Добавить в избранное

В стадии разработки

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«_____» ___________ 2023 թվականի  N___- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի

 «Հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին»  N 399-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2015 թվականի N 399-Ն

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Կառավարությունը որոշում է.

         1.Հաստատել  փորձաքննության, պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը՝ համաձայն հավելվածի։

 

 

 

Հավելված

Կառավարության 2023 թվականի  «____» __________

N____-Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ

 1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 1.Սույն կարգով կարգավորվում են հիմնադրությաին փաստաթղթի նախագծի և ռազմավարական էկոլոգիական գնահատման (այսուհետ՝ ՌԷԳ) հաշվետվության կամ նախատես­վող գործունեության նախագծային փաստաթղթի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ՝ ՇՄԱԳ) հաշվետվության ուսումնասիրության, վերլուծության և գնահատման արդյունքով դրական կամ բացասական պետական փորձաքննական եզրակացության տրամադրման, պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված հարաբերությունները՝ բացառությամբ անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային և նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթերի։

2.Փորձաքննությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման հմակարգի մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից հիմնադրութային փաստաթղթի նախագծի և ՌԷԳ հաշվետվության կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի և ՇՄԱԳ հաշվետվության լիարժեքության, հավաստիության և գիտական հիմնավորվածության ստուգման և գնահատման գործընթաց է, որի արդյունքում տրվում է դրական կամ բացասական պետական փորձաքննական եզրակացություն (այսուհետ՝ փորձաքննական եզրակացություն)։

3․ Փորձաքննությունը, փորձաքննական եզրակացության կազմումն իրականացվում է լիազոր մարմնի համակարգում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսույեը՝ Փորձաքննական կենտրոնի) միջոցով, իսկ փորձաքննական եզրակացությունը հաստատվում և նախաձեռնողին է տրամադրվում Լիազոր մարմնի կողմից:

4․ Փորձաքննության ենթակա ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունը մշակում է նախաձեռնողը՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի միջոցով:

5․ Նախաձեռնողը մինչև պետական փորձաքննական եզրակացության տրամադրումը կարող է հրաժարվել փորձաքննության ներկայացված փաթեթի փորձաքննական գործընթացից՝ այդ մասին գրավոր դիմելով Լիազոր մարմին։

6. Մինչև սույն փորձաքննական գործընթաց սկսելը նախաձեռնողը ՇՄԱԳ հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջներին վերաբերող պարզաբանումներ կամ խորհրդատվություն ստանալու նպատակով կարող է գրավոր դիմել լիազոր մարմին։ Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր պատասխանում է նախաձեռնողին։

 

2․ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՌԷԳ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ  ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ՇՄԱԳ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Փորձաքննության ենթակա են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ, 6-9-րդ մասերով սահմանված նախատեսվող գործունեության տեսակների ՇՄԱԳ հաշվետվությունները և նախագծային փաստաթղթերը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տարածքային զարգացման, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, ռեկրեացիայի, անտառատնտեսության, ձկնաբուծության, թափոնների գործածության, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը և ՌԷԳ հաշվետվությունը, որոնք սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված նախատեսվող գործունեությունների իրականացման առնվազն մեկից ավելի հիմքեր են պարունակում:

8.Նախաձեռնողը օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը (այսուհետ՝ փաթեթ) և պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրն էլեկտրոնային տարբերակով նախաձեռնողի կողմից ուղեկցող գրությամբ ներկայացնում է Լիազոր մարմին։ Էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու անհնարինության դեպքում փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ներկայացվում է թղթային տարբերակով։

9․ Ընդերքօգտագործման ոլորտի նախատեսվող գործունեության փորձաքննության գործընթացում փաթեթի ներկայացման, փաթեթի լրակազմման վերադարձման, փաթեթի լրամշակման վերադարձման, նախաձեռնողին ծանուցման, փորձաքննությունից հրաժարման, փորձաքննության կասեցման կամ երկարաձգման, փորձաքննական եզրակացության մեջ փոփոխությունների կամ լրացումների կատարման փաստաթղթաշրջանառությունը Լիազոր մարմինը և նախաձեռնողն իրականացնում են ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի միջոցով։

10․  Փաթեթը պետք է պարունակի՝

1) հիմնադրույթային փաստաթղթի  դեպքում՝ հիմնադրույթային փաստաթղթի   նախագիծը և ՌԷԳ հաշվետվությունը, իսկ նախատեսվող գործունեության դեպքում՝ նախագծային փաստաթուղթը և ՇՄԱԳ հաշվետվությունը,

2) օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված համայնքի ավագանու նախնական համաձայնության մասին որոշումը,

3) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան իրականացված հանրային լսումների ընթացքում կազմված փաստաթղթերը (ծանուցման հրապարակման պատճենը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները, ինչպես նաև հանրային լսումների արձանագրությունները)։

11․ Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված որոշումը օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում համայնքի ավագանու կողմից չկայացվելու դեպքում նախաձեռնողը փաթեթը կարող է ներկայացնել առանց համայնքի ավագանու նախնական համաձայնության։

12․ Սույն կարգի 11-րդ կետով սահմանված դեպքում Լիազոր մարմինը եռօրյա ժամկետում՝ համապատասխան համայնքի ղեկավարին հարցում է ուղարկում համայնքի նախնական համաձայնության կամ անհամաձայնության առկայության վերաբերյալ:

13․  Երեք աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարի կողմից դիրքորոշում չներկայացնելու դեպքում,  սկսվում է փորձաքննության գործընթացը։

14․ Երեք աշխատանքային օրյա ժամկետում համայնքի անհամաձայնության առկայությունը հավաստվելու դեպքում, փորձաքննական գործընթացը համարվում է չսկսված և Լիազոր մարմինը ներկայացված փաստաթղթերի փաթեթը համապատասխան գրությամբ յոթ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է նախաձեռնողին։

  1. Փաթեթը, լիազոր մարմին մուտքագրելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը պարզաբանող գրությամբ վերադարձնում է նախաձեռնողին լրակազմման, եթե այն չի պարունակում օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը կամ պարունակում է ձևական կամ ոչ բովանդակային անճշտություններ կամ թերություններ կամ բացակայում է փորձաքննության իրականացման համար վճարված պետական տուրքի անդորրագիրը՝ գրության մեջ նշելով բոլոր անճշտությունները, թերությունները, անհամապատասխանությունները։

16․ Փորձաքննությունն սկսվում է օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի ամբողջական, լրակազմ փաթեթը նախաձեռնողի կողմից Լիազոր մարմին ներկայացնելու պահից։

17․ Ելնելով հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության տեսակից, բնագավառից և առանձնահատկություններից՝ Լիազոր մարմինը հիմնավորված մասնագիտական կամ փորձագիտական եզրակացություն կամ հիմնավորված կարծիք ստանալու նպատակով՝ փաթեթն ուղարկում է համապատասխան պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին։ 18․ Լիազոր մարմինը փաթեթը շրջանառում է նաև իր մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների միջև։

19․ Փորձաքննության ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության ճշտման կամ գիտական հիմնավորվածությունն ստուգելու կամ լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով լիազոր մարմինը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային, այլ պետական և մասնագիտացված կառույցներին։

20․ Լիազոր մարմինը նախագծային, ՌԷԳ կամ  ՇՄԱԳ հավետվությունների տվյալների հավաստիությունը ստուգելու նպատակով կարող է հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ կադաստրների, ռեեստրների տվյալները, պետական հաշվառումների կամ պետական ուսումնասիրությունների արդյունքները, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմիների՝ իրենց իրավասություների շրջանակներում մշակված կամ ստացված տվյալները։

  1. Սույն կարգի 17-19-րդ կետերով սահմանված մարմինները, ստորաբաժանումներն ու կառույցները 10 աշխատանքային օրվա ընթացքում փաթեթի վերաբերյալ ներկայացնում են կարծիք կամ համապատասխան մասնագիտական կամ փորձագիտական եզրակացություն։

22.Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը գործունեության ենթակա տարածքում իրականացնում է տեղազննման աշխատանքներ և դիտարկումներ՝ տարածքի առկա վիճակի և ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության համապատասխանությունը պարզելու նպատակով։

23․ Փորձաքննական կենտրոնի փորձաքննություն իրականացնող մասնագետները կատարում են բոլոր անհրաժեշտ ուսումնասիրություններն ու վերլուծությունները, գնահատում են փորձաքննության ենթարկվող փաստաթղթերում ներկայացված տեղեկատվության լիարժեքությունը և հավաստիությունը, համապատասխանությունը՝ օրենքով և շրջակա միջավայրի պահպանության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ուսումնասիրում և դիտարկում են փորձաքննության գործընթացում ստացված բոլոր մարմինների, ստորաբաժանումների ու կառույցների մասնագիտական կամ փորձագիտական եզրակացությունները, կարծիքները, ինչպես նաև օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացված հանրային լսման ընթացքում բարձրացված առաջարկությունների և դիտողությունների արդյունքներին անդրադարձ կատարված լինելը։

24.Մասնագիտական կամ փորձագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Լիազոր մարմինը փորձաքննության գործընթացում օրենքով սահմանված կարգով կարող է ներգրավել համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող փորձագետ(ներ)ի։

25․ Փորձաքննության գործընթացում որպես փորձագետ չեն կարող ներգրավվել այն անձինք, որոնք մասնակցել են տվյալ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթերի կամ դրանց առնչվող այլ փաստաթղթերի մշակման կամ դրանց ազդեցության գնահատման գործընթացին։

26․ Լիազոր մարմինը  պարզաբանող գրությամբ փաթեթը նախաձեռնողին վերադարձնում է լրամշակման ելնելով՝

1) սույն կարգի 23-րդ կետով սահմանված վերլուծությունների, ուսումնասիրությունների և գնահատման արդյունքներից,

2) սույն կարգի 17-19-րդ կետերով սահմանված գործընթացի մասնակիցների կողմից ստացված հիմնավորված՝ առաջարկությունների, դիտողությունների, մասնագիտական կամ փորձագիտական եզրակացությունների կամ կարծիքների, հրավիրված փորձագետի մասնագիտական եզրակացության արդյունքներից,

3) ՌԷԳ-ի կամ ՇՄԱԳ-ի բովանդակությանը ներկայացվող օրենսդրությամբ սահմանված պահանջների ապահովումից,

4) փաթեթում պարունակվող տեղեկատվության ոչ ձևական կամ բովանդակային անճշտությունների կամ թերությունների առկայությունից,

5) ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվություններում ներկայացված տեղեկատվությունը դրանց նախագծային փաստաթղթերին անհամապատասխանությունից,

27․ Լրամշակված փաթեթը նախաձեռնողի կողմից լիազոր մարմին է ներկայացվում գրությունը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում, որի դեպքում փաթեթի փորձաքննության ժամկետը կասեցվում է՝ մինչև նախաձեռնողի կողմից լրամշակված փաթեթը լիազոր մարմին կրկին մուտքագրվելու օրը։

28․ 30 աշխատանքային օրվա ընթացքում նախաձեռնողի կողմից լրամշակված փաթեթը չներկայացվելու դեպքում փաթեթն օրենքի ուժով համարվում է բացասական եզրակացություն ստացած։ Բացասական եզրակացության ստացման վերաբերյալ լիազոր մարմինը գրավոր ծանուցում է նախաձեռնողին՝ նշելով բացասական եզրակացության հիմքերը։

29․ Լրամշակման վերադարձված փաթեթը նախաձեռնողի կողմից չլրամշակված ներկայացնելու դեպքում լիազոր մարմինը չլրամշակված փաթեթն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տալիս է բացասական եզրակացություն։

30․ Սույն կարգի 28-րդ և 29-րդ կետերով սահմանված դեպքերում փաեթի վերաբերյալ փորձաքննության գործընթացի հանրային ծանուցում և լսում չի իրականացվում։

31․ Լրամշակված փաթեթը նախաձեռնողի կողմից լիազոր մարմին մուտքագրվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրութային փաստաթղթի դեպքում՝ համապատասխան տարածքային կառավարման կամ համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնի հետ համատեղ, իսկ նախատեսվող գործունեության դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի հետ համատեղ, նախաձեռնողի մասնակցությամբ կազմակերպում և իրականացնում են հանրային ծանուցում և հանրային լսում։

32․ Հանրային լսման գործընթացում շահագրգիռ հանրությունը հիմնադրույթային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ կարող Է տրամադրել տեղեկություններ, գրավոր կամ բանավոր կարծիքներ, որոնք ներառվում են արձանագրությունում կամ դրան կից ներկայացվող ամփոփաթերթերում: Ամփոփաթերթում ներառվում են բոլոր առաջարկությունները, դիտողություններն ու կարծիքները, որոնցից հիմնավորները հաշվի են առնվում։ Հաշվի չառնելու դեպքում տրվում են հիմնավոր պատճառաբանումներ։

33․ Լիազոր մարմինը և նախաձեռնողը պարտավոր են քննարկել հանրային լսման ընթացքում բոլոր առաջարկությունները, դիտողություններն ու կարծիքները և փորձաքննական եզրակացությունը կազմելիս հաշվի առնել շահագրգիռ հանրության կողմից ներկայացված հիմնավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները:

34․ Փորձաքննական եզրակացությունը կազմելիս դիտարկվում են համապատասխան բնագավառներում պետական կառավարման համակարգի  մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած մասնագիտական կամ փորձագիտական եզրակացությունները կամ կարծիքները, գործընթացում ներգրավված փորձագետների կողմից տրամադրված փորձագիտական եզրակացությունները, պետական և մասնագիտացված գիտահետազոտական կառույցների տրամադրած տեղեկատվությունը և տվյալները։

35․ ՌԷԳ-ի և ՇՄԱԳ-ի հաշվետվությունների փորձաքննության իրականացման ժամկետներն են՝

1) հիմնադրութային փաստաթղթի դեպքում ՝ մինչև 80 աշխատանքային օր,

2) նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի դեպքում` մինչև 80 աշխատանքային օր.

3) նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի դեպքում` մինչև 40 աշխատանքային օր։

36․  Լիազոր մարմնի կողմից փորձաքննական գործընթացի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 աշխատանքային օրով՝ փորձաքննության գործընթացի լիարժեքությունն ապահովելու, լրացուցիչ աշխատանքներ կատարելու կամ այլ տեղեկատվություն ձեռք բերելու անհրաժեշտությունից ելնելով, ինչի մասին լիազոր մարմինը գրավոր ծանուցում է նախաձեռնողին՝  նշելով կատարվելիք լրացուցիչ աշխատանքների մասին:

37.Փորձաքննական գործընթացի արդյունքով կազմվում է պետական փորձաքննական եզրակացություն՝ հիմք ընդունելով․

1) հաշվետվությունների ամբողջականությունը և համապատասխանությունը հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթին,

2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության ընտրության հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով այլընտրանքային տարբերակները,

3) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,

4) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին,

5) հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթում ամրագրված բնապահպանական կառավարման պլանի, շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի արդյունավետությունը։

38.Փորձաքննական եզրակացությունը Փորձաքննական կենտրոնի կողմից կազմվում, ստորագրվում և Լիազոր մարմնի կողմից հաստատվում է սույն կարգի 35-րդ կամ 36-րդ կետերով սահմանված ժամկետներում։ Հաստատված փորձաքննական եզրակացությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է նախաձեռնողին և յոթ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում Լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

39․ Եթե երկու կամ ավելի նախաձեռնողներ փաթեթ  են ներկայացրել գործունեության ենթակա միևնույն տարածքների համար, կամ որտեղ առկա են տարածքների համընկնում, ապա նախապատվություն է տրվում այն նախաձեռնողին, որը օրենքով սահմանված կարգով լրակազմ փաթեթը առաջինն է ներկայացրել փորձաքննության:

 

3.ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ

 

40.Փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարվում են այն դեպքերում, երբ տեղ են գտել տեխնիկական վրիպակներ, որոնք չեն ազդում փորձաքննական եզրակացության բովանդակության վրա և չեն առաջացնում շրջակա միջավայրի վրա լրացուցիչ ազդեցություն։

41․ Նախաձեռնողը՝ տրամադրված փորձաքննական եզրակացության մեջ տեխնիկական վրիպակներ հայտնաբերելու դեպքում, կարող է գրությամբ դիմել լիազոր մարմին՝ տեխնիկական վրիպակները շտկելու նպատակով։

  1. Նախաձեռնողի կողմից գրությունը լիազոր մարմին մուտքագրելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ Փորձաքննական կենտրոնը փորձաքննական եզրակացության մեջ տեղ գտած տեխնիկական վրիպակների շտկումների վերաբերյալ գրություն է կազմում և ներկայացնում լիազոր մարմնի հաստատմանը։
  2. Լիազոր մարմնի կողմից հաստատված գրությունը կցվում է փորձաքննական եզրակացությանը և հանդիսանում են փորձաքննական եզրակացության անբաժանելի մասը։

  5.ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

  1. Պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում օրենքի 20-րդ հոդվածով սահմանված հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

1) նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի կամ ՇՄԱԳ հաշվետվության, ներառյալ՝ բնապահպանական կառավարման պլանի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի կամ փորձաքննական եզրակացության պահանջների կամ պայմանների չկատարման, իսկ դրանց վերացման համար սահմանված ժամկետների դեպքում` սահմանված ժամկետներում չկատարելու կամ խախտելու կամ դրանցից շեղվելու հետևանքով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո նախաձեռնողի կողմից մեկամսյա ժամկետում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) արձանագրված խախտումների վերաբերյալ վերջինիս կողմից լիազոր մարմնին միջնորդություն ներկայացնելը,

2) ուժի մեջ է մտել այնպիսի իրավական ակտ, որով սահմանվել է պետական փորձաքննական եզրակացություններն ուժը կորցրած ճանաչելու պահանջ.

3) պետական փորձաքննական եզրակացություն տալուց հետո առաջացել է շրջակա միջավայրի նոր գործոն, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին, և որի առկայության պայմաններում գործունեության շարունակումը հակասելու է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին, և որի առկայությունը պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին հիմք կհանդիսանար փորձաքննական բացասական եզրակացության տրամադրման համար,

4) փորձաքննության ներկայացված փաստաթղթերի փաթեթով ներկայացվել են կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), և պետական փորձաքննական դրական եզրակացությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, և եթե արձանագրված անհամապատասխանությունները մինչև եզրակացության տրամադրումը հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային փորձաքննական բացասական եզրակացության տրամադրման համար,

5)հիմնադրույթային փաստաթղթի նախագծի իրականացումը կամ նախագծային փաստաթղթերով նախատեսված գործունեության իրականացումը չի սկսվել պետական փորձաքննական դրական եզրակացությունն ստանալուց հետո՝ երկու տարվա ընթացքում։

  1. Սույն կարգի 44-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքի առկայության դեպքում՝ տեսչական մարմնի միջնորդությունը լիազոր մարմին մուտքագրվելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը կայացնում է փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում և հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է նախաձեռնողին և ազդակիր համայնքին։
  2. Սույն կարգի 44-րդ կետի 2-րդ ենթակետով նշված հիմքի առկայության դեպքում՝ համապատասխան օրենսդրական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմինը կայացնում է փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում և հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է նախաձեռնողին և ազդակիր համայնքին։
  3. Սույն կարգի 44-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված շրջակա միջավայրի նոր գործոն կարող է համարվել շրջակա միջավայրի բնական և մարդածին բաղադրիչների (մթնոլորտային օդ, կլիմա, ջրեր, հողեր, ընդերք, լանդշաֆտ, կենդանական ու բուսական աշխարհ, ներառյալ անտառ, բնության հատուկ պահպանվող տարածքներ կամ բնապահպանական հողեր, բնակավայրերի կանաչ գոտիներ, կառույցներ, բնական օբյեկտներ, պատմության և մշակույթի հուշարձաններ), սոցիալական միջավայրի, ներառյալ մարդու առողջության, անվտանգության գործոնների վերաբերյալ նոր հայտնաբերված կամ բացահայտված այնպիսի փաստերը կամ հանգամանքները, որոնք

1) նախաձեռնողի կողմից փորձաքննության ներկայացված փաթեթում առկա չեն եղել և որի հետևանքով փորձաքննության գործընթացում չեն դիտարկվել, սակայն պետք է փորձաքննության ներկայացված լինեին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան,

2) ներկայացնում են բնապահպանական կամ հնագիտական կամ պատմաշակութային կամ այլ բացառիկ արժեք,

  1. Շրջակա միջավայրի նոր գործոն հայտանաբերվելու կամ բացահայտվելու օրվանից հետո եռամսյա ժամկետում լիազոր մարմինն ուսումնասիրում է շրջակա միջավայրի նոր գործոնի հայտնաբերման կամ  բացահայտման վերաբերյալ տեղեկատվությունը։ Շրջակա միջավայրի նոր գործոնի վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնին տրամադրվում է տեսչական մարմնի կամ այլ պետական կառավարման համակարգի մարմինների կամ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների կամ լիազոր մարմնի կողմից՝ իրենց լիազորությունների  իրականացման շրջանակներում։

49․ Ուսումնասիրության աշխատանքներին մասնակցելու և ներգրավվելու վերաբերյալ լիազոր մարմինը գրավոր ծանուցում է  նախաձեռնողին՝ ուսումնասիրության առարկայի վերաբերյալ իր դիրքորոշումը, պատճառաբանությունները և հիմնավորումները ներկայացնելու նպատակով։

  1. Նախաձեռնողը 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին գրությամբ ներկայացնում է իր դիրքորոշումը, պատճառաբանությունները և հիմնավորումները։

51․ Ուսումնասիրության արդյունքում Լիազոր մարմինը կայացնում է փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում և հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է նախաձեռնողին ու ազդակիր համայնքին։

52․ Սույն կարգի 44-րդ կետի 4-րդ ենթակետով նշված հիմքով օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաթղթի կեղծման փաստը հաստատվելու դեպքում Լիազոր մարմինը կայացնում է փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում և հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է նախաձեռնողին և ազդակիր համայնքին։

53․ Սույն կարգի 44-րդ կետի 5-րդ ենթակետով նշված հիմքի առկայության դեպքում՝ հիմնադրույթային փաստաթղթի նախագծով նախատեսված փաստաթղթի իրականացումը կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթով նախատեսված գործունեության իրականացումը պետական փորձաքննական դրական եզրակացությունն ստանալուց հետո՝ երկու տարվա ընթացքում, նախաձեռնողի կողմից չսկսվելու դեպքում պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցնում է։ Տեսչական մարմնի միջնորդության հիման վրա 10 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմինը կայացնում է փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում և 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է նախաձեռնողին և ազդակիր համայնքին։

54․ Նախաձեռնողը փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։»։

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի «Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու մասին» N 428-Ն որոշումը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Обсуждалось

    20.10.2023 - 04.11.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1579

Принт