Добавить в избранное

В стадии разработки

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«____» «______» 2024 թվականի N ____-Ն

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

1․ Հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը՝ համաձայն  հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն․ Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի «________» «__» - ի N ---- Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով ամրագրված նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսու­հետ՝ ՇՄԱԳ) իրականացման հետ կապված հարաբերությունները:
  2. Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեությունը ՇՄԱԳ-ի և փորձաքննության ենթակա լինելու դեպքերում նախաձեռնողը իրականացնում է ՇՄԱԳ գործընթացը` օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով։
  3. Գնահատման և փորձաքննության ենթակա՝ Ա, Բ կատեգորիայի նախատեսվող գործունեության տեսակների նախագծային փաստաթղթի և ՇՄԱԳ հաշվետվության գնահատման և փորձաքննության գործընթացներն իրականացվում են օրենքով սահմանված ժամկետներում և ընթացակարգով:
  4. ՇՄԱԳ-ն իրականացնում է նախաձեռնողը՝ համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի միջոցով:
  5. ՇՄԱԳ-ը կատարվում են մինչև նախատեսվող գործունեության իրականացումը։ ՇՄԱԳ գործընթացի արդյունքներն ամփոփվում են ՇՄԱԳ հաշվետվությունում։
  6. ՇՄԱԳ-ի իրականացման մեթոդների, գործիքակազմերի, ընթացակարգերի հետ կապված դրույթները ամրագրված են օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն մշակված և  Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) մարմնի կողմից հաստատված ՇՄԱԳ ուղեցույցով։

 

2 ՇՄԱԳ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

7․ ՇՄԱԳ գործընթացները  նախաձեռնողի կողմից նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության ուսումնասիրության գործընթացներ են, որոնց միջոցով բացահայտվում, վերլուծվում և գնահատվում են հնարավոր ազդեցությունները բնական և մարդածին բաղադրիչների (մթնոլորտային օդ, կլիմա, ջրեր, հողեր, ընդերք, լանդշաֆտ, կենդանական ու բուսական աշխարհ, ներառյալ անտառ, բնության հատուկ պահպանվող տարածքներ կամ բնապահպանական հողեր, բնակավայրերի կանաչ գոտիներ, կառույցներ, բնական օբյեկտներ, պատմության և մշակույթի հուշարձաններ), սոցիալական միջավայրի(ներառյալ մարդու առողջության) վրա և մշակվում են անհրաժեշտ միջոցառումներ, որոնք ուղղված են  ազդեցությունների կանխարգելմանը, նվազեցմանը կամ մեղմացմանը:

 

8․ ՇՄԱԳ փուլի գործընթացներն են՝

  • շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցությունների գնահատումը։ Այս փուլում գնահատվում են օրենքի 7-րդ հոդվածով ամրագրված օբյեկտների և բնութագրերի ներկա վիճակը և նախատեսվող գործունեության արդյունքում դրանց վրա հնարավոր ազդեցությունները։ Իրականացվում է ելակետային տեղեկությունների և տվյալների հավաքագրում շրջակա միջավայրի բաղադրիչների և սոցիալ-տնտեսական միջավայրի վերաբերյալ՝ նախագծի իրականացման հետևանքով փոփոխությունները կանխատեսելու նպատակով:

 

  • նախագծային փաստաթղթով նախատեսված լուծումների այլընտրանքային տարբերակների բացահայտումը։ Այս փուլում պետք է բացահայտվեն թե այլընտրանքային, թե զրոյական՝ նախատեսվող գործունեության չիրականացնելու տարբերակները։ Այլընտրանքները պետք է ներառեն այլընտրանքային վայրերի, տեղադիրքի,  երթուղիների,  տեխնոլոգիաների, գործընթացների,  հումքի, նախագծային և շինարարական աշխատանքների լուծումների, բնապահպանական և սոցիալական միջոցառումների նկարագրություններ։ Պետք է իրականացվի նաև նախատեսվող գործունեության այլընտրանքային տարբերակների էկոլոգա-տնտեսական վերլուծություն և նախընտրելի տարբերակի ընտրության հիմնավորում։

 

  • բնապահպանական կառավարման պլանի՝ ներառյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի մշակումը։ Այս փուլում բացահայտվում և ամրագրվում են շրջակա միջավայրի վրա հնարավոր դրական ազդեցությունների պահպանման և ուժեղացման, բացասական ազդեցությունների կանխարգելման, բացառման, նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման և շրջակա միջավայրին հասցվող վնասի հատուցման համար նախատեսվող միջոցառումները (շինարարության, շահագործման, փակման, հետփակման փուլերը, ռիսկային և արտակարգ իրավիճակները), դրանց ընտրության և արդյունավետության հիմնավորումը, իրականացման ժամանակացույցը, մշտադիտարկման ցուցիչները, ծախսերը։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագիրը կարող է ներառել մթնոլորտային օդի որակի կառավարման,  ջրային ռեսուրսների կառավարման, բուսական և կենդանական աշխարհի տեսակների կառավարման, արտակարգ իրավիճակներին արձագանքման, թափոնների կառավարման, մշակութային ժառանգության կառավարման,   անտառվերականգնման կամ անտառապատման ծրագրեր, և այլ ոլորտային պլաններ:
  • նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության աստիճանի որոշումը։ Այս փուլում որոշվում է նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող բացասական ազդեցությունների աստիճանը հաշվի առնելով հետևալ չափորոշիչները․

 

ա) Ազդեցության տարածական մասշտաբի գնահատման չափորոշիչներ․

Աստիճանավորում

Չափորոշիչ

Կետային ազդեցություն

ազդեցություններ, որոնք ազդում են բնական միջավայրի բաղադրիչների վրա՝ նախատեսվող գործունեության անմիջական գտնվելու վայրի տարածքում կամ այն ​​փոքր-ինչ գերազանցող  (մինչև 0․5 կմ շառավղով) տարածքում.

Սահմանափակ ազդեցություն

ազդեցություններ, որոնք ազդում են տարածքի բնական միջավայրի բաղադրիչների վրա  0․5-5 կմ շառավղով տարածքում.

Տեղային ազդեցություն

ազդեցություններ, որոնք ազդում են բնական միջավայրի բաղադրիչների վրա   5-25 կմ շառավղով  տարածքում.

Տարածաշրջանային ազդեցություն

ազդեցություններ, որոնք ազդում են տարածաշրջանի բնական միջավայրի բաղադրիչների վրա 25 կմ շառավղով տարածքը գերազանցող տարածքում․

 

 

բ) Ազդեցության ժամանակայի գնահատման չափորոշիչներ․

Աստիճանավորում

Չափորոշիչ

Կարճաժամկետ ազդեցություն

սահմանափակ ժամանակահատված, որի  տևողությունը չի գերազանցում մեկ սեզոնը (մինչև 3 ամիս)։

Օրինակ՝ շինարարության ընթացքում կամ շահագործումից հանման ժամանակ։ 

Միջնաժամկետ ազդեցություն

3 ամսից մինչև 1տարի

 

Երակարաժամկետ ազդեցություն

1-3 տարի

Սովորաբար ներառում է նախագծված օբյեկտի կառուցման ողջ ժամանակահատվածը։

Երկարատև կամ մշտական ազդեցություն

3-ից 5 կամ ավելի տարիներ

Օրինակ՝ շահագործման  աղմուկ կամ ընդհատվող կամ կրկնվող գործողություններ,  հիմնականում վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ ձեռք է բերվել նախագծային հզորությունը:

 

գ) Ազդեցության ինտենսիվության գնահատման չափորոշիչներ․

 

Աստիճանավորում

Չափորոշիչ

Աննշան ազդեցություն

Բնական միջավայրի փոփոխությունները չեն գերազանցում բնական միջավայրի վերականգնողականության սահմանները

Թույլ ազդեցություն

Բնական միջավայրի փոփոխությունները գերազանցում են բնական միջավայրի վերականգնողականության սահմանները, սակայն բնական միջավայրը ինքնավերականգնվում է

Չափավոր ազդեցություն

Բնական միջավայրի փոփոխությունները գերազանցում են բնական միջավայրի վերականգնողականության սահմանները, խախտվում են բնական միջավայրի առանձին բաղադրիչներ, սակայն բնական միջավայրը պահպանում է  ինքնավերականգնման կարողությունը

Ուժեղ ազդեցություն

Բնական միջավայրի փոփոխությունները հանգեցնում են բնական միջավայրի կամ էկոհամակարգերի բաղադրիչների զգալի կորուստների: Բնական միջավայրի առանձին բաղադրիչները կորցնում են

ինքնավերականգնման կարողությունը

 

 

  • նախատեսվող գործունեության տարածքում այլ գործունեությունների իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատումը՝ բացառելով կետային գնահատումը։ Այս փուլում բացահայտվում են բնապահպանական և սոցիալ-տնտեսական առանձին գործոնների կուտակային ազդեցությունների հավանականությունը և դիտարկվում են կուտակային ազդեցություններից խուսափելու հնարավորությունները՝ այդ թվում՝ գտնվելու վայրի, ժամկետների և տեխնոլոգիաների փոփոխությունները։

9․ ՇՄԱԳ գործընթացում նախաձեռնողը կարող է խորհրդակցել լիազոր մարմնի, պետական մարմինների, ազդակիր համայնքների ղեկավարների, շահագրգիռ հանրության հետ:

 

3 ՇՄԱԳ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

10․ Գնահատումն իրականացնելիս հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները: Դրանք չընդունվելու դեպքում հաշվետվությունում ներառվում են համապատասխան հիմնավորումներ:

11․ Ա կատեգորիայի նախատեսվող գործունեության՝ ՇՄԱԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջներն են՝

  • նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.
  • նախատեսվող գործունեության անվանումը` օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան․
  • հաշվետվության ամփոփ բովանդակությունը, որը ներառում է տեղեկատվություն նախաձեռնողի մասին, նախատեսվող գործունեության ոչ տեխնիկական նկարագիրը, իրականացման վայրը, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումների հանրամատչելի, համառոտ նկարագիրը, որոնք պետք է բխեն նախագծային փաստաթղթից.
  • նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի, բնական պայմանների, ռեսուրսների նկարագիրը, ինչպես նաև դրանց օգտագործման նպատակը, ենթակառուցվածքները, ազդակիր համայնքը, ազդակիր բնակավայրը և դրանց տեղադիրքն արտացոլող իրավասու մարմնի տրամադրած տարածական պլանավորման փաստաթղթերը, իրադրության սխեման կամ քարտեզը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով․
  • նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության նկարագիրը և նպատակը, արտադրական հզորությունները, ֆիզիկական, տեխնիկական և տեխնոլոգիական բնութագրերը, պահանջվող բնական ռեսուրսների, օգտագործվող հումքի ու նյութերի, արտանետումների, արտահոսքերի, թափոնների և դրանց գործածության, արտադրական լցակույտերի, ֆիզիկական ներգործությունների նկարագրությունը.
  • նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության հնարավոր այլընտրանքային տարբերակների նկարագիրը, ներառյալ նախատեսվող գործունեությունից հրաժարման (զրոյական) տարբերակը.
  • նախագծային փաստաթղթով նախատեսված շրջակա միջավայրի հնարավոր տնտեսական, բնապահպանական վնասների գնահատումները, հատուցման ձևը և ժամկետը.
  • նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության, ներառյալ այլընտրանքային տարբերակների իրականացման դեպքում շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների, բնական ռեսուրսների, պայմանների հնարավոր փոփոխությունների և դրանց ծավալների նկարագրի առանձին, գումարային և ամբողջական գնահատումը.
  • նախագծային փաստաթղթով նախատեսված սոցիալական հնարավոր ազդեցությունները, ռիսկերը, օգուտները, վերլուծական բնութագրերը.
  • մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունները, գործոնները, ռիսկերը.
  • նախագծային փաստաթղթով նախատեսված հնարավոր արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած ռիսկերի գնահատումը, դրանց կանխարգելմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումները․
  • նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում կլիմայի հնարավոր փոփոխություններ առաջացնող գործոնները, ներառյալ ջերմոցային գազերի արտանետումները, դրանց բնույթը՝ այդ թվում դրանց տեսակներն ըստ արտանետվող գազերի (CO2; CH4; N2O), ծավալը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված միջոցառումները.
  • հաստատված հիմնադրույթային փաստաթղթերին նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության համապատասխանության հիմնավորումները․
  • նախագծային փաստաթղթով նախատեսված բոլոր հնարավոր տարբերակների վերլուծության արդյունքով ընտրված տարբերակի հիմնավորումը` շրջակա միջավայրի պահպանության, տնտեսական, սոցիալական տեսանկյունից.
  • նախագծային փաստաթղթով նախատեսված բնապահպանական կառավարման պլանը.
  • նախատեսվող գործունեության ազդեցության մշտադիտարկման ծրագիրը.

17)նախատեսվող գործունեության հաշվետվությամբ ներկայացվող տեղեկատվության վերաբերյալ ամփոփ նյութերը, հաշվետվությանը կից ներկայացված քարտեզները, սխեմաները, գրաֆիկները, աղյուսակները՝ նշելով ելակետային տվյալների աղբյուրները.

18) շրջակա միջավայրի վերաբերյալ օգտագործված ելակետային տվյալների աղբյուրները․

19) գնահատման և հաշվետվության կազմման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, ներառյալ տվյալների բացակայության վերաբերյալ տեղեկությունները.

20) շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները շինարարության, շահագործման և փակման փուլերում:

12․ Բ կատեգորիայի նախատեսվող գործունեության՝ ՇՄԱԳ հաշվետվությանը ներկայացվող պահանջներն են՝

1) նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

2) նախատեսվող գործունեության անվանումը` օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան.

3) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության տարածքի, այդ թվում` շրջակա միջավայրի, բնական պայմանների, ռեսուրսների նկարագիրը, ինչպես նաև դրանց օգտագործման նպատակը, ենթակառուցվածքները, ազդակիր համայնքը և դրանց տեղադիրքն արտացոլող իրավասու մարմնի տրամադրած տարածական պլանավորման փաստաթղթերը, իրադրության սխեման կամ քարտեզը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող միասնական գեոդեզիական կոորդինատային համակարգով․

4) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության բնութագիրը (այդ թվում ոչ տեխնիկական) շինարարության, շահագործման, փակման և հետփակման փուլերում (արտադրական հզորություններ, օգտագործվող բնական ռեսուրսներ և նյութեր, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ).

5) շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները շինարարության, շահագործման և փակման փուլերում․

6) մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունները, գործոնները, ռիսկերը.

7) նախագծային փաստաթղթով նախատեսված բնապահպանական կառավարման պլանը․

8) հաստատված հիմնադրույթային փաստաթղթերին նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության համապատասխանության հիմնավորումները․

9) նախագծային փաստաթղթով նախատեսվող գործունեության ազդեցության մշտադիտարկման ծրագիրը։

 

  1. ՇՄԱԳ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ

 

13․ Սույն կարգի պահնաջներին համապատասխան ՇՄԱԳ հաշվետվության դրույթները, ինչպես նաև հանրային մասնակցության և խորհրդակցությունների  արդյունքները հաշվի են առնվում նախատեսվող գործունեության  նախագծային փաստաթղթի նախագծում։

14․ Նախաձեռնողը պետք է ներկայացնի հիմնավորումներ, թե ինչպես են ՇՄԱԳ հաշվետվության դրույթները ներառվել  նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթում։

 

 

  1. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ՀԵՏՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. Նախաձեռնողը, իր լիազորությունների շրջանակում իրականացնում է մշտադիտարկում (մոնիտորինգ)՝ համաձայն օրենքով նախատեսված բնապահպանական կառավարման պլանի և մշտադիտարկման ծրագրի՝ նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցությունների վերաբերյալ:
  2. Մշտադիտարկման արդյունքների, նախատեսվող գործունեության նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության տվյալների համեմատական վերլուծության արդյունքում նախաձեռնողի կողմից կազմվում է հետնախագծային վերլուծության ծրագիր։
  3. Յուրաքանչյուր տարի եռամսյակային և տարեկան կտրվածքով մշտադիտարկման և հետնախագծային վերլուծության արդյունքները հրապարակվում են նախաձեռնողի կայքում (առկայության դեպքում) կամ տրամադրվում են Լիազոր մարմնին՝ վերջինիս կայքում տեղադրելու նպատակով։
  4. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված մշտադիտարկման արդյունքում բացահայտված շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու առողջության վրա չնախատեսված ազդեցություններ ի հայտ գալու դեպքում նախաձեռնողը նախատեսում և իրականացնում է շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ՝ սահմանելով իրականացման ժամկետներ։ Միջոցառումները հրապարակվում են նախաձեռնողի կայքում (առկայության դեպքում) կամ տրամադրվում են Լիազոր մարմնին՝ վերջինիս կայքում տեղադրելու նպատակով։

 19․ Գործունեության կոնկրետ տեսակների կամ օբյեկտների մշտադիտարկման համար օրենսդրությամբ հատուկ ընթացակարգեր սահմանված լինելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել հատուկ սահմանված ընթացակարգերով։

  • Обсуждалось

    09.02.2024 - 28.02.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1586

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Քնարիկ Հովհաննիսյան

20.02.2024

Հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա ինչպես բացասական, այնպես էլ դրական գործոնների ազդեցության գնահատման անհրաժեշտությունը, նպատակահարմար եմ համարում մշակել գործոնների գնահատման ավտոմատացված համակարգ, որտեղ յուրաքանչյուր գործոնը կգնահատվի համապատասխան միավորներով (դրական կամ բացասական)՝ կախված գործոնի քանակական և որակական հատկանիշերից։ Համակարգը կարող է գործել համացանցային կայքի միջոցով, որտեղ յուրաքանչյուր գործոնի քանակական հատկանիշը կգրանցվի օգտատիրոջ կողմից համապատասխան դաշտում, իսկ որակական հատկանիշը կընտրվի օգտատիրոջ կողմից՝ բացվող ցուցակից։ Ավելին, հնարավոր է մշակել նախագծերի համար միասնական էլեկտրոնային ձևաչափ, որտեղ համապատասխան ցուցանիշերը հասանելի կլինեն վերը հիշատակված կայքում գործող գնահատման ծրագրի համար։ Դրական և բացասական միավորների հիման վրա հաշվարկվող (համապատասխան ալգորիթմի միջոցով) վերջնական միավորը կարելի է համեմատել նախորոք սահմանված շեմի հետ և իսկույն եզրակացության հանգել՝ նախագծի ընդունելի կամ անընդունելի լինելու վերաբերյալ։ Առաջարկվող դրույթները, օրենքում ամրագրված լինելու պարագայում, թույլ կտան նվազեցնել մարդկային գործոնը և չեզոքացնել կորուպցիոն ռիսկերը։

Քնարիկ Հովհաննիսյան

20.02.2024

ՇՄԱԳ-ում նշված գործընթացների շարքում բացի բացասական ազդեցություններից կարող են տեղի ունենալ նաև դրական ազդեցություններ (միկրոկլիմայի բարելավում, սոցիալական վիճակի լավացում, նոր աշխատատեղերի ստեղծում և այլն)։ Այդ հանգամանքները նույնպես հարկ է ներառել ՇՄԱԳ-ի կազմում։

Узнать больше