Добавить в избранное

В стадии разработки

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2024-2026 թվականների ընթացքում  կատարման ենթակա  պետական նշանակության հիդրոօդերևութաբանական  աշխատանքների  ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

     1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն կողմից 2024-2026 թվականների ընթացքում  կատարման ենթակա  պետական նշանակության հիդրոօդերևութաբանական  աշխատանքների  ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է ի կատարումն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի,  Հայաստանի Հանրապետության  շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի ապրիլի 28-ի N 125-Լ հրամանով  հաստատված  կանոնադրության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ) վերապահված լիազորությունների շրջանակներում, հիմք ընդունելով Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշումը, Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական  անվտանգության հայեցակարգը, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Կոնվենցիայով,  «Հիդրոօդերևութաբանության բնագավառում  փոխգործակցության մասին» ԱՊՀ անդամ երկրների 08.02.1992 թվականին կնքված Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև դիտարկումների  ցանցի  օբյեկտների  գործունեությունը կանոնակարգող  նորմատիվ  իրավական  այլ ակտերը: Խիստ կարևորելով գոյություն ունեցող պարտավորությունները` ծախսերի առավելագույն տնտեսման պայմաններում աշխատողների բարեխիղճ և  արդյունավետ աշխատանքի  շնորհիվ՝ նախորդ բոլոր տարիներին հաջողվել է ծրագրերն ամբողջությամբ իրագործել։ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը ռազմավարական  նշանակության պետական կառույց է, որի  կայուն կենսագործունեության ապահովման առումով Կառավարության պարտավորություններն ամրագրված են մի շարք միջազգային փաստաթղթերով: Այն կոչված է բնակլիմայական  ծագմամբ տարերային աղետներից  տնտեսության և մարդկանց կյանքի  ու ունեցվածքի  պաշտպանության  և պատճառված վնասի նվազեցման ուղղությամբ  միջազգային  ստանդարտներով համակարգված դիտարկումներ, նախազգուշացումներ  և կանխատեսումներ կազմելու համար:

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործառույթները հստակ ամրագրված են «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքով, իսկ Կառավարության որոշումներով հաստատվող, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-Ի կողմից կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների եռամյա ծրագրերով նախատեսված գործառույթներն իրականացվում են առաջացած դժվար պայմաններում, քանի որ բյուջետային հատկացումները վերջին տարիներին ունեցել են նվազման տենդենց։ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը դժվար կացության մեջ հայտնվեց հատկապես 2023 թվականին, երբ հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի համաձայն նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանվեց 75,000 ՀՀ դրամ և անհրաժեշտություն առաջացավ վերանայել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը՝ համապատասխանեցնելով այն օրենքի պահանջներին։ Նախկինում, երբ ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացվում էր, ֆինանսների նախարարության կողմից կատարվում էր վերահաշվարկ և բարձրացված գումարի չափով իրականացվում էր փոխհատուցում։ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի իրականացման նպատակով նախատեսված հատկացումները մնացել են 2022 թվականի հատկացումների մակարդակին, չեն բավարարվել էլեկտրաէներգիայի, ջրի, վառելիքի, գործուղումների և այլ ապրանքների ու ծառայությունների գների և սակագների (պահանջը մեր կողմից ներառվել է 2023–2025թթ. ՄԺԾԾ հայտում, սակայն ֆինանսների նախարարության կողմից չի ընդունվել), ինչպես նաև նվազագույն աշխատավարձից ցածր ստացող աշխատողների աշխատավարձերի բարձրացման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման բյուջետային հայտերը։

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում ներկայումս աշխատում են նվազագույն աշխատավարձ ստացող 367 աշխատակից, որոնք հիմնականում հիդրոօդերևութաբանական մարզային կառույցների կայանների և դիտակետերի աշխատակիցներն են, որոնց աշխատատեղերը գտնվում են տարբեր կլիմայական գոտիներում, սկսած ծովի մակարդակից 450մ մինչև 3200մ, տեղակայված են հանրապետության գրեթե բոլոր խոշոր ջրային օբյեկտների (գետերի, լճերի, ջրամբարների) վրա, սփռված են հանրապետության տարածքով մեկ։ Հիդրոօդերևութաբանական ցանցի խտությունը պայմանավորված է Հայասատանի Հանրապետության տարածքի բարդ ռելիեֆով, կլիմայական առանձնահատկություններով (9 կլիմայական գոտի) և պետական մարմիններին կլիմայական փաստացի որակյալ տվյալներով սպասարկման գործոնով:

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ն աշխատում է շուրջօրյա աշխատանքային ռեժիմով  և  պահանջում է օպերատիվ աշխատանք։ Առկա հաստիքային թվաքանակը նվազագույնն է, որը կոչված է իրականացնելու Կառավարության կողմից պարբերաբար հաստատվող պետության կարիքների համար իրականացվող աշխատանքների անհրաժեշտ ծավալների ապահովումը և Հայասատանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը։ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի թվով 242 աշխատողներ աշխատում են շուրջօրյա աշխատանքային ռեժիմով՝ աշխատանքային անընդհատ ռեժիմը  ապահովելու  համար (դա ամրագրված է միջազգային ստանդարտներով)։ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը  վերջին տարիներին ենթարկվել է մի քանի վերակազմակերպումների, ինչի արդյունքում վերանայվել են կազմակերպության կառուցվածքը, հստակեցվել են դրանց գործառույթները՝ առաջնորդվելով դրանք առավել արդյունավետ դարձնելու և կրկնությունները բացառելու սկզբունքով: Կազմակերպությունների միացման արդյունքում պարբերաբար կրճատվել են ծառայության մի շարք հաստիքներ, ավելացել են գործառույթներ, օրինակ՝ գործող ծրագրի ժամանակաշրջանում, միջազգային համագործակցության շրջանակներում հաջողվել է  ձեռք բերել և տեղադրել 47 ավտոմատ հիդրոօդերևութաբանական կայաններ, որոնց շահագործման համար պահանջվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որը ենթադրում է բարձր աշխատավարձ և լրացուցիչ պահպանման ծախսեր։ Նշված  ծախսերի  բեռն ընկնում է առաջիկա տարիների վրա։

Ֆինանսական պահանջը լրացնել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցներից անհնարին է, քանի որ ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունից  առաջացած զուտ եկամուտը կազմում է տարեկան միջին հաշվով ընդամենը  20000,0 - 22000,0 հազ.դրամ, որն էլ օգտագործվում է համաձայն Կառավարության կողմից սահմանված շահույթի օգտագործման կարգի և նպատակաուղղված է հիմնականում մասնագիտական սարքեր-սարքավորումների ձեռքբերմանը։

Լրացուցիչ ֆինանսավորում չհատկացնելու դեպքում կարող է վտանգվել կազմակերպության կողմից իրականացման ենթակա գործառույթների կատարումը, որոնք հստակ ամրագրված են «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ  օրենքով, կառավարության որոշումներով հաստատվող, կազմակերպության կողմից կատարման ենթակա, պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների եռամյա ծրագրերով, հարցականի տակ է դրվում ՀՕԿ Կոնվենցիայի և ԱՊՀ անդամ պետությունների  միջև ստորագրված միջպետական, ինչպես նաև միջազգային այլ երկրների ազգային կազմակերպությունների հետ համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների  կատարումը։ Այն կարող է հանգեցնել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ին  պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների շրջանակներում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիթորինգ» ծրագրի, «Հիդրոօդերևութաբանություն, շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվության ապահովում» միջոցառման գծով կատարման ենթակա արդյունքային /կատարողական/ ցուցանիշների թերակատարմանը։

 Ծրագրի ֆինանսական ապահովման հիմքում դրվել են Կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1082-Ն որոշ­մամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետակ­ան միջ­նաժամկետ ծախսերի ծրագրով այդ աշխատանքների համար նախատեսված ֆի­ան­սա­վորման կողմնորոշիչ չափաքանակներն ու ծավալները: Հարկ է նշել, որ  խիստ կարևորելով գոյություն ունեցող պարտավորությունները` ծախսերի առավելագույն տնտեսման պայմաններում, աշխատողների բարեխիղճ և  արդյունավետ աշխատանքի  շնորհիվ, նախորդ բոլոր տարիներին հաջողվել է ծրագրերն ամբողջությամբ իրագործել։

     2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից 2024-2026 թվականների ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքները` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների պետական ցանցում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական կառավարման մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը:

     3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

     4. Ակնկալվող արդյունքը.

Սույն ծրագրի իրականացումը  առաջիկա երեք տարիներին ենթադրում է հիդրոօդերևութաբանական տեղեկատվությամբ սպասարկման որակի  պատշաճ  մակարդակի ապահովում և հնարավորություն է ընձեռում նվազեցնել վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների բացասական ազդեցությունը մարդկանց կյանքի, առողջության և ունեցվածքի անվտանգության և տնտեսական գործունեության արդյունավետության ապահովման վրա:

     5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում  նախատեսվում է լրացուցիչ  ֆինանսավորում տարեկան 45000,0 հազար  դրամի   չափով:  

     6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

          Հայաստանի  վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։

  • Обсуждалось

    05.02.2024 - 20.02.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы, Финансовая, Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1457

Принт