Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1293-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

- 2024 թվականի N-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1293-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տեղական վճարի գանձում) գետնանշման ձևը սահմանելու մասին» N 1281-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման վերնագրում «ԳԵՏՆԱՆՇՄԱՆ ՁԵՎԸ» բառերը փոխարինել «ԳԵՏՆԱՆՇՄԱՆ ԳՈՒՅՆԸ ԵՎ ՁԵՎԸ» բառերով.

2) Որոշման 1-ին կետում «գետնանշման ձևը» բառերը փոխարինել «գետնանշման գույնը և  ձևը» բառերով.

3) Որոշման հավելվածի վերնագրում «ՁԵՎ» բառից առաջ լրացնել «ԳՈՒՅՆ ԵՎ» բառերը.

4) Որոշման հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1. Փողոցի երթևեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքն առանձնացվում է փողոցի երթևեկելի հարևան գոտուց` ավտոկայանատեղի երկայնական սահմանագծի կարմիր, իսկ Երևան քաղաքում՝ կարմիր կամ կապույտ գույնի խզվածքներով գետնանշմամբ, եթե սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ: Եթե փողոցի երթևեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղում թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցների՝ միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ կայանում, ապա ավտոկայանատեղի տարածքն առանձնացվում է նաև լայնակի սահմանագծով` կարմիր, իսկ Երևան քաղաքում՝ կարմիր կամ կապույտ գույնի հոծ գետնանշմամբ, եթե սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ:

  1. Հրապարակներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերը սահմանազատվում են կարմիր, իսկ Երևան քաղաքում՝ կարմիր կամ կապույտ գույնի գետնանշմամբ` ավտոտրանսպորտային միջոցների մուտքի-ելքի ուղիների կողմից` խզվածքներով, ավտոկայանատեղի տարածքի սահմանագիծը հրապարակում` հոծ գծով, եթե սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ:
  2. Ելնելով ավտոկայանատեղի տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից, կարող է իրականացվել վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` կարմիր, իսկ Երևան քաղաքում՝ կարմիր կամ կապույտ ներկանյութով, այդ թվում՝ կարմիր, իսկ Երևան քաղաքում կարմիր կամ կապույտ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում, եթե սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ:».

5) Որոշման հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել նոր 4-րդ, 5-րդ և 6-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«4. Երևան քաղաքում սույն հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքի՝ կարմիր կամ կապույտ գույնի գետնանշմամբ սահմանազատումն իրականացվում է ըստ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված գոտիավորման՝ համապատասխանաբար Երևան քաղաքի «Ա» գոտում գտնվող վճարովի ավտոկայանատեղերի համար կարմիր, իսկ «Բ» գոտում գտնվող վճարովի ավտոկայանատեղերի համար՝ կապույտ գույնի գետնանշմամբ:

  1. Երևան քաղաքում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան առանձնացվում է սպիտակ գույնի գետնանշմամբ: Ելնելով Երևան քաղաքում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից, կարող է իրականացվել ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` սպիտակ ներկանյութով, այդ թվում՝ սպիտակ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում:
  2. Երևան քաղաքում էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններից էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման հնարավորությամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան առանձնացվում է կանաչ գույնի գետնանշմամբ:»:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1293-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետում «ձևի գետնանշում» բառերը փոխարինել «գույնի և ձևի գետնանշում» բառերով:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մայիսի 1-ից: Երևան քաղաքում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքների սույն որոշումից բխող գետնանշման ձևի և գույնի փոփոխություններն իրականացվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում: Մինչև սույն որոշումից բխող փոփոխությունների ամբողջական կատարումը, այդ թվում՝ փոփոխությունների կատարման ամբողջ ժամանակահատվածում, Երևան քաղաքում կազմակերպված այն վճարովի ավտոկայանատեղերում, որտեղ ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքի սահմանազատման գետնանշման ձևը և գույնը շարունակում են համապատասխանել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1281-Ն որոշման պահանջներին՝ Երևան քաղաքում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքների սահմանազատման գետնանշման գույնի և ձևի համար շարունակում են գործել մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները և դրանք համարվում են կահավորված՝ սահմանված գետնանշման ձևին համապատասխան:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

  • Обсуждалось

    28.03.2024 - 14.04.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 885

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

04.04.2024

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավրման խորհրդի նախագահ 3. Անկախ վերոգրյալից, եթե նույնիսկ վերացարկումներ կատարենք այն մոդելը կարգավորող իրավական ակտերի շրջանակներում, որոնք այժմ գործում են, ապա պետք է փաստենք նաեւ հետեւյալը. համաձայն ՀՀ կառավարության 2012թ. հոկտեմբերի 10-ի թիվ 1293 որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետի` «ավտոկայանտեղերը պետք է ունենան հետեւյալ կահավորումը` 1) տարածքի մակերեսի կոշտ պատվածք, ավտակայանատեղի սահմանների սահմանազատում փողոցի երթեւեկելի մասից, տուրքի գանձման, տարածքի վերահսկման և երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցների առկայություն (հնարավորության դեպքում), կառուցվածքային տարրերով տարանջատում. 2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձեւի գետնանշում. 3) ավտոկայանտեղի տարածք ավտոտրանսպորտային միջոցների մուտք գործելու, տարածքից դուրս գալու մատչելի և անվտանգ ուղիներ. 4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան` «Կայանման տեղ» և «Տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը կայանման տեղերում», իսկ վճարովի ավտոկայանատեղրի համար` նաև «Վճարովի ծառայություններ» Ճանապարհային նշաններ. 5) վճարովի ավտոկայանատեղի համար տեղեկատվական ցուցանակ, որը պետք է պարունակի ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմը, ավտոկայանման ծառայության մատուցման դիմաց սահմանված տուրքի չափերը, ծառայողական ավտոկայանատեղի համար` նաև «Ծառայողական» ցուցանակ:»: Գործնականում ներկայումս գործող «վճարովի ավտոկայանատեղիներում» (այսպես կոչված «կարմիր գծերում») չեն ապահովված ՀՀ կառավարության 2012թ. հոկտեմբերի 10-ի թիվ 1293 որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետի 1), 3), 5) ենթակետերի իրավակարգավորումները, 2) ենթակետով սահմանված նորմը չի հաստատվել ՀՀ որևէ նորմատիվ, իրավական օրենսդրական ակտով, իսկ 5) ենթակետի առկայության պայմաններում անգամ շատ առևտրային, հյուրանոցային, մշակութային, առողջապահական կազմակերպությունների և այլն հարակից տարածքներում վխտում են այսպես կոչված հսկիչներ (թևկապով և առանց թևկապի) և հավաքագրում են լրացուցիչ վճարներ՝ առանց ՀԴՄ կտրոն ներկայացնելու (դրանց աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը Երևանի քաղաքապետի պարտադիր լիազորությունների շրջանակում է, սակայն, ցավոք, նույնպես չի իրականացվում):

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

04.04.2024

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավրման խորհրդի նախագահ 2. Այդպիսի իրավիճակը հնարավորություն է տալիս պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավապահ ու դատական մարմիններին՝ ինքնիրավչորեն մեկնաբանել «ավտոկայատեղի» եզրույթը, դրանով խախտելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության (2015 թ. Խմբագրությամբ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» «Տեղական տուրքերի եւ վճարների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները եւ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» 955-Ն որոշման, 2012 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1293-Ն որոշման մի շարք իրավակարգավորումները: Մասնավորապես, 1) այդ իրավական փաստաթղթղերում հակասում են հենց «պարտադիր վճար» հասկացությանը` դրա սահմանադրաիրավական բովանդակության առումով: Այսպես.  ՀՀ սահմանադրության (2015 թ. փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված է հետեւյալ կերպ. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:», իսկ 185-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ «Համայնքի ավագանին օրենքով սահմանված դրույքաչափերի շրջանակներում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր։», իսկ 4-րդ մասով` «Համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող վճարներ։»:  Դրա հետ միաժամանակ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2) ենթակետով սահմանված է, որ՝ «… 2) տեղական վճարը` տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե կամ բյուջեի բաղկացուցիչ մաս կազմող, օրենքի համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշվին վճարվող, սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, »: Օրենքի այս սահմանումից բխում է և իրավաբանական գրականության մեջ համընդհանուր ճանաչում ունի այն մոտեցումը, որ ի տարբերություն հարկի, որն ուղղակի անհատույց գանձվող վճար է, տուրքը կամ պարտադիր վճարը գանձվում է որևէ կոնկրետ ծառայության դիմաց, որը մատուցվում է: Այսինքն, եթե վճարված հարկի դիմաց անձը հանդիպական գործողության որևէ ակնկալիք չունի, ապա, տուրք կամ վճար վճարելով, անձն ակնկալում է, որ օգտվում է կամ օգտվելու է ինչ-որ ծառայությունից, որն իրեն մատուցվելու է: Իսկ ի՞նչ ունենք մենք ներկայիս «վճարովի ավտոկայանատեղիների» (այսպես կոչված «կարմիր գծերի») դեպքում, ի՞նչ ծառայություն է մատուցվում դրանով քաղաքացիներին, ի՞նչ նոր արժեք է ստեղծվում: Հիմա էլ առաջարկվում է Երևան քաղաքաում այդ կայանատեղիները փողոցների երթևեկելի մասում առանձնանել կապույտ գույնով: Հայաստանի բոլոր փողոցները նույնիսկ որդան կարմիրով կամ էլ լազոր կապույտով ներկելու դեպքում հնարավոր չէ ասել, որ դրանով վարորդներին ինչ-որ ծառայություն է մատուցվում, որի դիմաց վճար, ե/կամ պարտադիր գանձույթ է ենթակա վճարման: Ավելին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ ենթակետի համաձայն՝ «… տեղական վճարը գանձում են ծառայության մատուցումից առաջ և (կամ) հետո` համայնքի ավագանու հաստատած պարբերականությամբ:»: Սա նշանակում է, որ անձին նախապես հնարավորություն է ընձեռնվում գնահատել տվյալ ծառայությունից օգտվելու նպատակահարմա¬րությունը, այլ ոչ թե ներքաշելով «կարմիր գծերի ծուղակը»` նպատակ հետապնդում չմատուցած ծառայության դիմաց վճարել պարտադիր վճարներ, իսկ դրանց չվճարելու դեպքում՝ տույժ և տուգանքներ գանձել: 2) Երեւանում կարմիր գծանշումներով կահավորված վճարովի ավտոկայանա-տեղիները արհեստականորեն եւ ապօրինի ստեղծվում են ճանապարհների երթևեկելի մասի հաշվին, ինչով խախտվում են «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի եւ դրան համապատասխան 2007 թ. հունիսի 28-ին ընդունված ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրա-պետության ճանապարհային երթևեկության կանոնները եւ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշման դրույթները` ճանապարհային երթեւեկությունը կազմակերպելու ու դրա անվտանգությունը ապահովելու առումով: Մասնավորապես, ՀՀ կառավարության թիվ 955-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի «Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթեւեկելի մասում» VI բաժնի 51-րդ կետով սահմանված է, որ. «Ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:»: Այս նորմը նշանակում է, որ փողոցների ողջ տարածքը նախատեսված է միմիայն երթեւեկության համար եւ ոչ թե կայանատեղիի, այն էլ` վճարովի, համար: Ընդ որում, նույն նորմատիվ ակտերում սահմանված են նաեւ փողոցների երթեւեկելի մասերում ավտոմոբիլային տրանսպոտային միջոցների կանգառներ կատարելու ու կայանելու կանոնները, որոնք որեւիցէ կերպ չեն առնչվում վճարովի կայանատեղի կազմակերպելու հետ: Վերոհիշյալ իրավակարգավորումների խախտմամբ Երևան քաղաքի փողոցների երթևեկելի մասի 1-ին գծում կարմիր գծանշումներով «վճարովի ավտոկայանատեղիների» (այսպես կոչված «կարմիր գծերի») տեղակայումը հակաօրինական է, ստեղծում է ավտոտրանսպորտի խցանումներ, խանգարում է հասարակական տրանսպորտի ու հետիոտների ազատ տեղաշարժին և դրանով իսկ հակասում է ՀՀ սահմանադրությամբ նախատեսված ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման հիմնարար իրավունքին: Խորապես համոզված եմ, որ ավտոկայանատեղին կարող է լինել վճարովի միայն այն դեպքում, երբ այն ոչ թե արհեստականորեն ստեղծվում է ճանապարհների երթևեկելի մասի հաշվին, այլ այն ստեղծվում է այլ տարածքներ կահավորելու, համապատասխան շինարարական աշխատանքներ կատարելու, նոր արժեք ստեղծելու միջոցով: Վճարովի ավտոկայանատեղի կարող է լինել, օրինակ, Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին, Երեւանի կենտրոնական ավտոկայանի դիմաց Իսակովայի պողոտայի երթեւեկելի 1-ին գծից ներս ընկած հատվածում կառուցված ավտոկայանատեղին եւ այլն, քանի որ դրանք հատուկ ստեղծվել են այդ նպատակով, լրացուցիչ հարմարություններ ունեն, այլընտրանքային են (ցանկության դեպքում վարորդը կարող է այդտեղ չկայանել ավտոմեքենան) և այլն: Իսկ ճանապարհի բանուկ, երթևեկելի մասը երբեք չի կարող դառնալ վճարովի ավտոկայանատեղի և դրա համար չի կարող պարտադիր վճար գանձվել, քանի որ այն իր նպատակային նշանակությամբ ստեղծվել է ոչ թե կարմիր գծեր քաշելու միջոցով վարորդներից գումարներ գանձելու, այլ երթևեկելու համար: Այդտեղ կայանված ցանկացած ավտոմեքենա խոչընդոտում է մեկ այլ ավտոմեքենայի երթևեկությունը: 3) Վերոհիշյալ մոտեցումը հստկորեն ամրագրված է նաև ՀՀ գործող օրենսդրությամբ, որին փաստորեն հակասում է Երևանի համայնքի ավագանու` խնդրո առարկա որոշումը: Այսպես, համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում բերված սահմանումների՝ «…երթևեկելի մասը ճանապարհի տարր է, նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար, … կայանավայրը` ճանապարհի ինժեներական կառույց է, կայանատեղը՝ տրանսպորտային միջոցի միջանցիկ երթևեկության համար չնախատեսված, ճանապարհին անմիջականորեն սահմանակից տարածք:» Համաձայն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով տրված հասկացությունների՝ «…կայանատեղը ճանապարհային ինժեներական շինություն է:» Ասվածից հետևում է, որ ճանապարհի երթևեկելի մասը գծանշելով այն ոչ մի դեպքում չի կարող դառնալ ավտոկայանատեղի, քանի որ այն, ըստ էության, ճանապարհի երթևեկելի մասն է, որի հիմնական գործառույթը ավտոմեքենաների երթևեկությունն է: Առավել ևս չենք կարող խոսել այն մասին, որ իմ կայանած տարածքը տրանսպորտային միջոցի միջանցիկ երթևեկության համար չնախատեսված, ճանապարհին անմիջականորեն սահմանակից ինժեներական շինություն է: 4) Ասվածն էլ ավելի ցայտուն է երևում ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003թ. մայիսի 13-ի թիվ 28-Ն հրամանի ուսումնասիրությունից, որով հաստատված «ավտոկայանատեղեր» շինարարական նորմերի 3.1-րդ կետի համաձայն՝ «ավտոկայանատեղը շենք, շինություն (շենքի, շինության մաս) կամ հատուկ, բաց հարթակ (կամ ծածկարանով) է, որը նախատեսվում է միայն ավտոմոբիլների պահման (կայանատեղի) համար:»: Ամփոփելով վերոհիշյալը, հարկ ենք համարում նշել, որ ընդհանուր օգտագործման ճանապարհները հանրային տարածք են և ապահովում են մարդու ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքի իրականացումը: Իսկ վերջինը ենթադրում է նաև ցանկացած վայրում կայանելու մարդու իրավունքը` հրաժարվելով լրացուցիչ վճարովի ծառայություններից: Մինչդեռ եթե անգամ մի պահ խորը վերացարկվելով իրականությունից` ենթադրենք, թե այսօրվա վճարովի ավտոկայանատեղերով տրամադրվում է ծառայություն, ապա պետք է փաստենք, որ բոլոր կարևոր փողոցների կարմրացման կամ կապտացման արդյունքում «մարդը զրկվել է այլընտրանքային (ոչ վճարովի) կայանման եղանակ ընտրելու հնարավորությունից, ինչը մարդու ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքի կոպտագույն խախտում է:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

04.04.2024

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավրման խորհրդի նախագահ Նախագծերին դեմ ենք քվեարկել հետևյալ հիմնավորումներով. 1. Նախ, Նախագծերով մեկ անգամ ևս փորձ է կատարվում առաջարկվող փոփոխություններով և լրացումներով «ԱՎՏՈԿԱՅԱՆՏԵՂԻ» ԵԶՐՈՒՅԹԻ իրավական կոլիզիաներով (անհամապատասխանություննեորվ) լի ՀՀ կառավարության որոշումներում ոչ թե մտցնել հստակեցումներ, այլև՝ լրացնել նոր իարավական կոլիզիաներով:

Узнать больше