Добавить в избранное

Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«------» ---------------------- 2023 թվական     N ------Ն

ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հաստատել գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները՝ համաձայն Հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի ------- -- -ի

N --- -Ն որոշման

 

 

ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով կարգավորվում են գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումներում (այսուհետ` Կազմակերպություն) գիտական կադրերի (այսուհետ՝ գիտական աշխատող) ըստ տարակարգերի ատեստավորման և գիտական պետական կազմակերպություններում գիտական, գիտական ղեկավար և ճարտարագիտատեխնիկական պաշտոններն ու դրանց գնահատման նվազագույն չափանիշների հետ կապված հարաբերությունները:
  2. Ատեստավորումը գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա կողմից ստացված գիտական արդյունքները գնահատելու և գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին պարզելու գործընթաց է:                               



2. ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

3. Կազմակերպություններում գիտական աշխատողների ատեստավորումն անցկացվում է համաձայն հետևյալ տարակարգերի.

1) գիտական և գիտական ղեկավար պաշտոններ՝

ա. կրտսեր գիտաշխատող-Գ1,

բ. գիտաշխատող-Գ2,

գ. ավագ գիտաշխատող-Գ3,

դ. առաջատար գիտաշխատող-Գ4,

ե. գլխավոր գիտաշխատող-Գ5,

զ. գիտական խմբի ղեկավար-Ղ1,

է. գիտական ստորաբաժանման ղեկավար (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն)-Ղ2.

2) ճարտարագիտատեխնիկական պաշտոններ՝

ա. լաբորանտ-Լ1,

բ. ավագ լաբորանտ-Լ2,

գ. ճարտարագետ-Ճ1,

դ. ավագ ճարտարագետ-Ճ2:

4. Գիտական աշխատողների ատեստավորումն անցկացվում է նրանց գիտական և գիտատեխնիկական գործունեության գնահատման հիման վրա` համաձայն տվյալ պաշտոնը բնորոշող չափանիշների:

5. Գիտական աշխատողների ատեստավորումն անցկացվում է առնվազն հինգ տարին մեկ անգամ: Ատեստավորման անցկացման ժամանակացույցը սահմանվում է Կազմակերպության ղեկավարի հրամանով, և ատեստավորման ենթակա անձինք դրա մասին տեղեկացվում են ատեստավորման անցկացման սկզբից առնվազն մեկ ամիս առաջ:

6. Գիտական աշխատողների ատեստավորումն անցկացնելու համար Կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծվում է տվյալ բնագավառի կամ մասնագիտության հինգից յոթ առաջատար գիտնականներից բաղկացած ատեստավորման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

7. Կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում են Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

8. Խոշոր Կազմակերպություններում, որոնցում իրականացվում են գիտական հետազոտություններ գիտության երկուսից ավելի բնագավառներով, կարող են ստեղծվել մեկից ավելի Հանձնաժողովներ` ըստ գիտության բնագավառների:

9. Ատեստավորման ենթակա չեն հղիության և ծննդաբերության ու մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող գիտական աշխատողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

10. Պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած գիտական աշխատողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

11. Հղիության և ծննդաբերության ու մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած գիտական աշխատողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

12. Գիտական աշխատողների ատեստավորումն անցկացվելուց առնվազն 15 օր առաջ Հանձնաժողովին է ներկայացվում ատեստավորվող գիտական աշխատողի`

1) անմիջական ղեկավարի կարծիքը իր մասին, այդ թվում, տարակարգի փոփոխության պարագայում` առաջարկվող տարակարգին համապատասխան որակական չափանիշներին համապատասխանության հիմնավորումները,
2) ատեստավորման նախորդ գործընթացից հետո ընկած ժամանակահատվածում հրատարակված գիտական աշխատությունների ցանկը և գիտական գործունեությանը վերաբերող այլ փաստական նյութեր, որոնք վերցվում են գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգից,
3) որակական չափանիշներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր կամ այլ հավաստող նյութեր,
4) նախորդ ատեստավորման թերթիկը (առկայության դեպքում),
5) հերթական ատեստավորման թերթիկը` երկու օրինակից:

13. Հանձնաժողովն իրավասու է անցկացնելու ատեստավորում, եթե նիստին մասնակցում է Հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

14. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են փակ գաղտնի քվեարկությամբ և ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումն ընդունվում է ատեստավորվողի օգտին:

15. Հանձնաժողովն ատեստավորվողին տալիս է «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին», «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», «Համապատասխանում է իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնին» գնահատականներից մեկը:

16. «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին» գնահատականի պարագայում Հանձնաժողովը տալիս է գիտական աշխատողի զբաղեցրած պաշտոնի պահպանման երաշխավորություն:

17. «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» գնահատականի պարագայում Հանձնաժողովը տալիս է գիտական աշխատողի պաշտոնի իջեցման, պաշտոնից ազատելու կամ պաշտոնային դրույքաչափի իջեցման մասին երաշխավորություններ:

18. «Համապատասխանում է իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնին» գնահատականի պարագայում Հանձնաժողովը տալիս է գիտական աշխատողի պաշտոնի բարձրացման երաշխավորություն:

19. Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել ատեստավորվողի անմիջական ղեկավարը` խորհրդակցական ձայնի իրավունքով:

20. Փակ գաղտնի քվեարկության արդյունքներն ու Հանձնաժողովի երաշխավորությունները և հիմնավորումները գրանցվում են նիստի արձանագրության մեջ և ատեստավորման թերթիկում, որոնք ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և տվյալ նիստին ներկա բոլոր անդամները:

21. Հանձնաժողովի նիստին ատեստավորվողի չներկայանալու դեպքում Հանձնաժողովը կարող է ատեստավորումն անցկացնել նրա բացակայությամբ:

22. Ատեստավորման արդյունքներն ու Հանձնաժողովի երաշխավորությունները Հանձնաժողովի նիստից հետո՝ հինգ օրվա ընթացքում, ներկայացվում են Կազմակերպության ղեկավարին և հիմք են հանդիսանում պաշտոնի բարձրացման կամ իջեցման, պաշտոնից ազատման, պաշտոնային դրույքաչափի փոփոխման ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հավելավճարի տրամադրման համար:

23. Պաշտոնի բարձրացումը կամ իջեցումը կարող է լինել առավելագույնը երկու տարակարգ վերջին ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնի համեմատ։

24. Ատեստավորման համար ներկայացված փաստաթղթերի փաթեթի բնօրինակը կցվում է ատեստավորվողի անհատական գործին, իսկ Հանձնաժողովի երաշխավորության պատճենը տրվում է ատեստավորվողին:

3. ԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

25. Սույն կարգի 4-րդ կետում նշված գիտական աշխատողների ատեստավորման գնահատման չափանիշներն այն քանակական և որակական նվազագույն պահանջներն են, որոնք ներկայացվում են տվյալ տարակարգը հայցող գիտական, գիտական ղեկավար և ճարտարագիտատեխնիկական աշխատողին: Ատեստավորման գնահատման չափանիշները սահմանելիս հաշվի են առնվում նաև Կազմակերպությունում գիտական, գիտական ղեկավար և ճարտարագիտատեխնիկական պաշտոնների տարակարգի համար սահմանվող հավելյալ պաշտոնեական պարտականությունները:

26. Սույն կարգի 25-րդ կետում նշված գիտական աշխատողների ատեստավորման գնահատման չափանիշների քանակական նվազագույն պահանջների հաշվարկման համար՝

1) հրապարակումները պետք է ընդգրկված լինեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Գիտության հղման ընդլայնված ինդեքս (Science Citation Index Expanded (SCIE)), Հասարակական գիտությունների հղման ինդեքս (Social Sciences Citation Index (SSCI)), Նորահայտ աղբյուրների հղման ինդեքս (Emerging Sources Citation Index (ESCI)), Արվեստի և հումանիտար գիտությունների հղման ինդեքս (Arts&Humanities Citation Index (AHCI))) կամ Գրքերի հղման ինդեքսի (Book Citation Index) հրատարակիչների ցանկում ներառված հրատարակչությունների հրապարակած գրքի գլուխ կամ հոդված ժողովածուում կամ Սիմագո Ջըրնըլ էնդ Քանթրի Ռենք (SCImago Journal & Country Rank) պորտալի առնվազն չորրորդ քառորդ (Q4), իսկ գիտաժողովի նյութերի դեպքում՝ առնվազն երկրորդ քառորդին (Q2) համարժեք ԷսՋեյԱր (SJR) ինդեքս (SCImago Journal Rank Indicator) ունեցող պարբերականներում (այսուհետ՝ ՄԳՇ), 
2) մենագրությունը, կոլեկտիվ մենագրությունը կամ գիտական աշխատությունը պետք է ունենան առնվազն հինգ տպագրական մամուլ ծավալ և հրատարակված լինեն Վեբ օֆ Սայնս (Web of Science™) գիտատեղեկատվական հարթակի Գրքերի հղման ինդեքսի (Book Citation Index) հրատարակիչների ցանկում ներառված հրատարակչություններում (այսուհետ՝ Մենագրություն):

27. Տվյալ Կազմակերպությունում տարակարգերի համար սահմանվող հավելյալ պաշտոնեական պարտականությունները հաստատվում են Կազմակեպության ղեկավարի կողմից՝ Կազմակերպության գիտական խորհրդի առաջարկությամբ (երկուսից ավելի բնագավառներում գործունեություն ծավալող կազմակերպությունների պարագայում` նշյալ պարտականությունները կարող են առաջարկվել համապատասխան գիտական խորհուրդների կողմից, եթե նման գիտական խորհուրդների գոյությունը նախատեսված է Կազմակերպության կանոնադրությամբ):

28. Կրտսեր գիտաշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի Կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան կամ մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) որակավորում,
2) բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով՝ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ստացել է առավելագույնը 20 տարի առաջ:

29. Կրտսեր գիտաշխատողը`

1) պատասխանատու կատարողի ղեկավարությամբ, գիտական թեմայի առանձին մասերի շրջանակներում իրականացնում է գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ (այսուհետ` Հետազոտություններ) կամ փորձարարական մշակումներ (այսուհետ` Մշակումներ)` համաձայն ոլորտում գործող մեթոդաբանության,
2) տիրապետում է գիտության համապատասխան ոլորտի իրավական կարգավորումներին, էթիկայի նորմերին և անվտանգության կանոններին,
3) կատարում է տվյալ թեմայով գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության ուսումնասիրություն և հետազոտության իրեն հանձնարարված մասի վերաբերյալ կարողանում է իրականացնել առկա տեղեկատվության ամփոփում,
4) մասնակցում է գիտափորձերի իրականացմանը, կատարում է չափումներ, ուսումնասիրություններ, կազմում է վերջիններիս նկարագրությունը, կատարում է հետևություններ և մասնակցում է արդյունքների վերլուծությանը,
5) ունի հավակնություններ իր մասնագիտական գիտելիքների ընդլայնման և ժամանակակից մեթոդաբանություններին տիրապետելու նկատմամբ,
6) կարող է գործընկերներին բացատրել հետազոտության արդյունքները և դրանց արժեքավորությունը։

30. Գիտաշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի Կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան կամ մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) որակավորում,
2) ունի երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
3) վերջին հինգ տարիների ընթացքում բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է առնվազն չորս գիտական հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ Մենագրություն, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն երկու հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ Մենագրություն։

31. Գիտաշխատողը`

1) որպես պատասխանատու կատարող, իրականացնում է գիտական թեմայի շրջանակներում կատարվող Հետազոտություններ, Մշակումներ կամ ինքնուրույն փորձարկումներ,
2) մասնակցում է Հետազոտությունների կամ Մշակումների իրականացման մեթոդաբանությունների մշակման աշխատանքներին և ներկայացնում է առաջարկություններ դրանց գործնական կիրառման վերաբերյալ,
3) կատարում է տվյալ թեմայով գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության ուսումնասիրություն և վերլուծություն, իրականացնում է տեղեկատվության ամփոփում, տիրապետում է հետազոտության թեմային վերաբերող տեղեկատվությանը, Հետազոտությունների կազմակերպման ժամանակակից մեթոդներին, հանդես է գալիս որպես հրապարակումների համահեղինակ,
4) իրականացնում է գիտափորձեր, կատարում է չափումներ, կազմում է վերջիններիս նկարագրությունները, կատարում է հետևություններ և վերլուծում է ստացված արդյունքները,
5) գիտի իրականացվող Հետազոտությունների ու Մշակումների նպատակները և խնդիրները, կարող է ձևակերպել թեմայի շրջանակներում առանձին խնդիրներ, կարող է իրականացնել նոր և բարդ հասկացությունների քննական վերլուծություն, գնահատում և սինթեզ,
6) ունի մասնագիտության համակարգային գիտելիքներ և մասնագիտությանը վերաբերող մեթոդաբանությունների ու հետազոտական հմտություններ,
7) կարողանում է հաղորդակցվել գրախոսների հետ՝ բացատրելով հետազոտության արդյունքները և դրանց արժեքավորությունը հետազոտական համայնքին,
8) կարող է աջակցել կրտսեր գիտաշխատողներին առավել արդյունավետ աշխատելու և իրենց հետազոտական առաջընթացում ավելի մեծ հաջողություններ գրանցելու համար:

32. Ավագ գիտաշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի Կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան,
2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն ութ տարվա աշխատանքային ստաժ,
3) վերջին հինգ տարիների ընթացքում բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է վեց հրապարակում ՄԳՇ-ում կամ առնվազն երկու Մենագրություն, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն երեք հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ Մենագրություն,
4) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն երեքում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն երկուսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ։

33. Ավագ գիտաշխատողը`

1) ղեկավարում է առանձին թեմաների շրջանակներում Հետազոտություններ կամ Մշակումներ իրականացնող աշխատանքային խումբ՝ որպես պատասխանատու կատարող, և մասնակցում է առանձին Հետազոտությունների և Մշակումների իրականացմանը՝ որպես կատարող,
2) մշակում է Հետազոտությունների կամ Մշակումների իրականացման մեթոդաբանությունները, կազմում է դրանց ժամանակացույցը և կատարում է աշխատանքի բաշխում,
3) տիրապետում է առնվազն իր ղեկավարության տակ գտնվող թեմայի վերաբերյալ գիտական և գիտատեխնիկական ժամանակակից տեղեկատվությանը, կարողանում է ձևակերպել գրական ակնարկներ և ամփոփ տեղեկատվական նյութեր կամ հաշվետվություններ, հանդես է գալիս որպես հրապարակումների առաջատար հեղինակ,
4) կազմում է հետազոտական ծրագրեր, կազմակերպում է դրանց իրականացումը և արդյունքների ամփոփումը,
5) սահմանում է իրականացվող Հետազոտությունների ու Մշակումների նպատակները և խնդիրները, մասնակցում է գիտական արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև հետազոտական ծրագրերի կազմմանը,
6) մասնակցում է գիտական աշխատողների պատրաստման և վերաորակավորման աշխատանքներին (սեմինարներին մասնակցություն, դիպլոմային կամ կուրսային կամ ավարտական աշխատանքների ղեկավարում, դասավանդում, մենթորություն),
7) ըստ անհրաժեշտության, հանդես է գալիս իր մասնագիտության շրջանակներում որպես փորձագետ,
8) իր մասնագիտության և հարակից շրջանակներում կարողանում է վեր հանել հետազոտական խնդիրներ և հնարավորություններ,
9) ունի կարողություններ իր գործընկերների հետ կազմելու հետազոտական համագործակցային խմբեր (նաև միջազգային) և հայթայթել դրամաշնորհային միջոցներ ծրագրերի իրականացման համար,
10) նպատակասլաց է իր մասնագիտական զարգացման հարցում և աջակցում է այլոց մասնագիտական աճին:

34. Առաջատար գիտաշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի Կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան,
2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն 13 տարվա աշխատանքային ստաժ և հանդիսանում է տվյալ գիտական կազմակերպության հիմնական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի առնվազն 75 տոկոս տևողությամբ աշխատող (շաբաթական 30 ժամ),
3) վերջին հինգ տարիների ընթացքում բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է առնվազն ութ հրապարակում ՄԳՇ-ում կամ երկու Մենագրություն, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն չորս հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ Մենագրություն,
4) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն չորսում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն երեքում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ,
5) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն չորսը, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն երեքը ներառված են ամսագրերի դասակարգման առնվազն երկրորդ քառորդում (Q2),
6) վերջին հինգ տարիների ընթացքում հանդիսացել է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի առնվազն երկու ուսանողների գիտական ղեկավար կամ հանդիսացել է առնվազն 50000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ընդհանուր ֆինանսական ծավալի գիտական դրամաշնորհի ղեկավար կամ նախատեսված լինելու պարագայում՝ համաղեկավար:

35. Առաջատար գիտաշխատողը`

1) ղեկավարում է հետազոտական թեմաներ կամ առաջադրանքներ, համակարգում է Հետազոտությունները կամ Մշակումներն իրականացնող աշխատանքային խմբի կամ խմբերի գործունեությունը, հետևում է աշխատանքի ընթացքին և համակարգում է համակատարողների աշխատանքները,
2) կազմում է համալիր հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը, ինչպես նաև կազմակերպում է այդ հետազոտությունների համար անհրաժեշտ ռեսուրսների գույքագրումը և ձեռքբերումը: Անհրաժեշտության դեպքում, ապահովում է այլ կազմակերպությունների (այդ թվում՝ օտարերկրյա պետությունների) հետ աշխատանքը,
3) պատասխանատու է գիտական արդյունքների ամփոփման և միջազգային պարբերականներում հրատարակման, ինչպես նաև գիտական հարթակներում արդյունքների ներկայացումը կազմակերպելու համար, ունի ակտիվ գործնական կապեր և համագործակցություն իր ոլորտի միջազգային գործընկերների հետ,
4) առաջարկում և հիմնավորում է գիտական հետազոտությունների նոր ուղղությունները, ներկայացնում է առաջարկություններ հետազոտական աշխատանքների նախագծերի և ծրագրերի վերաբերյալ, կազմակերպում է նախագծերի մշակումը և պատշաճ ներկայացումը,
5) ամփոփում է Հետազոտությունների արդյունքները, որոշում է դրանց կիրառության ոլորտները, այդ թվում՝ հանրայնացման տեսանկյունից,
6) մասնակցում է գիտական աշխատողների պատրաստման և վերաորակավորման աշխատանքներին (վարում է դասընթացներ, սեմինարներ, ղեկավարում դոկտորական աշխատանքներ),
7) ըստ անհրաժեշտության, հանդես է գալիս իր մասնագիտությանը համապատասխան ոլորտի շրջանակներում որպես փորձագետ,
8) մասնակցում է կազմակերպության գիտական ուղղությունների քննարկմանը, ինչպես նաև ռազմավարական առաջնահերթությունների մշակմանը:

36. Գլխավոր գիտաշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի Կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան,
2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական 18 տարվա աշխատանքային ստաժ և հանդիսանում է տվյալ գիտական կազմակերպության հիմնական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող (շաբաթական 40 ժամ),
3) վերջին հինգ տարիների ընթացքում բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է առնվազն 16 հրապարակում ՄԳՇ-ում կամ չորս Մենագրություն, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն ութ հրապարակում ՄԳՇ-ում կամ երկու Մենագրություն,
4) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն ութում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն չորսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ,
5) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն ութը, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն չորսը ներառված են ամսագրերի դասակարգման առաջին քառորդում (Q1),
6) վերջին հինգ տարիների ընթացքում հանդիսացել է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի առնվազն չորս ուսանողների գիտական ղեկավար կամ հանդիսացել է առնվազն 100000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ընդհանուր ֆինանսական ծավալի գիտական դրամաշնորհի ղեկավար կամ նախատեսված լինելու պարագայում՝ համաղեկավար, որից առնվազն կեսը` ոչ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

37. Գլխավոր գիտաշխատողը`

1) ղեկավարում է միջմասնագիտական հետազոտական թեմաներ կամ պետական կարևորության առաջադրանքներ, համակարգում է Հետազոտությունները կամ Մշակումներն իրականացնող աշխատանքային խմբերի գործունեությունը, հետևում է աշխատանքի ընթացքին և համակարգում է համակատարողների աշխատանքները,
2) առաջարկում և հիմնավորում է գիտական հետազոտությունների նոր ուղղությունները, որոնք ունեն հանրապետական կամ միջազգային նշանակություն, մշակում է հետազոտական աշխատանքների նախագծերի և ծրագրերի առաջարկությունները, կազմակերպում է նախագծերի կազմումը և պատշաճ ներկայացումը համապատասխան գերատեսչություններին, կարող է ձևակերպել հետազոտական բնագավառի ապագայի վերաբերյալ ռազմավարական հայեցակարգեր, հրապարակում է միջազգային բարձր ազդեցություն և նշանակություն ունեցող հոդվածներ և աշխատություններ։
3) կազմում է համալիր հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը, ինչպես նաև կազմակերպում է այդ հետազոտությունների համար անհրաժեշտ ռեսուրսների գույքագրումը և ձեռքբերումը: Ապահովում է այլ կազմակերպությունների (այդ թվում՝ օտարերկրյա պետությունների) հետ աշխատանքը,
4) համակարգում է Կազմակերպության և հանրապետության կամ օտարերկրյա պետությունների գիտական, գիտատեխնիկական կամ գիտաարտադրական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերը,
5) պատասխանատու է գիտական արդյունքների ամփոփման և միջազգային պարբերականներում հրատարակման, ինչպես նաև գիտական հարթակներում արդյունքների ներկայացումը կազմակերպելու համար, ունի ակտիվ գործնական կապեր և համագործակցություն իր ոլորտի միջազգային գործընկերների հետ,
6) մասնակցում է գիտական աշխատողների պատրաստման և վերաորակավորման աշխատանքներին (վարում է դասընթացներ, սեմինարներ, ղեկավարում հետբուհական աշխատանքներ, հանդես է գալիս հրավիրյալ դասախոսի կարգավիճակում),
7) մասնակցում է գլոբալ նշանակության հետազոտությունների ծրագրերի մշակման աշխատանքներին, մասնակցում է նման ծրագրերի իրականացմանը` ղեկավարելով առնվազն հայաստանյան կողմի աշխատանքները,
8) հանդիսանում է իր մասնագիտությանը համապատասխան ոլորտի շրջանակներում միջազգային ճանաչում ունեցող փորձագետ, իրականացնում է միջազգային նշանակալի ծրագրերի փորձաքննություն կամ փորձագիտական հանձնաժողովի մասնակից է,
9) մասնակցում է հանրապետության գիտական և գիտատեխնիկական առաջնահերթ և կարևորություն ներկայացնող ուղղությունների քննարկմանը,
10) ամփոփում է Հետազոտությունների արդյունքները, որոշում է դրանց առավել լայն կիրառության ոլորտները, այդ թվում՝ հանրային բարիք ստեղծելու տեսանկյունից,
11) նախաձեռնում է Կազմակերպության միջազգային գործընկերության աշխարհագրության ընդլայնմանն ուղղված աշխատանքներ, նպաստում է ֆինանսական նոր միջոցների ներգրավմանը, միջազգայն հետազոտական տիրույթում Կազմակերպության դիրքերի ամրապնդմանը:

38. Գիտական խմբի ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի Կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան կամ մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) որակավորում,
2) վերջին հինգ տարիների ընթացքում բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է առնվազն չորս հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ Մենագրություն, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն երկու հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ Մենագրություն:

39. Գիտական խմբի ղեկավարը`

1) ղեկավարում, ուղղորդում և համակարգում է առանձին թեմաների շրջանակներում Հետազոտություններ կամ Մշակումներ իրականացնող գիտական խումբ՝ որպես պատասխանատու կատարող, ապահովում է իր ղեկավարած գիտական խմբի բարձր արդյունավետությունը,
2) տիրապետում է առնվազն իր ղեկավարության տակ գտնվող գիտական խմբի հետազոտությունների վերաբերյալ գիտական և գիտատեխնիկական ժամանակակից տեղեկատվությանը, կարողանում է ձևակերպել գրական ակնարկներ և ամփոփ տեղեկատվական նյութեր կամ հաշվետվություններ,
3) մշակում է Հետազոտությունների կամ Մշակումների իրականացման մեթոդաբանությունները, կազմում է դրանց ժամանակացույցը, կատարում է աշխատանքի բաշխում, ռեսուրսների գույքագրում և ձեռքբերում, ինչպես նաև համակարգում է այլ ստորաբաժանումների կամ կազմակերպությունների (այդ թվում՝ օտարերկրյա պետությունների) հետ աշխատանքները,
4) պատասխանատու է խմբի գիտական արդյունքների ամփոփման և միջազգային պարբերականներում հրատարակման, ինչպես նաև գիտական հարթակներում արդյունքների ներկայացումը կազմակերպելու համար, ունի ակտիվ գործնական կապեր և համագործակցություն իր ոլորտի միջազգային գործընկերների հետ,
5) կազմակերպում է գիտական աշխատողների ընտրության, պատրաստման և վերաորակավորման աշխատանքները (սեմինարների մասնակցություն, դիպլոմային կամ կուրսային կամ ավարտական աշխատանքների ղեկավարում, դասավանդում, մենթորություն) և, ըստ անհրաժեշտության, մասնակցում է այդ աշխատանքներին,
6) ըստ անհրաժեշտության, հանդես է գալիս իր մասնագիտության շրջանակներում որպես փորձագետ,
7) առաջնորդում և ղեկավարում է գիտական խմբի անձնակազմի գործունեությունը,
8) սահմանում և ղեկավարում է գործառնական և վարչական ընթացակարգերը, պլանավորում և ղեկավարում է ամենօրյա գործառույթները,
9) կազմում է հետազոտական ծրագրեր, սահմանում է իրականացվող Հետազոտությունների ու Մշակումների նպատակները և խնդիրները, կազմակերպում է դրանց իրականացումը, վերահսկումը և արդյունքների ամփոփումը։

40. Գիտական ստորաբաժանման ղեկավարի (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն) պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի Կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան,
2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ,
3) վերջին հինգ տարիների ընթացքում բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է վեց հրապարակում ՄԳՇ-ում կամ առնվազն երկու Մենագրություն, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն երեք հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ Մենագրություն,
4) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն երեքում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն երկուսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ:

41. Գիտական ստորաբաժանման ղեկավարը`

1) ղեկավարում է հետազոտական թեմաները կամ առաջադրանքները, համակարգում է Հետազոտությունները կամ Մշակումներն իրականացնող խմբի կամ խմբերի գործունեությունը, հետևում է աշխատանքի ընթացքին և համակարգում է համակատարողների աշխատանքները, ապահովում է իր ղեկավարած գիտական ստորաբաժանման բարձր արդյունավետությունը,
2) առաջարկում և հիմնավորում է գիտական հետազոտությունների նոր ուղղությունները, ներկայացնում է առաջարկություններ հետազոտական աշխատանքների նախագծերի և ծրագրերի վերաբերյալ, կազմակերպում է նախագծերի մշակումը և պատշաճ ներկայացումը,
3) կազմում է համալիր հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը, ինչպես նաև կազմակերպում է այդ հետազոտությունների համար անհրաժեշտ ռեսուրսների գույքագրումը և ձեռքբերումը: Անհրաժեշտության դեպքում, ապահովում է այլ կազմակերպությունների (այդ թվում՝ օտարերկրյա պետությունների) հետ աշխատանքը,
4) պատասխանատու է գիտական արդյունքների ամփոփման և միջազգային պարբերականներում հրատարակման, ինչպես նաև գիտական հարթակներում արդյունքների ներկայացումը կազմակերպելու համար, ունի ակտիվ գործնական կապեր և համագործակցություն իր ոլորտի միջազգային գործընկերների հետ,
5) կազմակերպում է գիտական աշխատողների ընտրության, պատրաստման և վերաորակավորման աշխատանքները (վարում է դասընթացներ, սեմինարներ, ղեկավարում հետբուհական աշխատանքներ) և, ըստ անհրաժեշտության, մասնակցում է այդ աշխատանքներին,
6) ըստ անհրաժեշտության, հանդես է գալիս իր մասնագիտությանը համապատասխան ոլորտի շրջանակներում որպես փորձագետ,
7) մասնակցում է Կազմակերպության գիտական ուղղությունների քննարկմանը, ինչպես նաև ռազմավարական առաջնահերթությունների մշակմանը,
8) ամփոփում է Հետազոտությունների արդյունքները, որոշում է դրանց կիրառության ոլորտները, այդ թվում՝ հանրայնացման տեսանկյունից,
9) առաջնորդում և ղեկավարում է գիտական ստորաբաժանման անձնակազմի գործունեությունը,
10) սահմանում և ղեկավարում է գործառնական և վարչական ընթացակարգերը, պլանավորում և ղեկավարում է ամենօրյա գործառույթները,
11) առաջարկում և հիմնավորում է գիտական հետազոտությունների նոր ուղղությունները, ներկայացնում է առաջարկություններ հետազոտական աշխատանքների նախագծերի և ծրագրերի վերաբերյալ, կազմակերպում է նախագծերի մշակումը և պատշաճ ներկայացումը,
12) ապահովում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, վերահսկում է ծախսերը, հայթայթում և կառավարում է լրացուցիչ ֆինանսները։

42. Լաբորանտի կամ ճարտարագետի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) հանդիսանում է Կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառների բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական՝  բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի ծրագրերով ուսումնառություն անցնող ուսանող կամ ավարտած մասնագետ։

43. Լաբորանտը կամ ճարտարագետը`

1) մասնակցում է փորձերի, թեստերի և վերլուծությունների իրականացմանը, համակարգչային ծրագրերի կազմմանը, նախատիպերի փորձարկմանը, հետազոտական սարքերի շահագործմանը, սպասարկմանը և վերանորոգմանը, չափումների գրանցմանը, հաշվարկների գծապատկերների և գրաֆիկների պատրաստմանը, տվյալների վերլուծությանը, վիճակագրական հարցումների և հարցազրույցների անցկացմանը,
2) գիտական թեմայի առանձին մասերի շրջանակներում գիտական և գիտատեխնիկական աջակցություն է ցուցաբերում գիտական թեմայի շրջանակներում կատարվող Հետազոտություններին կամ Մշակումներին՝ համաձայն ոլորտում գործող մեթոդաբանության,
3) աջակցություն է ցուցաբերում նոր տեխնոլոգիաների, արտադրանքի, ծառայությունների, համակարգերի, մեթոդների ստեղծմանը կամ դրանց կատարելագործման աշխատանքներին,
4) տիրապետում է գիտության համապատասխան ոլորտի էթիկայի նորմերին և անվտանգության կանոններին,
5) կատարում է տվյալ թեմայով գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության ուսումնասիրություն և հետազոտության իրեն հանձնարարված մասի վերաբերյալ կարողանում է իրականացնել առկա տեղեկատվության ամփոփում,
6) մասնակցում է գիտափորձերի իրականացմանը, կատարում է չափումներ, ուսումնասիրություններ, կազմում է վերջիններիս նկարագրությունները:

44. Ավագ լաբորանտի կամ ավագ ճարտարագետի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) հանդիսանում է Կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառների բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական՝  մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի (առնվազն 4-րդ կուրս) ծրագրերով ուսումնառություն անցնող ուսանող կամ ավարտած մասնագետ։

45. Ավագ լաբորանտը կամ ավագ ճարտարագետը`

1) գիտական թեմայի առանձին մասերի շրջանակներում գիտական և գիտատեխնիկական աջակցություն է ցուցաբերում գիտական թեմայի շրջանակներում կատարվող Հետազոտություններին կամ Մշակումներին՝ համաձայն ոլորտում գործող մեթոդաբանության,
2) ակտիվ մասնակցում է համակարգչային ծրագրերի կազմանը, նախատիպերի փորձարկմանը, հետազոտական սարքերի շահագործմանը, սպասարկմանը և վերանորոգմանը, չափումների գրանցմանը, հաշվարկների, գծապատկերների և գրաֆիկների պատրաստմանը, տվյալների վերլուծությանը, վիճակագրական հարցումների և հարցազրույցների անցկացմանը,
3) նախապատրաաստում է նյութեր և սարքավորումներ գիտափորձերի, թեստերի և վերլուծությունների իրականացման համար,
4) տիրապետում է համապատասխան ոլորտի էթիկայի նորմերին և անվտանգության կանոններին,
5) կատարում է տվյալ թեմայով գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության ուսումնասիրություն և հետազոտության իրեն հանձնարարված մասի վերաբերյալ կարողանում է իրականացնել առկա տեղեկատվության ամփոփում,
6) մասնակցում է գիտափորձերի իրականացմանը և ճարտարագիտատեխնիկական աշխատանքներին, կատարում է չափումներ, ուսումնասիրություններ, կազմում է վերջիններիս նկարագրությունները,
7) նախապատրաստում է նյութեր և սարքավորումներ գիտափորձերի, թեստերի և վերլուծությունների իրականացման համար,
8) ակտիվ մասնակցում է նոր տեխնոլոգիաների, արտադրանքի, ծառայությունների, համակարգերի, մեթոդների ստեղծմանը կամ դրանց կատարելագործմանը:

46. Սույն կարգի 27-րդ, 29-րդ, 31-րդ, 33-րդ, 35-րդ, 37-րդ և 39-րդ կետերում նշված ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումների և Մենագրությունների վերաբերյալ գործում են հետևյալ սահմանափակումները և հարաբերակցությունները՝

1) մեկ Մենագրությունը համարժեք է ՄԳՇ-ում ընդգրկված չորս հրապարակման, ընդ որում, Մենագրության հրատարակմանը ցանկացած այլ տիպի մասնակցությունը (խմբագրություն, ներդրում, այլ տեսակի մասնակցություն) չի կարող դիտարկվել որպես համահեղինակություն,
2) ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումները և Մենագրությունները պետք է ներառված լինեն գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգում,
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի կիրառման դեպքում ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներին և Մենագրություններին ներկայացված քանակական պահանջները պետք է բավարարվեն առնվազն 75 տոկոսով:

 

  • Обсуждалось

    25.07.2023 - 11.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Общественное обсуждение

11.08.2023 11:00

Ереван, ул. Братьев Орбели 22

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5835

Принт

Предложения

Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ

10.08.2023

Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկկայի ինստիտուտի գիտական խորհուրդը 2023թ. օգոստոսի 10-ին քննարկելով ներկայացված նախագիծը /կարծիքը սահմանված կարգով ուղարկված է/ առաջարկում է այն հանել հետագա քննարկումից, քանի որ այն չի բխում հանրապետությունում գիտության զարգացման պահանջներից, հակասում է ՀՀ սահմանադրությանը, պարունակում է Մարդու իրավունքներին հակասող դրույթներ: ՋՀՀԻ գիտխորհրդի նախագահի տեղակալ, տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ա.Սարուխանյան

Աննա Մակարյան

10.08.2023

Առաջարկում եմ ատեստավորման ժամկետները երկարածգել մինչև 2025 թվական կամ եթե հնարավոր չէ, ապա 2024 թվականի տարվա վերջ, քանի որ բավականին բարդ կլինի այսպես արագ ապահովել այսքան մեծ քանակակ ՄԳՇ-ում ընդգրկված հոդվածներ տպագրելու պարագայում՝ հատպկապես բարձր տարակարգ ունեցող գիտաշխատողների դեպքում։

Աննա Մակարյան

10.08.2023

Առաջարկում եմ հասարակական գիտությունների առջև դրված հոդվածների տպագրման քանակները վերանայել, մասնավորապես տարբերակել բնագիտությունից, տեխնիակական, ճարտարագիտական, տեխնոլոգիական, բժշկական և գյուղատնտեսական գիտություններից, քանի որ Գիտպետկոմի մրցույթներում ևս պահանջները հասարակական և հայագիտական գիտությությունների համար միևնույնն ես, և այն տարբերվում է մնացածներից, իսկ այս նախագծում հասարակագիտությունը հավասարեցված է բնագիտության և մյուս գիտությունների հետ։

Узнать больше