Добавить в избранное

Проект принят

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հենրիկ Մարտիրոսյան 25.01.2018 12:43:37 Առաջարկում եմ 10-րդ հոդվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<Կառավարության նիստերը դռնբաց են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնփակ:>> Հետաքրքիր է ժողովրդից ինչ եք թաքցնում, որ ուզում եք նիստերը դռնփակ անցկացնել? Չի ընդունվել Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին դրույթի ամրագրումը չի հետապնդում որևէ ոչ իրավաչափ նպատակ: Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը վերաբերում է Կառավարության նիստի ընթացքին: Միաժամանակ Նախագծով ամրագրված է, որ վարչապետն ապահովում է հանրությանը Կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանցումը: Հարկ է նշել, որ Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու պրակտիկան առկա է մի շարք եվրոպական երկրներում, օրինակ՝ Չեխիայում (https://www.vlada.cz/en/jednani-vlady/jednaci-rad-vlady/rules-of-procedure-of-the-government-20989/), Էստոնիայում (https://www.riigiteataja.ee/en/eli/521012014008/consolide):
2 Հենրիկ Մարտիրոսյան 25.01.2018 12:57:52 Առաջարկում եմ 10-րդ հոդվածի 17-րդ կետը վերախմբագրել, և շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<Կառավարության անդամը, բացառությամբ իր կողմից համակարգվող ոլորտին վերաբերվող հարցերի, իրավունք չունի տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին:>> Ինչու եք նախարարներին խամաճիկ դարձնում, բա ՀՀԿ-ի հռչակած դեմոկրատիան ուր կորավ? Դուք փորձում եք սահմանափակել մեր տեղեկացված լինելու իրավունքը, ինչ է կառավարությունը հետկուլիսային աշխատանքով է զբաղվելու ? Չի ընդունվել Ամրագրված դրույթը վերաբերում է Կառավարությունում՝ որպես կոլեգիալ մարմնում քննարկված հարցերի քննարկման ընթացքի մասին տեղեկատվություն չհրապարակելուն: Միաժամանակ Նախագծով ամրագրված է, որ վարչապետն ապահովում է հանրությանը Կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանցումը: Կառավարության նիստերն արձանագրվում են, իսկ նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել: Բացի այդ, ամրագրված դրույթը չի սահմանափակում նախարարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը:
3 Լիանա Բաբաջանյան 25.01.2018 13:42:49 Սույն նախագծի 10-րդ հոդվածի 16-րդ մասի դրույթը չի ապահովում կառավարության գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, ինչպես նաև չի նպաստում պետական մարմինների գործունեության նկատմամբ ժողովրդի վստահության բարձրացմանը: Բացի այդ, այն համահունչ չէ նաև պետության որդեգրած քաղաքականությանը կոռուպցիայի դեմ պայքարում: Առաջարկում եմ տվյալ նորմը շարադրել հետևյալ կերպ. <<Կառավարության նիստերը դռնբաց են: Բացառիկ դեպքերում, վարչապետի որոշմամբ նիստը կարող է անցկացվել դռնփակ, եթե նիստի օրակարգում քննարկվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող հարցեր>>: Չի ընդունվել Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին դրույթի ամրագրումը չի հետապնդում որևէ ոչ իրավաչափ նպատակ: Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը վերաբերում է Կառավարության նիստի ընթացքին: Միաժամանակ Նախագծով ամրագրված է, որ վարչապետն ապահովում է հանրությանը Կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանցումը: Հարկ է նշել, որ Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու պրակտիկան առկա է մի շարք եվրոպական երկրներում, օրինակ՝ Չեխիայում (https://www.vlada.cz/en/jednani-vlady/jednaci-rad-vlady/rules-of-procedure-of-the-government-20989/), Էստոնիայում (https://www.riigiteataja.ee/en/eli/521012014008/consolide):
4 Լիլիթ Հարությունյան 27.01.2018 12:40:08 Նախագծի 2-րդ հոդվածում անհրաժեշտ է նախատեսել այն նախարարությունը, որը պետք է մշակի և իրականացնի լեզվական քաղաքականությունը, քանի որ այն առանձին բնագավառ է ՀՀ Սահմանադրության («Սահմանադրական կարգի հիմունքներ» գլուխ, 20-րդ հոդված) և «Լեզվի մասին» ՀՀ օրենքի ուժով: Վերոգրյալի հիմքով առաջարկում եմ լրացում կատարել նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում և հավելվածում. կա՛մ 9-րդ, կա՛մ 10-րդ կետով նախատեսված նախարարություններից մեկին վերապահել լեզվական քաղաքականություն մշակելու և իրականացնելու լիազորություն` դրանցից մեկի անվանման մեջ, ինչպես նաև սույն նախագծի հավելվածի 9-րդ, կա՛ մ 10-դ կետում ավելացնելով «լեզվի» բառը: Նախագծի 2-րդ հոդվածում անհրաժեշտ է նախատեսել այն նախարարությունը, որը պետք է մշակի և իրականացնի լեզվական քաղաքականությունը, քանի որ այն առանձին բնագավառ է ՀՀ Սահմանադրության («Սահմանադրական կարգի հիմունքներ» գլուխ, 20-րդ հոդված) և «Լեզվի մասին» ՀՀ օրենքի ուժով: Վերոգրյալի հիմքով առաջարկում եմ լրացում կատարել նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում և հավելվածում. կա՛մ 9-րդ, կա՛մ 10-րդ կետով նախատեսված նախարարություններից մեկին վերապահել լեզվական քաղաքականություն մշակելու և իրականացնելու լիազորություն` դրանցից մեկի անվանման մեջ, ինչպես նաև սույն նախագծի հավելվածի 9-րդ, կա՛ մ 10-դ կետում ավելացնելով «լեզվի» բառը: Ընդունվել է ի գիտություն Հարկ է նկատել, որ Նախագծով նախարարություններին վերապահված գործունեության ոլորտները ամրագրված են բավականին ընդհանրական ձևաչափով: Վերոնշյալ ոլորտների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ Ձեր կողմից բարձրացվող հարցը դրանցում արտացոլված է:
5 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 07.02.2018 17:39:51 Նախագծի 10-րդ հոդվածի 16-րդ մասը նախատեսում է. «Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց»: Այդ կապակցությամբ գտնում ենք, որ կառավարության նիստերի դռնփակ լինելն ինքնին խնդրահարույց կարող էր չլինել, եթե նախագծով ապահովված լիներ կառավարության իրավաստեղծ ողջ գործընթացի հրապարակայնությունը, և կառավարության գործունեության նկատմամբ վստահության բավարար մակարդակ: Այս համատեքստում առավել խնդրահարույց է նախագծում կառավարության նիստերի օրակարգը նախապես հրապարակելու պահանջի բացակայությունը: Կառավարության նիստերի դռնբաց լինելու ակնկալիքը գուցեև արդարացված չլիներ կամ նիստերի դռնբացությունը որևէ կարևորություն չներկայացներ, եթե նիստերից առաջ փաստացի մշտապես պահպանվեին հանրության համար կարևորություն ներկայացնող իրավական ակտերի նախագծերի պատշաճ հանրային քննարկումներ անցկացնելու պահանջը (hանրային քննարկումներ անցկացնելու օրենսդրական պահանջի խախտման վառ օրինակ է հենց քննարկվող նախագիծը, որը հանրային քննարկման դրվեց կառավարության նիստում հավանության արժանանալուց հետո՝ խախտելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ իրավական ակտերի պահանջները), այնուհետև դրան հաջորդեր նախագծի լրամշակման աշխատանքները, որից հետո վերջնական նախագիծը և կից փաստաթղթերը ներառվեին կառավարության նիստերի օրակարգ և հրապարակվեին կառավարության պաշտոնական կայքում: Հարկ է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ ներկայումս նույնպես առկա չէ որևէ իրավական ակտ, որով կսահմանվեր կառավարության նիստերի օրակարգը համապատասխան նյութերով հրապարակելու պարտադիր պահանջ (այն սահմանված չէ ոչ ՀՀ Նախագահի 2007թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրում և ոչ էլ ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի թիվ 198-Ն որոշմամբ), և միակ իրավական ակտը, որտեղ շոշափվում են օրակարգի հրապարակման հետ կապված որոշակի հարցեր, ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 30-ի թիվ 1104-Ն որոշումն է, որով հաստատված կարգի 5-րդ կետի 9-րդ ենթակետից կրկին անմիջականորեն չի բխում, որ քննարկվող հարցերին վերաբերող նյութերը պետք է կցվեն օրակարգին, սակայն ներկայումս կառավարության նիստերը դռնբաց են և դրան նախորդում է e-gov.am կայքում կառավարության նիստերի օրակարգը և զեկուցվող հարցերին վերաբերող նյութերի, այդ թվում՝ համապատասխան իրավական ակտի նախագծի, դրա ընդունման հիմնավորման հրապարակումը: Առաջարկվող նախագծով կառավարության գործունեության ոչ հրապարակային ռեժիմի սահմանման միտումը հույս չի տալիս ենթադրելու, որ կառավարության նիստերի օրակարգը կից նյութերով կշարունակվի հրապարակվել ներկայիս պրակտիկային համապատասխան, եթե օրենքում չլինեն համապատասխան իրավական երաշխիքներ: Ավելին, նախագծում ոչ միայն բացակայում է կառավարության նիստի օրակարգը և զեկուցվող հարցերը օրակարգում պարտադիր կցելու պահանջը, այլև նախագծի 10-րդ հոդվածի 15-րդ մասում սահմանվում է, որ կառավարության նիստերի արձանագրությունը կամ դրա մի մասը կարող է հրապարակվել վարչապետի հանձնարարությամբ: Իսկ քննարկվող հոդվածի 17-րդ մասում սահմանվում է, որ կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Նախագծի 10-րդ հոդվածի ամբողջական վերլուծությունից ստացվում է, որ կառավարության նիստ մտնող հարցերը չեն հրապարակվում (օրենքում համապատասխան պահանջի բացակայության պայմաններում), նիստերը դռնփակ են, նիստից հետո կառավարության աշխատակազմը նիստի արձանագրությունը, իսկ կառավարության անդամներն էլ՝ քննարկված հարցի վերաբերյալ տեղեկատվությունը կարող են հրապարակել բացառապես վարչապետի թույլտվությամբ, ինչի արդյունքում հանրությունն ստանալու է հատվածային և ոչ ամբողջական տեղեկատվություն կառավարության գործունեության մասին ընդհանրապես և նիստում քննարկված հարցերի մասին՝ մասնավորապես։ Անընդունելի է կառավարության իրավաստեղծ գործունեության ոչ թափանցիկ մեխանիզմների ներդրումը, ինչը համարում ենք լուրջ հետընթաց, որը չի բխում նաև ՀՀ կառավարության 2017-2022թթ․ ծրագրով ամրագրված հաշվետու և բաց կառավարման սկզբունքներից: Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք՝ 1. Նախագծում ամրագրել կառավարության նիստերի օրակարգը և օրակարգում ներառվող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը հրապարակելու պարտադիր պահանջ: 2. Նախագծում ամրագրել կառավարության նիստերի դռնբացության սկզբունքը՝ բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, որոնք սահմանված են ՀՀ Նախագահի 2007թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով: 3. Ամրագրել կառավարության աշխատակազմի կողմից կառավարության նիստերի արձանագրությունները հրապարակելու պարտադիր պահանջ, բացառությամբ գաղտնի հարցերի: 4. Վերացնել կառավարությունում քննարկված հարցի վերաբերյալ առանց վարչապետի թույլտվության կառավարության անդամի՝ տեղեկատվություն տրամադրելու իրավունքի սահմանափակումը։ Ընդունվել է մասնակի: Նախագծում կատարվել է լրացում, համաձայն որի՝ Կառավարության նիստի օրակարգի նախագիծը, ներառյալ օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ փաստաթղթերը (բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող փաստաթղթերի) ենթակա են հրապարակման Կառավարության նիստից առնվազն մեկ օր առաջ: Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը վերաբերում է Կառավարության նիստի ընթացքին: Միաժամանակ Նախագծով ամրագրված է, որ վարչապետն ապահովում է հանրությանը Կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանցումը: Կառավարության նիստերն արձանագրվում են, իսկ նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել: Նախագծի իրավակարգավորումները չեն սահմանափակում նախարարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը: Վերը նշված կարգավորումներն ուղղված են Կառավարության գործունեության հրապարակայնության ապահովմանը, իսկ Կառավարության գործունեության նկատմամբ վստահության բավարար մակարդակի ապահովումը դուրս է Նախագծի կարգավորման առարկայից: Ինչ վերաբերում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանրային քննարկման ներկայացնելուն, ապա հարկ է նշել, որ վերջինս e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել 2018 թվականի հունվարի 24-ից մինչև փետրվարի 8-ը ներառյալ: Ավելին, Նախագծի վերաբերյալ առաջին առաջարկությունը ստացվել է 2018 թվականի հունվարի 25-ին: