Добавить в избранное

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

Էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ենթակառուցվածքների միասնական շտեմարանը (այսուհետ՝ Շտեմարան) հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների (այսուհետ՝ Օպերատոր), դրանց պատկանող ցանցերի և ենթակառուցվածքների վերաբերյալ ամբողջական տեղեկություն պարունակող էլեկտրոնային հարթակ է, որը թե՛ խաղաղ, և թե՛ ռազմական դրության ժամանակ հնարավորություն կընձեռի իրավասու մարմնին (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն) կարճ ժամանակամիջոցում կարգավորելու իր առջև դրված խնդիրները և գործառույթները: Մասնավորապես՝ ռազմական դրության ժամանակ լրացուցիչ կապուղիների տրամադրման գործընթացը առավել արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է  Շտեմարանի առկայություն, որը թույլ կտա իրավասու մարմնին ավելի արագ որոշումներ կայացնել՝ պետական մարմինների կողմից ներկայացված հայտերով պահանջվող կապուղիները տրամադրող Օպերատորների նախորոշման համար, ընդ որում, եթե նախկինում լրացուցիչ կապուղիների տրամադրման գործընթացում ներգրավվում էին միայն խոշոր կապի օպերատորները, որոնք ծառայություններ են մատուցում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, ապա Շտեմարանի առկայության պարագայում, իրավասու մարմինը կարող է լրացուցիչ կապուղիների տրամադրման գործընթացին ներգրավել նաև Հայաստանի Հանրապետության կոնկերտ տարածաշրջանում ավելի զարգացած ցանցեր և ենթակառուցվածքներ ունեցող Օպերատորների, ըստ այդմ նվազեցնելով թե կատարված աշխատանքների դիմաց պետական բյուջեից փոխհատուցվող ֆինանսական միջոցների չափը, և թե տրամադրման ժամկետները:

Հաշվի առնելով, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իե) ենթակետի համաձայն կարգավորողը (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով) պարտավոր է իրավասու մարմնի պահանջով աջակցել վերջինիս՝ Օրենքի 4-րդ հոդվածում (իրավասու մարմնի կամ մարմինների գործառույթները) թվարկված գործառույթների կատարման հարցում, ուստի Շտեմարանի մշակման գործընթացում իրավասու մարմնին անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցվելու է կարգավորողի կողմից՝ Շտեմարանի ստեղծման և վարման կարգում նշված ձևաչափով և ժամկետներում:

Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ է իրավական հիմք ստեղծել Շտեմարանի ստեղծման և վարման կարգ մշակելու համար:

2. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի մշակմամբ իրավական հիմք է ստեղծվում Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի և ենթակառուցվածքների միասնական տեղեկատվական շտեմարանի ստեղծման և վարման կարգը մշակելու և հաստատելու համար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

    Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.

    Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից: Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության գաղտնի որոշման պահանջներից:

  • Обсуждалось

    11.07.2023 - 01.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1852

Принт