիք հարցի մասին: Միաժամանակ, նախատեսել, որ եթե կողմերը, ծանուցված լինելով ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու նպատակով հրավիրված դատական նիստի մասին, չեն ներկայանում նիստին կամ չեն ներկայացնում դատական նիստը հետաձգելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն, ապա դատարանն ինքնաբացարկի հիմքերը կողմերին բացահայտում է գրավոր եղանակով, որը ստանալու պահից եռօրյա ժամկետում դիրքորոշում չներկայացվելու դեպքում ինքնաբացարկը համարվում է անտեսված:

Նման կառուցակարգի միջոցով հնարավոր կլինի հաղթահարել դատական նիստին կողմերի չներկայանալու դեպքում օրենսդրական այլ ընթացակարգի բացակայությունը, դատարանները հնարավորություն կունենան դատական նիստում բացահայտման ենթակա հանգամանքների մասին կողմերին ծանուցել գրավոր եղանակով՝ այսպիսով կողմերը կկրեն ինքնաբացարկի հիմքերի մասին դիրքորոշում չհայտնելու բացասական հետևանքները, իսկ գործի պարբերական ձգձգումները՝ կապված ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու նպատակով դատական նիստերի հետաձգումների հետ, կբացառվեն:

 

2.8. Գործի քննության ընթացքում դատական կազմի փոփոխման հետևանքները.

Առաջարկվել է սահմանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերի քննությունը սկզբից սկսելու կանոնին այլընտրանքային տարբերակներ:

Այսպես՝ հաշվի առնելով տեղի ունեցող դատավարական գործընթացների բազմաթվությունը, այդ գործընթացների իրականացման շնորհիվ գործի արդարացի և օբյեկտիվ լուծման նախադրյալների ստեղծումը՝ առաջարկվել է դատարանի կազմի կամ դատական կազմում ընդգրկված դատավորի փոփոխության դեպքում նախատեսել դատավորի հայեցողությունը՝ գործի քննությունը սկզբից սկսելու կամ ընդհատման պահից շարունակելու հարցը որոշելու հարցում: Այլ կերպ ասած՝ եթե գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում նոր ներգրավված դատավորը կգա այն համոզման, որ գործի նախորդ քննությունն իրականացվել է այնպես, որ իր համար այն շարունակելու խոչընդոտներ չկան (օրինակ՝ դատավորի համար ակնհայտ է հայցի հիմքը և առարկան, ապացուցման բեռը բաշխված է այնպես, ինչպես իր կողմից կիրականացվեր և այլն), ապա կարող է ընդհատման պահից գործի քննությունը շարունակել: Միաժամանակ, այս կանոնը չի կարող գործել այն դեպքերում, երբ գործի դատաքննությունն առաջին ատյանի դատարանում նախորդ դատավորի կողմից ավարտվել է՝ հաշվի առնելով անմիջականության սկզբունքի պահպանման կարևորությունը: Այդ դեպքում առաջարկվում է սահմանել գործը դատաքննության փուլից վերսկսելու կամ սկզբից սկսելու կանոն:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ գործի փոխանցման պահին տվյալ տեսակի գործի կամ բողոքի քննության համար սահմանված դատավարական ժամկետը կարող է կա՛մ անցած լինել, կա՛մ մնացած լինի այնքան կարճ ժամկետ, որ բացառի նոր ներգրավված դատավորի կողմից գործի քննությունը, ուստի առաջարկվում է սահմանել, որ գործի քննությունը շարունակվելու դեպքում, եթե ժամկետի մնացած մասը պակաս է մեկ ամսից, ապա երկարաձգվում է մեկ ամսով, իսկ եթե տվյալ գործի կամ բողոքի քննության համար նախատեսված ժամկետը հավասար է մեկ ամսվա կամ պակաս է մեկ ամսից, ապա տվյալ գործի կամ բողոքի քննության համար նախատեսված ժամկետով:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի նպատակն է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում սահմանել այնպիսի կառուցակարգեր, որոնք ուղղված են դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահման դեպքերի նվազեցմանը և գործերի ողջամիտ ժամկետներում քննության ապահովմանը: Մասնավորապես, Նախագծերով ակնկալվում է սահմանել դատական սանկցիայի նոր տեսակ, այն է՝ իրավունքի իրականացման սահմանափակում: Միաժամանակ, ակնկալվում է սահմանել դատական տուգանք սանկցիայի կիրառման առավել արդյունավետ մեխանիզմներ՝ իրավունքի չարաշահման դեպքերը նվազեցնելու, դատավարության մասնակիցների իրավաչափ, բարեխիղճ վարքագիծն ապահովելու նպատակներով:

Նախագծերով առաջարկվել է սահմանել ինքնաբացարկի հիմքերը գրավոր ընթացակարգով բացահայտելու և դատական կազմի կամ դատական կազմում ընդգրկված դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունը շարունակելու կառուցակարգեր, որը կնպաստի գործերի ողջամիտ ժամկետներում քննությանը:

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

 

[1] https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-194611%22]}

[2] https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-201641%22]}

[3] Abuse of Procedural Rights Prevention as an Element of Judge and Parties Cooperation Principle in Civil Procedure, Oleksandra Korol, 2020, https://www.researchgate.net/publication/340459826_Abuse_of_Procedural_Rights_Prevention_as_an_Element_of_Judge_and_Parties_Cooperation_Principle_in_Civil_Procedure

[4] https://e-seimas.lrs.lt/portal/legalAct/lt/TAD/TAIS.162435/asr

[5] https://www.juristaitab.ee/sites/default/files/seaduste-tolked/%D0%93%D0%A0%D0%90%D0%96%D0%94%D0%90%D0%9D%D0%A1%D0%98%D0%99%20%D0%9F%D0%A0%D0%9E%D0%A6%D0%95%D0%A1%D0%A1%D0%A3%D0%90%D0%9B%D0%AC%D0%9D%D0%AB%D0%99%20%D0%9A%D0%9E%D0%94%D0%95%D0%9A%D0%A1%2001.01.2024.pdf

[6] https://www.riigiteataja.ee/en/eli/522022023001/consolide

[7] https://pravo.by/document/?guid=3871&p0=hk9900238

[8] https://matsne.gov.ge/ru/document/view/29962?publication=164

[9] https://www.zakonrf.info/apk/

[10] https://www.zakonrf.info/gpk/

[11] https://www.zakonrf.info/kas/

[12] https://wipolex-res.wipo.int/edocs/lexdocs/laws/en/lv/lv091en.pdf

[13] http://pisrs.si/Pis.web/pregledPredpisa?id=ZAKO1212

[14] http://www.hungarylaw.eu/en/home/civil-law/civil-procedure-code-of-hungary/#civil-procedure-code-of-hungary

[15] https://www.legis.md/cautare/getResults?doc_id=142098&lang=ru

[16] https://euralius.eu/index.php/en/library/albanian-legislation?task=download.send&id=257&catid=51&m=0

[17] https://lex.bg/laws/ldoc/2135558368

  • Обсуждалось

    10.04.2024 - 25.04.2024

  • Тип

    Кодекс

  • Область

    Юстиция, Гражданский процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 859

Принт

Предложения

Տիգրան Ստեփանյան

13.04.2024

ՔԴՕ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի 6-րդ հոդվածի «Հոդված 155.4. Իրավունքի իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները» վերաբերյալ դիտողություն․ Ապացույցներ ներկայացնելը, դատավարության մասնակիցներին հարցեր տալը, միջնորդություններ ներկայացնելը և դիրքորոշում ներկայացնելը հանդիսանում են առանցքային դատավարական իրավունքներ, և դրանց սահմանափակումը հանդիսանում է կողմերի հավասարության և արդար դատաքննության, իրավունքի ոտնահարում։ Առաջարկում եմ հոդվածի 2-րդ կետից բացառել <<Ապացույցներ ներկայացնել, դատավարության մասնակիցներին հարցեր տալ, միջնորդություններ ներկայացնել և դիրքորոշում ներկայացնել>> բառակապակցությունները։

Տիգրան Ստեփանյան

13.04.2024

ՔԴՕ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի 6-րդ հոդվածի «Հոդված 155.3. Եզրափակիչ դատական ակտով կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները» վերաբերյալ դիտողություն․ Անընդունելի է, ի՞նչ է նշանակում << հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ հաստատվել է իրավունքի չարաշահման փաստը>>։ <<Իրավունքի չարաշահման փաստ>> եզրույթը չի կարող սահմանվել առանց որևէ մեկնաբանման տեղիքի, դա առավելապես սուբյեկտիվ գնահատական է, որը չի կարող օգտագործվել որպես անձի նկատմամբ տուգանքի կիրառման հիմք։ Առաջարկում եմ հոդվածը բացառել։

Տիգրան Ստեփանյան

13.04.2024

ՔԴՕ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի 6-րդ հոդվածի «Հոդված 155.1. Դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները» վերաբերյալ դիտողություն․ Անհարկի ծանրաբեռնում է դատավարության մասնակցին և լրացուցիչ հնարավորություն է ընձեռում էությամբ անհիմն դատական տուգանք կիրառելու որոշում կայացնելու համար։ Դատական տուգանք կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու մասով պարզաբանման ենթակա հարցերը կարող են և պետք է լուծվեն դատական նիստի ընթացքում։ Առաջարկում եմ հոդվածը բացառել։

Узнать больше