Добавить в избранное

В стадии разработки

ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՆՏԵԳՐՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ. 3
  2. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ. 7

III. ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՈԼՈՐՏՆԵՐԸ. 14

  1. 1. Երկարաժամկետ բնակարանային ապահովման խնդիրը. 15
  2. 2. Զբաղվածության և տնտեսական ինտեգրման խնդիրը. 17
  3. 3. Առողջապահական խնդիրները. 20
  4. 4. Կրթական խնդիրները. 21
  5. IV. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ. 22
  6. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ 25
  7. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ 26

VII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ. 27

VIII. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. 27

 

 

 

 

 

 

 

 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) հիմնարար փաստաթուղթ է, որի գլխավոր նպատակը Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց (այսուհետ՝ Տեղահանված անձինք) ինտեգրման գործընթացի արագացումն է:
  2. Ռազմավարությունը մշակվել է այն գիտակցությամբ, որ Տեղահանված անձանց հասարակական լիարժեք ինտեգրումը՝ որպես շարունակական, երկարաժամկետ և բազմակողմանի՝ իրավական, սոցիալ-տնտեսական և մշակութային գործընթաց, դեռևս շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի լրջագույն մարտահրավերներից մեկը, նկատի ունենալով ոչ միայն Տեղահանված անձանց ընդունելու, օթևան տրամադրելու, աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև երկարաժամկետ ինտեգրման հեռանկարների հետ կապված հարցերը` այլև Սիրիայի հայկական համայնքի ապագան։
  3. Ռազմավարությունն ամփոփ նկարագրում է Ռազմավարության մշակմանը նախորդած՝ Տեղահանված անձանց ինտեգրման գործընթացում արդեն իսկ առկա Հայաստանի Հանրապետության փորձը, ինտեգրման գործող համակարգը, իրականացվող քաղաքականության հիմնական կարգավորումները, ինտեգրման գործընթացում առկա խնդիրները, ձեռքբերումները և առաջիկա մարտահրավերները։
  4. Ռազմավարությունը նախատեսում է մինչ օրս կիրառված՝ հրատապ (մարդասիրական) և ժամանակավոր լուծումներից անցում կատարել առավել կայուն և երկարաժամկետ (զարգացմանը միտված) լուծումների` ժամանակավորապես Հայաստան տեղափոխված, սակայն արդեն Հայաստանում նոր կյանք սկսելու, մշտական բնակություն հաստատելու, մշտական կարգավիճակ ստանալու, ինչպես նաև սեփական բիզնես հիմնելու ցանկություն հայտնած Տեղահանված անձանց համար շարունակելով ստեղծել սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային ինտեգրման հեռանկարներ և առավել բավարար և երկարաժամկետ կենսապահովման պայմաններ:
  5. Ինտեգրման գործընթացները և Տեղահանված անձանց ինտեգրմանը վերաբերող խնդիրների ծավալը և բնույթը պահանջում են բազմաթիվ մասնակիցների/դերակատարների՝ նախևառաջ՝ ՀՀ կառավարության, ՀՀ պետական այլ մարմինների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև միջազգային, բարեգործական, հասարակական և սփյուռքյան կազմակերպությունների ռեսուրսների, փորձի և ջանքերի համախմբում և շարունակական, փոխհամաձայնեցված և համակարգված գործակցություն: Իհարկե Հայաստանում ինտեգրման գործընթացի խթանման գործում ներգրավված մասնակիցների/ դերակատարների թիվը վերջին տարիներին մեծացել է և (բացի մարդասիրական ոլորտի մասնակիցներից/դերակատարներից) ջանքերի միախմբման հարցում աճող հետաքրքրություն են ցուցաբերում նաև զարգացման ոլորտում գործող մասնակիցները/ դերակատարները, այդուհանդերձ, միջազգային կառույցների՝ հատկապես միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավման պոտենցիալը դեռևս լիարժեք չի ուսումնասիրվել, չի օգտագործվել, ուստի և ՀՀ կառավարության կողմից ավելի մեծ ուշադրության է արժանի:
  6. Ռազմավարությունը հետապնդում է Տեղահանված անձանց ինտեգրումը՝ որպես բազմակողմանի գործընթաց, և նպատակ ունի.

1) ապահովել այդ անձանց իրավունքների և շահերի լիարժեք պաշտպանությունը և հարգանքը Հայաստանի Հանրապետությունում,

2) ապահովել ՀՀ օրենսդրության և այլ կարգավորող փաստաթղթերի վերաբերյալ իրազեկվածությունը, սահմանված պահանջների կատարումը և հասարակական կարգի պահպանումը,

3) վերհանել և գնահատել առկա կարիքները և հիմնախնդիրները, իրականացնել դրանց լուծմանն ուղղված միջոցառումներ,

4) ցուցաբերել հնարավոր աջակցություն և երաշխավորել նրանց աճին նպաստող ինքնապահովման մակարդակ՝ շարունակելով ստեղծել կայուն և արժանապատիվ կենսապայմաններ՝ հայաստանյան հասարակության մեջ նրանց հաջող, լիարժեք և արագ ինտեգրման համար,

5) ստեղծել երկրի սոցիալ-տնտեսական կյանքում լիարժեքորեն ներդրում ունենալու հնարավորություններ՝ միևնույն ժամանակ առավելագույն կերպով օգտագործելով վերջիններիս ներուժը հայաստանյան հասարակության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում,

6) աջակցել երկարաժամկետ ինտեգրմանը և նպաստել տրամադրվող մարդասիրական արձագանքից դեպի առավել կայուն և երկարաժամկետ լուծումների սահուն անցմանը,

7) կատարելագործել հասարակական ինտեգրման գործող համակարգը՝ զարգացնելով և հզորացնելով ինտեգրման առկա ընթացակարգերը և մեխանիզմները, մշակելով նոր և առավել արդյունավետ ընթացակարգեր, մեխանիզմներ և լուծումներ, հզորացնել կարողությունները՝ ընդլայնելով ու խորացնելով ինտեգրման հարցերով առկա տեղական և միջազգային համագործակցությունը՝ այդ թվում ներգրավելով դեռևս չներգրավված մասնակիցների/գործընկերների` առկա սահմանափակ ռեսուրսների լավագույնս և արդյունավետ ձևով օգտագործման, բոլոր կողմերի փոխգործակցությունը խրախուսելու, ինչպես նաև բազմակողմանի նախաձեռնությունների համար միջոցների հավաքագրման նպատակով,

8) մշակել ՀՀ կառավարության և մյուս մասնակիցների/դերակատարների կողմից Հայաստանում իրականացվող աջակցության և ինտեգրման ծրագրերը, ինչպես նաև Տեղահանված անձանց մոտ առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները ճիշտ, ժամանակին և գրագետ լուսաբանման մեխանիզմներ։

  1. Ռազմավարությամբ ակնկալվող վերջնարդյունքների հիմնական չափելի ցուցանիշ է Ռազմավարությամբ սահմանված առաջնահերթ միջամտություն և բարեփոխումներ պահանջող ոլորտների կարգավորումը, ինչը կարող է առավելագույնս նպաստել Տեղահանված անձանց ինտեգրման գործընթացի արագացմանը Հայաստանում։
  2. Ռազմավարության նպատակները, խնդիրներն ու հիմնական ուղղությունները նախանշվել են՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության՝ Տեղահանված անձանց ինտեգրման գործընթացում անցած տարիների փորձը և արձանագրված առաջընթացը, ձեռքբերումները, ի հայտ եկած մարտահրավերները և հիմնախնդիրները, դրանց հաղթահարման առկա հնարավորությունները և կարգավորումները, ինչպես նաև սույն ռազմավարության նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական այլ գերատեսչությունների՝ նախարարությունների, գործակալությունների և ծառայությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR), Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ նախնական հանդիպում-քննարկումների արդյունքում ստացված դիտողություններն ու առաջարկությունները:
  3. Ռազմավարության կառուցվածքը համապատասխանում է ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի թիվ 42 արձանագրային որոշմամբ նման մակարդակի ռազմավարությունների համար սահմանված կառուցվածքին ներկայացվող պահանջներին։
  4. Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել՝ ա) 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ Սահմանադրության և ՀՀ Սահամանադրության 2005թ. նոյեմբերի 27-ի և 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ամրագրված, բ) Ժնևի 1951թ. հուլիսի 28-ի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի և Ժնևի 1967թ. հոկտեմբերի 4-ի «Փախստականների կարգավիճակի մասին» արձանագրության, գ) Նյու Յորքի 1984թ. դեկտեմբերի 10-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի, դ) Նյու Յորքի 1966թ. դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի, ե) Հռոմի 1950թ. նոյեմբերի 4-ի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի, զ) ««Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի, է) «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի, ը) «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի, թ) Հայաստանի Հանրապետության 2007թ. ազգային անվտանգության ռազմավարության, ժ) ՀՀ կառավարության 2009թ. օգոստոսի 20-ի նիստի N-34 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգի», ժա) ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 9-ի նիստի N48 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգի», ժբ) ՀՀ կառավարության 2016թ. հուլիսի 21-ի նիստի N28 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգի», ժգ) ՀՀ կառավարության 2017թ. մարտի 23-ի N13 որոշմամբ ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության» և ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 31-ի նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ «Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի», ժդ) ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 483-Ն որոշմամբ հաստատված՝ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի», ժե) 2015թ. հուլիսի 31-ի «Հայաստան-ՄԱԿ զարգացման աջակցության 2016-2020 ծրագրի», ժզ) «Հայկական սփյուռքի հետ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում միասնական քաղաքականության իրականացման մասին» ՀՀ Նախագահի՝ 2013թ. հոկտեմբերի 22-ի ՆՀ-277-Ն հրամանագրի, ժէ) «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի 2013թ. հունվարի 14-ի N9-Ա որոշմամբ սահմանված դրույթները, ինչպես նաև մարդու իրավունքներին վերաբերող միջազգային և ներքին այլ իրավական ակտերը և նորմերը։
  5. Ռազմավարության հիմքում դրված է ՀՀ Սահմանադրության այն սկզբունքը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը, իսկ մյուս կողմից արձանագրվում է, որ ՀՀ-ում ապաստան հայցողների և փախստականների իրավունքներն առավելագույնս ներդաշնակեցվել են միջազգային, մասնավորապես՝ եվրոպական չափանիշներին:
  6. Ռազմավարությունն ամրագրում է Տեղահանված անձանց օգնելու և նրանց ինտեգրումը Հայաստանում դյուրացնելու ուղղությամբ նախորդ ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից գործադրված էական ջանքերը և նշանակալի ներդրումը Սիրիական հակամարտության հետևանքով ծագած միգրացիոն ճգնաժամով պայմանավորված միջազգային բեռի թեթևացման գործում՝ միևնույն ժամանակ սահմանելով ինտեգրման գործող համակարգի կատարելագործմանն ուղղված և առաջնահերթ միջամտություն և բարեփոխումներ պահանջող ոլորտները, որոնց արձագանքելու համար ՀՀ կառավարությունը կողջունի ցանկացած միջազգային աջակցություն և օգնություն:
  7. Որպես նպատակային (շահառու) խմբեր վերաբերելով Տեղահանված անձանց ինտեգրման խնդիրներին՝ Ռազմավարությունը տարածվում է ինչպես ներկայումս ՀՀ տարածքում գտնվող Տեղահանված անձանց, այնպես էլ ապագայում Սիրիայից (այլ երկրներից) ՀՀ հնարավոր տեղափոխվողների ինտեգրման խնդիրների վրա:
  8. Տեղահանված անձանց ընդունումը և ինտեգրման գործընթացը սկսվում է Հայաստանի Հանրապետություն ժամանելու (ՀՀ տարածք մուտք գործելու) առաջին իսկ պահից, և այդ գործընթացը հիմնվում է ինտեգրման գործող համակարգի, առկա կարգավորումների և տեղի հասարակության՝ տեղահանված բնակչությանը հյուրընկալելու փորձառության վրա։
  9. Ռազմավարությունը նախատեսում է արագացնել Տեղահանված անձանց՝ դեռևս 2012 թվականին սկսված առաջնային մարդասիրական աջակցության և ինտեգրման (զարգացմանը միտված) գործընթացը և ամբողջովին ավարտել այն 2022 թվականի վերջին։
  10. ՀՀ կառավարության կողմից Ռազմավարության հաստատմանը հաջորդելու է դրանում նախանշված նպատակների և ուղենիշերի իրագործման կոնկրետ միջոցառումները, ձեռնարկվելիք գործողությունները, դրանց արդյունքները և ժամկետները մանրամասն նկարագրող Գործողությունների ազգային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) կազմումը՝ Տեղահանված անձանց ինտեգրման գործընթացն արագացնելու և Ռազմավարությամբ սահմանված ժամկետներում դրա արդյունավետ և պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով։
  11. Ծրագիրը համակարգված կերպով և Ռազմավարությունում սահմանված առաջնահերթությունների հիման վրա ուրվագծելու է ՀՀ կառավարության, ՀՀ պետական այլ մարմինների, ինչպես նաև այլ ներգրավված միջազգային, բարեգործական, հասարակական և սփյուռքյան կազմակերպությունների կողմից իրականացվող կամ նախատեսվող միջոցառումները, ծրագրերը, նախագծերը և այլ գործողությունները, որոնք ուղղված են Ռազմավարության հիմնարար դրույթների լիարժեք կատարմանը: Ծրագիրը նաև պետք է սահմանի Ռազմավարության արդյունավետ իրագործումն ապահովող միջոցառումների և գործողությունների իրականացման ժամանակացույցը, կոնկրետ ոլորտում իրականացվելիք միջոցառման կատարման համար պատասխանատու մարմիններին (այդ թվում՝ համակատարողներին), յուրաքանչյուր միջոցառման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ակնկալվող աղբյուրները, իրականացվելիք միջոցառումների արդյունավետության ստուգման չափանիշները և միջոցառումների իրականացմամբ ակնկալվող վերջնական արդյունքների չափելի ցուցանիշները:
  12. Ի լրումն սեփական ջանքերի՝ ՀՀ կառավարությունը խրախուսում է (հրապարակայնության և թափանցիկության սկզբունքներ) միջազգային կազմակերպություններին, միջազգային ֆինանսական հաստատություններին, տեղական հասարակական կազմակերպություններին, բարեգործական և սփյուռքյան կազմակերպություններին ներգրավվել՝ յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակում, Ռազմավարության և դրա նպատակների իրականացման գործընթացում:
  13. Ռազմավարությունը նախատեսում է համապատասխան շահագրգիռ կազմակերպություններին իրենց հնարավորությունների շրջանակներում պատշաճ կերպով Ծրագրում ներառել և ձևակերպել իրենց գործունեությանը վերաբերող դրույթներ (հրապարակայնության և թափանցիկության սկզբունքներ):
  14. Ռազմավարությունը մշակվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության առաջադրանքով և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան աջակցությամբ:
  15. Կարևորելով Տեղահանված անձանց և ընդունող քաղաքացիական հասարակության բոլոր հատվածների ձայնը լսելի դարձնելու հանգամանքը, ինչպես նաև կանանց, տղամարդկանց, երեխաների, երիտասարդների, տարեցների նկատմամբ պատշաճ վերաբերմունքը և վերջիններիս կարիքների հանդեպ ուշադրության անհրաժեշտությունը՝ Ռազմավարության մշակման սկզբնական փուլում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից քննարկումներ են իրականացվել «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR), Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ, ինչպես նաև վերջիններիս աջակցությամբ կազմակերպված թիրախային խմբերում, որոնց մասնակցել են Տեղահանված անձանց տարբեր խմբերի ներկայացուցիչներ։

 

 

 

 

 

II. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

 

  1. Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների հետևանքով Եվրոպայում ծագած միգրացիոն ճգնաժամը համարվում է ամենախոշորը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: ՄԱԿ ՓԳՀ տվյալներով՝ Սիրիայում 2011թ. մարտի 11-ին սկսված հակամարտության հետևանքով մահացել է մոտ կես միլիոն մարդ[1], ավելի քան 12 միլիոն մարդ լքել է իր տունը, որոնցից 5,5 միլիոնը դարձել են փախստական[2], իսկ 6,3 միլիոնը՝ ներքին տեղահանված[3]:
  2. Թեև արդեն իսկ սկսվել են Սիրիայում խաղաղության վերականգնմանն ուղղված գործողություններ, գրանցվել են որոշ առաջխաղացումներ, սակայն դեռևս դժվար է կանխատեսումներ անել այն հարցի վերաբերյալ, թե որքան ժամանակ և ինչ ռեսուրսներ կպահանջվեն՝ բնականոն կյանքին վերադառնալու և պատերազմի հետևանքով կրած կորուստները վերականգնելու համար:
  3. ՀՀ կառավարությունն անհանգստացած է Մերձավոր Արևելքում տիրող բարդ և անկայուն ռազմաքաղաքական իրադրությամբ, պարբերական, սակայն շարունակական միջպետական և տարածաշրջանային ճգնաժամերով, չլուծված երկարատև հակամարտություններով, ընթացիկ պատերազմներով ու ապահովության երաշխիքների բացակայությամբ, ինչպես նաև սոսկալի տնտեսական դժվարություններով։
  4. Նկատի առնելով այն, որ հայոց պատմության ամենաողբերգական շրջանում՝ Հայոց ցեղասպանության հետևանքով, հարյուր հազարավոր հայեր աշխարհի այլ երկրների, հատկապես Մերձավոր և Միջին Արևելքի այլ երկրների շարքում հանգրվան ու ապաստան են գտել նաև Սիրիայում՝ ՀՀ կառավարությունն առավել անհանգստացած է, որ Սիրիայում շարունակական հակամարտությամբ պայմանավորված՝ մարդիկ կրում են զրկանքներ, ապրում են ողբերգություն, և մտահոգված է դարեր շարունակ Սիրիայում ապրող և այդ երկրի մշակույթում իր ներդրումն ունեցող հայ համայնքի ճակատագրով ու ապագայով:
  5. 2015թ.-ին բրիտանական «Դը Էկոնոմիստ» («The Economist») հեղինակավոր պարբերականն անդրադարձել էր սիրիացի փախստականների ճգնաժամի հարցին` ներկայացնելով մի աղյուսակ, որտեղ երկրները դասակարգվել էին՝ ըստ Սիրիայից ընդունած փախստականների թվի[4]։ Ըստ այդմ` ընդունած սիրիացի փախստականների թվով Հայաստանը՝ որպես տարածաշրջանային ընդունող երկիր, իր բնակչության թվի համեմատ, Եվրոպայում երրորդ երկիրն է՝ զիջելով միայն Գերմանիային և Շվեդիային։ Եվրոպական երկրների եռյակին հաջորդել են Նիդերլանդները, Բուլղարիան, Դանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը և Ֆրանսիան: Սիրիայի հարևան երկրներից ամենաշատ փախստականներ ընդունել է Թուրքիան, որին հաջորդում են Լիբանանը, Հորդանանը և Իրաքը: Մերձավոր Արևելքի հարուստ երկրները, այնպիսիք, ինչպիսիք են Իսրայելը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, հրաժարվել են ընդունել ներգաղթյալներին: Ինչ վերաբերում է ԵՄ երկրներին, ապա Գերմանիան առաջին աչքի ընկնող արևմտյան երկիրն է, որը պատասխանատվություն է վերցրել հարյուր-հազարավոր ներգաղթյալների համար: Մինչդեռ այսօր ԵՄ-ն քայլեր է ձեռնարկում՝ Սիրիայից և Իրաքից փախստականների ներհոսքը կասեցնելու կամ գոնե նվազեցնելու ուղղությամբ: Ավելին, Եվրոպայի ամենախոշոր տնտեսությունը և 80 մլն բնակչություն ունեցող Գերմանիան Սիրիայից փախսատականների շարունակական հոսքերի պատճառով դժվարություններ է կրում: Այս տեսանկյունից, սակայն, ուշագրավ է Գերմանիայի տնտեսության և բնակչության թվաքանակի հետ անհամադրելի թվացող Հայաստանի Հանրապետության կողմից Տեղահանված անձանց նման հոսքերի ընդունումը` առավելապես ՀՀ կառավարության ջանքերով:
  6. Թեև ՀՀ կառավարության համար ողջունելի է Տեղահանված անձանց ինտեգրման նպատակով Հայաստանին տրամադրված որոշակի միջազգային, մասնավորապես ՄԱԿ-ի խողովակներով ստացվող աջակցությունը, սակայն ՀՀ կառավարությունը կողջունի նաև ցանկացած այլ միջազգային աջակցություն, այդ թվում՝ Եվրամիությունից, քանի որ ի տարբերություն Լիբանանի, Թուրքիայի կամ Հորդանանի համար ԵՄ կողմից սահմանված պարտադիր քվոտաների՝ Հայաստանի Հանրապետությունը, բացառությամբ ԵՄ անդամ որոշ երկրների (Գերմանիա, Ավստրիա), Եվրամիության կառույցներից որևէ ուղղակի ֆինանսական աջակցություն չի ստացել՝ Տեղահանված անձանց ընդունելու և պատշաճ ինտեգրման գործընթաց ապահովելու համար:
  7. ՀՀ սփյուռքի նախարարության տնօրինության տակ գտնվող տեղեկությունների համաձայն՝ ներկայումս 22-25 հազար հայ շարունակում է բնակվել Սիրիայում, որոնք երկրում տիրող իրավիճակի բարդությունից կախված՝ մաս-մաս տեղափոխվում են Հայաստան:
  8. Հայաստանի Հանրապետությունը 1999թ.-ից սկսած պաշտպանություն է  տրամադրում  միջազգային պաշտպանության կարիք ունեցող` այդ թվում նաև հայազգի օտարերկրյա  քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց: Իրաքյան ճգնաժամի պատճառով (սկսած 2002թ.-ից)` 1450, իսրայելա-լիբանանյան հակամարտության հետևանքով (2006թ.)` 650, վրաց-օսեթական հակամարտության հետևանքով (2008թ.)` 207, ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով (սկսած 2014թ.-ից)` 255 անձինք ՀՀ-ում ստացել են փախստականի կարգավիճակ:
  9. Սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան 22.000 մարդ, առավելապես ազգությամբ հայեր, ինչպես նաև արաբներ, քրդեր, ասորիներ տեղահանվել և պաշտպանություն են գտել Հայաստանում:
  10. Հայաստանը մեկ բնակչի հաշվով ավելի մեծ թվով Տեղահանված անձանց է հյուրընկալել: Այսինքն Հայաստանը 1.000 բնակչի հաշվով մոտ 8 Տեղահանված անձ է հյուրընկալել։ Համամասնորեն այդ ցուցանիշն ավելի բարձր է, քան Գերմանիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում կամ Կանադայում։ Որպես համեմատություն՝ մոտ 38 մլն. բնակչություն ունեցող Լեհաստանը, համաձայն ԵՄ կողմից սահմանված պարտադիր քվոտաների, պետք է տեղավորի ընդամենը 12 հազար փախստական:
  11. ՀՀ կառավարությունը պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն է շնորհում սիրիահայերին՝ պատերազմական իրավիճակից փրկվելու, Սիրիայից Հայաստան տեղափոխվելու և Հայաստանում ինտեգրման գործընթացը հեշտացնելու նպատակով։ Ըստ այդմ, 2012-2017թթ. ընթացքում շուրջ 19.500 սիրիահայ ստացել է ՀՀ քաղաքացիություն, իսկ 2000-ից ավելին ստացել է կացության կարգավիճակ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տվյալներով՝ Սիրիական հակամարտության սկզբից ի վեր մոտ 1000 հոգի դիմել է ապաստան ստանալու հայցով, 747 հոգու շնորհվել է փախստականի կարգավիճակ: Սակայն, հաշվի առնելով, որ փախստականի կարգավիճակ ունեցողների մի մասը հետագայում ստացել է ՀՀ քաղաքացիություն կամ հրաժարվել է այդ կարգավիճակից՝ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Սիրիայից փախստականների դե յուրե թիվը Հայաստանի Հանրապետությունում կազմել է 626 հոգի[5]:
  12. Տեղահանված անձանց՝ բացի Սիրիա վերադառնալուց, այլ երկրներ տեղափոխվելու միտումն ակտիվ չէ: Կան ոչ մեծ թվով ընտանիքներ, մարդիկ, որ նախորդ ժամանակահատվածում տեղափոխվել են երրորդ երկրներ՝ օգտվելով Շվեդիայում, Կանադայում, ԱՄՆ-ում կամ այլ երրորդ երկրում բնակեցման կամ իրենց ընտանիքների հետ վերամիավորման հնարավորություններից: Մինչդեռ, Տեղահանված անձանց մոտ 20.000-ն այսօր ապրում է Հայաստանում, մի մասն էլ շարժման մեջ է: Յուրաքանչյուր ամիս շուրջ 40 հոգի նորից տեղափոխվում է Հայաստան:
  13. Չնայած փակ սահմանների պայմաններում Հայաստանում շարունակվող սոցիալ-տնտեսական դժվարին իրադրությանը՝ Սիրիական հակամարտության հենց սկզբից Տեղահանված անձանց նկատմամբ ՀՀ կառավարությունը որդեգրել է համակողմանի աջակցության տրամադրման քաղաքականություն, ցուցաբերել ջերմ և հյուրընկալ մոտեցում, մշակել և ներդրել Հայաստանում վերջիններիս հրատապ ընդունելության, աջակցության, պաշտպանության մեխանիզմներ և ինտեգրման տարբեր ծրագրեր:
  14. Տեղահանված անձանց նկատմամբ ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող պատշաճ վերաբերմունքն ու աջակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեյայի կողմից համարվել է օրինակելի։ ՄԱԿ ՓԳՀ-ն [և միջազգային այլ դիտորդական կազմակերպություններ] ողջունել են թե՛ ՀՀ կառավարության և թե՛ երկրի բնակչության բաց և պատրաստակամ վերաբերմունքն ու ընդունելությունը՝ ընդգծելով մեծ թվով տեղահանվաածների այս ճգնաժամի հանգուցալուծման հարցում ՀՀ կառավարության զգալի ներդրումը:
  15. Տեղահանված անձինք իրենց աշխատաոճով, պատասխանատվությամբ, բարեհամբույր և սիրալիր մարդկային կերպարով շարունակելու են հարստացնել հայաստանյան հասարակությունը: Նրանք իրենց հետ նոր մշակույթ են բերել, նոր մոտեցումներ: Նրանց ներուժը շատ մեծ է, նրանք հիմնականում ստեղծագործ, աշխատող մարդիկ են։ ՀՀ կառավարության և գործընկեր կառույցների համատեղ ջանքերով Հայաստանի տարբեր ոլորտներում ներգրավված՝ Սիրիայից ներգաղթած մասնագետներն իրենց բնորոշ սպասարկման բարձր որակի և աշխատանքային բարձր մշակույթի շնորհիվ ոչ միայն մրցակցություն են ստեղծել տեղական շուկայում, այլև կարող են զգալի ներդրում ունենալ հայաստանյան հասարակության և տնտեսության զարգացման գործում:
  16. Ինտեգրման գործընթացի առկա կարգավորումներն են՝
  • Սիրիական համակամարտության հենց սկզբից ՀՀ Նախագահի հանձնարարությամբ՝ Տեղահանված անձանց աջակցության և ինտեգրման ծրագրերի, ինչպես նաև վերջիններիս հիմնախնդիրների կարգավորման համակարգումը դրվել է ՀՀ սփյուռքի նախարարության վրա.
  • «Հայկական սփյուռքի հետ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում միասնական քաղաքականության իրականացման մասին» ՀՀ Նախագահի՝ 2013թ. հոկտեմբերի 22-ի ՆՀ-277-Ն հրամանագրի համաձայն՝ ՀՀ գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների համակարգում ՀՀ սփյուռքի նախարարությունը հանդիսանում է գլխադասային մարմին հայկական սփյուռքի հետ հարաբերությունների բնագավառներում, համակարգում է Հայաստան-սփյուռք գործակցության իրականացումը, ամփոփում և գնահատում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված գործառույթների կատարման վերաբերյալ տեղեկանքները և տեղեկատվությունը.
  • 2012թ. ամռանը ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով ստեղծվել և իր գործունեությունը շարունակում է սիրիահայերի հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խումբը` ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ: Խմբի կազմում գործում է արագ արձագանքման խումբը և թեժ գիծը.
  • Հաշվի առնելով սիրիական հակամարտության ձգձգումը, տեղահանման ծավալները, դրա հետ կապված Տեղահանված անձանց հոսքերի ավելացումը, Հայաստան տեղափոխվածների աջակցության և ինտեգրման հարցերի, ինչպես նաև վերջիններիս մոտ առկա՝ ամենատարբեր ոլորտներին առնչվող հիմնախնդիրների բազմազանությունը և դրանց հրատապ արձագանքելու անհրաժեշտությունը՝ ՀՀ վարչապետի 2013թ․հունվարի 14-ի N9-Ա որոշմամբ ստեղծվել և իր գործունեությունը շարունակում է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ՝ Միջգերատեսչական հանձնաժողով)` ՀՀ սփյուռքի նախարարի ղեկավարությամբ, ՀՀ պետական մարմինների ղեկավարների տեղակալների մասնակցությամբ.
  • Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարության գործառույթը դրված է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության վրա, որի կազմը, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան ֆինանսական աջակցությամբ, 2016թ. նոյեմբերից համալրվել է մի քանի հրավիրյալ մասնագետներով: ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպվում է Տեղահանված անձանց ամենօրյա ընդունելությունը, արձանագրումը, անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, ինչպես նաև համակարգվում են վերջիններիս կարիքների և խնդիրների վերհանմանը, գնահատմանը և դրանց լուծմանն ուղղված աշխատանքները: Վարվում և պարբերաբար թարմացվում է Տեղահանված անձանց տվյալների շտեմարանը.
  • Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը գումարվում և հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են յուրաքանչյուր տարեվերջին հաստատված՝ Տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն: Որպես կանոն, հրավիրվում են հանձնաժողովի հերթական նիստեր, սակայն պայմանավորված Սիրիայում տիրող իրավիճակով՝ տարվա ընթացքում կարող են հրավիրվել նաև հանձնաժողովի արտահերթ նիստեր: Այս տարիների ընթացքում կատարված աշխատանքների և իրենց աշխատանքային ծրագրերի մասին համապատասխան հաղորդումներով հանդես են եկել ինչպես հանձնաժողովի մշտական անդամ, այնպես էլ հանձնաժողովի հրավիրյալ անդամ հանդիսացող գործընկեր՝ միջազգային, բարեգործական, հասարակական և սփյուռքյան կառույցների ներկայացուցիչները: Պարբերաբար իրականացվում է նիստերի ժամանակ ընդունված որոշումներից բխող աշխատանքների ընթացքի և կատարման մշտադիտարկում.
  • Ներդրվել է նաև ոլորտային համակարգման մեխանիզմը՝ ձևավորվել են ոլորտային 4 աշխատանքային խմբեր։ Մասնավորապես, ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկությամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնությամբ ստեղծվել և իր գործունեությունն է իրականացնում Հայաստանում սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրման հարցերով աշխատանքային խումբը (2016թ. ապրիլ), ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկությամբ և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի (UNHCR) նախաձեռնությամբ` ստեղծվել և իր գործունեությունն է իրականացնում Սիրիայից տեղահանված և Հայաստանում պաշտպանություն փնտրող ընտանիքների բնակարանային կարիքների ապահովմանն ուղղված կոնսորցիումը (2015թ. դեկտեմբեր): Ոչ մշտական հիմունքներով գործում են նաև առողջապահական և կրթական հարցերով աշխատանքային երկու խմբերը (2013թ.).
  • Տեղահանված անձանց աջակցության տարբեր ծրագրերի և միջոցառումների իրականացման նպատակով՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը համագործակցում և աջակցում է Տեղահանված անձանց կողմից Հայաստանում ստեղծված «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» (ստեղծվել է 2012թ.-ի հոկտեմբերին) «Հալեպ» հայրենակցական բարեսիրական (ստեղծվել է 2013թ.-ի հոկտեմբերին), «Քեսաբ» հայրենակցական միավորում (ստեղծվել է 2014թ.-ի ապրիլին) և «Սիրիահայերի միություն» (գործում է 2016թ.-ի հունվարից) հասարա­կական կազմակերպություններին:
  1. 2012-2017թթ. ընթացքում ՀՀ կառավարության և գործընկեր կառույցների (Երևանի քաղաքապետարանի, ՀՀ փաստաբանների պալատի, ՄԱԿ ՓԳՀ (UNHCR) հայաստանյան գրասենյակի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի, «Իզմիրլյան հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF), «Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» ՀԿ-ի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածի, Հայ կաթողիկե համայնքի, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի, «Հայ օգնության միություն» բարեգործական ՀԿ-ի, «Արմենիան Ռեդվուդ փրոջեքթ»-ի, «ՕՔՍՖԱՄ ՄԲ» Հայաստանյան մասնաճյուղի և «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի, «Առաքելություն Հայաստան» ՀԲԿ-ի, «Առաքելություն Արևելք» ՄՕԿ-ի, «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական ՀԿ-ի, «Ամերիկայի Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA/ROLI), «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության, «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի, «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի, Հայաստանում ԳԿԽ ԲՎԵԿ մասնաճյուղի, Ամերիկայի հայկական համագումարի, միջազգային, բարեգործական, հասարակական և սփյուռքյան այլ կազմակերպությունների), ինչպես նաև անհատ բարերարների շարունակական փոխգործակցությամբ և համատեղ ջանքերով հնարավոր է եղել արձագանքել Տեղահանված անձանց ամենաառաջնային մարդասիրական և զարգացման հետ կապված խնդիրներին՝ նպաստելով նրանց հրատապ աջակցության և ինտեգրման բազմակողմանի՝ պարբերական, շարունակական և համապարփակ արձագանք պահանջող գործընթացին:
  2. Գործընկեր կառույցների հետ շարունակական և համաձայնեցված փոխգործակցության և ՀՀ կառավարության որդեգրած համակողմանի աջակցության տրամադրման քաղաքականության արդյունքում՝ Տեղահանված անձանց ինտեգրման գործընթացի պարզեցման նպատակով իրականացվել են հետևյալ միջոցառումները, մասնավորապես՝
  • կատարվել են փոփոխություններ իրավական ակտերում` ՀՀ օրենքներում, ՀՀ կառավարության երկու տասնյակից ավելի որոշումներում և գերատեսչական ակտերում.
  • առաջարկվել է պաշտպանության երեք տարբերակ. ա) արագացված ընթացակարգով ապաստանի տրամադրում, բ) տեղահանված հայերին՝ պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիության շնորհում[6] կամ գ) պարզեցված կարգով կացության կարգավիճակի տրամադրում.
  • ծննդյան վկայականի չլինելու դեպքում ընտանեկան գրքույկն ընդունվել է որպես հայությունն ապացուցող փաստաթուղթ.
  • պարզեցվել են ՀՀ մուտքի արտոնագիր ձեռքբերելու ընթացակարգերը,
  • ՀՀ անձնագրի հանձնման և երդման արարողության կազմակերպման գործընթացը իրականացվել է Սիրիայում և Լիբանանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում[7].
  • անձնական օգտագործման ավտոմեքենաները մինչև 2015թ. դեկտեմբեր ամիսը ազատվել են համապատասխան պետական  տուրքերից[8].
  • պարզեցվել են սիրիական վարորդական վկայականները ՀՀ ազգային վարորդական վկայականներով փոխանակելու ընթացակարգերը.
  • տրամադրվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն.
  • տպագրվել են հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկներ.
  • կազմակերպվել են խորհրդատվություններ՝ տեղեկացնելով ա) նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ, բ) հասանելի ծառայությունների, գործընկեր կառույցների կողմից առաջարկվող շարունակական աջակցության և ինտեգրման ծրագրերի, ինչպես նաև հետագա աջակցության և ապագա հնարավորությունների մասին;
  • խաղաղ համակեցությունն ու ընկերակցությունը, ինքնավստահությունը, ինչպես նաև Տեղահանված անձանց՝ համայնքի լիարժեք անդամ լինելու զգացումը խթանելու համար տեղահանված ընտանիքները (նաև ըստ իրենց պահանջի) ուղղորդվել և ընդգրկվել են գործընկեր կառույցների կողմից իրականացվող շարունակական / հետագա աջակցության և ինտեգրման ծրագրերում.
  • նոր ժամանած ընտանիքներին՝ ըստ անհրաժեշտության, ցուցաբերվել է հոգեբանական և բարոյական աջակցություն.
  • լուծվել են ժամանակավոր կացարանով կամ բնակարանային վարձով ապահովման հարցերը (հիմնականում գործընկեր կառույցների կողմից իրականացվող բնակարանների վարձակալության վճարների սուբսիդավորման ծրագրի շնորհիվ), ինչի արդյունքում հնարավոր է եղել խուսափել Տեղահանված անձանց տնազրկության խնդիրներից, քանի որ վերջիններս բնակեցվել են շենքային պայմաններում և ոչ թե ճամբարներում, ինչպես նաև չի արձանագրվել անօթևանության ոչ մի դեպք.
  • տրամադրվել է հիվանդանոցային և արտահիվանդանոցային անվճար բուժօգնություն և սպասարկում, դեղորայք, բժշկական խորհրդատվություն, անվճար իրականացվել են բժշկական հատուկ և դժվարամատչելի հետազոտություններ, սրտի և այլ բարդ վիրահատություններ՝ թե ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ուղեգրերի հիման վրա՝ պետական պատվերի շրջանակներում, թե դրանից դուրս՝ միջազգային, բարեգործական, հասարակական և սփյուռքյան կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող առողջապահական ծրագրերի/սխեմաների շրջանակներում՝ անվճար.
  • Հայաստանում մահացածների հարազատներին աջակցություն է ցուցաբերվել (գերեզմանատեղի համար անվճար հողահատկացում, հուղարկավորության պարագաների (դիակառքի, դագաղի և այլն) տրամադրում).
  • հաշմանդամները և կենսաթոշակառուներն ընդգրկվել են հայաստանյան կենսաթոշակային համակարգում.
  • իրականացվել է Տեղահանված անձանց հաշվառում՝ ըստ մասնագիտությունների, աջակցություն է ցուցաբերվել վերջիններիս զբաղվածության խնդրի լուծման նպատակով, տրվել է հնարավորություն առաջնահերթության կարգով ընդգրկվել զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում, կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ.
  • իրականացվել են սոցիալական աջակցության ծրագրեր, որոնց շրջանակներում տրամադրվել են կենցաղային տարբեր պարագաներ և դրամական, նյութական, պարենային օգնություն.
  • կարիքավոր ընտանիքներին տրամադրվել է մարդասիրական օգնություն (ձմեռային տաք հագուստ, պարենային մթերքների փաթեթներ, հիգիենիկ պարագաներ, կենցաղային իրեր).
  • տարատեսակ աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում բիզնես հիմնելու ցանկություն հայտնած տեղահանված գործարարներին. ա) կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման, ՀՀ մաքսային և հարկային օրենսդրության վերաբերյալ դասընթացներ, բ) անց են կացվել անհատական խորհրդակցություններ, գ) տրամադրվել են անվճար հաշվապահական հաշվառման ծառայություններ, դ) կազմակերպվել են աշխատանքի տոնավաճառներ, ե) կազմակերպվել են բարեգործական ցուցահանդես-տոնավաճառներ տեղահանված ձեռագործ վարպետների (այդ թվում՝ ոսկերիչների և արծաթագործների) և հրուշակագործների մասնակցությամբ, զ) հնարավորություն է ստեղծվել մասնակցելու նաև արտերկրում կազմակերպվող ցուցահանդես-տոնավաճառներին և էքսպոներին, է) արհեստագործներին (հիմնականում ոսկերիչներին և արծաթագործներին) պարբերաբար տրամադրվել են մասնագիտական աշխատանքային գործիքներ, ը) պատրաստվել է ինտեգրման հաջողված պատմությունները նկարագրող գրքույկներ, հաջողակ գործարարների մասին նկարահանվել և ցուցադրվել են ֆիլմեր, թ) կազմակերպվել են հանդիպումներ ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի, պետական տարբեր մարմինների ղեկավարների, սփյուռքյան գործարարների հետ, ժ) 2012-2015թթ. մշակված 100-ից ավելի բիզնես ծրագրերից առավել հաջողված 92 ծրագրի հեղինակները ստացել են վարկեր՝ արտոնյալ պայմաններով (մինչև 5մլն ՀՀ դրամ՝ 4% տոկոսադրույքով, 5 տարի մարման ժամկետով): Ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմել է շուրջ 400 մլն. ՀՀ դրամ.
  • լուծվել են լեզվամշակութային ինտեգրման խնդիրները, կազմակերպվել են արևելահայերենի և ռուսաց լեզվի արագացված դասընթացներ.
  • երեխաների դպրոց և մանկապարտեզ ընդունելության դիմումները քննարկվել են արտահերթ.
  • պայմաններ են ստեղծվել տեղահանված երեխաների՝ մասնագիտացված երաժշտական, արվեստի և մարզադպրոցներ հաճախելու համար՝ զարգացնելու նրանց հմտությունները, օգնելու ձեռք բերել տեղացի ընկերներ և մասնակցել համատեղ միջոցառումների.
  • իրականացվել է Սիրիայում ստացած 12-ամյա կրթության վկայականների և համալսարանական դիպլոմների փոխճանաչում.
  • դիմորդների ընդունելությունը ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ իրականացվել է պարզեցված կարգով.
  • Սիրիայում բուհական ուսումը կիսատ թողած ուսանողներին՝ հնարավորություն է ընձեռնվել նույն մակարդակից (կուրսից) ուսումը հայաստանյան ԲՈՒՀ-երում շարունակելու համար.
  • 2013-2017թթ. ՀՀ կառավարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան համաֆինանսավորմամբ իրականացվել է տեղահանված ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման ծրագիրը[9].
  • կազմակերպվել է տեղահանված երեխաների և տեղացի երեխաների/ երիտասարդների հետ համատեղ ամառային հանգիստը Հայաստանի տարբեր ճամբարներում, ինչպես նաև տեղահանված աշակերտների և ուսանողների այցելությունները թանգարաններ, թատրոններ, համերգներ, տեսարժան վայրեր, միջոցառումներ են ձեռնարկվել տեղահանված երեխաների՝ Ամանորի միջոցառումներին մասնակցելու համար.
  • կազմակերպվել են բազմաթիվ մշակութային միջոցառումներ Տեղահանված անձանց համար, ինչպես նաև վերջիններիս անմիջական մասնակցությամբ (սիրիացի արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսներ, ցուցադրություններ, շնորհանդեսներ, տեղահանված երաժիշտների և երգչախմբերի համերգներ և այլն).
  • Տեղահանված անձանց մոտ առկա հիմնախնդիրներին օպերատիվ լուծում տալու նպատակով և ինտեգրման հետ կապված ամենատարբեր հարցերով պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ, քննարկումներ, խորհրդակցություններ, կլոր-սեղաններ, համաժողովներ՝ նպաստելով նաև Տեղահանված անձանց ձայնը լսելի դարձնելու նպատակով՝ նրանց և ներգրավված միջազգային և տեղական մասնակիցների/դերակատարների միջև երկխոսությանը.
  • 2012-2017թթ. ՀՀ կառավարությունը Տեղահանված անձանց խնդիրների լուծման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացրել է մոտ 3,5 մլրդ ՀՀ դրամ (մոտավորապես 7,2 մլն ԱՄՆ դոլար):
  1. Նշված միջոցառումներն ունեցել են դրական և շոշափելի ազդեցություն Տեղահանված անձանց ինտեգրման գործընթացի պարզեցման վրա: Եթե համեմատելու լինենք, ապա պետք է նաև արձանագրել, որ ի տարբերություն Հայաստանում ապաստանածների՝ Թուրքիայում, Հորդանանում ապաստանած անձինք դեռևս ոչ միայն չեն ինտեգրվել տեղի հասարակությանը, այլև այսօր էլ շարունակում են վրանների տակ ապրել։

 

III. ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՌԿԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՈԼՈՐՏՆԵՐԸ

 

  1. Սիրիական հակամարտության վաղ փուլում Հայաստան ժամանածներից շատերը հնարավորություն են ունեցել տեղափոխվել իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով, բերելով իրենց անձնական գույքը, որոշ դեպքերում՝ անգամ փոքր տեխնիկա և այլ միջոցներ, ինչը թույլ է տվել նրանց կարճ ժամանակահատվածում հաստատվել կենսաապահովման սեփական միջոցներով: Այդուհանդերձ, Հայաստան հետագայում տեղափոխվածներից շատերը երկիր են մտել ունեզուրկ, հաճախ՝ տրավմատիկ փորձառությամբ և ավելի խորը և երկարաժամկետ մարդասիրական աջակցության և ինտեգրման կարիք են ունեցել:
  2. Չնայած Տեղահանված անձանց ինտեգրման գործընթացին խթանող համապատասխան նախապայմանների առկայությանը՝ մասնավորապես տեղի հասարակության մեծամասնության կողմից դրսևորված հյուրընկալ, ընկալունակ, անխտրական մոտեցմանը և Տեղահանված անձանց կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական ինտեգրման խնդիրների լուծմանը նպաստող ընթացիկ զարգացման ծրագրերին՝ առաջիկա տարիներին ևս Հայաստանում մնալու, հաստատվելու ցանկություն ունեցող Տեղահանված անձանց համար երկարաժամկետ բարենպաստ պայմանների ապահովման, նրանց հասարակական ինտեգրման արագացման և տնտեսական հեռանկարների ապահովման, ինչպես նաև ավելի վաղ եկածների մոտ ի հայտ եկող հիմնախնդիրների լուծման հարցում զգացվում է անհրաժեշտ ռեսուրսների և ֆինանսական լրացուցիչ միջոցների պակասը: Չնայած ՀՀ պետական բյուջեից արդեն իսկ հատկացվել են համապատասխան միջոցներ՝ Տեղահանված անձանց անհրաժեշտ առաջնային մարդասիրական աջակցության և ինտեգրման նպատակով, իսկ վերջիններիս ցուցաբերած աջակցության հարցում կուտակված հսկայական փորձը հնարավորություն է տվել բացահայտելու Տեղահանված անձանց մոտ առկա հիմնախնդիրները, իրականացնելու կարիքների գնահատում, ցուցաբերելու հնարավոր աջակցություն և լուծելու առկա հիմնախնդիրների զգալի մասը, այդուհանդերձ, սրանք ժամանակավոր լուծումներ են, և ՀՀ կառավարությունը չի կարող առանց միջազգային աջակցության, միայն իր միջոցներով ապահովել երկարաժամկետ ինտեգրման (զարգացմանը միտված) այնպիսի պայմաններ, որոնցով վերջնականապես կլուծվեն գոնե նվազագույն կենցաղային խնդիրները, որոնց առնչվում են Տեղահանված անձինք իրենց առօրյայում:
  3. Ներկայումս Տեղահանված անձանց ինտեգրման գործընթացի արագացմանը խոչընդոտող խնդիրներն են.
  • Հայաստան ժամանողերի բացահայտման և գրանցման մեխանիզմների անկատարությունը և համապատասխան վիճակագրական տվյալների թերի, ոչ ամբողջական լինելը, ինչպես նաև Հայաստանից Սիրիա վերադարձողների կամ երրորդ երկրներ մեկնողների վերաբերյալ համապատասխան վիճակագրական տվյալների բացակայությունը.
  • Տեղահանված անձանց միասնական և համապարփակ տվյալների շտեմարանի բացակայությունը.
  • Տեղահանված անձանց շրջանում դեռևս խոցելիության և կարիքների տարբեր աստիճանների առկայությունը (չնայած մարդասիրական օգնությունից կախվածության հաղթահարման և ինքնուրույն կենսաապահովման ու ինտեգրման համար նախորդ ժամանակահատվածում ձեռնարկված համատեղ ջանքերին՝ 2016թ. շուրջ 5500 հոգի ճանաչվել է կարիքավոր և ՄԱԿ ՓԳՀ կողմից այս կամ այն տեսակի աջակցության կարիք ունեցող).
  • Գործընկեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի հիմքում դրված առաջնային կարիքների գնահատման մեխանիզմների անկատարությունը, ինչպես նաև երբեմն հանդիպող ծրագրային կրկնությունները.
  • Սոցիալական բնակարանների ֆոնդի բացակայությունը, բնակարանների վարձակալության վճարների բարձր լինելը.
  • Տեղահանված անձանց մեծ մասի կենտրոնացումը Երևան քաղաքում կամ դրա մերձակայքում, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ Երևան քաղաքի մանկապարտեզներում Տեղահանված երեխաների համար անհրաժեշտ թվով տեղերի պակասը.
  • ՀՀ աշխատաշուկայի սահմանափակ հնարավորությունները, առկա աշխատանքը անհամապատասխանությունն ունեցած որակավորմանը, միջինից բարձր վարձատրվող աշխատատեղերի պակասը.
  • ՀՀ տնտեսության, գործարար միջավայրի, տեղական շուկայի և հարկային համակարգի պահանջներին լիարժեքորեն չհարմարվելը.
  • Առողջապահական խնդիրների լիարժեք կարգավորման համար պետական ֆինանսավորման ոչ բավարար լինելը, ինչպես նաև պետպատվերի շրջանակներում ոչ բոլոր առողջապահական խնդիրների կարգավորման հնարավորությունը.
  • Մագիստրատուրաներում, ասպիրանտուրաներում և օրդինատուրայում սովորող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման խնդիրը.
  • Երկրի հնարավորություններին համապատասխան՝ տեղահանման մեծ հոսքերին համապարփակ արձագանքելու համար անհրաժեշտ միջազգային ֆինանսական աջակցության պակասը, ինչպես նաև վերջին տարիներին ՄԱԿ-ի խողովակներով ստացվող ֆինանսական աջակցության նվազումը.
  • Դեռևս չներգրավված մասնակիցների/գործընկերների ներգրավելու, ինչպես նաև բազմակողմանի նախաձեռնությունների համար միջոցների հավաքագրման միասնական հարթակի և մեխանիզմների բացակայությունը.
  • Սիրիական հակամարտության առաջին տարիներին Տեղահանված անձանց աջակցության հարցը, քանի որ, եթե սկզբում ժամանածներն առաջին տարիներին ունեին որոշակի ֆինանսական միջոցներ և կարողանում էին ինքնուրույն հոգալ իրենց խնդիրները, ապա այսօր շատերի գումարները սպառվել են և վերջիններս ևս դիմում են թե ՀՀ կառավարությանը, և թե այլ գործընկեր կառույցներին աջակցության խնդրանքով.
  • ՀՀ կառավարության և մյուս մասնակիցների/դերակատարների կողմից Հայաստանում իրականացվող աջակցության և ինտեգրման ծրագրերի, ինչպես նաև Տեղահանված անձանց մոտ առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները ճիշտ, ժամանակին և գրագետ լուսաբանելու մեխանիզմների անկատարությունը.
  • առկա այլ խնդիրները։
  1. Ինտեգրման գործընթացում առկա խնդիրների վերհանման արդյունքում հնարավոր է դարձել սահմանել հետևյալ՝ առաջնահերթ միջամտություն և բարեփոխումներ պահանջող ոլորտները, որոնց կարգավորումը կարող է առավելագույնս նպաստել Տեղահանված անձանց ինտեգրման գործընթացի արագացմանը Հայաստանում.

 

  1. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐԸ
  2. Թեև Տեղահանված անձանց անօթևանության խնդիրը մեծապես հաջողվել է լուծել նախորդ ժամանակահատվածում իրականացվող բարեգործական նախաձեռնությունների միջոցով, մասնավորապես՝ անհատ բարերարների և հասարակական, սփյուռքյան կազմակերպությունների կողմից ժամանակավոր կացարանների, բնակարանների տրամադրմամբ (ինչպես անվճար հիմունքներով, այնպես էլ արտոնյալ պայմաններով), և հիմնականում ՄԱԿ ՓԳՀ, տեղական և սփյուռքյան հասարակական կազմակերպությունների համաֆինանսավորմամբ իրականացվող վարձակալության վճարների սուբսիդավորման ծրագրի միջոցով՝ երկարաժամկետ բնակարանային ապահովման խնդրի լուծումը դեռևս մնում է Տեղահանված անձանց հասարակական լիարժեք ինտեգրման ամենաառանցքային մարտահրավերներից մեկը:
  3. Այս ոլորտում առկա հիմնական մարտահրավերները հետևյալն են՝ ա) սոցիալական բնակարանների փոքր թիվը, բ) ստացված եկամտի և վարձակալության վճարների միջև անհամապատասխանությունը, գ) Տեղահանված անձանց շրջանում կայուն եկամտի, մշտական զբաղվածության և զգալի չափով խնայողությունների և գրավադրվող իրերի բացակայությունը, որը նվազեցնում է վարկի մատչելիությունը, դ) առևտրային բանկերի կողմից կիրառվող բարձր տոկոսադրույքները, ե) բնակարանների առուվաճառքի և հիփոթեքային գործընթացների մասին Տեղահանված անձանց շրջանում անբավարար գիտելիքները, որը նրանց խոցելի է դարձնում սխալ հաշվարկների նկատմամբ, զ) Տեղահանված անձանց մեծ մասի կենտրոնացումը Երևան քաղաքում, կամ դրա մերձակայքում բնակարան գտնելու ցանկությունը, է) հնարավոր այլ անհատական մարտահրավերները:
  4. Համաձայն 2016թ. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնությամբ իրականացված հետազոտության[10]՝ հարցված Տեղահանված անձանցից ներկայում միայն 4.7% է հանդիսանում իրենց բնակության վայրի սեփականատերը, իսկ ճնշող մեծամասնությունը (90%) բնակվում է վարձով, մնացած 5.3%-ի բնակարանը թեև սեփական չէ, սակայն նրանք բնակվում են առանց վարձի: Հարցմանը մասնակցած Տեղահանված ընտանիքների մեծ մասն (80%) ապրում է բազմաբնակարան շենքերում, 18.7%-ը՝ տներում, իսկ 1.3%-ը՝ հանրակացարանային սենյակներում:
  5. Հարցմանը մասնակցած Տեղահանված ընտանիքների ավելի քան 98.7%-ը բնակություն է հաստատել Երևանում և դրա մերձակայքում: Շատերը ձգտում են բնակվել հենց Երևանի կենտրոնում: Հայաստանի այլ բնակավայրերում բնակեցման փորձերը (հաշվի առնելով բնակարանների վարձակալության ավելի նպաստավոր պայմանները) մեծ արձագանք չեն ստացել, քանի որ մեծամասամբ Սիրիայի տնտեսական կենտրոն հանդիսացող Հալեպից և Դամասկոսից եկածների համար Հայաստանի մարզերը և հայաստանյան գյուղական վայրերը խորթ են, նրանք սովոր են քաղաքային աշխույժ կյանքին, որը չեն կարող ապահովել մարզային փոքր քաղաքները: Մյուս կողմից Հայաստանի մարզերը չնախընտրելու հաջորդ հիմնական պատճառները տնտեսական բնույթի են` աշխատանքի բացակայություն (25%), սահմանափակ հնարավորություններ (15%), շուկայի փոքրություն (7 %), ինչպես նաև ցածր կենսամակարդակ (5 %): Նրանք խուսափում են բնակության համար տեղափոխվել մարզեր իրենց համայնքների հետ կապը պահպանելու և դինամիկ տնտեսական միջավայրում բնակվելու ցանկությամբ պայմանավորված:
  6. Երկարաժամկետ բնակարանային ապահովման խնդիրները չեն կարող լուծվել «մեկ լուծում բոլորի համար» մոտեցմամբ: Դրա համար անհրաժեշտ է համակողմանի և բազմատեսակ լուծումների խառնուրդ՝ հաշվի առնելով տեղահանված ընտանիքների իրարից տարբերվող իրավիճակները, խոցելիության աստիճանները, հնարավորությունները և նրանց մտադրությունները Հայաստանում երկարաժամկետ կացության վերաբերյալ:
  7. Երկարաժամկետ բնակարանային ապահովման խնդրի լուծման ռազմավարական ուղենիշ են.
    • շարունակել բնակարանների վարձավճարների սուբսիդավորման ծրագիրը, նվազագույնի հասցնել եկամտի և ապրուստի ծախսերի, այդ թվում վարձավճարների միջև գոյություն ունեցող բացը՝ մասնավորապես ժամանումից հետո առաջին ամսվա ընթացքում, և հատկապես թիրախավորելով խոցելի ընտանիքներին.
    • ավելացնել Հայաստանի սոցիալական բնակարանների տարողունակությունը և տրամադրել Տեղահանված անձանց սոցիալական բնակարաններ՝ հստակ սահմանված խոցելիության չափանիշների և անդորրագրերով և հաշվեկշիռներով հագեցած մեխանիզմի հիման վրա.
    • ժամանակավոր լուծումներից (ժամանակավոր կացարանով ապահովում և/կամ բնակվարձերի փոխհատուցում) անցում կատարել երկարաժամկետ լուծումների՝ վարձակալությունից դեպի սոցիալական բնակարանների կառուցապատման (բնակարանաշինության), առկա բնակարանների ձեռքբերման կամ առկա կիսակառույց շենքերի վերանորոգման, կահավորման և ժամանակավոր (3-5 տարով) օգտագործման նպատակով Տեղահանված անձանց տրամադրելու գործընթացներին անցում կատարելու սխեմաների ներդրմամբ՝ դիտարկելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից սուբսիդավորվող վարկային սխեմաների ստեղծումը.
    • միջազգային կազմակերպությունների, բարերարների աջակցությամբ նպաստել ՀՀ կառավարության 06.06.2013թ.-ի թիվ 656-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս հիմնելու ծրագրի իրագործմանը, որը չի իրականացվում անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով։ ՀՀ կառավարությունը ծրագրին օժանդակել էր հողահատկացման, ինժիներաերկրաբանական հետազոտության և տարածքի ճարտարապետաշինարարական հատակագծման աշխատանքների իրականացման հարցերում: Ծրագրին մասնակցելու համար արձանագրվել էր 650 սիրիահայ ընտանիք՝ 3500 անդամով, որոնք, սակայն, այսօր պատրաստ չեն գոնե կանխավճար մուծելու։
    • ֆինանսական գրագիտության խորացված դասընթացների կազմակերպում, որը թույլ կտա Տեղահանված անձանց ճիշտ որոշում կայացնել Հայաստանում գույքի ձեռքբերման ժամանակ և բնակարանային վարկերի հետ առնչվելիս.
    • ընդլայնել և պարբերաբար թարմացնել այն անհատ բարերարների և այլ անձանց տեղեկատվական բազան, ովքեր Տեղահանված անձանց տրամադրել կամ պատրաստ են տրամադրել ժամանակավոր կացարաններ՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով.
    • ՀՀ մարզերում ցածր գներով առկա բնակարանային ապահովման լուծումները ցանկալի է հատկորոշել զբաղվածության կամ եկամտի ձեռքբերման հնարավորությունների հետ միասին (օրինակ՝ Սիրիայից տեղահանված բժիշկները կարող են աշխատել մարզերի հիվանդանոցներում, մարզերի խոշոր գործատուները կարող են զբաղվածության շրջանակներում տրամադրել բնակարաններ).
    • «Սոցիալական բրոքերային ծառայությունների» մեխանիզմի, ինչպես նաև այնպիսի մեխանիզմների ստեղծում, որոնք կօժանդակեն տեղահանված ընտանիքներին վարձակալության կամ ձեռքբերման համար համապատասխան բնակարանային տարբերակներ և ապահով լուծումներ գտնելու հարցում:

 

  1. 2. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ
  1. 2016թ. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնությամբ կազմված «Հայաստանի տնտեսական զեկույց 2016թ.»-ի[11] շրջանակներում իրականացված հարցումների համաձայն՝
  • Տեղահանված անձանց մոտ 40%-ի եկամուտը կազմում են աշխատավարձերը, 17%-ի դեպքում եկամուտի աղբյուրը ինքնազբաղվածությունն է, իսկ 37%-ի եկամուտը ստացվում է փոքր բիզնեսից: Բարեգործական կառույցներից աջակցություն և օգնություն են ստացել հարցվածների 42%-ը: Հետազոտված ընտանիքների մոտ 83%-ում առնվազն մեկ մարդ ընդգրկված է տնտեսական գործունեության մեջ: Նրանց մեծ մասը՝ մոտ 45%-ը, վարձու աշխատողներ են, 15%-ը` ինքնազբաղվածներ, իսկ մոտ 40%-ը` գործարարներ: Վարձու աշխատողների մեծ մասը զբաղված է սպասարկման ոլորտում՝ 23%, որին հաջորդում են ոսկերչությունը և արծաթագործությունը՝ 16%, առևտուրը՝ 12%, արհեստագործությունը` 11% և ավտոմեքենաների վերանորոգումը՝ 11%: Ինքնազբաղվածության հիմնական ոլորտներն են տրանսպորտը, որտեղ իր տնտեսական գործունեությունն է իրականացնում ինքնազբաղվածների 33%-ը, արհեստները՝ 22%-ը, սպասարկման ոլորտը՝ 19%-ը, ինչպես նաև սննդամթերքի արտադրության և վերամշակման ոլորտը՝ 11%-ը: Վարձու աշխատողների և ինքնազբաղվածների մոտ 70%-ը գտնում է, որ իրենց ներկայիս զբաղվածությունը չի համապատասխանում իրենց որակավորմանը և պահանջներին: Մյուս կողմից պետք է արձանագրել, որ նույնիսկ տեղացիների պարագայում, զգացվում է նախընտրելի կրթական և գործունեության ոլորտների ընտրությունը հայաստանյան աշխատաշուկայի կարիքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:
  • Չափահասների 41.2%-ը (16 տարեկան և բարձր) զբաղված է, ընդ որում, զբաղված է չափահաս տղամարդկանց ավելի քան 60%-ը և կանանց ընդամենը 21%-ը: Ընդհանուր առմամբ, գործազուրկ է (չի աշխատում և աշխատանք է փնտրում) աշխատունակ տարիքի անձանց (16-62 տարեկաններ) 17.6 %-ը, ընդ որում, կանանց՝7 և տղամարդկանց` 17.2 %-ը: Չեն աշխատում և աշխատանք չեն փնտրում չափահասների 28.6%-ը, որոնց գերազանց մեծամասնությունը` 86%-ը, կանայք են, ինչն արտահայտում է մշակութային յուրահատկությունը: Չաշխատող և աշխատանք չփնտրող տղամարդիկ կազմում են չափահաս տղամարդկանց 7.8%-ը: Նրանց ճնշող մեծամասնությունը՝ 89%-ը, 66 և բարձր տարիքի անձինք են: Աշխատանք փնտրողների սեռատարիքային բուրգի համաձայն՝ աշխատանք փնտրող կանանց մեծամասնությունը՝ 40.6%-ը, 36-45 տարեկան են, իսկ տղամարդկանց մեծամասնությունը՝ 31%-ը, 46-55 տարեկան:
  • Տեղահանված ընտանիքների մոտ 37%-ը ներկայում վարում է մեծ կամ փոքր բիզնես, որի վաճառքի հիմնական շուկան Հայաստանի ներքին շուկան է։ Տեղահանվածների 28%-ն ունի որևէ նոր բիզնես նախաձեռնություն, որը կցանկանար կյանքի կոչել: Նոր բիզնես նախաձեռնությունները վերաբերում են բիզնես գործունեության հիմնական ոլորտներին և ուղղություններին (սննդի արտադրությունը և վերամշակումը (35.7%), առևտուրը (19%), ոսկերչությունը (19%), ավտոմեքենաների վերանորոգումը և սպասարկումը (9.5%):
  • Տեղահանվածների 43%-ը բացառում է երբևէ Սիրիա վերադառնալու հնարավորությունը, մինչդեռ 37%-ը, Սիրիայում իրավիճակի կարգավորման դեպքում, կնախընտրի հետ վերադառնալ: 20%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին:
  • Տեղահանված ընտանիքների 15%-ը հայտնել է առաջիկայում Հայաստանից տեղափոխվելու մտադրության մասին՝ որպես հնարավոր երկիր նշելով ԱՄՆ-ը, Կանադան և Եվրամիության երկրները: 10%-ը դժվարացել է պատասխանել: Թեև Տեղահանված անձանց մի մասը ցանկություն է հայտնել պահպանել Սիրիա վերադառնալու հնարավորությունը, մեծ թվով ընտանիքներ՝ հարցվածների 75%-ն առաջիկայում տեղափոխվելու մտադրություն չունեն և իրենց ապագան տեսնում են Հայաստանում և ցանկություն են հայտնում շարունակելու ինտեգրման գործընթացը:
  • Ընդհանուր առմամբ, Հայաստանից Տեղահանվաած անձանց հեռանալու հիմնական պատճառը համարվում է աշխատանքի բացակայությունը (59%), այլ երկրներում ավելի մեծ հնարավորությունների և աջակցության առկայությունը (10%), ինչպես նաև Հայաստանում ապագա չտեսնելը` 7%:
  • Հայաստանում աշխատանք գտնելու հիմնական դժվարություն կամ խոչընդոտ մեծամասնությունը (57.5%-ը) համարում է աշխատանքի շուկայի փոքր լինելը, 56.3%-ը՝ աշխատավարձերի ցածր մակարդակը, 21%-ը՝ լեզվական խոչընդոտները և 7.5%-ը՝ տարիքային անհամապատասխանությունը: Կան նաև որոշ խոչընդոտներ, որոնք յուրահատուկ են հենց Սիրիայից Տեղահանված անձանց` ՀՀ օրենսդրությանը ծանոթ չլինելը, համապատասխան կապերի բացակայությունը, գիտելիքների, հմտությունների և փորձի անհամապատասխանությունը:
  • Տեղահանված անձինք գերազանցապես հանդիսանում են միջին խավի ներկայացուցիչներ, նրանց կրթական մակարդակը բարձր չէ: 6 տարեկան և բարձր անձանց մեծամասնությունը՝ 40.8%-ը, ունի թերի միջնակարգ, իսկ 32%-ը՝ միջնակարգ կրթություն: Բարձրագույն՝ բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունի տեղահանված անձանց միայն 12.3%-ը: Ընդհանուր առմամբ, 22 տարեկան և բարձր անձանց 45.4%-ը չունի միջնակարգ կրթություն. 8.5%-ն ունի տարրական և 36.9%-ը՝ թերի միջնակարգ կրթություն:
  • Հայաստանում հաստատված գործարարներն իրենց բիզնեսի ընդլայնման կամ նոր նախաձեռնությունների համար հիմնական դժվարություններ և խոչընդոտներ են համարում.

ա) փոքր ներքին շուկան (Հայաստանի և Սիրիայի բիզնես միջավայրերի տարբերությունները մեծամասամբ պայմանավորված են այս երկրների շուկաների մեծությամբ, աշխարհագրական դիրքով և բնակչության թվաքանակով: Ի տարբերություն Հայաստանի՝ Սիրիայի աշխարհագրական դիրքը և ավելի քան 7 անգամ շատ բնակչությունը շուկայի մեծ հնարավորություններ էր ստեղծում),

բ) արտահանման սահմանափակ հնարավորությունները (Հայաստանից փոքր և միջին բիզնեսի համար արտահանման գործընթացները ևս բարդ են: Արտահանման սահմանափակումները գերազանցապես կապված են արտահանման փոքր ծավալների և տրանսպորտային մեխանիզմների, հնարավորությունների բացակայության հետ: Եթե Սիրիայի դեպքում արտահանման հիմնական շուկան արաբական երկրներն էին, ապա Հայաստանի դեպքում՝ Ռուսաստանն է: Դեպի Ռուսաստան արտահանմանը խոչընդոտում են նաև լեզվական սահմանափակումները),

գ) բարդ հարկային համակարգը (Հայաստանի և Սիրիայի հարկային համակարգերի միջև ևս առկա են էական տարբերություններ, որոնք սկզբնական փուլում էական խոչընդոտ են հանդիսանում Տեղահանվաած գործարարների համար՝ ինչպես նոր մեխանիզմներին ծանոթանալու, այնպես էլ կիրառելու տեսանկյունից),

դ) ինչպես նաև երկրի գործարար միջավայրին հարմարվելը, վստահությունը, տեղական արտադրության ոչ մրցունակությունը (տեղական արտադրողների խթանման անհրաժեշտությունը), օրենսդրությանը ծանոթ չլինելը, սեփական բիզնեսը գովազդելու տարածելու պակասը, կապերի բացակայությունը, ռիսկերի բարձր մակարդակը, բարձր վարձավճարները, հումքի և պատրաստի արտադրանքի ներմուծման դժվարությունները և այլն:

  • թեև Հայաստանի տնտեսական կյանքին ինտեգրվելու ընթացքում գործարարներն առնչվում են բազմաթիվ խնդիրների, այնուամենայնիվ, նրանք նաև Հայաստանում ապրելու մի շարք հնարավորություններ և առավելություններ են տեսնում.

ա) Հայաստանում գործարարությամբ են զբաղվում այն գործարարները, որոնք Սիրիայում ևս ունեցել են փոքր կամ միջին բիզնես: Սա նշանակում է, որ նրանք արդեն ունեն փորձ, հմտություններ, կարողություններ և կապեր, որոնք օգտագործում են իրենց բիզնեսի զարգացման նպատակով,

բ) Տեղահանված գործարարների տնտեսական գործունեության հիմնական ոլորտը վերամշակող արդյունաբերությունն է (գերազանցապես՝ սնունդ, տեքստիլ և այլն), որտեղ Հայաստանում հնարավորությունները լիովին չեն օգտագործվում,

գ) ԵՏՄ անդամակցությունը և Ռուսաստանի հետ ընդհանուր շուկայի առկայությունը բիզնեսի ընդլայնման հնարավորություններ է պարունակում,  

դ) Հայաստանում առկա է էժան աշխատուժ,

ե) վերջին տարիներին բնակչության կողմից սկսվել է կարևորվել «Արտադրված է Հայաստանում» պիտակը,

զ) Հայաստանում բավականաչափ զարգացած է էլեկտրոնային համակարգը և ինտերնետային առևտուրը,

է) առկա են ոլորտներ, որտեղ Տեղահանված գործարարները մրցակիցներ չեն տեսնում և իրենց սեփական բրենդի ստեղծման և տարրածման հնարավորություններ են փնտրում:

  1. Թեև հարցվածների բավականին մեծ մասը չի ցանկանում հեռանալ Հայաստանից, ջանում է ինտեգրվել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին և շարունակել ապրել Հայաստանում, ու թեև Տեղահանված անձանցից շատերը ունեն մասնագիտական բարձր հմտություններ, խորապես արմատավորված սպասարկման մշակույթ և ձեռնարկատիրական մեծ փորձառություն ամենատարբեր ոլորտներում, այդ թվում Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ասիայի երկրներ իրենց արտադրանքը/ծառայություններն արտահանելու փորձ՝ Տեղահանված անձանց Հայաստանում լիարժեք ինտեգրման համար անհրաժեշտ է ընդլայնել նրանց տնտեսական գործունեությունը և ինտեգրումը (զարգացմանը միտված) խրախուսող միջոցառումները:
  2. Զբաղվածության և տնտեսական ինտեգրման խնդրի լուծման ռազմավարական ուղենիշ են.
  • միջինից բարձր վարձատրվող աշխատատեղերի ավելացումը և աշխատաշուկայի (երկարաժամկետ զբաղվածության) հնարավորությունների ընդլայնումը,
  • կայուն ինքնապահովման և կենցաղային պայմաններ ապահովող ինքնազբաղվածության հնարավորությունների ավելացումը,
  • տեղական շուկայում բիզնեսի կայացման, ընդլայնման, զարգացման կամ նոր նախաձեռնությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և հիմնական դժվարությունների և խոչընդոտների նվազեցումը,
  • տեղական տնտեսական ենթակառուցվածքների բարելավումը և աջակցությունը Տեղահանված անձանց՝ իրենց հնարավորույթունները տեղական շուկայի պահանջներին համապատասխանեցնելու գործում,
  • փոքր և միջին ձեռնարկությունների արտադրական կարողությունների ընդլայնումը, հումքի և պատրաստի արտադրանքի արտահանման, ներմուծման դժվարությունների և խոչընդոտների նվազեցումը,
  • Տեղահանված գործարարների համար ազգային և միջազգային շուկաներ մուտք գործելը պարզեցնելը, ներառյալ՝ տեղական և միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու հնարավորությունների ստեղծումը։

 

  1. 3. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
  2. ՀՀ օրենսդրությունը երաշխավորում է բժշկական ծառայությունների և դրանց մատուցման հավասար մատչելիություն Տեղահանված անձանց համար՝ անկախ կարգավիճակից և ընտրված պաշտպանության տարբերակից։
  3. ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ հսկայական միջոցներ է (յուրաքանչյուր տարի շուրջ 50մլն. ՀՀ դրամ) հատկացնում ՀՀ պետական բյուջեից (պետպատվերի շրջանակներում) Տեղահանված անձանց առողջապահական խնդիրների կարգավորման նպատակով, սակայն վերջիններիս առողջապահական խնդիրները դեռևս շարունակում են մտահոգիչ լինել ազգային առողջապահական համակարգի համար: Այս ոլորտի խնդիրները հիմնականում վերաբերում են պետական ֆինանսավորման ոչ բավարար լինելուն, քանի որ պետպատվերի շրջանակներում ընդգրկված բուժօգնության համար ՀՀ համապատասխան բուժհաստատություններին տարեկան հատկացվող բյուջեն շատ հաճախ սպառվում է՝ նախքան բյուջետային տարվա ավարտը։
  4. Չնայած պետպատվերի շրջանակներում չընդգրկված բուժօգնության և դժվարամատչելի հետազոտությունների փոխհատուցման, ինչպես նաև Տեղահանված անձանց առողջական այլ խնդիրների (հատկապես սրտի և այլ բարդ վիրահատությունների փոխհատուցման, խրոնիկ հիվանդությունների բուժման, անհրաժեշտ դեղորայքի, ստենտների, պրոթեզների, մետաղական կոնստրուկցիաների, իմպլանտների ձեռքբերման և անվճար տրամադրման/տեղադրման) հետ կապված հարցերը մասնակիորեն լուծվել են (հատկապես համավճարների ձևով) նաև գործընկեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում, այդուհանդերձ, Տեղահանված անձանց առողջապահական խնդիրների հարցը` ի տարբերություն Հայաստանում միջազգային կառույցների կողմից այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի, ընդհանուր առմամբ, դուրս է մնացել ուշադրությունից: Հիմնական բեռն ընկնած է ՀՀ պետական բյուջեի վրա, որի հնարավորությունները սահմանափակ են։
  5. Առողջապահական խնդիրների լուծման ռազմավարական ուղենիշ են.
  • պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման կազմակերպումը Տեղահանված անձանց համար,
  • բժշկական ծառայությունների, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման ծառայությունների հասանելիությունը և մատչելիության ապահովումը Տեղահանված անձանց համար,
  • հնարավոր քայլերի ձեռնարկումը ապագայում հաստատվելիք պետական պարտադիր ապահովագրության համակարգում Տեղահանված անձանց ընդգրկելու համար,
  • ազգային առողջապահական համակարգի բեռի թեթևացումը՝ միջազգային խողովակների օգտագործմամբ ընդլայնելով առողջապահական ամենատարբեր հարցերով համագործակցությունը և Տեղահանված անձանց առողջապահական խնդիրների լուծման գործում (հատկապես պետպատվերի շրջանակներում չընդգրկված բուժօգնության և դժվարամատչելի հետազոտությունների փոխհատուցում, սրտի և այլ բարդ վիրահատությունների փոխհատուցում, խրոնիկ հիվանդությունների բուժում, անհրաժեշտ դեղորայքի, ստենտների, պրոթեզների, մետաղական կոնստրուկցիաների, իմպլանտների ձեռքբերում և դրանց տրամադրում/տեղադրում) ներգրավվելով առողջապահական ոլորտի տեղական և միջազգային նոր մասնակիցների/դերակատարների (օրինակ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (WHO)):

 

  1. 4. ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
  2. ՀՀ օրենսդրությամբ երաշխավորվում է անվճար հիմունքներով միջնակարգ կրթության ապահովումը Սիրիայից տեղահանված բոլոր երեխաների համար՝ անկախ կարգավիճակից և ընտրված պաշտպանության տարբերակից: Սկզբնական շրջանում Սիրիական հակամարտության հետևանքով մեծ թվով դպրոցահասակ երեխաների ներհոսքը լուրջ մարտահրավեր հանդիսացավ ՀՀ կրթական համակարգի համար: ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերի շնորհիվ Սիրիայից տեղահանված ոչ մի դպրոցական դուրս չի մնացել ՀՀ կրթական համակարգից՝ ստանալով պատշաճ կրթություն առկա կրթական ծրագրին համապատասխան: Նախադպրոցական տարիքի երեխաներին նույնպես հնարավորություն է ընձեռնվել հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Ներկայումս ՀՀ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում տեղահանված երեխաների համար առկա են հետևյալ խնդիրները. ա) Տեղահանված անձանց մեծ մասի Երևան քաղաքում կամ դրա մերձակայքում բնակվելով պայմանավորված՝ Երևան քաղաքի մանկապարտեզներում անհրաժեշտ թվով տեղերի պակաս, բ) սիրիական և ՀՀ հանրակրթական ծրագրերի զգալի տարբերություն, գ) լեզվական խոչընդոտներ (Սիրիայում գործածվող արևմտահայերենի և Հայաստանում գործածվող արևելահայերենի տարբերությունները):
  3. Սիրիայում բուհական ուսումը կիսատ թողած ուսանողների և դիմորդների ընդունելությունը ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ իրականացվել է հեշտացված կարգով, սակայն ընդունելության քննություններին մասնակցելիս և իրենց ուսումը իրականացնելիս Տեղահանված դիմորդները/ուսանողները կրում են հետևյալ բարդությունները՝ ա) լեզվական խոչընդոտներ (Սիրիայում գործարվող արևմտահայերենի և Հայաստանում գործածվող արևելահայերենի տարբերությունները) բ) սիրիական և ՀՀ հանրակրթական ծրագրերի զգալի տարբերություն, գ) մագիստրատուրաներում, ասպիրանտուրաներում և օրդինատուրայում սովորող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման խնդիրը։
  4. Թեև տարիներ շարունակ ՀՀ կառավարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան համաֆինանսավորմամբ իրականացվել է Տեղահանված ուսանողների (տարեկան շուրջ 450 հոգու) ուսման վարձավճարների մասնակի (70%-ի չափով) փոխհատուցման ծրագիրը, սակայն ուսման վարձավճարի մնացած՝ 30%-ը, որպես կանոն, ենթակա է վճարման Տեղահանված ուսանողի կամ նրա ընտանիքի կողմից, եթե ուսանողը չի ստանում լրացուցիչ դրամաշնորհ որևէ հասարակական կամ բարեգործական կազմակերպությունից:
  5. Թեև ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող և ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման ծրագրում ընդգրկված՝ Տեղահանված ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման համար լրացուցիչ դրամաշնորհների տրամադրման մշտական գործող ծրագիր չկա, այդուհանդերձ տարբեր ժամանակերում առանձին հասարակական և բարեգործական կազմակերպություններ ուսման վարձավճարների 30%-ի չափով աջակցություն են ցուցաբերել որոշ (տարեկան մոտ 30) տեղահանված ուսանողների՝ հատկապես խոցելի ընտանիքներից։
  6. Կրթական խնդիրների լուծման ռազմավարական ուղենիշ են.
  • Տեղահանված անձանց լեզվամշակութային ինտեգրման խնդիրների լուծմանն աջակցությունը,
  • առկա ռեսուրսների սահմաններում մանկապարտեզների սահմանափակ կարողությունների հզորացումը նախադպրոցական տարիքի երեխաների համար,
  • դպրոցական տարիքի երեխաների համար միջնակարգ կրթության, իսկ դիմորդների և ուսանողների համար բարձրագույն կրթության մատչելիության ապահովումը,
  • անվճար հիմունքներով կամ զեղչերի կիրառմամբ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունների մատչելիության ապահովումը,
  • Տեղահանված ուսանողների (հատկապես խոցելի ընտանիքներից) ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման ծրագրերի իրականացումը (Գործընկեր կառույցների համաֆինանսավորմամբ):

 

  1. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. ՀՀ կառավարությունը հանձն է առնում՝
  • Տեղահանված անձանց համար շարունակել ապահովել լիարժեք միջազգային պաշտպանություն՝ կատարելով ՀՀ կառավարության կողմից ստանձնած՝ փախստականների պաշտպանությանը և չվերադարձելիության սկզբունքին վերաբերող միջազգային պարտավորությունները, որոնք բխում են փախստականների կարգավիճակին վերաբերող  Ժնևի 1951թ. հուլիսի 28-ի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի և Ժնևի 1967թ. հոկտեմբերի 4-ի «Փախստականների կարգավիճակի մասին» արձանագրության,  ինչպես նաև մարդու իրավունքներին վերաբերող միջազգային և տեղական այլ նորմերից.
  • Գործակցության ոգով շարունակել նպաստել միջազգային բեռի թեթևացմանը և ներդրում ունենալ միջազգային խնդիրների լուծմանը՝ ա) նպաստելով Սիրիայից Հայաստան տեղափոխվել ցանկացող հայերի տեղափոխմանը Հայաստան, Հայաստանում վերջիններիս պատշաճ ընդունմանը և երկարաժամկետ ինտեգրմանը, բ) նպաստավոր պայմաններ ստեղծելով Սիրիայից այլ փախստականների պատշաճ ընդունման և ինտեգրման համար.
  • Շարունակել առաջարկել Տեղահանված անձանց համար Հայաստանում պաշտպանության տարբերակներ, ներառյալ. ա) միջազգային չափանիշերին համապատասխան՝ ապաստան հայցելու ընթացակարգերի հասանելիություն և ներկայացվող հայցերի արագացված կարգով ուսումնասիրություն, բ) տեղահանված հայերին՝ պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիության շնորհում կամ գ) պարզեցված կարգով կացության կարգավիճակի տրամադրում.
  • Շարունակել հետամուտ լինել մասնակցային և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցմանը՝ նպատակ ունենալով մեղմել հյուրընկալման և ինտեգրման գործընթացներում ծագող դժվարությունները.
  • Տեղահանված անձանց համար շարունակական բարենպաստ և ընկալունակ միջավայրի ապահովման նպատակով խթանել բարեկամական և անկեղծ հարաբերությունների, խաղաղ գոյակցության մթնոլորտի, միջազգային երկխոսության, մշակութային բազմազանության զարգացումը.
  • Շարունակել ճանաչել և հարգել Տեղահանված անձանց հնարավոր մշակութային տարբերությունները՝ համախմբելով տեղական իշխանություններին, ընդունող համայնքների ղեկավարներին/ անդամներին, քաղաքացիական հասարակության ներուժը՝ պաշտպանություն հայցող անձանց մշակութային հարմարվողականությունը և ինտեգրումը խթանելու և դյուրացնելու համար.
  • Շարունակել ապահովել Տեղահանված անձանց կողմից իրենց սեփական ռեսուրսները, կարողությունները և հմտություններն առավել արդյունավետ կերպով օգտագործելուն հարմար միջավայր, շարունակել գնահատել և խթանել նրանց մշակութային արժեքները և հմտությունները, ողջունել հասարակական կյանքում նրանց ինքնադրսևորումը՝ խրախուսելով նրանց միայնակ /կամ որևէ անձանց հետ միասին/ նախաձեռնումը, և որ ավելի կարևոր է, մասնակցությունը տեղացիների և այլ տեղահանվածների համար կազմակերպվող տարբեր հասարակական միջոցառումներին.
  • Շարունակել ներգրավվել Տեղահանված անձանց և քաղաքացիական հասարակությանը որոշումների կայացման, համապատասխան գործողությունների մշակման և իրականացման գործընթացներում, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման քաղաքականությանը՝ ելնելով հյուրընկալող համայնքների պահանջների ու խնդիրների բնույթից.
  • Շարունակել միջազգային հարթակներում տարբեր խողովակներով բարձրացնել փոխգործակցության, համատեղ պատասխանատվության և 21-րդ դարի միգրացիոն ճգնաժամով պայմանավորված՝ համամարդկային հիմնախնդիրների լուծման հարցում միջազգային հանրության առավել ներգրավվածության հարցը.
  • Խորացնել համագործակցությունը տեղական հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ՝ շարունակելով ներգրավել տեղական և միջազգային նոր մասնակիցներ/դերակատարներ՝ հատկապես Ռազմավարությամբ սահամանված առաջնահերթ միջամտություն և բարեփոխումներ պահանջող ոլորտներում, և ապահովել բարենպաստ միջավայր վերջիններիս կողմից մարդասիրական աջակցության, ինտեգրման և զարգացման ոլորտներում ձեռնարկվող ջանքերի համար, համատեղ որոնել նոր ուղիներ և մշակել նոր, առավել կայուն, երկարաժամկետ և հեռանկարային ծրագրեր.
  • Շարունակել վերհանել Տեղահանված անձանց առանցքային ուղերձները՝ մեծացնելով քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների դերն ու ներգրավվածությունը Տեղահանված անձանց մարտահրավերների և հնարավորությունների, ձեռքբերումների և պատմությունների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացման գործում՝ տարբեր հաղորդակցության գործիքների՝ սոցիալական գովազդների, հեռուստառադիոհաղորդումների, առցանց հոդվածների, հաջողված պատմությունների, կրթական, ճանաչողական ծրագրերի, քարոզարշավների, թերթիկների, գրքույկների, տեսանյութերի միջոցով նպաստելով ինտեգրման գործընթացի արագացմանը և դրա արդյունավետության բարձրացմանը.
  • Շարունակել աջակցել և խորացնել համագործակցությունը Տեղահանված անձանց կողմից Հայաստանում հիմնադրված հասարակական կազմակերպությունների հետ.
  • Հարգել Տեղահանված անձանց իրավունքը վերահաստատվել այն երրորդ երկրներում, որոնք պատրաստակամություն են հայտնել ընդունել նրանց, հարգել Սիրիա վերադառնալու նրանց իրավունքը, եթե ազատ և կշռադատված կամարտահայտության հիման վրա այդ գործընթացը հնարավոր է ապահովել անվտանգ և արժանապատիվ եղանակով.
  • Կատարելագործել Ռազմավարությամբ ամրագրված ինտեգրման գործընթացի համակարգման առկա մեխանիզմները՝ ընդհանուր և ոլորտային մակարդակներում, որոնք բաց կլինեն ինտեգրման գործընթացում շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավման համար (հրապարակայնության և թափանցիկության սկզբունքներ).
  • Շարունակաբար առաջարկել բոլոր միջազգային կազմակերպություններին, միջազգային ֆինանսական հաստատություններին, բարեգործական, հասարակական և սփյուռքյան կազմակերպություններին, որոնք ներգրավված են կամ մտադիր են մասնակցություն ունենալ Տեղահանված անձանց ինտեգրման հետ կապված առկա և գալիք մարտահրավերները հաղթահարելու գործին, գործակցել Միջգերատեսչական հանձնաժողովի հետ և/կամ միանալ ոլորտային համակարգման ցանկացած մեխանիզմի.
  • Ընդլայնել համակարգող մեխանիզմների հնարավորությունները՝ հզորացնելով Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարության կարողությունները, որպեսզի վերջինս իրավասու լինի առավել արդյունավետ կառավարել ՀՀ կառավարության և այլ շահագրգիռ կառույցների միջև տեղեկատվական հոսքերը, վիճակագրությունը, իրականացվող ծրագրերը և ծառայել որպես Տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրման հարցում պոտենցիալ նոր մասնակիցների/դերակատարների համար կոնտակտային միավոր.
  • Հայաստանի սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ կայունությունն ամրապնդելու, Տեղահանված անձանց տնտեսական և կենսապահովման հնարավորություններն առավել ընդլայնելու նպատակով՝ առկա և նոր մասնակիցների/դերակատարների ներգրավվմամբ շարունակել աջակցել Տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ օպտիմալ կերպով օգտագործելով նրանց՝ Հայաստանի տնտեսության հզորացմանը նպաստելու ներուժը, և այդ համատեքստում՝ առավելագույն չափով ներգրավել Տեղահանված անձանց առկա հանրային ծառայությունների, աշխատանքի և բիզնեսի ոլորտներում, ավելացնել Տեղահանված անձանց համար աշխատատեղերի ստեղծման, նոր բիզնես սկսելու, զարգանալու, Հայաստանում ամրանալու, տնտեսական հեռանկարների և ապահով ապագա կերտելու նոր հնարավորություններ, օժանդակել նրանց ձեռնարկատիրությանը և կայուն եկամուտների առաջացմանը, գոյություն ունեցող գործարար ցանցերում ընդգրկվելուն, ընդլայնել փոքր և միջին ձեռնարկությունների արտադրական կարողությունները՝ բարելավելով տեղական տնտեսական ենթակառուցվածքները և աջակցելով Տեղահանված անձանց՝ իրենց հնարավորույթունները տեղական շուկայի պահանջներին համապատասխանեցնելու գործում.
  • Շարունակել ապահովել բժշկական ծառայությունների, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման ծառայությունների մատչելիությունը Տեղահանված անձանց համար՝ իրականացնելով պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման կազմակերպումը վերջիններիս համար, ինչպես նաև հնարավոր քայլեր ձեռնարկել ապագայում հաստատվելիք պետական պարտադիր ապահովագրության համակարգում ևս Տեղահանված անձանց ընդգրկելու համար, միևնույն ժամանակ թեթևացնել ազգային առողջապահական համակարգի բեռը՝ Տեղահանված անձանց առողջապահական խնդիրների լուծման գործում (հատկապես սրտի և այլ բարդ վիրահատությունների փոխհատուցում, խրոնիկ հիվանդությունների բուժում, անհրաժեշտ դեղորայքի, ստենտների, պրոթեզների, մետաղական կոնստրուկցիաների, իմպլանտների ձեռքբերում և դրանց տրամադրում/տեղադրում) ներգրավվելով տեղական և միջազգային նոր մասնակիցների/դերակատարների.
  • Շարունակել աջակցել Տեղահանված անձանց լեզվամշակութային ինտեգրման խնդիրների լուծմանը՝ կազմակերպելով արևելահայերենի և ռուսաց լեզվի արագացված անվճար դասընթացներ՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորություններն արևմտահայերենի պահպանության և զարգացման համար.
  • Առկա ռեսուրսների սահմաններում հզորացնել մանկապարտեզների սահմանափակ կարողությունները՝ բոլոր տեղահանված նախադպրոցական տարիքի երեխաներին՝ դրանցում ժամանակին տեղավորելու նպատակով, ինչպես նաև շարունակել բոլոր տեղահանված երեխաների համար միջնակարգ կրթության, իսկ դիմորդների և ուսանողների համար բարձրագույն կրթության մատչելիության ապահովումը.
  • Գործընկեր կառույցների համաֆինանսավորմամբ շարունակել իրականացնել տեղահանված ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման ծրագիրը՝ մինչև Ռազմավարությամբ սահմանված ինտեգրման գործընթացի ավարտը, քանի որ անվճար հիմունքներով կամ զեղչերի կիրառմամբ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունների մատչելիությունն առանցքային դերակատարում կունենա նաև հետագայում՝ Տեղահանված ընտանիքի կողմից Հայաստանում մնալու կամ այլընտրանքային տարբերակներ փնտրելու որոշման կայացման հարցում:

 

  1. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

  1. ՀՀ կառավարական և ոչ կառավարական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ ինտեգրման գործընթացի համակարգման կայուն և արդյունավետ մեխանիզմներն առանցքային են սույն ռազմավարության պատշաճ իրականացման համար, այդ թվում՝ ներկա և ապագա մասնակից կողմերին խորհրդատվության, ընթացիկ և ծրագրված նախագծերի ներկայացման, ինչպես նաև ձեռնարկված միջոցների, քայլերի, իրականացված միջոցառումների և նախագծերի ազդեցությունը մշտադիտարկելու և առաջընթացը գնահատելու համար:
  2. Ռազմավարությունը և դրանից բխող Ծրագիրը հիմնվում են ինտեգրման գործընթացի համակարգման՝ սույն ռազմավարության 37-րդ կետում նշված կարգավորումների վրա՝ միևնույն ժամանակ ընդլայնելով դրանց հնարավորությունները և ապահովելով հավելյալ զսպող և հավասարակշռող մեխանիզմներ, որոնք թույլ կտան մշտադիտարկել Տեղահանված անձանց ինտեգրման ընթացքը, ի հայտ եկող կարիքները, դրանց բավարարմանն ուղղված քայլերը, ինչպես նաև երաշխավորել տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը:
  3. Ի լրումն առկա ոլորտային համակարգման մեխանիզմների՝ մասնավորապես ոլորտային 4 աշխատանքային խմբերի կողմից, իրականացվող աշխատանքները կլրացվեն Ռազմավարությամբ և Ծրագրով: Այս խմբերի կապը Միջգերատեսչական հանձնաժողովի հետ կամրապնդվի վերջիններիս կողմից Միջգերատեսչական հանձնաժողովին տարեկան երկու՝ կիսամյակային հաշվետվությունների ներկայացման պրակտիկայի ներդրմամբ:
  4. ՀՀ սփյուռքի նախարարությունը կշարունակի ինտեգրման գործընթացի համակարգումը՝ յուրաքանչյուր տարի (Ռազմավարության հաստատման երկրորդ տարվանից սկսած) մինչև տվյալ տարվա ապրիլի 15-ը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելով Ռազմավարության և դրանից բխող Ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն՝ միաժամանակ հրապարակելով այն ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական՝ mindiaspora.am կայքում: Հաշվետվությունը պետք է ներառի վիճակագրական տվյալներ, ինչպես նաև ձեռնարկված միջոցների, իրականացված միջոցառումների և ծրագրերի, գործած ազդեցությունների, ինտեգրման գործընթացի հաջողությունների և առկա խնդիրների վերաբերյալ տեղեկություններ:
  5. Ռազմավարությամբ սահմանված առաջնահերթ միջամտություն և բարեփոխումներ պահանջող ոլորտների երկարաժամկետ կարգավորման և ինտեգրման գործընթացն արագացնելու նպատակով՝ անհրաժեշտ է ձևավորել, համակարգել և շարունակաբար թարմացնել Տեղահանված անձանց միասնական և համապարփակ տվյալների շտեմարանը, այդ թվում՝ միավորելով այլ մասնակիցների/դերակատարների կողմից մինչ օրս վարվող հասանելի տվյալների շտեմարանները՝ պարբերաբար իրականացնելով առկա քանակական տվյալների և ներառված անձանց, նրանց կարիքների վերաբերյալ վիճակագրական վերլուծություն, մշակելով հնարավոր հոսքերի վերաբերյալ կանխատեսումներ, որոնք թույլ կտան լինել տեղեկացված և նախապատրաստել արագ արձագանքման համարժեք միջոցներ:
  6. Թեև նախորդ ժամանակահատվածում իրականացվել է Տեղահանված անձանց իրական կարիքների գնահատում, սակայն երբեմն հանդիպող ծրագրային կրկնությունները բացառելու համար անհրաժեշտ կլինի հնարավոր դոնորներից ստացվող դրամական միջոցներն ուղղել ոչ թե արդեն իսկ իրականացվող կամ նմանատիպ ծրագրերին, այլ փոխգործակցության ոգով ուղղել դրանք առավել արդյունավետ, կայուն, թիրախավորված ծրագրերին, և ապահովել երկարաժամկետ լուծումներ և շոշափելի արդյունքներ՝ նպաստելով Տեղահանված անձանց հասարակական լիարժեք ինտեգրմանը և մշտական հիմունքներով Հայաստանում հաստատվելուն:

 

VI.ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

  1. Բացի ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացվող տարեկան հաշվետվությունից, կարևոր է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ Ազգային ժողովին ներկայացվող տարեկան հաղորդման մեջ անդրադարձ կատարվի նաև Տեղահանված անձանց իրավական պաշտպանությանը, ինչպես նաև վերջիններիս իրավունքներին, այդ թվում՝ սոցիալական իրավունքներին, և ներառվեն ՀՀ կառավարությանն ու այլ շահագրգիռ կողմերին ուղղված մի շարք կոնկրետ առաջարկներ (կամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից յուրաքանչյուր տարի պատրաստվի Տեղահանված անձանց իրավական պաշտպանության վերաբերյալ անկախ զեկույց):
  2. Ռազմավարության իրականացման ընթացքում մշտադիտարկման համակարգի ապահովման նպատակով՝ բնագավառի լիազոր մարմինը կնախապատրաստի Ռազմավարության ընթացքի մասին հաշվետվություններ, ինչպես նաև կկազմակերպվեն քննարկումներ, խորհրդակցություններ, որոնց կմասնակցեն ծրագրի իրագործման գործընթացում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերը:
  3. Ռազմավարության և դրանից բխող Ծրագրի մշտադիտարկման և առաջընթացի գնահատման արդյունքներով` Ծրագիրը կարող է համապատասխան փոփոխությունների ենթարկվել՝ ճշտգրտվել և վերանայվել տարեկան կտրվածքով։ Նշված փոփոխությունների միջոցով կվերանայվեն Տեղահանված անձանց ինտեգրման գործընթացում առկա խնդիրներն ու նախանշված միջոցառումները՝ դրանք համապատասխանեցնելով երկրի առջև ծառացած ծրագրային խնդիրներին ու մարտահրավերներին:

 

 

VII.ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

  1. Պետական ծախսերի վրա սույն ռազմավարությունն ազդեցություն չունի և նոր բյուջետային ծախսեր չի նախատեսում:
  2. Ռազմավարությունը կիրագործվի միջազգային կառույցների, բարերարների, բարեգործական, հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրվող տեխնիկական և/կամ ֆինանսական աջակցության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

VIII. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Ռազմավարության ընդունմամբ, որպես վերջնարդյունք, ակնկալվում է հաղթահարել Տեղահանված անձանց ինտեգրման գործընթացում առկա մարտահրավերները, վերացնել Տեղահանված անձանց ինտեգրման գործընթացի արագացմանը խոչընդոտող խնդիրները և կարգավորել Ռազմավարությամբ սահմանված առաջնահերթ միջամտություն և բարեփոխումներ պահանջող ոլորտները։
  2. Ռազմավարության ընդունմամբ, որպես միջանկյալ արդյունք, ակնկալվում է, որ բոլոր միջազգային կազմակերպությունները, միջազգային ֆինանսական հաստատությունները, բարեգործական, հասարակական և սփյուռքյան կազմակերպությունները, որոնք ներգրավված են կամ մտադիր են մասնակցություն ունենալ Տեղահանված անձանց ինտեգրման հետ կապված առկա և գալիք մարտահրավերները հաղթահարելու գործին`
  • կգործակցեն Միջգերատեսչական հանձնաժողովի հետ և/կամ կմիանան ոլորտային համակարգման ցանկացած մեխանիզմի, ex officio կներկայացվեն միջգերատեսչական հանձնաժողովում և հանձնաժողովի նիստերի ընթացքում և/կամ քարտուղարության միջոցով պարբերաբար հաշվետու կլինեն հանձնաժողովին՝ իրենց ծրագրերի իրականացման ընթացքի, հաջողությունների և մարտահրավերների վերաբերյալ.
  • դրանցից որևիցե մեկը կստանձնի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ համակարգվող՝ Հայաստանում սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրման հարցերով աշխատանքային խմբի նոր համակարգողի դերը, երբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության պատվիրակմամբ և ֆինանսավորմամբ 2015թ. նոյեմբերին մեկնարկած` «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (ՍՓՏԻՀ) ծրագիրը մոտենա իր ավարտին 2018 թվականի մարտին.
  • կդիտարկեն իրենց ներգրավվածությունը Հայաստանում համապատասխան երկարաժամկետ բնակարանային լուծումների որոնման գործում և տեխնիկապես և/կամ ֆինանսապես կաջակցեն ՀՀ կառավարությանը՝ Ռազմավարությամբ հատկորոշված հնարավոր տարբերակների իրականացման գործում.
  • տեխնիկապես և/կամ ֆինանսապես կաջակցեն ՀՀ կառավարությանը Տեղահանված անձանց համար նոր, հատկապես միջինից բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման, վճարովի աշխատանքային պրակտիկայից օգտվելու հնարավորությունների ընձեռնման, Հայաստանում իրենց գործունեությունն իրականացնող տեղահանված գործարարների մասնագիտական վերապատրաստման, վերջիններիս բիզնեսների կայացման, նոր բիզնեսների ստեղծման և փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում, այդ թվում՝ դրամաշնորհների և/կամ ցածր տոկոսադրույքներով միկրովարկերի տրամադրման միջոցով, ինչպես նաև կներգրավեն Տեղահանված անձանց՝ ազգային և միջազգային շուկաներ մուտք գործելը պարզեցնելու գործողություններին, ներառյալ՝ տեղահանված գործարարների համար տեղական և միջազգային ցուցահանդեսների կազմակերպմանը, միջազգային առևտրային տոնավաճառներին նրանց մասնակցության պարզեցմանը և բազմակողմանի համագործակցության այլ հնարավորություններից օգտվելուն.
  • կթեթևացնեն ազգային առողջապահական համակարգի բեռը՝ տեխնիկապես և/կամ ֆինանսապես աջակցելով ՀՀ կառավարությանը Տեղահանված անձանց բժշկական հրատապ և ծանր դեպքերին արձագանքելու գործում, ինչպես նաև կլրացնեն ՀՀ կառավարության կողմից Տեղահանված անձանց տրամադրվող բժշկական ծառայությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով՝ ա) խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց բժշկական և դեղորայքային կարիքներին, բ) պետպատվերի շրջանակներում չընդգրկված բուժօգնությանը և դժվարամատչելի հետազոտություններին (օրինակ՝ սրտի վիրահատություններին, քաղցկեղի բուժմանը, ստենտների, պրոթեզների, մետաղական կոնստրուկցիաների, իմպլանտների տեղադրմանը, և այլն), գ) հոգեկան առողջության վերականգնման կարիքներին և դ) մեծահասակների բժշկական խնամքին.
  • կտրամադրեն ա) տեխնիկական աջակցություն՝ զգալի թվով տեղահանված երեխաներ ընդունած դպրոցներին, բ) ֆինանսական աջակցություն՝ մասնավոր պարապմունքների կարիք ունեցող դիմորդներին/ուսանողներին, գ) լրացուցիչ դրամաշնորհներ տեղահանված (հատկապես խոցելի ընտանիքների) ուսանողներին՝ ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման ծրագրով չփոխհատուցվող գումարը վերջիններիս կողմից վճարելու նպատակով, դ) ֆինանսական աջակցություն՝ մագիստրատուրաներում, ասպիրանտուրաներում և օրդինատուրայում սովորող տեղահանված ուսանողներին` իրենց ուսման վարձավճարների փոխհատուցման համար.
  • տեխնիկապես և/կամ ֆինանսապես կաջակցեն ՀՀ կառավարությանը՝ Տեղահանված անձանց տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված՝ հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկների անընդհատ լրամշակման և մի քանի լեզուներով տպագրման նպատակով:
  1. Որպես միջանկյալ արդյունք ակնկալվում է նաև, որ.
  • Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութիւնը կշարունակեն համաֆինանսավորմամբ իրականացնել տեղահանված ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման ծրագիրը՝ մինչև Ռազմավարությամբ սահմանված ինտեգրման գործընթացի ավարտը.
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և միջազգային հասարակական կազմակերպությունները՝ իրավական և ընթացակարգային խորհրդատվություն կտրամադրեն, ինչը Տեղահանված անձանց թույլ կտա խելամիտ ընտրություն կատարել Հայաստանում հասանելի պաշտպանության տարբերակների միջև, և կաջակցեն նրանց՝ անհրաժեշտ դիմումներ ներկայացնելու հարցում.
  • միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունները, միջազգային ֆինանսական հաստատությունները՝ կաջակցեն կառավարական հաստատություններին և ՀՀ կառավարության գործընկերներին՝ իրագործելու անհրաժեշտ բարեփոխումներ տնտեսական, աշխատանքային, սոցիալական բարեկեցության, ծառայությունների մատուցման բնագավառներում.
  • միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունները, միջազգային ֆինանսական հաստատությունները, բարեգործական, հասարակական և սփյուռքյան կազմակերպությունները՝

ա) բազմակողմանի տեխնիկական և/կամ ֆինանսական աջակցություն կտրամադրեն ՀՀ կառավարությանը Ռազմավարության և դրանից բխող Ծրագրի իրականացման գործում, ինչպես նաև Միջգերատեսչական հանձնաժողովին և դրա քարտուղարությանը՝ վերջիններիս կողմից Տեղահանված անձանց ինտեգրման գործընթացի արագացմանն ուղղված համապատասխան միջոցառումների արդյունավետ կազմակերպման և իրականացման համար (այդ թվում՝ Սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխվել ցանկացողների փոխադրումը, ՀՀ ժամանողներին (ՀՀ տարածք մուտք գործողներին) օդանավակայանում (և/կամ սահմանային կետերում) դիմավորումը, ժամանակավոր կացարաններ տեղափոխումը՝ մինչև նրանց բնակարանային խնդրի կարգավորումը, և հետագա երկարաժամկետ ինտեգրումը).

բ) բազմակողմանի տեխնիկական և/կամ ֆինանսական օժանդակություն կտրամարդեն ՀՀ կառավարությանը և հանդես կգան նոր (համատեղ) նախաձեռնություններով՝ ուղղված ինտեգրման առկա համակարգի կատարելագործմանը և Տեղահանված անձանց ինտեգրման գործընթացի արագացմանը՝ Հայաստանում գտնվող Տեղահանված անձանց մշտական հիմունքներով Հայաստանում ամրացնելու, վերջիններիս համար տնտեսական հեռանկարների, ապահով ապագա կերտելու նոր հնարավորությունների ապահովման, ինչպես նաև դեպի ԱՄՆ, Կանադա, Եվրոպա կամ այլ երկրներ տեղափոխվելու ցանկությունը կոտրելու նպատակով.      

գ) կնպաստեն Տեղահանված անձանց հիմնական ծառայություններ մատուցող ՀՀ պետական և ոչ պետական մարմինների կարողությունների հզորացմանը՝ ապահովելով համապատասխան տեխնիկական աջակցություն և վերապատրաստում՝ այդ թվում` բժշկական անձնակազմի, ուսուցիչների, ոստիկանության և այլ հանրային ծառայողների վերապատրաստումը` մասնագիտական ռիսկերը, Տեղահանված անձանց հատուկ կարիքները բացահայտելու, սոցիալ-տնտեսական խնդիրների լիարժեք և օպերատիվ լուծումներ առաջարկելու և վերջիններիս ինտեգրման գործընթացի արագացման նպատակով.

դ)       Տեղահանված անձանց միասնական և համապարփակ տվյալների շտեմարանի ձևավորման, կարիքների առավել ճշգրիտ գնահատման և առկա հիմնախնդիրների առավել հանգամանալից ուսումնասիրման, ինչպես նաև աջակցությունն ավելի հասանելի դարձնելու նպատակով՝ որպես առաջնային օղակ, առավել կակտիվացնեն համագործակցությունը Տեղահանված անձանց կողմից Հայաստանում ստեղծված հասարակական կազմակերպությունների հետ և կդիտարկեն վերջիններիս բազմակողմանի տեխնիկական և ֆինանսական օժանդակություն տրամադրելու հնարավորությունը.

  • Հայաստանի անհատ գործարարները և գործատուները Տեղահանված անձանց կառաջարկեն նոր աշխատատեղեր՝ արդարացի պայմաններով և աշխատանքային իրավունքների լիարժեք պահպանմամբ, ինչպես նաև Սիրիայից տեղահանված՝ համալսարանների շրջանավարտներ հանդիսացող անձանց և մասնագիտական ուսումնական ծրագրերին հաջողությամբ մասնակցած անձանց համար կստեղծեն գործնական աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություններ՝ նախատեսելով անվճար/վճարովի պրակտիկայի տեղեր.
  • ԶԼՄ-ներն առավել ճիշտ, ժամանակին, գրագետ և օբյեկտիվ կլուսաբանեն ՀՀ կառավարության և մյուս մասնակիցների/դերակատարների կողմից Հայաստանում իրականացվող աջակցության և ինտեգրման մեծածավալ ծրագրերը, ինչպես նաև Տեղահանված անձանց մոտ առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները, հաջողված պատմությունները, կհարգեն Տեղահանված անձանց անձնական իրավունքները և տվյալների պաշտպանության կանոնները՝ վերջիններիս մասին հաղորդելիս:

 

 

[1] Քաղաքական հետազոտությունների սիրիական անկախ կենտրոնի տվյալներով՝ 2016թ. փետրվարի դրությամբ սիրիական հակամարտության զոհերի թիվը կազմել է 470 000 հոգի: (Human Rights Watch, World Report 2017, https://www.hrw.org/world-report/2017/country-chapters/syria): ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ 2016թ. սկզբին զոհերի թիվը հակամարրտության ընթացքում հասել է 400 000 (Foreign Policy. U.N. Envoy Revises Syria Death Toll to 400,000. http://foreignpolicy.com/2016/04/22/u-n-envoy-revises-syria-death-toll-to-400000/ ):

[2] Տե՛ս «ՄԱԿ ՓԳՀ գլոբալ միտումներ» փաստաթուղթը, էջ 6, հետևյալ հղմամբ. http://www.unhcr.org/5943e8a34:

[3] «ՄԱԿ ՓԳՀ գլոբալ միտումներ», էջ 6՝ http://www.unhcr.org/5943e8a34: Սիրիայում կա 13,5 միլիոն կարիքավոր, 6,3 միլիոն ներքին տեղահանված, ինչպես նաև 4,53 միլիոն մարդ, որոնք գտնվում են անհասանելի կամ շրջապատման մեջ գտնվող բնակավայրերում: ՄԱԿ ՓԳՀ-ի ուշադրության կենտրոնում ընդհանուր առմամբ գտնվում է 5 058 456 մարդ, որոնցից ճամբարներում բնակեցվել է 481 836 մարդ (համաձայն 2017թ. մայիսի տվյալների, «UNHCR: Syrian Refugee Response», http://data.unhcr.org/syrianrefugees/regional.php#_ga=2.104713925.454004642.1498551833-779366283.1488178660):

[4] https://www.economist.com/blogs/graphicdetail/2015/09/daily-chart-crisis-context

[5] ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տվյալներով՝ 121 հոգու փախստականի կարգավիճակը կասեցվել է ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ տվյալ անձանց՝ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի դրույթների հիման վրա անձնական պատճառներով դրանից հրաժարվելու պատճառով:

[6] Ազգային պատկանելիությամբ պայմանավորված՝ հայերի՝ ՀՀ տարածքում բնակություն հաստատելիս պարզեցված ընթացակարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքն ամրագրվել է ՀՀ Սահմանադրության՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով: (Հոդված 47, պարբերություններ 3 և 4):

[7] Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տևական պատերազմական իրավիճակի պայմաններում Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչությունն է, որը չի դադարեցրել իր գործունեությունը նույնիսկ հակամարտության ամենաթեժ օրերին:

[8] Ծանոթություն՝ ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 18-ի թիվ 1189-Ն որոշմամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին հատկացվել է 233,365.0 հազ. դրամ ՀՀ ներմուծված սիրիական ավտոմեքենաների մաքսային վճարների և օրենքով սահմանված կարգով մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների վճարման հետ կապված ֆինանսական ծախսերը կատարելու նպատակով)։

[9] Ծանոթություն՝ ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը չի տարածվում մագիստրատուրաներում, ասպիրանտուրաներում և օրդինատուրայում սովորողների վրա:

[10] Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) կողմից կազմված «Հայաստանի տնտեսական զեկույց 2016թ.» /Armenia economic report 2016/,  2016թ. նոյեմբեր, էջ 43, հղումը՝ https://syrarbi.am/wp-content/uploads/2017/11/AER_2016_arm.pdf  

[11] https://syrarbi.am/wp-content/uploads/2017/11/AER_2016_arm.pdf   

  • Обсуждалось

    23.01.2018 - 08.02.2018

  • Тип

    Протокольное решение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство Диаспоры

Общественное обсуждение

23.01.2018 12:20

Վազգեն Սարգսյան 3

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 677

Принт